Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՈՐԻԶՈՆ-95» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՈՐԻԶՈՆ-95» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5727 օգոստոսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-57)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 օգոստոսի 2021թ. ՍԴԴԿՈ - 57 | «ՀՈՐԻԶՈՆ-95» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 օգոստոսի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով «Հորիզոն-95» ՍՊԸ-ի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Հորիզոն-95» ՍՊԸ-ն, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 23-ին) խնդրել է հետևյալը. «1998թ. հունիսի 17-ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում թիվ ԵԱՔԴ/0629/02/17 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով տրված մեկնաբանությունը և կիրառելիությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, այնքանով, որքանով նշված նորմի նեղ մեկնաբանման և կիրառման արդյունքում չի ապահովվում դատական ակտի որոշակիության սկզբունքը, որի արդյունքում խախտվում է դիմողի արդար դատաքննության իրավունքը»։

2. Դիմողը նշում է, որ դատական պրակտիկան ձևավորվել է այն ուղղությամբ, որ 1998 թվականի հունիսի 17-ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մասը դատարանների կողմից ընկալվում է տառացի առանց բացահայտելու և պարզելու օրենսդրի նպատակը։ Վիճարկվող դրույթի պարզ ընկալման արդյունքում դատարանները վճռի եզրափակիչ մասում նշում են հայցվորի յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին եզրահանգումը, սակայն եզրահանգումները ձևակերպում են այնպես, որ հնարավոր չէ հասկանալ, թե անձին ի՞նչ իրավունք է տրվում, կամ, օրինակ, անձն ի՞նչ իրավունքից է զրկվում։ Ըստ դիմողի վիճարկվող դրույթի հակասահմանադրականության հետևանքով խախտվում է դատական ակտի որոշակիության սկզբունքը, ինչից էլ հետևում է, որ դատական համակարգի կողմից հիշատակված նորմի նման մեկնաբանությունն ու կիրառելիությունը հանգեցնում է դիմողի Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված իրավունքի ոտնահարմանը։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերը (29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ (…) լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Տվյալ դեպքում դիմողի նկատմամբ Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2021 թվականի փետրվարի 12-ին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 4-րդ մասից հետևում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։ Հետևաբար` Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել 2021 թվականի փետրվարի 12-ը, որպիսի պայմաններում էլ դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2021 թվականի օգոստոսի 13-ին, մինչդեռ սույն գործով դիմումն առձեռն եղանակով Սահմանադրական դատարան է ներկայացվել սույն թվականի օգոստոսի 23-ին: Նման պայմաններում դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է սույն գործի քննությունը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, մերժելու համար։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ դիմողի միջնորդությանը, ըստ որի Վճռաբեկ դատարանի որոշումը վերջինս ստացել է 2021 թվականի փետրվարի 23-ին, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն անհատական դիմումով Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը կապում է վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու հետ և չի նախատեսում դատական ակտն ավելի ուշ ստանալու փաստով կամ այլ հանգամանքներով պայմանավորված Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու օրենսդրական հնարավորություն: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Հորիզոն-95» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

27 օգոստոսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-57

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 օգոստոսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-57
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել