«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 մայիսի 2023թ. ՍԴԴԿՈ - 20 | «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Վ. Գրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 15 մայիսի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ս. Սաֆարյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերության (այսուհետ դիմող) դիմումը (ներկայացուցիչ` Ա. Թորոսյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի ապրիլի 26-ին, որով դիմողը խնդրել է. «(...)
2․ Որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 5-րդ մասի ՀՀ Սահմանադրության 61-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցն այնքանով, որքանով «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և բողոքների քննությունն իրականացվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով» ձևակերպմամբ չի հստակեցված, թե օրենսդիրը նկատի է ունեցել մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը նախաձեռնված մինչդատական վարույթների շրջանակներում ներկայացված միջնորդությունների և բողոքների քննության կարգին, թե մինչև ՀՀ քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ներկայացված բողոքների և միջնորդությունների քննության կարգին»:
2. Դիմողը, մասնավորապես, նշել է. «(…) դիմումով բարձրացված հարցը կարևորվում է այն հանգամանքով, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառության պրակտիկայի համար։ Քանի որ, վիճարկվող դրույթի ներկա ձևակերպմամբ իրավական անորոշություն է առաջացել, ինչի հետևանքով նշված նորմի տարատեսակ մեկնաբանություններով ձևավորվել է անհասկանալի իրավակիրառ պրակտիկա, որի արդյունքում սահմանափակվել է բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքը։ (…) սույն գործով մինչդատական վարույթն իրականացվել է մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը, հետևաբար նշված վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված բողոքի քննությունը ենթակա էր իրականացման մինչև 2022թ հուլիսի 1-ը գործող կարգով, այսինքն 01.07.1998թ ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգավորումներով։ Իսկ այն հիմնավորումներով, որոնցով դատարանը մերժել է վարույթի հարուցումը 01.07.1998թ ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգավորումներով ներկայացվող բողոքին այդպիսի պահանջներ չեն եղել նախատեսված։ Այսինքն, բողոքը ներկայացվել է 01.07.1998թ ընդունված ՀՀ քրեական դատավարության 290-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ։ (…) վիճարկվող նորմի ներկայիս ձևակերպմամբ այդպես էլ հնարավորություն չի տրվել դիմումատուին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին, քանի որ հստակ չէ, թե ի վերջո վիճարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 483-րդ հոդվածի 5-րդ մասի հետևյալ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և բողոքների քննությունն իրականացվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով» ձևակերպմամբ պետք է ընկալել մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը նախաձեռնված մինչդատական վարույթների շրջանակներում բերված բողոքների և միջնորդություններին վերաբերող, թե մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ներկայացված բողոքների և միջնորդությունների քննության կարգի մասին։ Քանի որ նախադասության առաջին մասում տրված ձևակերպումը. «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ...»-ը կարելի է ամբողջովին ընկալել որպես. «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը նախաձեռնված մինչդատական վարույթների շրջանակներում ...»։ Հետևաբար նաև խնդրահարույց է դարձել, թե ի վերջո վերը թվարկված միջնորդություններն ու բողոքները պետք է քննարկվեն մինչև 2022 թվականի հուլիսի 01-ը գործող կարգով, թե 2022 թվականի հուլիսի 01-ից ուժի մեջ մտած գործող կարգով։ (…) Օրենսգրքի 483-րդ հոդվածի 5-րդ մասը չի բավարարում իրավական որոշակիության, հստակության և կանխատեսելիության չափանիշները, իսկ դրանց իրավակիրառ պրակտիկայի կողմից հաղորդած բովանդակությունը հանգեցրել է Դիմողի իրավունքների խախտման, քանի որ նորմերի մեկնաբանման արդյունքում Դիմողը զրկվել է համապատասխան վարքագիծ դրսևորելու հնարավորությունից, որը դրսևորվել է բողոքը մինչև 2022 թվականի հուլիսի 01-ը գործող կարգով կազմելու, թե դրանից հետո գործող կարգով կազմելու հնարավորությունից, որի արդյունքում էլ զրկվել է դատական պաշտպանության իրավունքից»։
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Օրենքի հիշյալ դրույթի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Գործի նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողը, չհամաձայնելով իր մասնակցությամբ գործով վիճարկվող դրույթի կիրառմամբ դատական ակտերին, ըստ էության, քողարկված ձևով բարձրացնում է այնպիսի խնդիր, որը վերաբերում է ոչ թե նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությանը, այլ դատական ակտերի օրինականության, այդ դատական ակտերով նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցին։ Այսպես դիմողը, մասնավորապես, նշել է. «(…) սույն գործով մինչդատական վարույթն իրականացվել է մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը, հետևաբար նշված վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված բողոքի քննությունը ենթակա էր իրականացման մինչև 2022թ հուլիսի 1-ը գործող կարգով, այսինքն 01.07.1998թ ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգավորումներով։ Իսկ այն հիմնավորումներով, որոնցով դատարանը մերժել է վարույթի հարուցումը 01.07.1998թ ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգավորումներով ներկայացվող բողոքին այդպիսի պահանջներ չեն եղել նախատեսված»։ Դիմողը նաև նշել է. «(…) դիմումով բարձրացված հարցը կարևորվում է այն հանգամանքով, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառության պրակտիկայի համար։ Քանի որ, վիճարկվող դրույթի ներկա ձևակերպմամբ իրավական անորոշություն է առաջացել, ինչի հետևանքով նշված նորմի տարատեսակ մեկնաբանություններով ձևավորվել է անհասկանալի իրավակիրառ պրակտիկա, որի արդյունքում սահմանափակվել է բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքը»։ Փաստացի, վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողի ներկայացրած հիմնավորումները, ըստ էության, հանգում են նրան, որ վիճարկվող դրույթի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշումը կարող է էական նշանակություն ունենալ վիճարկվող դրույթի առնչությամբ իրավակիրառ պրակտիկայի համար։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի կողմից Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցը համատեղելի չէ Սահմանադրական դատարանի լիազորությունների հետ, ավելին այն սահմանադրի կողմից Վճռաբեկ դատարանին պատվիրակված լիազորություն է. մասնավորապես Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Վերոնշյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ 2023 թվականի ապրիլի 19-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել դիմողի նաև սույն դիմումով վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը որոշելու հարցով նույնաբովանդակ հիմնավորումներով և պատճառաբանություններով դիմումը: Սահմանադրական դատարանի դատական կազմի 2023թ. ապրիլի 25-ի ՍԴԴԿՈ-19 որոշմամբ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժվել է դրանով առաջադրված հարցերի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ս. Սաֆարյան
Ա. Վաղարշյան
15 մայիսի 2023 թվականի
ՍԴԴԿՈ–20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
