Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՆՈՐԱՅՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՆՈՐԱՅՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5317 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-53)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 հունիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 53 | ՆՈՐԱՅՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 17 հունիսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ա. Զեյնալյանի

Անդամակցությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Նորայր Սիմոնյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Նորայր Սիմոնյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Մարո Խաչատուրյան) անհատական դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2026 թվականի ապրիլի 15-ին, Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի ապրիլի 17-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«ՀՀ Սահմանադրության 5-րդ, 23-րդ, 29-րդ, 41-րդ, 78-79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8.1.-րդ հոդվածն այնքանով, որքանով չի ամրագրում այլընտրանքային ծառայության ուղարկվող անձի մասնագիտացման նշման պահանջ եզրակացության մեջ»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/4032/05/20 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է. «(...) ՀՀ վարչական դատարանը օրենքը մեկնաբանել է տառացի, քանի որ վիճարկվող օրենքում ուղղակիորեն նշված չէ, որ եզրակացության մեջ նշվում է ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄը, պաշտոնը և այլ հմտություններ։ Նման մեկնաբանությունը չի համապատասխանում (...) սահմանադրական նորմերին և հատկապես Սահմանադրության 41-րդ հոդվածի համաչափության կանոնին և զինվորական ծառայության և այլընտրանքային ծառայության փոխարինման համարժեքությանը։ Նման մեկնաբանությունը չի համապատասխանում նաև (...) իրավական ակտերին և հատկապես «Պարտադիր զինվորական ծառայությունից խղճի թելադրանքով հրաժարվելու վերաբերյալ» ԵԽ ՆԿ թիվ R(87)8 հանձնարարականի պահանջներին կապված զինվորական ծառայողների և այլընտրանքային ծառայողների սոցիալական իրավունքների հավասարությանը, այլընտրանքային ծառայության ոչ պատժիչ բնույթին և այլընտրանքային ծառայողի արժանապատվության հարգմանը։

Նման մեկնաբանությունը խտրականություն է, քանի որ դատարանն ուղղակիորեն նշել է որ այլ 74 բժիշկների հետ զորակոչվելը պայմանավորված իր մասնագիտությամբ, էական չէ, քանի որ այն պահից սկսած, երբ Նորայր Սիմոնյանը դիմել է ծառայության փոխարինման համար, կորցրել է իր մասնագիտությամբ իր պետությանը օգտակար լինելու իրավունքը և արժեզրկվել ՀՀ-ի համար որպես մասնագետ»։

Դիմողը գտնում է, որ «(...) ըստ էության դատարանները, այդ թվում նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը, որը իրավունքի զարգացման խնդիր չի տեսել, գտել են, որ էական չէ, որ բժիշկը զորակոչվել է իր մասնագիտությամբ պայմանավորված, բայց աշխատում է որպես խնամատար-սանիտար, խնդիր չեն տեսել նրա կրոնի հիմքով ազատության ծավալի, նրա արժանապատվության հետ, Վիճարկվող նորմը չեն մեկնաբանել ՀՀ Սահմանադրության, ՄԻԵԿ և այլ միջազգային ակտերի ներքո, ինչի հետևանքով խտրական վերաբերմունք են դրսևորել Նորայր Սիմոնյանի նկատմամբ, խտրականություն ուղղակի դիտավորությամբ, քանի որ (...) Սահմանադրական և միջազգային նորմերը գործում են անմիջականորեն, սակայն կարծես «այլընտրանքային ծառայող» տերմինն արդեն հարգանքի արժանի չէ, հետևաբար չեն էլ փորձել ուսումնասիրել այլընտրանքային ծառայության էությունը, դրա դերն ու նշանակությունը ՀՀ հասարակական կյանքում (...)»:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է. «(...) դատական իրավակիրառ պրակտիկայում Վիճարկվող օրենքը մեկնաբանվել է սահմանափակող միջոցով, քանի որ ՀՀ Սահմանադրության 41-րդ և 23-րդ հոդվածների նպատակի և նշանակությանը հակասում է այլընտրանքային աշխատանքային ծառայողի իրավունքների հավասարության խախտումը զինվորական ծառայողների իրավունքներին, ինչն ուղղակի երևում է Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասում ուղղակիորեն ամրագրված «մասնագիտացումը» տերմինով և վիճարկվող օրենքում այդ տերմինի բացակայությամբ»:

3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է.

այսպես՝ սույն անհատական դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ խնդրո առարկա գործով վերջնական դատական ակտը թիվ ՎԴ/4032/05/20 վարչական գործով Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն է, որը կայացվել և օրինական ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերի 24-ին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար՝ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքն սկսվել է 2025 թվականի սեպտեմբերի 25-ից և ավարտվել 2026 թվականի մարտի 25-ին: Մինչդեռ սույն անհատական դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2026 թվականի ապրիլի 15-ին, Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի ապրիլի 17-ին: Հետևաբար` Դիմողը բաց է թողել և սույն գործով լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, որն էլ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է:

Ինչ վերաբերում է Դիմողի այն պնդմանը, որ «(...) Վճռաբեկ դատարանի (...) որոշումը դիմողի փաստաբանը ստացել է 17.10.25թ.-ին», ապա այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, ինչպես արդեն վերը նշվել է, Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքն սկսվում է ոչ թե վերջնական դատական ակտը Դիմողի կողմից ստանալուն, այլ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից:

Այսպիսով, սույն դիմումով չի պահպանվել Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով անհատական դիմումին ներկայացվող՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո Սահմանադրական դատարան ներկայացնելու պահանջը:

Հետևապես՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Նորայր Սիմոնյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ա. Զեյնալյան

Անդամներ՝ Դ. Խաչատուրյան

Ե. Խունդկարյան

17 հունիսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-53

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-53
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել