ՄԱՐՏԻՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-39)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 հուլիսի 2022թ. ՍԴԴԿՈ - 39 | ՄԱՐՏԻՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 հուլիսի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Մարտին Մազմանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մարտին Մազմանյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հուլիսի 12-ին), խնդրել է հետևյալը. «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հետևյալ ձևակերպումը «կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին», ճանաչել ՀՀ Սահմանադրության 50-րդ և 61-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
2. Դիմողը նշում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կիրառման արդյունքում դատարանները եկել են այն եզրահանգման, որ եթե անձը հրաժարվել է իր վերաբերյալ կայացված վարչական ակտը ստանալուց, և առկա է նշում վարչական ակտը ստանալուց հրաժարվելու մասին, ապա վարչական ակտը համարվում է պատշաճ հանձնված այն անձին, որի վերաբերյալ կայացված է վարչական ակտը։ Մինչդեռ տվյալ դեպքում առկա չէ ապացույց այն մասին, որ Մարտին Մազմանյանը հրաժարվել է վարչական ակտը ստանալուց, ավելին վարչական ակտի վրա առկա է միայն վարչական ակտը կայացնողի կողմից կատարված նշում Մարտին Մազմանյանի կողմից վարչական ակտն ստանալուց հրաժարվելու մասին։ Ըստ դիմողի վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին» ձևակերպումը հակասում է Սահմանադրության 50-րդ և 61-րդ հոդվածներին։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Համանման կարգավորում է նախատեսում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը։ Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերը սահմանում են, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, ինչպես նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ միայն ներքոգրյալ հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան.
1) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
2) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Հիշատակված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ (նշված դիրքորոշումն արտացոլված է նաև Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 1-ի ՍԴԱՈ-64 աշխատակարգային որոշման մեջ)։
4. Տվյալ դեպքում Մարտին Մազմանյանը դիմել է վարչական դատարան ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական ակտն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջով (թիվ ՎԴ6/0176/05/21 վարչական գործ)։ Վարչական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 2-ի որոշումներով վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Մարտին Մազմանյանի ներկայացուցիչների միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են։ Վերը նշված որոշումների դեմ Մարտին Մազմանյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ վարչական դատարանի 2022 թվականի հունվարի 17-ի որոշմամբ մերժվել է, և վարչական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 2-ի որոշումները թողնվել են անփոփոխ։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ Վճռաբեկ դատարան) 2022 թվականի մարտի 2-ին որոշել է վերադարձնել թիվ ՎԴ6/0176/05/21 վարչական գործով վերաքննիչ վարչական դատարանի 2022 թվականի հունվարի 17-ի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Մարտին Մազմանյանի բերած վճռաբեկ բողոքը որոշմամբ նշված սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանելով հնգօրյա ժամկետ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունիսի 1-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում այն պատճառաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի 2022 թվականի մարտի 2-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վճռաբեկ բողոքի սխալը շտկելու և այն կրկին բերելու համար սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից: Նշված որոշումը Մարտին Մազմանյանը ստացել է 2022 թվականի մարտի 30-ին, իսկ վճռաբեկ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացրել է 2022 թվականի ապրիլի 16-ին, այսինքն Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո, և միջնորդել է հարգելի համարել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոք բերած անձի միջնորդությունը (միջնորդության մեջ ներկայացված պատճառաբանությունը) հիմնավոր չէ, իսկ բողոքաբերի կողմից ներկայացված փաստարկը հիմք չի հանդիսանում դատավարական ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու համար, ուստի միջնորդությունը ենթակա է մերժման։ Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշատակված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանն առանց քննության է թողել ներկայացված վճռաբեկ բողոքը, որպիսի պայմաններում դիմողն իր գործողությունների հետևանքով, ըստ էության, չի իրացրել վճռաբեկ ատյանում դատական պաշտպանության օրենսդրությամբ երաշխավորված իր իրավունքը: Սահմանադրական դատարանի դատական կազմն ընդգծում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Այս համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում սահմանադրական արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ վերջիններս մինչև Սահմանադրական դատարան դիմելն օրենսդրական պարտականություն են կրում պահպանելու այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, քանի որ չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մարտին Մազմանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
28 հուլիսի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-39
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հուլիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-39
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
