«ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 382-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-190)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 օգոստոսի 2026թ. ՍԴԱՈ - 190 | «ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 382-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 382-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Անդրանիկ Փիլոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի հուլիսի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Անդրանիկ Փիլոյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասն՝ այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասն, անտեսելով, որ դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող հանգամանքի հիմքով կողմը վերաքննիչ բողոք չի ներկայացրել, քանի որ այդ հանգամանքը մինչև վերաքննիչ բողոք ներկայացնելը կողմից անկախ պատճառներով հայտնի չի եղել, այնուամենայնիվ, թույլ չի տալիս, որպեսզի այն դեպքում, երբ դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող հանգամանքն ի հայտ է գալիս առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու՝ քրեադատավարական օրենքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկամսյա ժամկետից հետո, կողմն իրավունք ունենա՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնել նոր, այսինքն՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքից տարբերվող հիմքով»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցը՝ արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բովանդակությանը, երբ հաշվի չառնելով, որ բողոքաբերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արգելքի պատճառով վերաքննիչ վարույթում չի կարող վերաքննիչ բողոքի հիմքը և այն հաստատող փաստը լրացնել նոր ի հայտ եկած իրավական հանգամանքով, թույլ չի տալիս վճռաբեկ բողոք ներկայացնել առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքից տարբերվող հիմքով:
Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ, եթե առաջին ատյանի դատարանի դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող հանգամանքն ի հայտ է գալիս առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկամսյա ժամկետից հետո, կողմը չի կարող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող հանգամանքի փաստարկմամբ լրացնել կամ փոփոխել առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքը, ինչպես նաև զրկվում է առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը փաստող՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունից: Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասից ուղղակիորեն հետևում է նաև, որ եթե Վերաքննիչ դատարանի դատական ակտի կայացումից հետո ի հայտ է եկել Վերաքննիչ դատարանի դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող հանգամանք, միևնույն է, կողմը զրկված է հիշյալ հանգամանքի ուժով վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունից այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասն իմպերատիվորեն սահմանում է, որ վճռաբեկ բողոքը ներկայացվում է նույն հիմքով, որով վերաքննության կարգով բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, իսկ նույն հոդվածում նշված բացառությունը սույն պարագային չի վերաբերում:
Դիմողը գտնում է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական կամ իրավական հանգամանքի առկայությունը՝ որպես դատական ակտի բեկանման կամ փոփոխման մյուս հիմքերին հավասարազոր հիմք դատական ակտը բեկանելու և փոփոխելու համար, և տվյալ օրենսգիրքը «ինքն է ընդունում», որ դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող հանգամանքը դատական ակտ կայացնելիս դատարանի և կողմի «տեսադաշտում» օբյեկտիվորեն չի եղել, այնուամենայնիվ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասը, անտեսելով, որ դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող հանգամանքի հիմքով կողմը վերաքննիչ բողոք չի ներկայացրել, քանի որ այդ հանգամանքը մինչև վերաքննիչ բողոք ներկայացնելը կողմից անկախ պատճառներով հայտնի չի եղել, թույլ չի տալիս, որ այն դեպքում, երբ դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող հանգամանքն ի հայտ է գալիս առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկամսյա ժամկետից հետո, կողմն իրավունք ունենա Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնել նոր, այսինքն՝ առաջին ատյանի դատարանի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքից տարբերվող հիմքով:
Այս առումով Դիմողն ընդգծում է, որ խնդրո առարկա՝ թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռի կայացումից և հրապարակումից, հիշյալ դատավճռի դեմ մեղադրյալ Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի կողմից վերաքննիչ բողոքներ ներկայացվելուց և հիշյալ վերաքննիչ բողոքները Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ վարույթ ընդունվելուց, ինչպես նաև տվյալ քրեական գործը դատաքննության նշանակվելուց հետո՝ 2025 թվականի հունիսի 23-ին, Վճռաբեկ դատարանը թիվ 26/04.12.2020 դատական վարույթով կայացրել է որոշում, որով նախադեպային դիրքորոշում է հայտնել, որ այն դեպքում, երբ հետաքննության մարմինը դատարան է ներկայացնում առաջին միջնորդությանը նույնաբովանդակ միջնորդություն՝ միևնույն անձի նկատմամբ միևնույն օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու մասին, ապա դատարանը պետք է մերժի հիշյալ միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամկետի երկարաձգման մասին միջնորդության փոխարեն հետաքննության մարմինը ներկայացրել է նույնաբովանդակ նոր միջնորդություն՝ միևնույն անձի նկատմամբ միևնույն օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու մասին:
Այսինքն՝ ըստ Դիմողի՝ այն, որ Վճռաբեկ դատարանի՝ թիվ 26/04.12.2020 դատական վարույթով 2025 թվականի հունիսի 23-ին կայացրած որոշմամբ արտահայտած վերոհիշյալ իրավական դիրքորոշումը ոչ իրավաչափ է դարձրել 2022 թվականի հունվարի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման հիմքով Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ իրականացված՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքներն իբրև թույլատրելի ապացույց գնահատելու մասին թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կայացրած դատավճիռը, ինչպես նաև դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 4-ին կայացրած որոշումը, փաստ է: Նման պայմաններում, Դիմողի պնդմամբ, Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի մայիսի 29-ին կայացրած որոշմամբ արված այն դատողությունը, որ մեղադրյալ Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի փաստարկները բավարար չեն բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող իրավական հանգամանքի առկայությունը փաստելու համար, պայմանավորված է եղել բացառապես նրանով, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի համապատասխան որոշման դեմ ներկայացված՝ 2026 թվականի ապրիլի 9-ի վճռաբեկ բողոքը, հակառակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի, ներկայացված չի եղել նույն հիմքով, որով վերաքննության կարգով բողոքարկվել է խնդրո առարկա քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կայացրած դատավճիռը:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթի հակասությունը Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթի և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:
Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
.
«Անդրանիկ Փիլոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
25 օգոստոսի 2026 թվականի
ՍԴԱՈ-190
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 օգոստոսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-190
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
