ԼԻԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԵՎ ԻՎԵՏՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-65)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 դեկտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 65 | ԼԻԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԵՎ ԻՎԵՏՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 13 դեկտեմբերի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Լիանա Մինասյանի և Իվետտա Հովհաննիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Լիանա Մինասյանի և Իվետտա Հովհաննիսյանի (այսուհետ` Դիմողներ, ներկայացուցիչ՝ փաստաբան Իրինա Դանիելյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի նոյեմբերի 22-ին:
Դիմողները Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են.
«(...) հաստատել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածը չի կարգավորում ոչ ժառանգի մեղավորությամբ պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետի հետագայում վերականգնման դեպքում (նոտարի գործողությունների ոչ իրավաչափ ճանաչում և այլն) ժառանգությունն արդեն իսկ ընդունած ժառանգի կողմից ևս վեցամսյա ժամկետի ավարտից հետո ժառանգությունից հրաժարվելու հնարավորության հարցը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, որով երաշխավորվում է անձի սեփականության իրավունքը, որի բաղադրատարրն է հանդիսանում նույն հոդվածի 2-րդ մասով երաշխավորված ժառանգելու իրավունքը:
(...) հաստատել, որ թիվ ՎԴ/8813/05/18 վարչական գործով Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությունները, որոնց արդյունքում Դիմողները փաստացի զրկվում են ժառանգության ընդունման վերաբերյալ տեղեկացված որոշում ընդունելու, հակասում են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, որով երաշխավորվում է անձի սեփականության իրավունքը, որի բաղադրատարրն է հանդիսանում նույն հոդվածի 2-րդ մասով երաշխավորված ժառանգելու իրավունքը: (...) ճանաչել, որ սույն գործով Դատարանը և Վերաքննիչ դատարանը Դիմողների նկատմամբ խնդրո առարկա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածը կիրառել են այլ մեկնաբանությամբ, քան նախկինում Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությունը:
(...) հաստատել, որ թիվ ՎԴ/8813/05/18 վարչական գործով Դատարանի կողմից տրված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1245-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, որով երաշխավորվում է անձի սեփականության իրավունքը, որի բաղադրատարրն է հանդիսանում նույն հոդվածի 2-րդ մասով երաշխավորված ժառանգելու իրավունքը»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/8813/05/18 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողները նշում են, որ Արմեն Հովհաննիսյանի մահվան օրը 2017 թվականի նոյեմբերի 11-ն է: Վերջինս Լիանա Մինասյանի ամուսինն էր, իսկ Իվետտա Հովհաննիսյանի՝ հայրը: Դիմողների պնդմամբ՝ պարտատերերի կողմից պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը եղել է 2018 թվականի մայիսի 11-ը:
Ըստ Դիմողների՝ Արմեն Հովհաննիսյանի հանդեպ փոխառության ուժով պահանջի իրավունք ունեցող պարտատեր Վյաչեսլավ Ասրյանի կողմից 2018 թվականի մայիսի 7-ին հայտարարություն է արվել, որը վավերացվել է Երևան նոտարական տարածքի նոտար Արմեն Գրիգորյանի կողմից: Դիմողները գտնում են, որ նշված հայտարարությունն իր բովանդակությամբ նման է պարտատիրոջ կողմից պահանջը ժառանգական զանգվածի մեջ ներառելու դիմումին, սակայն փաստացի տվյալ դիմումը նոտար Արմեն Գրիգորյանի կողմից ձևակերպվել է որպես հայտարարություն և գործնականում չի ներառվել Արմեն Հովհաննիսյանի ժառանգական զանգվածի մեջ, դրա վերաբերյալ որևէ նշում չի կատարվել նոտարական գործում:
Դիմողների պնդմամբ՝ համապատասխան պահանջը պարտատեր Վյաչեսլավ Ասրյանի կողմից նոտար Աննա Աբրահամյանին է ներկայացվել 2018 թվականի օգոստոսի 16-ին, երբ Դիմողների կողմից արդեն իսկ ստացված են եղել ժառանգության իրավունքի վկայագրերը: Ինչ վերաբերում է պարտատեր Վյաչեսլավ Ասրյանի՝ նոտար Արմեն Գրիգորյանի կողմից վավերացված հայտարարությանը, ապա այն ակնհայտորեն չի կարող որակվել որպես պահանջի ներկայացում առնվազն այն պատճառով, որ նշված հայտարարության մասին ժառանգները տեղեկություն չեն ունեցել:
Դիմողները նշում են, որ խնդրո առարկա գործով թե՛ Վարչական դատարանը, թե՛ Վերաքննիչ վարչական դատարանը թույլ են տվել նյութական իրավունքի կոպտագույն և ակնհայտ խախտումներ՝ անտեսելով այն հանգամանքը, որ Վյաչեսլավ Ասրյանը նոտար Աննա Աբրահամյանին դիմում է ներկայացրել օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի խախտմամբ, իսկ ժամկետի պահպանմամբ նոտար Արմեն Գրիգորյանին ներկայացված հայտարարությունը դիտարկելով որպես պատշաճ դիմում: Ըստ Դիմողների՝ Վարչական դատարանը և Վերաքննիչ վարչական դատարանն անտեսել են նաև այն հարցերը, թե նոտարին Վյաչեսլավ Ասրյանի պահանջը ժառանգության մեջ ներառելուն պարտավորեցնելու դեպքում ինչպե՞ս են ապահովվելու ժառանգների իրավունքները, ինչպե՞ս է վերջիններիս արդեն իսկ ընդունած ժառանգության մասով դիրքորոշում հայտնելու, ժառանգությունն ընդունելու կամ չընդունելու հարցում կամահայտնություն դրսևորելու հնարավորություն ընձեռվելու:
Դիմողները գտնում են, որ ուժի մեջ մտած դատական ակտի և լրացուցիչ ժառանգության իրավունքի վկայագրի առկայության պայմաններում հարկ է գոնե հստակ կարգավորել այն հարցը, թե արդյո՞ք պարտատիրոջ կողմից իր պահանջը ժառանգությունն ընդունած ժառանգի ժառանգական զանգվածում այս կամ այն պատճառով (այդ թվում՝ բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչվելու կամ նոտարի մերժումն անվավեր ճանաչվելու պարագայում և այլն) վեցամսյա ժամկետից հետո (ժառանգության իրավունքի վկայագիրն արդեն իսկ ստացած լինելու և ժառանգությունից հրաժարվելու ժամկետից հետո) ներառվելու պարագայում ժառանգին ևս պետք է ժառանգությունից հրաժարվելու հնարավորություն ընձեռվի, քանի որ վերջինս ունի ժառանգության ընդունման հարցում տեղեկացված որոշում կայացնելու իրավունք:
Դիմողները եզրահանգում են, որ ժառանգին պետք է ժառանգությունից հրաժարվելու հնարավորություն ընձեռվի, եթե իրենից անկախ պատճառներով փոփոխվել է ժառանգական զանգվածը, և վերջինս տեղյակ չի եղել դրա մասին: Ըստ Դիմողների՝ նման մոտեցումը նաև կապահովի արդար հավասարակշռությունը ժառանգի և պարտատերերի շահերի միջև:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն պայմանները, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։
Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Բացի այդ, «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում ընդգծել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումում դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, սակայն քննարկվող դեպքում դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Դիմողը սույն անհատական դիմումով Սահմանադրական դատարանի առջև բարձրացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի և 1245-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված ենթադրյալ մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարց, ինչի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
թիվ ՎԴ/8813/05/18 վարչական գործի շրջանակներում Վերաքննիչ վարչական դատարանը 2024 թվականի մայիսի 21-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը.
«(...) Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում նաև բողոքաբերի այն փաստարկները, որ նոտար Արմեն Գրիգորյանին ներկայացված դիմումը չէր կարող դիտվել որպես պարտատիրոջ կողմից պահանջի ներկայացում, իսկ Հայցվորի կողմից Նոտարին դիմումը ներկայացվել է 16.08.2018 թվականին՝ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի խախտմամբ՝ հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Ստեփանի Հովհաննիսյանը մահացել է 11.11.2017 թվականին:
Հայցվորի կողմից 07.05.2018 թվականին կազմված դիմումի համաձայն՝ Վյաչեսլավ Ասրյանը «Երևան» նոտարական տարածքի նոտար Արմեն Գրիգորյանին հայտնել է, որ 11.11.2017 թվականին մահացել է Արմեն Ստեփանի Հովհաննիսյանը, ում նկատմամբ ունի ընդհանուր 178.500 ԱՄՆ դոլարի չափով դրամական պահանջ: Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի պահանջներով՝ դիմումով ներկայացրել է իր դրամական պահանջը, խնդրել է ժառանգատուի ժառանգներին ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու դեպքում ժառանգական զանգվածի մեջ ներառել ժառանգատուի իր նկատմամբ ունեցած 178.500 ԱՄՆ դոլարի չափով պարտավորությունը: Նշված դիմումը նույն օրը գրանցվել է սեղանամատյանում 1552 համարով (...):
Վերը նշված փաստաթղթի բովանդակությունից ուղղակիորեն հետևում է, որ այն ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, որպիսի ապացույցով հերքվում է բողոքաբերի փաստարկներն առ այն, որ նոտար Արմեն Գրիգորյանին ներկայացված դիմումը վավերացվել է նոտարի կողմից որպես հայտարարության, այն չէր կարող դիտվել որպես պարտատիրոջ կողմից պահանջի ներկայացում, իսկ Հայցվորի կողմից նոտարին դիմումը ներկայացվել է 16.08.2018 թվականին»:
Միաժամանակ, վերոնշյալ որոշմամբ Վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է.
«Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայցվորը պահանջը ներկայացրել է ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում, այսինքն՝ պահանջի իրավունքը չի դադարել, վերջինս ձեռնարկել է սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված ակտիվ գործողություններ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից ներկայացված փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ բողոքը բավարարելու համար»:
Այսպիսով, Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/8813/05/18 վարչական գործի շրջանակներում կայացրած վերոշարադրյալ որոշմամբ հաստատել է, որ պարտատեր Վյաչեսլավ Ասրյանը համապատասխան դիմումով իր դրամական պահանջը նոտարին ներկայացրել է դեռևս 2018 թվականի մայիսի 7-ին՝ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի պահպանմամբ:
Վերաքննիչ վարչական դատարանը նաև հստակ ընդգծել է, որ նշված դիմումով պարտատեր Վյաչեսլավ Ասրյանը խնդրել է ժառանգատուի ժառանգներին ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու պարագայում ժառանգական զանգվածի մեջ ներառել ժառանգատուի՝ իր նկատմամբ ունեցած 178.500 ԱՄՆ դոլարի չափով պարտավորությունը:
Հետևաբար՝ Դիմողների կողմից ներկայացված պնդումներն առ այն, որ պարտատեր Վյաչեսլավ Ասրյանը համապատասխան դիմումով իր դրամական պահանջը նոտարին ներկայացրել է օրենքով սահմանված վեցամսյա ժամկետից հետո՝ միայն 2018 թվականի օգոստոսի 16-ին, անհիմն են: Չեն հիմնավորվում նաև պարտատեր Վյաչեսլավ Ասրյանի կողմից համապատասխան դիմումով իր դրամական պահանջը օրենքով սահմանված վեցամսյա ժամկետից հետո ներկայացնելու պարագայում դրանից բխած, դրան հաջորդած հետևանքների առաջացման, և արդյունքում՝ Դիմողների հիմնական իրավունքների խախտման հանգեցնելու վերաբերյալ վերջիններիս պնդումները:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողները սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չեն հիմնավորել իրենց՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ համապատասխանաբար սեփականության և դրանից ածանցվող՝ ժառանգելու հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար նաև՝ տվյալ հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված ենթադրյալ մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթները (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված ենթադրյալ մեկնաբանությունը, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով, Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Լիանա Մինասյանի և Իվետտա Հովհաննիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Վ. Գրիգորյան
13 դեկտեմբերի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-65
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-65
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
