ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 մարտի 2021թ. ՍԴԴԿՈ - 16 | ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 16 մարտի 2021 թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Տիգրան Մնացականյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Տիգրան Մնացականյանը 2021 թվականի փետրվարի 25-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «... ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, 11-րդ հոդվածի 1-ին մասը, 110-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և 112-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ կիրառված»:
2. Աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի առնչությամբ դիմողն արձանագրում է, որ գործատուն խախտել է վիճարկվող. նորմը և վերջինիս ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորում է նրանով, որ գործատուի նման գործողությունները դատարանների կողմից համարվել են իրավաչափ, և Աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասին չհակասող, հետևաբար Աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով առաջնորդվելը հանգեցրել է Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքի խախտման: Դիմողը գտնում է նաև, որ Աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանել է համապատասխան իրավունքի իրականացման համար ոչ արդյունավետ կառուցակարգ, հետևաբար հակասում է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածին: Աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ դիմողը պնդում է, որ խախտելով նշված հոդվածի պահանջները` դատարաններն Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը չեն մեկնաբանել դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ դիմողն արձանագրելով, որ գործատուն խախտել է դիտարկվող նորմը, վերջինիս ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորում է նրանով, որ գործատուն Աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի փոխարեն կիրառել է Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը, իսկ դատարանները գործատուի այդ գործողությունը համարել են իրավաչափ, հետևաբար Աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով առաջնորդվելը հանգեցրել է Սահմանադրության 39-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտման: Դիմողը Աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորում է նրանով, որ գործատուն Աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի փոխարեն իրեն աշխատանքից ազատելիս կիրառել է Աշխատանքային օրենսգրքի այլ հոդված, հետևաբար Աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասը կամ դրա կիրառումը հակասում է Սահմանադրության 39-րդ հոդվածին, 57-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին: Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ դիմողը գտնում է, որ իր կողմից գործատուին ներկայացված աշխատանքից ազատման առաջարկությունը բացարձակապես պայմանավորված չէ Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այդուհանդերձ, գործատուն և դատարանները, որպես իրեն աշխատանքից ազատելու հիմք, կիրառել են Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հետևաբար նշված նորմի կիրառումը առաջացրել է Սահմանադրության 39-րդ հոդվածով, 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված իրավունքների խախտում միաժամանակ հակասելով Սահմանադրության 75-րդ հոդվածին որպես իրավունքի իրականացման համար ոչ արդյունավետ կառուցակարգ:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ Աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, 11-րդ հոդվածի 1-ին մասը և 110-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չեն կիրառվել: Ընդ որում, իր նկատմամբ Աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի կիրառված չլինելը հաստատում է նաև դիմողը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, կրկնելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթները, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշման համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ինչ վերաբերում է Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասին, ապա դիմողի ներկայացրած միակ հիմնավորումն այն է, որ դատարանները, որպես իրեն աշխատանքից ազատելու հիմք, կիրառել են Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հետևաբար նշված նորմի կիրառումը առաջացրել է Սահմանադրության 39-րդ հոդվածով, 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված իրավունքների խախտում միաժամանակ հակասելով Սահմանադրության 75-րդ հոդվածին որպես իրավունքի իրականացման համար ոչ արդյունավետ կառուցակարգ: Վերոգրյալից բխում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց իրականում դիմողը բարձրացնում է իրավունքի կիրառման կամ որ նույնն է դատական ակտի իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Տիգրան Մնացականյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Ա. Վաղարշյան
Է. Շաթիրյան
16 մարտի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-16
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 մարտի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-16
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
