Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԷՅ ԷՄ ՋԻ ԻՄՓԼՈՅԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ԻՆՔ. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԷՅ ԷՄ ՋԻ ԻՄՓԼՈՅԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ԻՆՔ. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1411 մարտի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 մարտի 2021թ. ՍԴԴԿՈ - 14 | «ԷՅ ԷՄ ՋԻ ԻՄՓԼՈՅԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ԻՆՔ. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 11 մարտի 2021 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով «Էյ Էմ Ջի Իմփլոյի Մենեջմենթ» Ինք. ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

«Էյ Էմ Ջի Իմփլոյի Մենեջմենթ» Ինք. ընկերությունը 2021 թվականի փետրվարի 22-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի «գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ հանձնելու մասին ապացույցները» բառակապակցությունը ճանաչել ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողի կարծիքով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասը Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է այնպիսի մեկնաբանությամբ, որի արդյունքում խախտվել է Սահմանադրությամբ ամրագրված իր արդար դատաքննության իրավունքը: Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը նշում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում ուղղակիորեն նախատեսված չէ, որ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում նախ պետք էր երկրորդ անգամ բողոքը ուղարկել գործին մասնակցող անձանց, երկրորդ` միայն գործին մասնակցող անձանց և ոչ թե ներկայացուցչին: Մինչդեռ, ըստ դիմողի, Վճռաբեկ դատարանը, վճռաբեկ բողոքի պատճենն ընկերության ներկայացուցչին, այլ ոչ թե հենց ընկերությանն ուղարկած լինելը համարելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի խախտում, առանց քննության թողնելով վճռաբեկ բողոքը, վիճարկվող նորմը կիրառել է այնպիսի մեկնաբանությամբ, որպիսի պայմաններում ինքը զրկվել է դատական պաշտպանության իր իրավունքից: Դիմողը գտնում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասը, սահմանելով վճռաբեկ բողոքի պատճենը միայն գործին մասնակցող անձանց (որը չի ենթադրում նրանց ներկայացուցիչներին) ուղարկելու պարտականությունը, խախտում և հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին սույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ»: Վերոգրյալից հետևում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով հստակ կարգավորում է նախատեսված այն մասին, որ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ լիազորագրում լիազորություն սահմանելու դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը և նույն կարգը կիրառելի է նաև դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու նկատմամբ: Հետևաբար, վճռաբեկ բողոքի պատճենը գործին մասնակցող անձին ուղարկելու դատավարության մասնակցի պարտականությունը կարող է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն համարվել պատշաճ կատարված միայն այն դեպքում, երբ առկա է գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում, կամ ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ լիազորագրում առկա է նման լիազորություն: Նման փաստերին չտիրապետելու պայմաններում դատավարության մասնակիցը վճռաբեկ բողոքի պատճենը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժով պարտավոր է ուղարկել գործին մասնակցող անձին, այլ ոչ թե նրա ներկայացուցչին: Վերոգրյալից բխում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկներն ակնհայտ անհիմն են: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասով` Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

«Էյ Էմ Ջի Իմփլոյի Մենեջմենթ» Ինք. ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Ա. Վաղարշյան

Է. Շաթիրյան

11 մարտի 2021 թվականի

ՍԴԴԿՈ 14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 մարտի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել