Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7427 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-74)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հունիսի 2023թ. ՍԴԱՈ - 74 | «ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի մայիսի 29-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արուսյակ Ալեքսանյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված արդար դատաքննության իրավունքին և ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով երաշխավորվող անմեղության կանխավարկածի սկզբունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասը թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ այն դեպքում, երբ կալանքի կիրառման իրավաչափության հարցի քննության ընթացքում դատարանը, անդրադառնալով հանցանք կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի առկայությանը, կատարում է տվյալ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ ուղղակի արձանագրումներ, ապա այդպիսի իրավիճակը վկայում է ոչ թե անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման, այլ հիմնավոր կասկածին խորը անդրադարձի» մասին»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է. «(…) անմեղության կանխավարկածը արդար դատաքննության իրավունքի բովանդակությունը կազմող անկյունաքարային բաղադրիչ է, որի խախտումը, այն է մինչև դատավճիռ կայացնելը դատարանի կողմից մեղադրյալի մեղավորության մասին հետևություն պարունակող դատական ակտ կայացնելը, այդ թվում կալանքը կիրառելու մասին որոշման մեջ անձի մեղավորության մասին հետևության հանգելը, խաթարում է քրեական գործի դատական քննության ողջ բովանդակությունն ու էությունը, քանի որ այս դեպքում, փաստորեն, դատական քննությունը սկսում է ընթանալ ոչ թե անձի անմեղության, այլ մեղավորության կանխավարկածով, ինչն, իր հերթին, դատական քննության ընթացքում ոչ կիրառելի կամ հռչակագրային բնույթ ունեցող է դարձնում մեղադրյալի հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովող դատավարական նորմերը դատական քննությունը վերածելով անարդար կամ ձևական պրոցեսի»: Դիմողն ընդգծում է, որ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված անմեղության կանխավարկածի սկզբունքը մեկնաբանվել է այն կերպ, որ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում չէ այն իրավիճակը, երբ կալանքի կիրառման իրավաչափության հարցի քննության ընթացքում դատարանը, անդրադառնալով հանցանք կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի առկայությանը, կատարում է տվյալ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ ուղղակի արձանագրումներ: Ամփոփելով Դիմողը եզրահանգում է, որ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված անմեղության կանխավարկածի սկզբունքին դատարանների կողմից տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված արդար դատաքննության իրավունքի և 66-րդ հոդվածով հռչակված անմեղության կանխավարկածի բովանդակությանն այնքանով, որքանով այդպիսի մեկնաբանությունը թույլ է տալիս հիմնավոր կասկածին խորը անդրադարձ» պատրվակի ներքո դեռևս կալանք կիրառելու հարցի քննության արդյունքներով հաստատել անձի կողմից հանցագործությունը կատարած լինելու փաստը այդ կերպ կանխորոշելով գործի ըստ էության դատական քննության ողջ ընթացքը: Դիմողի պնդմամբ դրանով հանցանք կատարելու համար անձի մեղավորությունը միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցման ենթակա լինելու մասին Սահմանադրության 66-րդ հոդվածով հռչակված սկզբունքը և մեղադրյալի իր գործի արդարացի քննության իրավունքի մասին Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված իրավունքը դառնում են պատրանքային, իսկ անձի կողմից հանցագործությունը կատարած լինելու հարցի ապացուցման կամ հաստատման դատական ընթացակարգը անարդար կամ ձևական:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Այսինքն Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության կապակցությամբ բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ. Այսպես սույն գործի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս փաստելու, որ անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների, մասնավորապես հակակոռուպցիոն, վերաքննիչ քրեական և Վճռաբեկ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը: Այսինքն քննարկվող համատեքստում Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ հակակոռուպցիոն, վերաքննիչ քրեական և Վճռաբեկ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Դիմողը, ի թիվս այլնի, արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերով, փաստորեն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված անմեղության կանխավարկածի սկզբունքը մեկնաբանվել է այն կերպ, որ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում չէ այն իրավիճակը, երբ կալանքի կիրառման իրավաչափության հարցի քննության ընթացքում դատարանը, անդրադառնալով հանցանք կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի առկայությանը, կատարում է տվյալ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ ուղղակի արձանագրումներ»: Միաժամանակ, Դիմողը նշել է. թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված անմեղության կանխավարկածի սկզբունքին դատարանների կողմից տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված արդար դատաքննության իրավունքի և ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով հռչակված անմեղության կանխավարկածի բովանդակությանը այնքանով, որքանով այդպիսի մեկնաբանությունը թույլ է տալիս հիմնավոր կասկածին խորը անդրադարձ» պատրվակի ներքո դեռևս կալանք կիրառելու հարցի քննության արդյունքներով հաստատել անձի կողմից հանցագործությունը կատարած լինելու փաստը այդ կերպ կանխորոշելով գործի ըստ էության դատական քննության ողջ ընթացքը հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցման ենթակա լինելու մասին ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով հռչակված սկզբունքը և իր գործի արդարացի քննության մեղադրյալի իրավունքի մասին ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված իրավունքը դարձնելով պատրանքային, իսկ անձի կողմից հանցագործությունը կատարած լինելու հարցի ապացուցման կամ հաստատման դատական ընթացակարգը դարձնելով անարդար կամ ձևական»: Այսպիսով, ողջ վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ տվյալ պարագայում Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է հակակոռուպցիոն, վերաքննիչ քրեական և Վճռաբեկ դատարանների կողմից տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Մինչդեռ սույն դիմումով ներկայացված դիրքորոշումներով բարձրացվում է կոնկրետ գործի շրջանակներում հակակոռուպցիոն, վերաքննիչ քրեական և Վճռաբեկ դատարանների կողմից կայացված դատական ակտերով Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափությանն առնչվող հարց, որի քննարկումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

27 հունիսի 2023 թվականի

ՍԴԱՈ-74

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-74
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել