Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՔԱԼՐՖՈՒԼ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՔԱԼՐՖՈՒԼ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-316 հունվարի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 հունվարի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 3 | «ՔԱԼՐՖՈՒԼ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

16 հունվարի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով «Քալրֆուլ Մոբայլ» ՍՊԸ-ի դիմումով գործը

քննության ընդունելու մասին հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Քալրֆուլ Մոբայլ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.

1. Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին և 2- րդ մասերի, 71-րդ հոդվածի 1-ին մասի առաջին ենթակետի ՀՀ Սահմանադրության 1, 3, 6 և 31-րդ հոդվածներին համապատասխանության հարցը.

2. Որոշել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի ՀՀ Սահմանադրության 1, 3 և 6-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։ Դիմողը նշում է, որ ՀՀ Սահմանադրությունը կարևորել է մտավոր սեփականության առանձնահատկությունը և սահմանել, որ դրա պաշտպանությունն իրականացվում է առանձին օրենքների միջոցով։ Սահմանադրության մտավոր սեփականության վերաբերյալ համապատասխան դրույթի տրամաբանությունից ելնելով էլ ստեղծվել է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքը, որի համապատասխան դրույթների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ապրանքային նշանների գործերով վիճարկման հայցերի համար նախատեսվում է 5 տարվա ժամկետ։ Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2 և 71-րդ հոդվածներն այնքանով, որքանով բացառում են հատուկ և ընդհանուր նորմերի մրցակցության ժամանակ հատուկ նորմերի (խոսքը վերաբերում է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դատավարական հատուկ նորմերի մասին) առավելությունը, հակասում են ՀՀ Սահմանադրության 1, 3, 6 և 31-րդ հոդվածներին։ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերյալ դիմողը նշում է, որ «օրենսգիրք» իրավական ակտի էությունը բացահայտվել է միայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով, հետևաբար, օրենսգրքի գերակայության հարցն այս առումով հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության հետ։ Ըստ դիմողի օրենքի առկայության պայմաններում օրենսգրքին առավելություն տալու պարտականությունը չունի որևէ սահմանադրական հիմք և չի բավարարում իրավական օրենքի պահանջներին։

Դատական կազմը, հիմնվելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության վրա և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, գտնում է, որ գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի, 71-րդ հոդվածի առաջին մասի առաջին ենթակետի վերաբերյալ. ա/ դատական կազմի կողմից դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը վիճարկվող դրույթների հակասահմանադրականությունը փորձում է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացը մատնանշելով։

Այս առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ օրենսդրական բացը որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010թ. փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Փաստորեն, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, երբ կոնկրետ գործով միաժամանակ առկա են օրենսդրական բացի սահմանադրական դատարանի կողմից մատնանշված վերոնշյալ չափանիշները, այն է կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտում կամ այդ խախտման պոտենցիալ հնարավորություն և օրենսդրության մեջ այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքների բացակայություն կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված հակասական իրավակիրառական պրակտիկա։

Դիմողի կողմից առաջ քաշված հիմնախնդրի վերաբերյալ օրենսդրության մեջ առկա են հստակ իրավակարգավորումներ, միևնույն ժամանակ ձևավորված չէ հակասական իրավակիրառական պրակտիկա, չափորոշիչներ, որոնց առկայությունը պարտադիր պայման է, որպեսզի իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա լինի սահմանադրական դատարանի քննությանը։ Մասնավորապես, «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» Փարիզյան կոնվենցիայի 6 BIS հոդվածի համաձայն ապրանքային նշանների գործերով վիճարկման հայցերի համար նախատեսվում է 5 տարվա ժամկետ, իսկ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի համաձայն ապրանքային նշանների գործերով վիճարկման հայցերի համար ևս նախատեսվում է 5 տարվա ժամկետ։ Այսինքն, սույն գործի շրջանակներում առկա է օրենսդրական հստակ իրավակարգավորում, չկա ձևավորված հակասական պրակտիկա։ Այլ կերպ, խնդրո առարկա գործի շրջանակներում առկա չեն ՀՀ սահմանադրական դատարանի կողմից մշակված այն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտային ստեղծված իրավիճակը դիտարկել «օրենսդրական բաց» եզրույթի ներքո։ Հետևաբար, դատական կազմն արձանագրում է, որ վիճարկվող դրույթներն իրենց բովանդակությամբ սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում և, եթե առկա է օրենսդրական բաց, ապա այն լրացնելու մենաշնորհը, ելնելով սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումներից, պատկանում է օրենսդիր մարմնին, այսինքն վիճարկվող դրույթները չեն կարող սահմանադրական դատարանում գործի քննության առարկա հանդիսանալ ենթադրյալ օրենսդրական բացի վիճարկման լույսի ներքո.

բ/ դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, դատական կազմը գտնում է, որ այս համատեքստում առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերյալ.

ա/ դատական կազմի կարծիքով, դիմողը, վիճարկելով վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը, չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրա հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։ Բացի դրանից, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է.

բ/ դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, դատական կազմը գտնում է, որ այս համատեքստում առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«Քալրֆուլ Մոբայլ» ՍՊԸ-ի դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

16 հունվարի 2013թվականի

ՍԴԴԿՈ/1-3

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հունվարի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-3
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել