ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 3 - ին «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ »: Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով. « Հոդված 20.1. Քրեակատարողական ծառայողի ատեստավորումը 1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորումն անցկացվում է հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորումից առաջ քրեակատարողական ծառայողն իր ցանկությամբ կարող է վերապատրաստվել: Քրեակատարողական ծառայողը մինչև ատեստավորումը մեկ անգամ իրավունք ունի անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար:
3. Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի նշանակվելուց հետո քրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, իսկ մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակվելիս ծառայողը ենթակա է ատեստավորման: Մինչև հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվելն առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը պահպանում է նախորդ պաշտոնում հաշվարկված ատեստավորման արդյունքները: Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում քրեակատարողական ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, իսկ ատեստավորված ծառայողները պահպանում են ատեստավորման արդյունքները, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:
4. Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
5. Ատեստավորման անցկացման նպատակով համապատասխան նախարարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով:
6. Քրեակատարողական ծառայությունում համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակված ծառայողը կարող է ատեստավորում անցնել պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան վեց ամիս անց: Նա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման համար դիմում է վեցամսյա ժամկետը լրանալուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
7. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:
8. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներն ատեստավորվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման համար դիմելու իրավունքը ծառայողի մոտ ծագում է նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո: Մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար դիմում է պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
9. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո, և ատեստավորման համար կարող է դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:
10. Եթե քրեակատարողական ծառայողն ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 12-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետն արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:
11. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
12. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը. 1) ենթակա է հավելավճար հաշվարկելու. 2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը. 3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու. 4) ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:
13. Ատեստավորմանը մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման համար դիմելու ժամկետի ընթացքում ունեն ատեստավորման համար կրկին դիմելու առնվազն երկու հնարավորություն՝ համաձայն համապատասխան նախարարի հաստատած ժամանակացույցի:
14. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված եզրակացությունները հաստատվում են տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:
15. Քրեակատարողական ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
16. Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում:»: Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 3-րդ կետը «ցուցումներ,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կայացրած որոշումների վերանայման արդյունքով կայացնում է որոշումներ,» բառերով.
2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10) քննարկում և փոփոխում է, ուժը կորցրած է ճանաչում կամ վերացնում է համապատասխան քրեակատարողական ծառայողների անօրինական կամ անհիմն հրամանները և ցուցումները.»: Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բառերով։ Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ քրեակատարողական ծառայության պետը համապատասխան նախարարի համաձայնությամբ կարող է կիրառել նաև խրախուսանքի հետևյալ տեսակները. 1) արտահերթ կոչման շնորհում, եթե լրացել է հերթական կոչում շնորհելու համար սահմանված ծառայության ժամկետի առնվազն մեկ երրորդը. 2) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը։ Սույն մասում նշված խրախուսանքի տեսակները քրեակատարողական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել միայն մեկ անգամ։»։ Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով. «9.1) սույն օրենքի 20.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերելու, հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու կամ սույն օրենքի 20.1-ին հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով կրկնակի ատեստավորման համար չդիմելու դեպքում.»: Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: 3․ Քրեակատարողական ծառայության այն ծառայողները, որոնք ցանկություն են հայտնել ատեստավորում անցնել, այդ իրավունքը կարող են իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ համապատասխան նախարարի հաստատած ժամանակացույցի համաձայն: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. հոկտեմբերի 23 Երևան ՀՕ-305-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-305-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.10.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.10.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.10.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.10.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.10.2023 Հիմնական ակտ 03.10.2023, ՀՕ-305-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.07.2005, ՀՕ-160-Ն 08.07.2005, ՀՕ-160-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-305-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
