ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հունվարի 2024թ. ՍԴԴԿՈ - 4 | ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 հունվարի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով Երվանդ Զախարյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Երվանդ Զախարյանի (այսուհետ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ Ա. Մանուկյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունվարի 10-ին, որով Դիմողը խնդրել է. «Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասը այնքանով, որքանով այն թույլ է տալիս սահմանել կայացման և ոչ թե ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում Գլխավոր դատախազի վարութային ակտը դատական բողոքարկման ենթարկելու մասին վարույթի այլ հանրային մասնակցի կողմից կայացված մինչդատական ակտի դատական բողոքարկման համեմատ ավելի խիստ կանոն այդ կանոնը սահմանող օրենսդրական նորմի բացակայության պայմաններում»։
2. Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, 2-րդ մասով սահմանելով հանդերձ, որ Գլխավոր դատախազի վարութային ակտը, այդ թվում վարույթը նորոգելու մասին որոշումը, որևէ դատախազի բողոքարկման ենթակա չէ, այնուամենայնիվ, 3-րդ մասով չի սահմանում մինչդատական ակտի դատական բողոքարկման իրավունքի ծագման պահի վերաբերյալ առանձին կանոն այն դեպքում, երբ դատական բողոքարկման առարկա է Գլխավոր դատախազի վարութային ակտը: (...) վերոգրյալի համադրված վերլուծությունից, հաշվի առնելով նաև թիվ ՀԿԴ/0284/11/23 դատական վարույթով դատարանների կատարած վերոհիշյալ արձանագրումները, հետևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասը, չսահմանելով Գլխավոր դատախազի վարութային ակտի դատական բողոքարկման իրավունքի ծագման պահի վերաբերյալ առանձին կանոն, փաստորեն, թույլ է տալիս, որպեսզի Գլխավոր դատախազի վարութային ակտը դատական բողոքարկման ենթակա լինի մինչդատական այլ, Գլխավոր դատախազի կողմից չկայացված ակտերի բողոքարկման համեմատ ավելի խիստ պայմանով, այն է Գլխավոր դատախազի վարութային ակտի բողոքարկման տասնհինգօրյա ժամկետը սկսում է հոսել ոչ թե Գլխավոր դատախազի վարութային ակտը վարույթի մասնավոր մասնակցի կամ շահագրգիռ այլ անձի ստանալու պահից (ինչպես վարույթի այլ հանրային մասնակցի կողմից կայացված մինչդատական ակտի դեպքում է), այլ Գլխավոր դատախազի վարութային ակտի կայացման պահից: (...)
(...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համադրված վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասը կարող էր համապատասխանել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը, եթե Գլխավոր դատախազի վարութային ակտը իրավասու դատախազին բողոքարկման ենթակա չլինելու քրեադատավարական օրենքի 300-րդ հոդվածի 2-րդ մասում արձանագրված հատուկ վերապահման ուժով քրեադատավարական օրենքի 300-րդ հոդվածի 3-րդ մասը սահմաներ Գլխավոր դատախազի վարութային ակտի դատական բողոքարկման հատուկ կարգավորում, այն է սահմաներ, թե որ պահից է սկսում հոսել Գլխավոր դատախազի վարութային ակտի դատական բողոքարկման ժամկետը գլխավոր դատախազի վարութային ակտի կայացմա՞ն, թե՞ վարույթի մասնավոր մասնակցի կամ այլ շահագրգիռ անձի կողմից Գլխավոր դատախազի վարութային ակտը ստանալու պահից: (...)
(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասում առկա Գլխավոր դատախազի վարութային ակտի դատական բողոքարկմանը վերաբերող օրենքի վերոհիշյալ բացն առաջացնում է սահմանադրականության խնդիր (...)»։
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ հիմքով և պատճառաբանություններով. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է անհատական դիմումներին ներկայացվող հիմնավորվածության պահանջը. ըստ այդմ` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այդ պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է ներկայացնի բավարար հիմնավորումներ, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունք(ներ)ի ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթ(ներ)ի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Սույն դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ նշված պահանջները պահպանված չեն: Մասնավորապես, ըստ Դիմողի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասը կարող էր համապատասխանել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը, եթե Գլխավոր դատախազի վարութային ակտը իրավասու դատախազին բողոքարկման ենթակա չլինելու քրեադատավարական օրենքի 300-րդ հոդվածի 2-րդ մասում արձանագրված հատուկ վերապահման ուժով քրեադատավարական օրենքի 300-րդ հոդվածի 3-րդ մասը սահմաներ Գլխավոր դատախազի վարութային ակտի դատական բողոքարկման հատուկ կարգավորում, այն է սահմաներ, թե ո´ր պահից է սկսում հոսել Գլխավոր դատախազի վարութային ակտի դատական բողոքարկման ժամկետը գլխավոր դատախազի վարութային ակտի կայացմա՞ն, թե՞ վարույթի մասնավոր մասնակցի կամ այլ շահագրգիռ անձի կողմից Գլխավոր դատախազի վարութային ակտը ստանալու պահից հարցն, ըստ էության, բարձրացնելով իր գնահատմամբ օրենսդրական բացի համատեքստում: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումում առաջադրված ենթադրյալ օրենսդրական բացի հարցի հիմքում առավելապես դրվել են ընդհանուր (վերացական) հիմնավորումներ: Սահմանադրական դատարանի դատական կազմն ընդգծում է, որ անհատական դիմումների հիման վրա իրականացվող վերահսկողության նպատակը թեև Սահմանադրության դրույթների անմիջական գործողության երաշխավորումն ու վերջինիս միջոցով անձի հիմնական իրավունքների/ազատությունների պաշտպանությունն է, այդուհանդերձ, այդ գործառույթի իրականացումը հնարավոր է բացառապես Սահմանադրության 168 և 169-րդ հոդվածների և վերջիններիս հիման վրա Սահմանադրական օրենքով ամրագրված իրավակարգավորումների շրջանակներում և պայմանով, որ դիմողը ներկայացնի բավարար հիմնավորումներ տվյալ կոնկրետ գործով իր սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության անհրաժեշտության, այլ ոչ թե իրավունքի որևէ հիմնահարցի առկայության վերաբերյալ ընդհանրապես: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի նոյեմբերի 14-ի որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «(...) բողոքաբերը հայտնել է, որ Երվանդ Զախարյանը երբևէ չի ստացել ՀՀ գլխավոր դատախազի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի որոշման օրինակը և տեղյակ չի եղել հիշյալ որոշումը կայացված լինելու փաստի մասին: Փոխարենը, վերջինը վիճարկվող որոշման օրինակին տիրապետել է միայն 2023 թվականի սեպտեմբերի 6-ից հետո այն ժամանակ, երբ փաստաբանը ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել է համապատասխան նյութեր: (...)
Վերաքննիչ դատարան ստացված վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը Առաջին ատյանի դատարան է ստացվել 2023 թվականի հոկտեմբերի 17-ին, այսինքն դատավարական ակտի կայացումից շուրջ 3 տարի անց, իսկ բողոքաբերի ներկայացրած հիմնավորումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված ժամկետները պահպանված չլինելու հիմքերի վերաբերյալ չի պարունակել ողջամիտ պատճառաբանություն հիշյալ դատավարական նորմերի պահանջների չպահպանմամբ ներկայացված բողոքը վարույթ ընդունելու համար: Այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի ներքոհիշյալ հետևությունների հետ. (...) 2020 թվականի հոկտեմբերի 5-ին թիվ 62220520 քրեական գործի վարույթը կրկին կարճվել և Երվանդ Զախարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչն ուղղակիորեն վկայում է, որ ավելի քան 3 տարի Երվանդ Զախարյանը տեղյակ է եղել ՀՀ գլխավոր դատախազի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի որոշման մասին: (...)»: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նույնիսկ եթե պայմանականորեն ընդունելի համարենք բողոքաբերի ներկայացրած այն պնդումները, որ վիճարկվող որոշման օրինակը Երվանդ Զախարյանը ստացել է միայն 2023 թվականի սեպտեմբերի 6-ին, ապա անգամ նման պայմաններում բողոքաբերի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված մինչդատական ակտը դատարան բողոքարկելու ժամկետները: (...)
Այսպիսով, հատուկ վերանայման բողոքի և այդ կապակցությամբ դատարան ստացված վարույթի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ բողոքաբերի կողմից չեն պահպանվել մինչդատական ակտը դատարան բողոքարկելու օրենքով սահմանված ժամկետները (ինչպես նախկին, այնպես էլ գործող), իսկ ներկայացված բողոքը չի պարունակել ողջամիտ պատճառաբանություն առ այն, որ տվյալ դեպքում պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար է եղել»: Այսպիսով, դատական ակտով արձանագրված է, որ ՀՀ գլխավոր դատախազի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումից հետո 2020 թվականի հոկտեմբերի 5-ին թիվ 62220520 քրեական գործի վարույթը` կրկին կարճվել, և Երվանդ Զախարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է: Դատական ակտով արձանագրված է նաև. «(...) բողոքաբերի կողմից չեն պահպանվել մինչդատական ակտը դատարան բողոքարկելու օրենքով սահմանված ժամկետները (ինչպես նախկին, այնպես էլ գործող), իսկ ներկայացված բողոքը չի պարունակել ողջամիտ պատճառաբանություն առ այն, որ տվյալ դեպքում պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար է եղել»: Նման պայմաններում, դատական ակտով Դիմողի նկատմամբ կիրառված վիճարկվող օրինադրույթի Դիմողի համար փաստացի հետևանքներ առաջացնելու հարցի համատեքստում ներկայացված հիմնավորումներն ընդհանրական են և սույն գործով չեն տեղավորվում կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում: Ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, և գործի քննությունը ենթակա է մերժման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Երվանդ Զախարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
18 հունվարի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-4
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-4
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
