«ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 մարտի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 9 | «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 30 մարտի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ` Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ա. Գյուլումյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ն 2018 թվականի մարտի 12-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` «…բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը…» արտահայտությունը` իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:
2. Ըստ դիմողի վիճարկվող դրույթին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունը խոչընդոտում է վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությանն այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանի որոշման մեջ որևէ նորմին տրված մեկնաբանությանը հակասում է ոչ թե ստորադաս դատարանի մեկնաբանությունը, այլ նորմի կիրառությունը:
Դիմողի կարծիքով վիճարկվող իրավակարգավորման պայմաններում ստացվում է այնպիսի իրավիճակ, որ անձինք հնարավորություն չունեն ներկայացնելու վճռաբեկ բողոք այն դեպքում, երբ ստորադաս դատարանը չի տվել վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանություններին հակասող որևէ մեկնաբանություն, սակայն ինչ-որ նորմ կիրառել է վճռաբեկ դատարանի մեկնաբանություններին ճիշտ հակառակ: Նման պայմաններում հնարավոր է, որ ստորադաս դատարանի կողմից չնշվի որևէ հակասող մեկնաբանություն, պարզապես ստորադաս դատարանը ձևականորեն մեջբերում կատարի վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանություններից և կայացնի այդ մեկնաբանությունների հետ որևէ կապ
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթով պայմանավորված
վճռաբեկ դատարանը չի կարողանում ապահովել իր կողմից տրված մեկնաբանությունների կիրառությունը, քանի որ դատարաններն այդ մեկնաբանություններին հետևում են ձևականորեն, սակայն գործնականում կայացնում են այդ մեկնաբանություններին հակասող որոշումներ: Ըստ դիմողի վիճարկվող դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացմանը:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, քանի որ դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Դիմելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ն պահանջել է պարտավորեցնել «Փրոփերթի Դիվերլոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ին վերադարձնելու հայցադիմումին կից ներկայացված գույքացանկում և գույքագրված նյութերի ցանկում նշված գույքը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2017 թվականի որոշմամբ «Փրոփերթի Դիվերլոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի միջնորդությունը բավարարվել է, և սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.09.2017 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2017 թվականի որոշման դեմ «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ վարույթ ընդունելն մերժել է այն պատճառաբանությամբ, որ «... բողոքաբերը բերված վճռաբեկ բողոքում թեև վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի թիվ ԵՇԴ/1216/02/10 և 19.10.2012 թվականի թիվ ԵԿԴ/1495/02/11 որոշումները, սակայն չի հիմնավորել, որ սույն գործով բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչած որոշումների մեջ միևնույն նորմին տրված մեկնաբանությանը»: Դիմողը վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը հիմնավորելիս շեշտադրում է այն, որ խնդրո առարկա դրույթը ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք այլ դեպքերում կիրառել է այլ մեկնաբանությամբ: Բացի դրանից, դիմողը նշում է, որ եթե խնդրո առարկա գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն առաջնորդվեր վերոնշյալ, այլ տրամաբանությամբ, ապա պետք է փաստեր, որ վերաքննիչ դատարանի կողմից «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի բողոքի վերաբերյալ որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետին տրված մեկնաբանությունը հակասել է ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի թիվ ԵՇԴ/1216/02/10 և 19.10.2012 թվականի թիվ ԵԿԴ/1495/02/11 որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը: Ընդ որում, դիմողը շեշտադրում է այն, որ սխալ մեկնաբանությունն արտահայտվել է տվյալ նորմի սխալ կիրառությամբ:
Վերոշարադրյալի արդյունքում պարզ է դառնում, որ դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ:
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող`
Անդամներ`
30 մարտի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/1-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 մարտի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
