Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 403-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 403-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-16425 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-164)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հոկտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 164 | «ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 403-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 403-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գարիկ Մհերյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի հոկտեմբերի 7-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գարիկ Մհերյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան), որով Դիմողը խնդրել է.

«Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներին 5-րդ մասին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասը՝ այնքանով, որքանով այն չի երաշխավորում կամ թույլ չի տալիս մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնման համար Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման (դիրքորոշման) ուժով ստորադաս դատարանի այն դատական ակտը վերանայելու հնարավորությունը, որում դատարանը անձի իրավունքը սահմանափակող և իր ազդեցությունը չկորցրած որևէ քրեադատավարական իրավանորմը մեկնաբանել է այնպիսի բովանդակությամբ, որը հակասում է դրանից հետո հրապարակված՝ տվյալ նորմին Վճռաբեկ դատարանի տված նախադեպային մեկնաբանությանը՝ չնայած նրան, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային տվյալ մեկնաբանությունն, ինքնին, ոչ իրավաչափ է դարձնում տվյալ դատական ակտը»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0790/06/22 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) որևէ իրավանորմ չի կարող համապատասխանել Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բովանդակությանը, ինչպես նաև այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ապահովման լույսի ներքո՝ Սահմանադրության 75-րդ հոդվածին, եթե տվյալ իրավանորմով չեն երաշխավորվում մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնման համար համապատասխան դատական ակտի վերանայման արդյունավետ ընթացակարգեր:

Այս առումով Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. «Արդյո՞ք քրեադատավարական օրենքի 403-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածների բովանդակությանը, (...) երբ թույլ չի տալիս, որպեսզի անձի նկատմամբ կալանք կիրառելու իրավաչափության վերաբերյալ դատական ակտը ենթարկվի բացառիկ վերանայման այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի արտահայտած նախադեպային դիրքորոշումն առերևույթ ոչ հիմնավոր է դարձնում անձի նկատմամբ կալանք կիրառելու իրավաչափության մասին դատական ակտի փաստարկները, և այն դեպքում, երբ անձը շարունակում է կրել իր նկատմամբ կալանք կիրառելու իրավաչափության վերաբերյալ դատական ակտի հետևանքները»:

Դիմողի պնդմամբ՝ այն դեպքում, երբ անձն իր կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ Վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումը բողոքարկման ժամկետի ավարտից հետո հրապարակվելու պատճառով, չի կարողանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնել հատուկ վերանայման բողոք՝ ստորադաս դատարանի համապատասխան դատական ակտի դեմ, ապա զրկվում է նույն դատական ակտի դեմ բացառիկ վերանայման բողոք ներկայացնելու հնարավորությունից, քանի որ Օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասը Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը (որոշումը) չի նախատեսում որպես նոր հանգամանքներով բացառիկ վերանայման բողոք ներկայացնելու հիմք:

Դիմողը գտնում է, որ «(...) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ հաստատված՝ անձնական ազատության սահմանադրական իրավունքի խախտման փաստը ու դրա բերումով քրեադատավարական որևէ իրավանորմին տված նախադեպային մեկնաբանությունը պետք է հիմք հանդիսանա՝ նոր հանգամանքներով բացառիկ վերանայման վարույթով վերանայելու համանման խախտում առերևույթ պարունակող և իր ազդեցությունը բողոքաբերի համար դեռևս չկորցրած մեկ այլ այնպիսի դատական ակտ, որով անձի անձնական ազատության իրավունքը ենթարկվել է սահմանափակման նույն քրեադատավարական իրավանորմին տրված այնպիսի մեկնաբանության ուժով, որը հակասում է այդ քրեադատավարական իրավանորմին Վճռաբեկ դատարանի տված նախադեպային մեկնաբանությանը»:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի (սույն պարագայում նաև՝ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը, վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, վկայակոչել է իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի խախտման վերաբերյալ պնդումներ, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր համապատասխան հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ տվյալ փաստի և վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1255) օրենքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես՝ համաձայն հիշյալ որոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ օրենքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է:

Սահմանադրական դատարանն իր՝ 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»:

Վերոշարադրյալի լույսի ներքո անդրադառնալով Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասին (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացին)՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Բացառիկ վերանայումը» վերտառությամբ 49-րդ գլխում ներառված՝ «Բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերը» վերտառությամբ 403-րդ հոդվածի 1-ին մասով սպառիչ կերպով սահմանված են նոր հանգամանքներով բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերը: Միաժամանակ, Օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը չի նախատեսել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների (այդ որոշումներով արձանագրված իրավական դիրքորոշումների) հիման վրա, որպես նոր հանգամանք, բացառիկ վերանայման բողոք բերելու իրավական հնարավորություն: Հետևաբար՝ այս առումով օրենսդրի կամքը հստակ է՝ պայմանավորված վիճարկվող դրույթում ուղղակիորեն տվյալ իրավակարգավորումը չնախատեսելով:

Արդյունքում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը։

Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Գարիկ Մհերյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

25 հոկտեմբերի 2024 թվականի

ՍԴԱՈ-164

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-164
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել