«ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-185)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 սեպտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 185 | «ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մհեր Ենոքյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2021 թվականի օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Մհեր Ենոքյանի դիմումը, որով խնդրել է հետևյալը. «….սույն գործով Մհեր Ենոքյանին ներում շնորհելու և պատիժ նշանակելու վերաբերյալ դատական ակտերով կիրառված ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան դրույթների մեկնաբանությունը Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող»։
2. Դիմողը նշում է, որ դատարանները, հրաժարվելով արդարադատություն իրականացնելուց, ներման հրամանագրի հիման վրա օրենքին համապատասխան պատիժ նշանակելուց, քրեական իրավունքի (օրենքի) սկզբունքներին ու դրույթներին հակասելով, իրավաչափ են համարել ՀՀ նախագահի կողմից պատժի սահմանումը: Հետևաբար հակասահմանադրական է կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը ուղղակիորեն հակասելով Սահմանադրությանը: Դիմողի պնդմամբ մինչև օրս Վճռաբեկ դատարանը, հրաժարվելով արդարադատություն իրականացնելուց, չընդունելով և չվերացնելով Սահմանադրությամբ ամրագրված դիմողի հիմնարար ազատությունների և իրավունքների խախտումը, գործը վարույթ չընդունելով և չվերացնելով ստորադաս դատարանների կողմից թույլ տրված ակնհայտ դատական սխալը, խաթարել է արդարադատության բուն էությունը, խախտում է դիմողի Սահմանադրությամբ ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատապարտվածի բողոքարկման իրավունքները։ Դիմողը նշում է, որ ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու պարագայում առավելագույնը կարող էր նշանակվել քսան տարի ազատազրկում ըստ 1961 թվականի մարտի 7-ին ընդունված և մինչև հրամանագրի օրը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածի: Միաժամանակ դիմողը նշում է, որ ՀՀ նախագահի հրամանագրով դիմողի նկատմամբ որպես պատիժ սահմանելով ցմահ ազատազրկումը հետադարձ ուժ է տրվել պատժելիությունը խստացնող, անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքին, այսինքն խախտվել է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժ չունենալու սկզբունքը: Դիմողի պնդմամբ առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ քրեական դատարանը հրաժարվել են արդարադատություն իրականացնելուց: Ըստ դիմողի դատարանները, հրաժարվելով արդարադատության իրականացումից, դատական ակտերով թույլ են տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը հանգեցնելով դիմողի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերը (29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ (…) լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Ընդ որում, Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետ սահմանված է եղել նաև 2006 թվականի հունիսի 1-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով։ Դիմումից և կից փաստաթղթերից հետևում է, որ դիմողը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկման արդյունքում կայացված ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկել է վճռաբեկության կարգով, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանը 2012 թվականի օգոստոսի 17-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ բողոքում բարձրացված հարցերը բավարար չեն եզրահանգելու, որ դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Այնուհետև, դիմողը 2021 թվականի ապրիլի 29-ին կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք։ Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հունիսի 2-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ վճռաբեկ բողոքը բերվել է նույն գործով և նույն հիմքով: Հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքը, ինչպես նաև Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիմնավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունվի ոչ թե Վճռաբեկ դատարանի 2021 թվականի հունիսի 2-ի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը, այլ 2012 թվականի օգոստոսի 17-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումը միայն 2021 թվականի օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարան ներկայացրած լինելու պայմաններում դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է սույն գործի քննությունը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, մերժելու համար։ 3.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…): Տվյալ դեպքում դիմումի հիմնավորումներում դիմողը նշել է 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի, 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ինչպես նաև 1995 թվականի, 2005 թվականի փոփոխություններով և 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության մի շարք հոդվածներ: Միևնույն ժամանակ դիմողը դիմումի խնդրամասում չի նշել, թե ո´ր իրավական դրույթը կամ դրույթներն է վիճարկում Սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողը խնդրում է Սահմանադրությանը հակասող ճանաչել իրեն ներում շնորհելու և պատիժ նշանակելու վերաբերյալ դատական ակտերով կիրառված ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան դրույթների մեկնաբանությունը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում տեղ գտած վերոգրյալ ձևակերպումը չի կարող համարվել նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթներին պատշաճ հղում։ Ընդ որում, նման պայմաններում հնարավոր չէ նաև պարզել, թե արդյոք դիմումը պարունակում է հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դիմողի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում չեն պահպանվել վերոնշյալ պահանջները, ինչը բավարար հիմք է սույն անհատական դիմումի քննությունը նաև ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժելու համար: 3.3. Միաժամանակ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները վերաբերում են դատարանների գործողությունների և վերջիններիս կողմից իրավական նորմերի կիրառման իրավաչափությանը: Դիմողը նշում է. «(...) Դատարանները, հրաժարվելով արդարադատություն իրականացնելուց Ներման Հրամանագրի հիման վրա օրենքին համապատասխան պատիժ նշանակելուց, քրեական իրավունքի /օրենքի/ սկզբունքներին ու դրույթներին հակասելով իրավաչափ են համարել ՀՀ նախագահի կողմից պատժի սահմանումը: Հետևաբար, հակասահմանադրական են կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը ուղղակիորեն հակասելով ՀՀ Սահմանադրությանը։ (...)», «Հրաժարվելով արդարադատության իրականացումից Առաջին ատյանի, Վերաքննիչ քրեական և Վճռաբեկ դատարանները դատական ակտերով թույլ են տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, հանգեցնելով Մհեր Ենոքյանի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման։ (...)»: Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմերի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում դատարանների կողմից կայացված դատական ակտերի օրինականության և դատարանների կողմից իրավական նորմերի կիրառման իրավաչափության հիմնահարցեր, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Մհեր Ենոքյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
2 սեպտեմբերի 2021 թվականի
ՍԴԱՈ-185
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 սեպտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-185
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
