Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՆՆԱ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՆՆԱ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6829 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-68)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 ապրիլի 2025թ. ՍԴԱՈ - 68 | «ԱՆՆԱ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՆՆԱ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Աննա Ալիխանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի ապրիլի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Աննա Ալիխանյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Սարգիս Իսոյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի նորմերով ամրագրված դրույթն այն մեկնաբանությամբ, որով կիրառվել է դիմումատու Աննա Ալիխանյանի նկատմամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասին և 2-րդ մասին, 82-րդ հոդված հոդվածին հակասող»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/28833/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումները.

արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և նույն հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն առ այն, որ հաստիքի կրճատման դեպքում աշխատողին հաստիքներ առաջարկելուց հետո գործատուն իրավասու է կիրառելու լրացուցիչ գործառույթներ, այդ թվում՝ անցկացնելու հարցազրույց՝ ստուգելու աշխատակցի համապատասխանությունն արդեն իսկ իրեն առաջարկված հաստիքին այն դեպքում, երբ աշխատակիցն առաջարկված ցանկից ընտրել է համապատասխան հաստիքը, համապատասխանում է Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, ինչպես նաև 82-րդ հոդվածին,

արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և նույն հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն առ այն, որ աշխատակցի կողմից իրեն առաջարկված հաստիքներից որևէ մեկը փաստացի ընտրելուց հետո գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը, համապատասխանում է Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, ինչպես նաև 82-րդ հոդվածին:

Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում ՀՀ դատարանները սխալ են մեկնաբանել վիճարկվող դրույթները, դրանց տվել են Սահմանադրությանը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթներին հակասող մեկնաբանություն, ձևավորել են հակասող իրավակիրառ պրակտիկա:

Դիմողը նշում է, որ հաստիքի կրճատման հիմքով աշխատողին աշխատանքից ազատելու ընթացակարգը հստակ սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով և չի կարող ենթարկվել կամայական մեկնաբանությունների: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ նորմատիվ իրավական ակտերը հստակ սահմանում են տվյալ ընթացակարգը, և այդ հստակության պահպանումը կարևորվում է նաև գործատուի կողմից աշխատողների իրավունքները և օրինական շահերն անհարկի չոտնահարելու նպատակով: Վերոգրյալի հաշվառմամբ՝ ըստ Դիմողի՝ անընդունելի է մտացածին այնպիսի ընթացակարգերի ներդրումը տվյալ գործընթացում, որով գործատուն կարող է (հնարավորություն ունի) շրջանցել նորմատիվ հստակ կանոնները և գործել կամայականորեն:

Դիմողը պնդում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանել է այն ընթացակարգը, որը գործատուն պետք է պահպանի աշխատակցի հաստիքի կրճատման պայմաններում, և որևէ իրավադրույթով սահմանված չէ հարցազրույցի իրականացում: Ավելին, ըստ Դիմողի՝ հարցազրույցի բացառումն է հենց այն տարբերակիչ հատկանիշը, որով աշխատողն արդեն իսկ տարբերվում է նոր ընդունվող աշխատողից: Դիմողը նշում է, որ այն անձին, որի հաստիքը կրճատվում է, պետք է առաջարկվի առկա թափուր հաստիքների ցուցակ, որից վերջինս կարող է ընտրություն կատարել: Դիմողը նաև ընդգծում է, որ ինքը նոր ընդունվող աշխատակից չէ, որ գործատուն ձեռնամուխ լինի հարցազրույցի անցկացմանը: Արդյունքում՝ Դիմողը գտնում է, որ հենց նման տրամաբանություն է օրենսդիրը դրել համապատասխան իրավադրույթների հիմքում, որպեսզի աշխատակիցը չհայտնվի նվազ բարենպաստ պայմաններում:

Ողջ վերոգրյալի հիման վրա՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ դատական ատյանները վիճարկվող՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և նույն հոդվածի 3-րդ մասին տվել են այնպիսի մեկնաբանություն և ձևավորել այնպիսի պրակտիկա, որն անմիջականորեն հակասում է Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին և 82-րդ հոդվածին:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29-րդ և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և նույն հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «Սույն դեպքում Բանկի թիվ Կ3144-Ա հրամանը ենթակա էր անվավեր ճանաչման, սակայն Դատարանը եկել է սխալ եզրահանգման: (...)»:

Դիմողը նաև նշել է. «Թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը և թե՛ Վճռաբեկ դատարանը շեղվել են նշված օրենսդրական կարգավորումներից և անտեսել են կիրառելի իրավական նորմերի բուն էությունը»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/28833/02/23 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և նույն հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ2/28833/02/23 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Աննա Ալիխանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 ապրիլի 2025 թվականի

ՍԴԱՈ-68

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-68
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել