Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԵՆԱԴԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԵՆԱԴԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4826 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-48)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 հոկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 48 | ԳԵՆԱԴԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 26 հոկտեմբերի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Գենադի Հակոբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Գենադի Հակոբյանը (այսուհետ Դիմող, ներկայացուցիչ փաստաբան Մինաս Մալխասյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին) խնդրելով. «(...) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը շահույթի բաշխման պարտականության կատարման առավելագույն ժամկետ սահմանված չլինելու առումով, ճանաչել Հայաստանի Հանրապետության սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 11-րդ հոդվածի, 59-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի և 79-րդ հոդվածի իրավանորմերին հակասող և անվավեր։ (...) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում, որոշել, որ թիվ ԵԴ/27668/02/19 քաղաքացիական գործը քննելիս, դիմողի նկատմամբ կիրառված «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը մեկնաբանվել և կիրառվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 11-րդ հոդվածի, 59-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի և 79-րդ հոդվածի իրավանորմերին հակասող սահմանադրաիրավական սխալ մեկնաբանությամբ»։ Դիմումում ներկայացվել է թիվ ԵԴ/27668/02/19 քաղաքացիական գործի նախապատմությունը, որով Դիմողը հանդես է եկել որպես հայցվոր։ Դիմողը հայտնել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից է: Ընկերության հիմնադրման պահից ի վեր մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից չի կայացվել ստացած շահույթը մասնակիցների միջև բաշխելու մասին որոշում, և մասնակիցների միջև շահույթը չի բաշխվել։ Դիմողը նշել է, որ հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ընկերության տարիների ընթացքում կուտակված և չբաշխված շահույթի իրեն հասանելի բաժնի բռնագանձման պահանջով։ Առաջին ատյանի դատարանը ներկայացված հայցը մերժել է։ Վճռի դեմ Դիմողի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը մերժել է։ Դիմողը նշում է, որ իր կողմից վիճարկվում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի սահմանադրականությունը տվյալ հոդվածում շահույթի բաշխման պարտականության կատարման առավելագույն ժամկետ սահմանված չլինելու առումով, քանի որ վիճարկվող նորմի կիրառումը հանգեցրել է Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև 60-րդ հոդվածի 1-ին, 3 և 4-րդ մասերի խախտման հաշվի առնելով նաև համապատասխան նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմողը գտնում է, որ դատարաններն իր պահանջը մերժելիս հենվել են «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի վրա, «(...) որն իրականում` ընդամենը սահմանափակում է ընկերության իրավունքը` տարեկան մեկ անգամից ավելի հաճախ իրականացնել շահույթի բաշխում, կանխելով տնտեսական և հարկային չարաշահումներ թույլ տալու հնարավորությունը (...)»։ Ըստ Դիմողի նշված դրույթը դատական պրակտիկայում կիրառվում է Սահմանադրության, ինչպես նաև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի նպատակներին հակառակ հանդիսանալով ներդրողի իրավունքների ոտնահարման հիմք։ Մասնավորապես` Դիմողի պնդմամբ` իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթը մեկնաբանվում և կիրառվում է որպես ընդհանուր ժողովի բացարձակ հայեցողություն, որը «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների հետ համակցության մեջ ուղղակիորեն սահմանափակում և խախտում է նույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով երաշխավորված ընկերության մասնակցի ընկերության գործունեությունից ստացվող օրենքով սահմանված շահույթի մասը ստանալու իրավունքը, որն էլ ակնհայտորեն հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 11-րդ հոդվածին, 59-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին, ինչպես նաև 79-րդ հոդվածին: Արդյունքում, ըստ Դիմողի, խախտվում են ընկերության այն մասնակիցների Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և սեփականության իրավունքները, ովքեր չեն կարող ապահովել ընկերության մասնակիցների առնվազն 51 տոկոս ձայների քանակ: Դիմողը գտնում է, որ եթե ընկերության գործունեությունից ստացվող օրենքով սահմանված շահույթի կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասի չափին համապատասխան մասը ստանալու իրավունքի իրականացումը կախվածության մեջ դրվի պարտապանի ընկերության անունից հանդես եկող ընդհանուր ժողովի բացարձակ հայեցողությունից, ապա հիշյալ իրավունքը կդառնա անիրագործելի, կստանա զուտ հռչակագրային բնույթ արժեզրկելով իրավունքի նպատակը և բուն գաղափարախոսությունը: Դիմողը գտնում է, որ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով սահմանված իրավունքի նյութականացման համար վիճարկվող դրույթում իրավական որոշակիությունը բացակայում է պարտավորության կատարման առավելագույն ժամկետ չնախատեսելու մասով, այն է որոշակի չէ, թե ընկերությունն առավելագույնը ո՞ր ժամկետում է պարտավոր կյանքի կոչելու ընկերության մասնակցի շահույթից իր բաժինը ստանալու իրավունքը։ Նշվածը, ըստ Դիմողի, իսպառ վերացնում է ընկերության մասնակցի իրավունքը` ստանալու այն նյութական բավարարումը, որի նպատակով նա կատարել է ներդրում և հիմնել ընկերությունը։ Դիմողը նշում է, որ անձինք, ի շահ իրենց և սեփական կամահայտնությամբ հիմնելով տնտեսական ընկերություն, նպատակ ունեն շահույթ ստանալ։ Ուստի` սեփական միջոցները ներդնելով վերջիններս կազմավորում են իրավաբանական անձ, որի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում գոյացած շահույթի համապատասխան մասը ստանալու իրավունք և լեգիտիմ ակնկալիք ունեն։ Դիմողը նշում է, որ ընկերության մասնակիցը լեգիտիմ ակնկալիք ունի` ստանալու իր մասնակցությամբ հիմնադրված ընկերության շահույթի համապատասխան մասը, որը գույք է դրամական արտահայտությամբ: Դիմողը նաև ընդգծում է, որ ընկերության շահույթի համապատասխան մասն իր գոյացման պահից հանդիսանում է ընկերության համապատասխան մասնակցին սեփականության իրավունքով պատկանող գույք հենց լեգիտիմ ակնկալիք» եզրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված բովանդակության համաձայն: Դիմողի պնդմամբ` վիճարկվող իրավանորմի պատճառով անձը, ներդրում կատարելով, ապօրինաբար կորցնում է իր լեգիտիմ ակնկալած արդյունքը, քանի որ կատարելով ներդրում հիմնում է ձեռնարկատիրական գործունեության միավոր, որը ստանում է շահույթ, սակայն իրավական ոչ համաչափ արգելքի պատճառով այն ընկերության մասնակցին չի տրամադրվում ընդհանրապես։ Դիմողը եզրահանգում է, որ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ուղղակի արգելք է ընկերության մասնակցի նույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով և 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի իրացման համար, քանի որ ընկերության մասնակցին կարող է անորոշ ժամկետով իր գործով ավելի քան 25 տարով կամ ուղղակի անժամկետ հավերժ կամ ընկերության մասնակցի ողջ կյանքի ընթացքում զրկել ընկերության շահույթի իր մասը ստանալու իրավունքից, որն ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 11-րդ հոդվածին, 59-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին, ինչպես նաև 79-րդ հոդվածին: Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նման հիմնավորումների բացակայությունը, համաձայն Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման, հանգեցնում է անհատական դիմումի ակնհայտ անհիմն ճանաչվելուն: 3.1. Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք»: Դիմողի գործով 2023 թվականի հունվարի 16-ի որոշմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ «(…) ընկերության մասնակիցների միջև շահույթի բաշխման համար պարտադիր պայման է հանդիսանում շահույթի բաշխման մասին ընկերության ընդհանուր ժողովի որոշումը, որպիսի որոշում քննարկվող դեպքում առկա չէ, ընդ որում, այս փաստը չի վիճարկվել և չի վիճարկվում (…)։ Ավելին, վերը նշվածն անհիմն է դարձնում նաև բողոքաբերի պնդումներն առ այն, որ Ընկերության շահույթի համապատասխան մասն իր գոյացման պահից հանդիսանում է ընկերության համապատասխան մասնակցին սեփականության իրավունքով պատկանող գույք «լիգիտիմ ակնկալիք» եզրույթի իրավակիրառական բովանդակության համաձայն, քանզի Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ հայցվորի նշված պահանջի իրավունքի հիմքը ընկերության ընդհանուր ժողովի շահույթի բաշխման որոշման առկայությունն է, իսկ ինչպես արդեն վերը նշվեց, տվյալ դեպքում այդպիսի որոշում չի կայացվել, հետևաբար, «լիգիտիմ ակնկալիք»-ի հայեցակարգը չի կարող կիրառվել ընկերության կողմից շահույթի բաշխման որոշումը կայացվելու հիմքով, իսկ շահույթի համապատասխան մասի գոյացումը որպես այդ շահութաբաժնի բռնագանձման պահանջի հիմք, նախատեսված չէ ՀՀ ներպետական իրավունքով»: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ Սահմանադրությամբ պաշտպանվում է օրինական հիմքով ձեռք բերված գույքը (ներառյալ գույքային իրավունքը)։ Իր հերթին գույք, ներառյալ գույքային իրավունք, ձեռք բերելու հիմքերը սահմանվում են օրենսդրի կողմից, և միայն նման հիմքերի առկայության դեպքում անձը կարող է հղում կատարել Սահմանադրության 60-րդ հոդվածին։ Սահմանադրական դատարանը 2008 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-741 որոշմամբ նշել է, որ «ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի (Դիմողի նկատմամբ կիրառված խմբագրությամբ) 12-րդ հոդվածի «գ» կետի համաձայն ընկերության մասնակիցներն իրավունք ունեն ստանալ ընկերության գործունեությունից ստացվող` օրենքով սահմանված շահույթի մասը։ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի (Դիմողի նկատմամբ կիրառված խմբագրությամբ) 24-րդ հոդվածի համաձայն «1. Ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից:

2. Բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջև` ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի: (…)

4. Շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո մեկ տարվա ընթացքում»: Ներկայացված դրույթներից հետևում է, որ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետը սահմանում է ընկերության մասնակցի իրավունքը ստանալ ընկերության գործունեությունից ստացվող շահույթի մասը, իսկ նույն օրենքի 24-րդ հոդվածը նախատեսում է այդ իրավունքի իրացման պայմանները։ Մասնավորապես` հիշյալ օրենքի 24-րդ հոդվածից հետևում է, որ շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից (մաս 1) ընկերության մասնակիցների միջև բաշխվում է բաշխման ենթակա շահույթը (մաս 2), շահույթը բաշխվում է դրա մասին որոշում ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում (մաս 4)։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի շահույթի մասնաբաժնի նկատմամբ օրինական ակնկալիքը ծագում է շահույթի բաշխման դեպքում ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ։ Հաշվի առնելով, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ շահույթի բաշխման մասին ընկերության ընդհանուր ժողովի որոշում քննարկվող դեպքում առկա չէ, ինչին հակառակ ապացույցներ դիմումում կամ դրան կից նյութերում չեն ներկայացվել, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումում նկարագրված վիճարկվող դրույթների Սահմանադրության 60-րդ հոդվածին ենթադրյալ հակասությունը Դիմողի կողմից չի հիմնավորվել։ Հետևաբար` սույն անհատական դիմումով գործի քննությունը` վիճարկվող դրույթների` Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասելու մասով, ենթակա է մերժման` ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ 3.2. Դիմողը վիճարկվող դրույթների սահմանադրականության ստուգման անհրաժեշտության նպատակի համար ներկայացնում է նաև Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեության իր իրավունքի խախտման հարցը։ Միաժամանակ, դիմումում ներկայացվել է, որ Դիմողը հանդիսանում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից։ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմումում չեն բերվել բավարար հիմնավորումներ Դիմողի Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի խախտման վերաբերյալ։ Մասնավորապես, դիմումում չի հիմնավորվում այն, թե ինչպես է մասնակիցների (հիմնադիրների) կողմից ստեղծված տնտեսական ընկերության գործունեության արդյունքում գոյացած շահույթի նույն մասնակիցների ընդհանուր ժողովի որոշման հիման վրա բաշխվելը խախտում Դիմողի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը։ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն

«1. Ընկերության հիմնադիրների (մասնակիցների) ավանդները, դրանց հաշվին ստեղծված, ինչպես նաև ընկերության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքն ընկերությանն է պատկանում սեփականության իրավունքով:

2. Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետել, օգտագործել և տնօրինել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը»: Քաղաքացիական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է»: Քաղաքացիական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Ընկերության կառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև նրանց որոշումների ընդունման և ընկերության անունից հանդես գալու կարգը սահմանվում են սույն օրենսգրքին, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքին ու ընկերության կանոնադրությանը համապատասխան»: Նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն է պատկանում (...) նրա շահույթն ու վնասները բաշխելը»։ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Նույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի համաձայն ընդհանուր ժողովի բացառիկ լիազորությունն է ընկերության շահույթն ընկերության մասնակիցների միջև բաշխելու մասին որոշումն ընդունելը։ Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել նաև, որ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում գոյացած շահույթը տնօրինելը (մասնակիցների միջև բաշխելու, այն ընկերության հետագա գործունեության մեջ ներդնելու կամ այլ կերպ) ընկերության կառավարմանը վերաբերող հարց է, որի լուծումը ընկերության բարձրագույն մարմնին մասնակիցների ընդհանուր ժողովին վերապահելը Դիմողի տնտեսական ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ենթադրյալ խախտմանը հանգեցնելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դիմումում ներկայացված չեն։ Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ այս մասով ևս դիմումն ակնհայտ անհիմն է, և սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Գենադի Հակոբյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ա. Թունյան

Ե. Խունդկարյան

26 հոկտեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-48

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-48
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել