ԱՐՏԱԿ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-39)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 օգոստոսի 2025թ. ՍԴԴԿՈ - 39 | ԱՐՏԱԿ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 5 օգոստոսի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Ա. Զեյնալյանի
Քննության առնելով Արտակ Զախարյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արտակ Զախարյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հուլիսի 15-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով այն դատարանին թույլ է տալիս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով գործի լուծման համար նշանակություն ունեցող, ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշել և ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխել նույն կերպ, ինչ ընդհանուր, այն է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը չվերաբերող հայցային վարույթներով՝ առանց հաշվի առնելու, թե «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի որ կետով է սկսվել, շարունակվել և իրականացվել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուն ուղղված ընթացակարգը»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՀԿԴ/0203/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, բարձրացնում է հետևյալ հարցը. արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքի բովանդակությանը, երբ դատարանին թույլ է տալիս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով գործի լուծման համար նշանակություն ունեցող, ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշել և ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխել նույն կերպ, ինչ ընդհանուր, այն է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը չվերաբերող հայցային վարույթներով՝ առանց հաշվի առնելու, թե «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ո՞ր կետով է սկսվել, շարունակվել և իրականացվել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուն ուղղված ընթացակարգը:
Դիմողը նշում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական գործի վարույթով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելու կանոնները և ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու բովանդակությունը սահմանելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածն անտեսում է Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1776 որոշման 199-րդ կետով արձանագրված այն իրողությունը, որ, ի տարբերություն այլ հայցերի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի նախապատրաստման գործընթացը ստացել է օրենսդրական կարգավորում, այսինքն՝ սահմանվել է հայցի նախապատրաստման ընթացակարգ:
Դիմողը պնդում է, որ խնդրո առարկա համատեքստում վիճարկվող դրույթը հաշվի չի առնում նաև Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման 200-րդ կետով կատարված այն արձանագրումը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի նախապատրաստմանն ընթացակարգային կարգավորում տալը միտված է նաև նրան, որ շահագրգիռ անձանց համար ապահովվի գործընթացի կանխատեսելիություն, և հաշվի առնվեն նշված գործընթացում շահագրգիռ անձանց համապատասխան շահերը:
Դիմողը գտնում է, որ այն պայմաններում, երբ վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական վարույթով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշում և ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխում է նույն կերպ, ինչ ընդհանուր, այն է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը չվերաբերող հայցային վարույթներով, ապա պատրանքային բնույթ է կրում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի նախապատրաստման գործընթացում շահագրգիռ անձի համար ապահովված՝ գործընթացի կանխատեսելիությունը: Նշված գործընթացում անտեսվում են շահագրգիռ անձի իրավաչափ շահերն այնքանով, որքանով, անկախ ուսումնասիրության նպատակից և հիմքից, միևնույն է, դատարանը հնարավորություն է ունենում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական գործի վարույթով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշել: Հետևաբար՝ ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխել «առանց կանոնների», այն է՝ ապացուցման առարկայի մեջ փաստացի ներառել նաև այն նպատակը, որն անձին պատկանող գույքի ուսումնասիրության նպատակը չի եղել՝ դրանով իսկ ապացուցման առարկայի մեջ ներառելով գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա ավելի շատ փաստեր, հետևաբար՝ գործին մասնակցող անձին ծանրաբեռնել ավելի շատ հանգամանքներ ապացուցելու պարտականությամբ, քան այն փաստերն ու հանգամանքներն են, որոնք վերաբերելի են ուսումնասիրության հիմքին և նպատակին:
Ըստ Դիմողի՝ վերոգրյալ արձանագրման պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, երբ կանխորոշվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկվում է դրա նշանակությունը, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացնելուն:
Դիմողը նաև նշում է, որ խնդրո առարկա բաժնեմասի և անշարժ գույքի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարելն արգելելու ձևով թիվ ՀԿԴ/0203/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում որպես հայցի ապահովում շարունակվող սահմանափակումը չի հանդիսանում պիտանի միջոց՝ հիշյալ սահմանափակմամբ նվաճելու Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նպատակները, իսկ հիշյալ սահմանափակման՝ որպես անպիտան միջոց լինելու փաստարկը հանգում է նրան, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը երբևէ չի հանդիսացել Երվանդ Զախարյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու, իրականացնելու և շարունակելու հիմք:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ՝ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները, Սահմանադրական դատարանի դատական կազմի գնահատմամբ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:
Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես, Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) հաշվի չառնելով այն, որ Երվանդ Զախարյանին պատկանող գույքի առնչությամբ թիվ 22-26-20 ուսումնասիրությունը սկսվել է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հանցավորության դեմ պայքարի նպատակը նվաճելու համար, Իրավասու մարմինը բռնագանձելու համար ուսումնասիրել է Երվանդ Զախարյանին և նրան փոխկապակցված անձանց (այդ անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձանց) գույքը, այդ թվում՝ եկամուտները՝ սկսած 1997թ.՝ այդ կերպ փաստացի ցույց տալով, որ ուսումնասիրությունն իրականացվում է նաև Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով՝ չնայած նրան, որ ուսումնասիրություն սկսելու մասին Իրավասու մարմնի՝ ո՛չ 2020թ. հոկտեմբերի 7-ի որոշումն է կայացվել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, ո՛չ էլ հետագայում է կայացվել որոշում՝ Երվանդ Զախարյանին պատկանող գույքի առնչությամբ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետի հիմքով ուսումնասիրություն սկսելու մասին»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրակացնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից Երվանդ Զախարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող գույքի առնչությամբ համապատասխան ուսումնասիրության իրականացման և թիվ ՀԿԴ/0203/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված միջանկյալ դատական ակտի(երի) բովանդակության հետ:
Մասնավորապես, Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ստորև ներկայացված հարցերին, որոնք էլ Դիմողը, ըստ էության, սույն անհատական դիմումի շրջանակներում քողարկված կերպով վիճարկում է.
ա) իրավասու մարմնի, սույն պարագայում՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազի կողմից Ե. Զախարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվող ուսումնասիրության շրջանակներում մի քանի տասնյակ, իսկ կոնկրետ Դիմողին վերագրվող՝ հինգ անուն գույքից կոնկրետ 2 անուն գույքի («Արգալի գրուպ» ՍՊԸ-ի 80% բաժնեմասի և ք. Երևան, Կենտրոն, Զաքյան փողոց, 5 շենք, 22 բնակարան հասցեի անշարժ գույքի) ուսումնասիրության առարկա լինել/չլինելու, դրանք ուսումնասիրության առարկայի շրջանակներում ներառել/չներառելու, թիվ ՀԿԴ/0037/03/23 գործով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի կողմից ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցում ներառելու,
բ) թիվ ՀԿԴ/0037/03/23 գործով հայցի հարուցման կապակցությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմումի շրջանակներում, ի թիվս այլնի, վերոգրյալ 2 գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումն արգելելու մասին պահանջ ներկայացնելու և այդ կապակցությամբ Հակակոռուպցիոն դատարանի կողմից համապատասխան դիմումը բավարարելու,
գ) վերոգրյալի արդյունքում թիվ ՀԿԴ/0203/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի շրջանակներում, ի թիվս այլնի, ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող և բռնագանձման ենթակա գույքերի շարքում վերոգրյալ 2 անուն գույքերն օրինական եկամուտներով ձեռքբերված լինելու փաստերի ապացուցման պարտականությունը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 15-ի՝ «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ Դիմողի վրա դնելու իրավաչափության հարցերը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եկել է այն եզրահանգման, որ Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ համապատասխան ուսումնասիրության և թիվ ՀԿԴ/0203/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից, ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արտակ Զախարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Ա. Զեյնալյան
5 օգոստոսի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-39
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-39
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
