Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԷԴԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԷԴԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-2337 դեկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-233)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 դեկտեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 233 | «ԷԴԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԷԴԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Էդիկ Ստեփանյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Էդիկ Ստեփանյանի դիմումը (ներկայացուցիչ Էդգար Թումասյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի նոյեմբերի 5-ին: Դիմողը Սահմանադրական դատարանից խնդրել է. «Քննարկել Էդիկ Արտուշի Ստեփանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին հաշվի առնելով տվյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»:

2. Դիմողն իր դիրքորոշումը փաստարկում է նրանով, որ Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ունի այն բովանդակությունը, որ դատախազը քրեական գործը նախաքննության մի մարմնից հանձնում է նախաքննության մեկ այլ մարմնին բացառապես քննչական ենթակայության կանոններին համապատասխան: Մինչդեռ, Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որ դատախազը քննչական ենթակայությունը փոխելու հարցում օժտված է անսահմանափակ լիազորությամբ և իրավասու է ցանկացած քրեական գործ նախաքննության մի մարմնից հանձնել ցանկացած մեկ այլ նախաքննության մարմնի, ինչը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածին և հանգեցրել է իր արդար դատաքննության իրավունքի խախտման: Ընդ որում, դիմողն արդար դատաքննության իրավունքի խախտումը պատճառաբանում է նրանով, որ Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով քննչական ենթակայության իմպերատիվ կանոնների խախտումը համարվում է ապացույցները (նյութերը) անթույլատրելի ճանաչելու ֆորմալ հիմք: Ըստ դիմողի Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նույն օրենսգրքի 190-րդ հոդվածին կատարված հղումը նշանակում է, որ քրեական գործը նախաքննության մի մարմնից նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու դատախազի լիազորությունը պետք է իրացվի դիտարկվող օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված քննչական ենթակայության կանոնների պահպանմամբ: Մինչդեռ, ըստ դիմողի, իրավակիրառ պրակտիկայում Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «…190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին…» ձևակերպմանը տրվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի օրենսդիրը նշված ձևակերպմամբ չի կանխորոշել ենթակայության փոփոխության որևէ սահմանափակում, այլ միայն հղում է կատարել այն հոդվածին, որտեղ նշված են Հայաստանի Հանրապետությունում գործող և նախաքննություն կատարելու լիազորություն ունեցող քննչական մարմինները և գործերի օրենքով որոշված ենթակայության կանոնները: Այս կապակցությամբ դիմողը նշում է, որ եթե օրենսդիրը ցանկություն ունենար հղում կատարել այն հոդվածին, որտեղ նշված են Հայաստանի Հանրապետությունում գործող և նախաքննություն կատարելու լիազորություն ունեցող քննչական մարմինները, ապա նա հղում կկատարեր Քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածին, որով սահմանված են նախաքննության մարմինները:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող։ Այդ կանոնների իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ պայմանավորված նաև դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես. ա երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ընդ որում, 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նույն իրավական դիրքորոշումն արտահայտված է նաև «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պայմանների առնչությամբ, որոնք իրենց բնույթով համարժեք են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմերին: Տվյալ դեպքում դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ

2020 թվականի հունվարի 8-ին թիվ 58236719 քրեական գործն ըստ մեղադրանքի Էդիկ Արտուշի Ստեփանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և 2020 թվականի հունվարի 9-ին ընդունվել վարույթ: 2020 թվականի փետրվարի 28-ի դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Էդիկ Ստեփանյանի պաշտպան Էդգար Թումասյանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան թիվ ՇԴ/0001/01/20 քրեական գործով վարույթը կարճելու և Էդիկ Արտուշի Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու մասին: Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ ամբաստանյալ Է. Ստեփանյանի պաշտպան Է. Թումասյանի միջնորդությունը Էդիկ Ստեփանյանի նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին, մերժվել է: Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2020 թվականի ապրիլի 1-ին վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Էդիկ Ստեփանյանի պաշտպան Էդգար Թումասյանը: Ամբաստանյալ Է. Ստեփանյանի պաշտպան Է. Թումասյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2020 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ թողնվել է առանց քննության: Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Է. Ստեփանյանի պաշտպան Է. Թումասյանը խնդրելով բեկանել այն և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության: ՀՀ վճռաբեկ դատարանի 2020 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի ապրիլի 16-ի որոշման դեմ ամբաստանյալ Էդիկ Արտուշի Ստեփանյանի պաշտպան Է. Թումասյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Էդիկ Ստեփանյանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով վիճարկվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի փետրվարի 28-ի վերոհիշյալ որոշմամբ (միջանկյալ դատական ակտով) կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթին տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719, 2010 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-918, 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922) անդրադարձել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հիմքում դրված ընդհանուր տրամաբանությանը: Մասնավորապես Սահմանադրական դատարանն իր 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ, վերլուծելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկմանն առնչվող իրավանորմերը, արձանագրել է. «…օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, այն է հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումը վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները»։ Շարունակելով նույն միտքը Սահմանադրական դատարանն իր 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922 որոշման մեջ արձանագրել է. «…միաժամանակ նկատել է, որ բողոքարկման ոչ ենթակա ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը և վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու դատավորի հայեցողությանը։ Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտած իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումներում «բողոքարկելի է», «բողոքարկման ենթակա չէ» արտահայտությունները վերաբերում են համապատասխանաբար անմիջականորեն բողոքարկմանը և անմիջականորեն բողոքարկման ենթակա չլինելուն։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի նման մոտեցումն իր հերթին բխում է այն ողջամիտ տրամաբանությունից, որ հարուցված, չկասեցված և շարունակվող վարույթի տրամաբանական ավարտը գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումն է, հետևաբար նման վարույթի շրջանակներում կայացված միջանկյալ ակտերը, անձի իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում, կարող են վիճարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում։ Մինչդեռ կասեցված կամ ընդհատված վարույթի պարագայում նման հնարավորությունը բացառվում է և միջանկյալ դատական ակտի դեմ պաշտպանության միակ միջոցը դրա անմիջականորեն բողոքարկման հնարավորությունն է»: Մեջբերված դիրքորոշումների շրջանակներում անդրադառնալով Էդիկ Ստեփանյանի դիմումով բարձրացված խնդրո առարկային Սահմանադրական դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի փետրվարի 28-ի որոշումից հետո, ինչպես նաև դրան հաջորդող փուլում քրեական գործը պահպանում է «հարուցված, չկասեցված» գործի դատավարական կարգավիճակ ձեռք բերելու օրինական հնարավորությունը, որպիսի հնարավորության իրացումը կհանգեցնի «շարունակվող վարույթի տրամաբանական» ավարտին գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը, հետևաբար այդ վարույթի շրջանակներում կայացված միջանկյալ ակտերը, անձի իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում, «կարող են վիճարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում»: Այլ կերպ, Էդիկ Ստեփանյանը դեռ պահպանում է իր իրավունքները պաշտպանելու և/կամ վերականգնելու հնարավորությունը ընդհանուր իրավասության դատարանում գործի ըստ էության քննության շրջանակներում, հետևաբար նրա կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը չի բավարարում նման դիմումների ընդունելիության համար անհրաժեշտ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառած լինելու պայմանը: Վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, ուստի վերջինս Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Էդիկ Ստեփանյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

7 դեկտեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-233

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 դեկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-233
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել