ՅՈՒՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 մարտի 2026թ. ՍԴԴԿՈ - 22 | ՅՈՒՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 17 մարտի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ա. Զեյնալյանի
Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Յուրա Ղազարյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Յուրա Ղազարյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Լուսինե Գրիգորյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի փետրվարի 25-ին, որով Դիմողը խնդրել է.
«(…) 1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 33-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին պահանջներին հակասող և անվավեր (…)»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0143/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ 2022 թվականի մայիսի 10-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար Լ. Ստեփանյանի որոշմամբ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալուն օժանդակելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-311.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62219622 քրեական գործը և այն ընդունվել է վարույթ:
2022 թվականի հոկտեմբերի 26-ին թիվ 62219622 քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, որը 2022 թվականի հոկտեմբերի 27-ին մուտքագրվել, մակագրվել և նույն օրը հանձնվել է դատավոր Տ. Դավթյանին: 2022 թվականի հոկտեմբերի 28-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:
2024 թվականի նոյեմբերի 11-ին թիվ ՀԿԴ /0143/01/22 քրեական վարույթով կայացվել է վերդիկտ, որի համաձայն՝ «2023 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով Յուրա Շուրայի Ղազարյանին առաջադրված մեղադրանքը վերաորակել՝ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Յուրա Շուրայի Ղազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառմամբ սույն դատավճռով Յուրա Շուրայի Ղազարյանի նկատմամբ նշանակված պատժին՝ 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկմանը, լրիվ գումարել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հունվարի 16-ի թիվ ԱՐԱԴ/0136/01/23 դատավճռով նշանակված պատժի չկրած մասը՝ 309.000 (երեք հարյուր ինը հազար) ՀՀ դրամ տուգանքը, վերջնական պատիժներ նշանակելով ազատազրկում՝ 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս ժամկետով և տուգանք՝ 309.000 ՀՀ դրամ: Յուրա Շուրայի Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժից հաշվակցել (հանել) անազատության մեջ գտնվելու ժամանակը՝ 3 (երեք) ամիս 28 (քսանութ) օրը՝ թողնելով կրելու 4 (չորս) տարի 2 (երկու) օր ժամկետով ազատազրկում: Յուրա Շուրայի Ղազարյանի ազատազրկման ձևով պատժի կրման սկիզբը հաշվել արգելանքի վերցնելու օրվանից: Յուրա Շուրայի Ղազարյանի նկատմամբ տուգանքի ձևով նշանակված պատիժը տարաժամկետել՝ թույլատրելով տուգանքը շարունակել վճարել մաս առ մաս՝ 5 ամսվա ընթացքում՝ սկսած դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից՝ յուրաքանչյուր ամիս վճարելով 61.800 (վաթսունմեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ: (...) Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության Յուրա Շուրայի Ղազարյանից որպես հանցագործության կատարման արդյունքում ուղղակի ստացված գույքին համարժեք գույք՝ բռնագրավել 676.000 (վեց հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ, որից հետո Յուրա Շուրայի Ղազարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնել:...»:
Պաշտպանական կողմը թիվ ՀԿԴ/0143/01/22 քրեական գործով 2024 թվականի նոյեմբերի 11-ին կայացված դատավճռի դեմ ներկայացրել է դատական վերանայման բողոքը, որը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել է մասնակի:
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թ. մայիսի 7-ի որոշմամբ որոշել է. «ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի կողմից թիվ ՀԿԴ/0106/01/24 քրեական գործով 2024 թվականի օգոստոսի 05-ին կայացված դատավճիռը Յուրա Շուրայի Ղազարյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխել. Յուրա Շուրայի Ղազարյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառմամբ Յուրա Շուրայի Ղազարյանի նկատմամբ նշանակված պատժին՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը, լրիվ գումարել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հունվարի 16-ի թիվ ԱՐԱԴ/0136/01/23 դատավճռով նշանակված պատժի չկրած մասը՝ 309.000 (երեք հարյուր ինը հազար) ՀՀ դրամ տուգանքը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով և տուգանք՝ 309.000 ՀՀ դրամի չափով: Յուրա Շուրայի Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցել նրա անազատության գտնվելու ժամանակահատվածը՝ 3 (երեք) ամիս 28 (քսանութ) օրը և թողնել կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի (8) ամիս 2 (երկու) օր ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:...»:
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ՝ «Վերը մեջբերված իրավական նորմերի և Վճռաբեկ դատարանի որոշումների լույսի ներքո անդրադառնալով Բողոքաբերի առաջին փաստարկին (...) Վերաքննիչ դատարանը՝ նախ արձանագրում է, որ ընդունելի են հանրային մեղադրողի փաստարկներն առ այն, որ ի սկզբանե օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը չի ունեցել Յուրա Ղազարյանի պաշտոնի անձնագիրը և չի իմացել, որ վերջինս հանդիսանում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող: Ավելին, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու փուլում, հաշվի առնելով անձի կողմից հանցանք կատարելու վերաբերյալ ծագած կասկածանքի շեմի բավականին ցածր լինելը, դրանք գնահատվում են առերևույթ (...), իսկ այդ չափանիշով միանշանակ է, որ առերևույթ առկա է եղել պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու կասկածանքի մասին հետևություն անելու համար բավարար հիմքեր»:
2025 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել թիվ ՀԿԴ/0143/01/22 քրեական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 7-ի որոշման դեմ մեղադրյալ Յուրա Ղազարյանի պաշտպան Լ.Պինգոլցյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը, գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի՝ խնդրո առարկա վիճարկվող դրույթների առնչությամբ ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից այս առումով բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով 1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածին տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝
«(…) Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու փուլում, հաշվի առնելով անձի կողմից հանցանք կատարելու վերաբերյալ ծագած կասկածանքի շեմի բավականին ցածր լինելը, դրանք գնահատվում են առերևույթ (prima facie), իսկ այդ չափանիշով միանշանակ է, որ առերևույթ առկա է եղել պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու կասկածանքի մասին հետևություն անելու համար բավարար հիմքեր:
(…) նորմի բովանդակությունից պարզ չէ, թե ինչ իրավական հետևանքներ են առաջանում այն դեպքում, երբ դատարանը որոշակի կասկածանքի շրջանակում թույլատրել է օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացում, սակայն հետագայում փոխվել է կասկածանքի էությունը: Մասնավորապես՝ հստակեցված չէ, արդյոք այդ միջոցառման արդյունքում ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել նոր՝ փոփոխված կասկածանքի հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում:
(…) Ա. Գրիգորյանը, նույն օրը կազմել է միջնորդություն, որով խնդրել է Ռ. Միքայելյանին դիմել դատարան վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրականացնելու համար, նկատի ունենալով, որ Յ. Ղազարյանի արարքում առերևույթ առկա են ծանր հանցագործության, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները:
Համապատասխանաբար՝ 15.11.2021թ. և 14.01.2022թ. որոշումներով թույլատրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանր հանցագործության բացահայտման համար:
(…) Յուրա Ղազարյանի դատապարտման հիմքում, ի թիվս այլ ապացույցների, դրվել են որպես արտավարութային փաստաթուղթ ապացույց ճանաչված «Ներքին դիտում» և «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները:
(…) ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը փաստացի ընդունում է, որ մարմինը չի ունեցել անձի պաշտոնական կարգավիճակի մասին տվյալներ, կասկածանքի շեմն օպերատիվ փուլում «բավականին ցածր» է, և այդ ցածր շեմով հնարավոր է եղել առերևույթ եզրակացնել, թե առկա է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու կասկած:
(…) Սակայն սահմանադրական տեսանկյունից դատական վերահսկողությունը պետք է լինի իրական և արդյունավետ, ոչ թե ձևական: Եթե դատարանի թույլտվությունը տրվել է այն ենթադրությամբ, որ անձը հանդիսանում է «պաշտոնատար անձ», մինչդեռ նա այդպիսին չէ, ապա փաստացի դատարանը երբևէ չի գնահատել միջամտության համաչափությունը ճիշտ իրավական հիմքի շրջանակում:
(…) ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի մեկնաբանությանը իրավական անորոշության խնդիր է առաջացնում, քանի որ այն թույլ է տալիս փաստացի օգտագործել նույն դատական թույլտվությունը այլ հոդվածի հիմքով՝ անկախ նրանից, որ սկզբնական կասկածանքը կամ պաշտոնատար անձի կարգավիճակը իրականում սխալ է գնահատվել։Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ընդունում է, որ «prima facie» գնահատումը բավարար է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու կասկածանքի առկայության համար, նույնիսկ եթե օպերատիվ֊հետախուզական մարմինը չգիտեր, որ անձը հանդիսանում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, և հենց սա ստեղծում է այն իրավիճակը, որ դատարանի թույլտվությունը դառնում է ձևական, ինչն անձի իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների տեսանկյունից ստեղծում է կանխատեսելիության և իրավական որոշակիության խախտում, որովհետև նորմը ձևականորեն գոյություն ունի, սակայն դրա կիրառման սահմանները և հետևանքները պարզ և հստակ չեն»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից քննարկվող համատեքստում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0143/01/22 քրեական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ 1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից խնդրո առարկա համատեքստում բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՀԿԴ/0143/01/22 քրեական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ 1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի մասով, ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Յուրա Ղազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Զեյնալյան
Անդամներ՝ Ա. Վաղարշյան
Հ. Հովակիմյան
17 մարտի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-22
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
