Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԵՐՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԵՐՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6421 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-64)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 նոյեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 64 | ՍԵՐՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 նոյեմբերի 2022թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով Սերոբ Հարությունյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Սերոբ Հարությունյանը (այսուհետ` դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հոկտեմբերի 17-ին) խնդրելով. «(...) դիմումը բավարարել և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասին և ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 3-րդ հոդվածի 2-3-րդ մասերին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 73-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասին և 126-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունը հանգում է նրան, որ (…) ուսումնասիրություն սկսելը և եզրակացությունն որպես այդպիսին չեն առաջացնում հետևանքներ, հետևաբար դրանց մասով պետական մարմնի ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված ակտերը ինչպես քաղաքացիական դատավարության կարգով, այնպես էլ դատավարական որևէ այլ կարգով ենթակա չեն բողոքարկման»: Ըստ դիմողի Նման մոտեցումը իրավաչափ չէ և հակասում է ՀՀ Սահմանադրության դիմումում նշված նորմերին, նախ ուսումնասիրություն սկսելու փաստով պայմանավորված, թեև դատարանները փաստում են, որ կողմի վրա որևէ բացասական հետևանք չի առաջանում, այնուամենայնիվ, ուսումնասիրությամբ պայմանավորված է, որ սկսվում է կոնկրետ անձի և իրեն փոխկապակցված անձանց գույքային զանգվածի ուսումնասիրություն, ինչի արդյունքում Իրավասու մարմնին հասու են դառնում ինչպես բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, այնպես էլ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ, կիրառվում նախնական ապահովման միջոցներ»: Դիմողը փաստում է, որ (…) ՀՀ գլխավոր դատախազության լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, և այնտեղ որևէ կարգավորում չկա վերսահմանադրական լիազորություն ունենալու վերաբերյալ (կայացված ակտերի անբողոքարկելիության մասով): Բացի այդ, պետք է ընդգծել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը և համայնքները սույն օրենսգրքով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով, ուստի նման պայմաններում, սույն գործով կայացված որոշումները և Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին տրված մեկնաբանությունը հակասում է նաև նշված կարգավորմանը, ինչի հիմքով ակնհայտ է ՀՀ Սահմանադրության 61, 63 հոդվածներին հակասելու հանգամանքը»: Դիմողն ընդգծում է, որ (…) Ստացվում է, որ այս դատավարության նկատմամբ կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11, 12, 13 հոդվածներով ամրագրված սկզբունքները, ինչը իր հերթին խոսում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված դրույթին հակասելու մասին, այսինքն Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը նման կերպ մեկնաբանելիս, ստացվում է, որ այն սահմանափակում է կողմի դատարան դիմելու իրավունքը (հակընդդեմ հայց հարուցելու իրավունքը), թեպետ այդ կարգավորմամբ բացակայում են հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակող սահմանափակումների հիմքերը և ծավալը»: Ըստ դիմողի (…) նշված իրավանորմը ըստ էության վերաբերում է ուսումնասիրություն սկսելուն, այլ ոչ թե Եզրակացությանը, հետևաբար այդ իմաստով զարմանալի է, թե ինչու սույն կարգավորման մեկնաբանությունները տարածվում են նաև Եզրակացության վրա, ինչը իր հերթին հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 61, 63, 79 հոդվածների պահանջներին հակասության»: Ըստ դիմողի Անգամ եթե ընդունենք, որ այդ մեկնաբանությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրության վկայակոչված դրույթներին, այնուամենայնիվ, ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, նման կարգավորումն, առերևույթ անձի իրավական վիճակը վատթարացնող է և չի կարող տարածելի լինել նախկին իրավահարաբերությունները կարգավորելիս, ուստի, առնվազն այդ մասով Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրության վկայակոչված դրույթին»: Ամփոփելով դիմումում նշվածը դիմողը եզրահանգում է, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասին և 126-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածին, 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 73-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին, քանի որ խախտում է քաղաքացիական դատավարությանը ներգրավված անձանց ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Քննարկվող համատեքստում հարկ է ընդգծել, որ Սահմանադրական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման շրջանակներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (...)

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 126-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված հիմնական իրավունքների, ինչպես նաև 73-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված սահմանադրական պահանջի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը դիմողը սահմանափակվել է լոկ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և դրա հետևանքով Սահմանադրության համապատասխան հոդվածների խախտման վերաբերյալ դիրքորոշման վկայակոչմամբ: Ավելին, դիմողը նման դիրքորոշումը որոշ դեպքերում փորձել է հիմնավորել վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության, օրինակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով ամրագրված կարգավորումներին հակասելու վերաբերյալ պնդմամբ, որից էլ բխեցրել է եզրահանգում առ այն, որ նման մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին: Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ կարևոր է նաև ընդգծել, որ Սահմանադրական դատարանը 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշմամբ արձանագրել է, որ «(…) օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, այն է հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումը վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները: Բողոքարկման ոչ ենթակա (…) ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը և վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու` դատավորի հայեցողությանը»։ 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922 որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ «(…) 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտած իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումներում «բողոքարկելի է», «բողոքարկման ենթակա չէ» արտահայտությունները վերաբերում են համապատասխանաբար անմիջականորեն բողոքարկմանը և անմիջականորեն բողոքարկման ենթակա չլինելուն։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի նման մոտեցումն իր հերթին բխում է այն ողջամիտ տրամաբանությունից, որ հարուցված, չկասեցված և շարունակվող վարույթի տրամաբանական ավարտը գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումն է, հետևաբար նման վարույթի շրջանակներում կայացված միջանկյալ ակտերը, անձի իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում, կարող են վիճարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում»: Վերոնշյալ նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում»: Սահմանադրական դատարանը 2015 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-1191 որոշմամբ արձանագրել է «(…) միջազգային իրավակիրառական պրակտիկայի զարգացման այն միտումը, համաձայն որի` առկա է միջանկյալ դատական ակտերի անմիջական բողոքարկման հնարավորությունը նվազագույնի հասցնելու և դրանց «հետաձգված բողոքարկման» կարգին նախապատվություն տալու ընդհանուր միտում»: Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումների ընդհանուր տրամաբանության համատեքստում անդրադառնալով սույն դիմումով բարձրացված հարցին հարկ է արձանագրել հետևյալը. Սույն գործով դատախազի կողմից կայացված ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը և ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ համապատասխան եզրակացությունն իրենց բնույթով այնպիսի փաստաթղթեր են, որ ինքնին չեն կարող առաջացնել դիմողի իրավունքների այնպիսի սահմանափակումներ, որոնց պայմաններում անհրաժեշտ է բացառել նշված փաստաթղթերի հետաձգված բողոքարկումը»: Ըստ էության, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության իրավասու մարմնի կողմից առաջին ատյանի դատարան հայցադիմում ներկայացնելու հիմքը հենց ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացությունն է: Այսինքն` դատախազի կողմից կայացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը կազմում է ՀՀ գլխավոր դատախազության իրավասու մարմնի կողմից դատարան ներկայացվող հայցադիմումի, հետևաբար և դրա հիման վրա իրականացվող դատական քննության առանցքը: Ուստի` ինչպես ուսումնասիրություն սկսելու մասին որոշման, այնպես էլ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության վիճարկման հիմքում դրված փաստերի իրավաչափությանն անդրադարձ կարող է կատարվել հենց համապատասխան գործի դատական քննության ընթացքում: Ավելին, նշված փաստերը կարող են դատական քննության և գնահատման առարկա դառնալ նաև գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում: Այսպիսով, դատախազի կողմից կայացված ուսումնասիրություն սկսելու մասին որոշման, ինչպես նաև ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության վիճարկումը հնարավոր է իրականացնել հետաձգված բողոքարկման» շրջանակներում: Հետաձգված բողոքարկման» ինստիտուտին նախապատվություն տալը պայմանավորված է նաև դատարանների գերծանրաբեռնվածությունով և միտված է դատական գործերի անհիմն ձգձգումներից խուսափելուն: Կարևոր է նաև ընդգծել, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների համաձայն ուսումնասիրության իրականացման ընթացքում նոտարական, բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված ծառայողական տեղեկություններ (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունների), վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության իրավասու մարմինը պետք է համապատասխան ապացույցներ պահանջելու դիմում ներկայացնի առաջին ատյանի դատարան: Ընդ որում` դատարան նման դիմում ներկայացվելու և դատարանի կողմից այն բավարարվելու մասին որոշում կայացվելու պարագայում տվյալ որոշումը ևս կարող է բողոքարկվել այն անձի կողմից, որի տվյալների ստացման առնչությամբ կայացվել է դատարանի որոշումը: Վերոգրյալը հաշվի առնելով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասին և 126-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 73-րդ հոդվածի 1-ին մասին: Ուստի` սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Սերոբ Հարությունյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ` Ե. Խունդկարյան

Վ. Գրիգորյան

21 նոյեմբերի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-64

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-64
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել