Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-521 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հունվարի 2025թ. ՍԴԱՈ - 5 | «ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմինե Դավթյանի դիմումի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի դեկտեմբերի 19-ին փոստային ծառայությանն է հանձնվել, իսկ նույն թվականի դեկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արմինե Դավթյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Դավիթ Ասատրյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր այնքանով, որքանով նախատեսված չէ հնարավորություն վերաքննության կարգով բողոքարկելու կատարողական թերթում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը»։

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/35653/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ կատարողական թերթում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքի սահմանափակումը խաթարում է դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը, և իմաստազրկվում է անձի դատական պաշտպանության իրավունքը: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ անձը զրկվում է այն դատական ակտը դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից, որը փոփոխում է վճիռը բովանդակային առումով և սահմանափակում իր իրավունքները:

Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումները. արդյո՞ք անձը պետք է զրկվի իր համար կենսական նշանակություն ունեցող դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից այն պարագայում, երբ կատարողական թերթում կատարվում է այնպիսի «վրիպակի ուղղում», որից հետո դատական ակտի կատարումն այլևս դառնում է անհնարին, և արդյո՞ք իրավունքի այդպիսի սահմանափակումը համահունչ է Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքին:

Դիմողը գտնում է, որ օրենսդիրը որևէ կարգավորում չի նախատեսել այն դեպքերի համար, երբ վրիպակի ուղղման մասին որոշմամբ ամբողջությամբ փոփոխվում է կատարողական թերթի բովանդակությունը, կամ այն փաստացի վերացվում է: Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ տվյալ դեպքում առկա է օրենսդրական բաց, որի արդյունքում անձը զրկվում է արդար դատաքննության հիմնական իրավունքի մաս հանդիսացող՝ դատական ակտի բողոքարկման իրավունքից, իսկ դատարանները ձեռք են բերում վրիպակի ուղղման մասին որոշման անվան տակ քողարկված ձևով ոչ թե իրական վրիպակները և անճշտությունները, այլ, օրինակ, իրենց կողմից թույլ տրված դատական սխալներն ուղղելու անսահմանափակ լիազորություններ:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին այնքանով, որքանով դրանցով նախատեսված չէ կատարողական թերթում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն: Դիմողը նաև նշում է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում դատարանները վրիպակի ուղղմամբ քողարկված կերպով բովանդակային փոփոխություններ են կատարում կատարողական թերթում, ինչը հանգեցնում է դատական ակտի կատարման անհնարինության, խախտում է պարտատիրոջ իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, իսկ պարտատերը զրկվում է անօրինական դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…)

Անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի (դրույթների) (տվյալ պարագայում նաև՝ դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (դրույթները) (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակում վիճարկում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

սույն անհատական դիմումի և թիվ ԵԴ/35653/02/19 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ գործի շրջանակներում Դիմողի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանի կողմից ներկայացվել է կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմում, որի հիման վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից տրամադրվել է կատարողական թերթ, որում, Դիմողի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանի կողմից վերոնշյալ դիմումով ներկայացված պահանջի համաձայն, նույնությամբ արտացոլվել են վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի փետրվարի 28-ի որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետի 6-9-րդ ենթակետերը և 3-րդ կետը: Մասնավորապես՝ խնդրո առարկա կատարողական թերթով սահմանվել է հետևյալը.

«6․ Հայցվորին վճարման ենթակա հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի միջին աշխատավարձի նկատմամբ հաշվարկել տույժ՝ օրական 0,15 տոկոսի չափով՝ տուժանքը հաշվարկելով չվճարված յուրաքանչյուր միջին աշխատավարձի համար հաջորդող ամսվա 16-ից սկսած մինչև պարտավորության լրիվ կատարումը և բռնագանձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Արմինե Դավթյանի։

7․ Հայցը՝ տուժանքը վճարման ենթակա գումարի չափը գերազանցելու դեպքում հօգուտ հայցվորի պատասխանողից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսի գումարը սկսած տուժանքը վճարման ենթակա գումարի չափը գերազանցելու օրվանից մինչև պարտավորության վերջնական կատարումը բռնագանձելու պահանջի մասով, բավարարել մասնակի։

Եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մինչև պարտավորության փաստացի կատարումը վճարման ենթակա գումարների նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսներ և բռնագանձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Արմինե Դավթյանի։ Մնացած մասով պահանջը մերժել։

8․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 8․000 (ութ հազար) ՀՀ դրամ՝ որպես առաջին ատյանի դատարանում վճարման ենթակա պետական տուրքի գումար։ Մնացած մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:

9․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Արմինե Դավթյանի բռնագանձել 160.000 (հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»։

3․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 20․000 (քսան հազար) ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ վարույթի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։ Մնացած մասով պետական տուրքի հարցը համարել լուծված»:

Մինչդեռ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի փետրվարի 28-ի որոշման բողոքարկման արդյունքում Վճռաբեկ դատարանն իր 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ որոշել է. «1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2022 թվականի որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 01.10.2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը բավարարելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու մասերով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.09.2021 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու մասերը և այդ մասերով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.09.2021 թվականի վճիռը փոփոխել հետևյալ կերպ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 01.10.2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանը ճանաչել անվավեր և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Արմինե Դավթյանի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար 04.10.2019 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը բռնագանձել հատուցում՝ «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նրա ստացած միջին աշխատավարձի չափով:

2. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Արմինե Դավթյանի բռնագանձել վերջինիս միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար, որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում:

3. Արմինե Դավթյանի հայցը՝ մնացած մասերով, մերժել։

4. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման»:

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է անվավեր ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հրամանը և որպես հատուցում վերջինից բռնագանձել Դիմողի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նրա ստացած միջին աշխատավարձի չափով գումար, ինչպես նաև որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ Դիմողի միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար: Այս առումով Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ Դիմողի հայցը մնացած մասերով Վճռաբեկ դատարանը մերժել է, իսկ դատական ծախսերի բաշխման հարցը՝ համարել լուծված:

Վերը ներկայացված հանգամանքների հաշվառմամբ՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Մարինե Միքաելյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ներկայացրել համապատասխան կատարողական թերթի պահանջը պարզաբանելու վերաբերյալ դիմում (նման դիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել նաև կատարողական գործողությունների ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն մուտքագրված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան գրությունը): Նշվածի կապակցությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2024 թվականի փետրվարի 20-ի՝ «Կատարողական թերթի պահանջի պարզաբանման վերաբերյալ միջնորդությունը քննարկելու և կատարողական թերթում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին» որոշմամբ արձանագրել է. «(...) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տոկոսները և եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մինչև պարտավորության փաստացի կատարումը վճարման ենթակա գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսները բռնագանձելու պահանջները անմիջականորեն ածանցվում են հայցվորին աշխատանքի վերականգնման պահանջից, հետևաբար այդ պահանջի մերժման պայմաններում դատարանը գտնում է, որ ածանցյալ պահանջները չէին կարող մնալ օրինական ուժի մեջ, որպիսի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է Արմինե Դավթյանի հայցը՝ մնացած մասերով մերժել։

Ամփոփելով վերոշարադրյալը և նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է Արմինե Դավթյանի հայցը մնացած մասերով մերժել, իսկ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված և հաշվի առնելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման կատարում ենթադրող մասով հայցվորի ներկայացուցչի կողմից չի ներկայացվել կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմում, իսկ ներկայացված պահանջները չեն ենթադրում կատարում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ այդ պահանջները մերժվել են, դատարանը գտնում է, որ նշված փաստարկը հիմք չի կարող հանդիսանալ տուժանքների բռնագանձման համար»:

Արդյունքում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն իր վերը նշված որոշմամբ որոշել է. «(...) Ուղղել թիվ ԵԴ/35653/02/19 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից տրամադրված կատարողական թերթում թույլ տրված վրիպակը և 27.07.2023 թվականին տրամադրված կատարողական թերթից հանել 6-9-րդ և 3-րդ կետերը, (...), իսկ 27.07.2023 թվականին տրամադրված կատարողական թերթին տրամադրված կատարողական թերթը թողնել անկատար: (...)»: Համապատասխան վրիպակն ուղղելու պայմաններում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է թիվ ԵԴ/35653/02/19 քաղաքացիական գործով տրամադրված կատարողական թերթի պահանջի պարզաբանման մասին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Մարինե Միքաելյանի դիմումը:

Ավելին՝ նշված որոշման շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արտահայտել է դիրքորոշում առ այն, որ վերջինս թիվ ԵԴ/35653/02/19 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2023 թվականի ապրիլի 6-ին կայացված դատական ակտով իր վրա դրված պարտավորությունները կատարել է, մասնավորապես՝ հօգուտ Արմինե Դավթյանի վճարել է 17.467.328 ՀՀ դրամ, որից 16.673.328 ՀՀ դրամ՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար և 2.794.000 ՀՀ դրամ՝ աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նաև նշել, որ Դիմողի ներկայացուցիչը Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման կայացումից հետո տվյալ որոշմամբ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի և պետական տուրքի վճարման հարցերին չանդրադառնալու կապակցությամբ վրիպակները շտկելու միջնորդություններով դիմել է Վճռաբեկ դատարան, որոնց կապակցությամբ համապատասխանաբար 2023 թվականի մայիսի 10-ին և հունիսի 14-ին կայացվել են «Վրիպակն ուղղելու մասին միջնորդությունը մերժելու մասին» որոշումներ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար նաև՝ վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Այսպիսով, սույն դիմումով չի հիմնավորվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված հիմնական իրավունքներին։

Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արմինե Դավթյանի դիմումի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

21 հունվարի 2025 թվականի

ՍԴԱՈ-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել