ՀԱՍՄԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 նոյեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 62 | ՀԱՍՄԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 19 նոյեմբերի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի
Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Հասմիկ Աբգարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Հասմիկ Աբգարյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Էլլա Մկրտչյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի նոյեմբերի 4-ին, որով Դիմողը խնդրել է.
««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի 1-ին նախադասությանը, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությանը, 78-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»։
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0011/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ փաստաբանի ծախսերը հոգալու հիմքով գույքը և (կամ) դրամական միջոցներն արգելանքից մասնակի ազատելու դեպքում թույլ է տրվում դատարանի կողմից փաստաբանական ծառայությունների արժեքի ողջամտության որոշում և (կամ) գնահատում և ըստ դրա՝ արգելանքից ազատում, հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածի 1-ին նախադասությանը, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությանը, ինչպես նաև 78-րդ և 79-րդ հոդվածներին:
Դիմողը պնդում է, որ անձի դեմ նրա համար ոչ բարենպաստ հետևանքներ առաջացնող հայցով հանդես է գալիս պետությունը՝ ի դեմս Գլխավոր դատախազության, որը, ի տարբերություն պատասխանողի, ունի անհամեմատելի մեծ հնարավորություններ, լիազորություններ, լծակներ և ռեսուրսներ, իր կարգավիճակով սահմանադրական մարմին է, որը հանդես է գալիս ընդդեմ ֆիզիկական անձի: Ըստ Դիմողի՝ նման պայմաններում անձը կարող է և օբյեկտիվորեն պետք է ենթադրի, որ իրեն անհրաժեշտ են որակյալ փաստաբանական ծառայություններ՝ ըստ էության «հատուկ» հայցվորից պաշտպանվելու համար, և ողջամտորեն ենթադրելի է, որ նման պարագայում փաստաբանական ծառայությունները կարող են կազմել ոչ փոքր արժեքներ:
Դիմողը նշում է, որ չկա փաստաբանին ինքնուրույն ընտրելու, առկա հնարավորություններին համահունչ փաստաբանի վարձատրության չափ և կարգ սահմանելու, ինչպես նաև վերջինիս հետ պայմանագիր կնքելու որևէ իրավական արգելք, մինչդեռ դատարանի կողմից տրված մեկնաբանության արդյունքում, երբ էապես այլ՝ ավելի փոքր դրամական միջոցներ են ազատվում արգելանքներից, անձը, որը հանդես է գալիս որպես պատասխանող ընդդեմ անչափ լայն լիազորություններով և հնարավորություններով օժտված պետության, զրկվում է մրցակցության սկզբունքի ամբողջական իրացման հնարավորությունից, մասնավորապես՝ իր կողմից նախընտրելի փաստաբանի միջոցով հանդես գալու հնարավորությունից, որի մասնագիտական և անձնական որակները համարել էր բավարար մրցունակ վերաբերելի գործի շրջանակներում:
Ըստ դիմողի՝ նման մոտեցումը վտանգավոր է այն առումով, որ փաստաբանները, պայմանավորված օրենքի նման կարգավորմամբ, կարող են փաստացի հրաժարվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով փաստաբանական ծառայություններ մատուցելուց՝ այն հանգամանքի հաշվառմամբ, որ իրենց ծառայությունների դիմաց վարձատրվելու հնարավորությունը և վարձատրության չափն ուղղակիորեն կախված են ոչ թե օրենսդրական կարգավորումներից, իրենց կատարած աշխատանքից, մասնագիտական հմտություններից, գործի բարդությունից և իրենց սահմանած սակագնից, այլ՝ դատարանի կողմից դրամական միջոցների ապաարգելադրումից և (կամ) ապաարգելադրման չափից:
Միևնույն ժամանակ, անձը, որն ունի բավարար դրամական միջոցներ (գույքը տվյալ պահին ճանաչված չէ ապօրինի), ազատ կամահայտնություն՝ ունենալու փաստաբան, իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, նախընտրած փաստաբան, ինչպես նաև ազատ գործելու իրավունք, դատարանի մեկնաբանության արդյունքում զրկվում է իր նախընտրած իրավաբանական օգնությունը ստանալու սահմանադրական իրավունքից և իրավունքների իրացման հնարավորությունից: Նշվածը, ըստ Դիմողի, խախտում է Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը:
Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ոչ միայն խախտում է համաչափության սկզբունքը, այլ նաև հակասում է որոշակիության սկզբունքին՝ դատարանին վերապահելով անսահմանափակ հայեցողական լիազորություն՝ չազատելու գույքը դրված արգելանքներից ոչ միայն այն չափով, որը սահմանված է որպես փաստաբանի վարձատրություն, այլ նաև մյուս հիմքերով: Ըստ Դիմողի՝ նման միջամտությունը չի կարող հիմնավորվել նաև պետական և (կամ) հանրային շահի՝ քաղաքացու իրավունքներին հակադրմամբ:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական նշյալ նորմն իր ամրագրումն է ստացել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(….) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(….) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(....) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Տվյալ դեպքում դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի 1-ին նախադասությանը, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությանը, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը, առանց բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորելու իր համապատասխան հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ տվյալ փաստի և վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Ուստի՝ ելնելով վերոգրյալից, վերահաստատելով Դիմողի համանման դիմումի առնչությամբ կայացված 2024 թվականի հոկտեմբերի 7-ի ՍԴԴԿՈ-55 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումները, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հասմիկ Աբգարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Թովմասյան
Անդամներ՝ Ա. Վաղարշյան
Հ. Հովակիմյան
19 նոյեմբերի 2024 թվականի ՍԴԴԿՈ-62
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-62
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
