Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՇՈՂԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՇՈՂԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-15811 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-158)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 նոյեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 158 | «ՇՈՂԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՇՈՂԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Շողիկ Սիմոնյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել (ուղարկվել է փոստային ծառայության միջոցով 2025 թվականի հոկտեմբերի 25-ին) Շողիկ Սիմոնյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Մերի Կարապետյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի անորոշությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ «ամուսնության ընթացք» «ամուսին» ձևակերպումների մեկնաբանության օրենսդրական բացով պայմանավորված ճանաչել ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության, 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ի մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքների հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԼԴ/0009/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(...) փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձինք օրենսդրորեն անպաշտպան են, քանի որ սեփական միջոցներով համատեղ կենցաղ վարելու արդյունքում կատարում են ներդրումներ, ձեռք բերում գույք, սակայն օրենսդիրը չի կարգավորում այդ իրավահարաբերությունների առկայության դեպքում սեփականության իրավունքի իրացման եղանակները, պայմանները։

Համատեղ կենցաղ վարելու արդյունքում անձի մոտ լեգիտիմ համոզմունք է ձևավորվում, որ գույքը, որը ձեռք է բերվել և/կամ իր անձնական միջոցների հաշվին ներդրումներ է կատարել, այսինքն սեփականության մի ձևը փոխակերպել է մեկ այլ ձևի, ապա դա իր սեփականն է։

Մինչդեռ, օրենսդրությունը չկարգավորելով այդ իրավահարաբերությունը խախտում է համատեղ կենցաղ վարող փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձի սեփականության իրավունքը, ընդ որում, երբ «Լեգիտիմ ակնկալիք»-ը նույնպես սեփականության իրավունք է դիտարկվում»։

Դիմողը նշում է նաև, որ «Պայմանականորեն անձը իր սեփականություն հանդիսացող գույքը օտարելու արդյունքում ներդրում է կատարում իր հետ փաստացի կենցաղ վարող, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող գույքի նկատմամբ, որը լեգիտիմորեն դիտում է որպես իրենց համատեղ սեփականություն, այսինքն փաստացի սեփական գույքն է ներդնում, սակայն օրեսնդիրը այդ իրավահարաբերությունը չի կարգավորում, քանի որ նույն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի հիմքով նույնիսկ անձնական միջոցների հաշվին ներդրումներ կատարելու հիմքով սեփականության ճանաչումը կապում է «ամուսնության ընթացք» «ամուսին» պայմանների առկայության հետ, որոնք ըստ էության կարգավորված չեն, անորոշ են ՀՀ քաղաքացիական օրենսդրության համատեքսում, որպիսի պայմաններում այն ակնհայտ հակասում է անձի սահմանադրորեն երաշխավորված սեփականության իրավունքին»։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:

Սույն գործի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ սույն անհատական դիմումի շրջանակներում թիվ ԼԴ/0009/02/19 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտը՝ Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2025 թվականի ապրիլի 2-ին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն անհատական դիմումի շրջանակներում թիվ ԼԴ/0009/02/19 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտը կայացվել է 2025 թվականի ապրիլի 2-ին՝ հարկ է արձանագրել, որ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքը սկսվել է 2025 թվականի ապրիլի 3-ից:

Ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումից, որի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին, Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 3-ին: Մինչդեռ, Դիմողի անհատական դիմումը Սահմանադրական դատարան է ուղարկվել 2025 թվականի հոկտեմբերի 25-ին: Հետևաբար` Դիմողը բաց է թողել, և սույն գործով լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, որն էլ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի պահպանվել Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով անհատական դիմումին ներկայացվող՝ այն վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո Սահմանադրական դատարան ներկայացնելու պահանջը:

Ուստի` Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Շողիկ Սիմոնյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

11 նոյեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-158

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-158
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել