Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2018Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2018Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-95 փետրվարի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 փետրվարի 2019թ. ՍԴԱՈ - 9 | ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2018Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2018Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Հաստատել և, Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակել ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2018Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ համաձայն հավելվածի:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

5 փետրվարի 2019 թվականի

ՍԴԱՈ-9

Հավելված

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

2019Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ՍԴԱՈ-9

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՄԲ

ՀԱՂՈՐԴՈՒՄ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2018Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2018 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրվել է սահմանադրաիրավական խնդիր բովանդակող 198 դիմում, ինչպես նաև ներկայացվել է 772 խորհրդատվություն հայցող դիմում /620-ը էլեկտրոնային/ և տարբեր հարցերին առնչվող 95 նամակ: Սահմանադրաիրավական խնդիր բովանդակող դիմումների փաստացի պատ-կերն այսպիսին է.

1. Ազգային ժողով 0 դիմում,

2. պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդ 1 դիմում,

3. Ազգային ժողովի խմբակցություն 0 դիմում,

4. Հանրապետության նախագահ 16 դիմում,

5. Կառավարություն 9 դիմում,

6. Բարձրագույն դատական խորհուրդ 0 դիմում,

7. տեղական ինքնակառավարման մարմիններ 0 դիմում,

8. ֆիզիկական և իրավաբանական անձինք 155 դիմում,

9. գլխավոր դատախազ 0 դիմում,

10. Մարդու իրավունքների պաշտպան 2 դիմում,

11. Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ 0 դիմում,

12. Հանրապետության նախագահի թեկնածուներ 0 դիմում,

13. Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր 0 դիմում,

14. քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ 0 դիմում,

15. դատարաններ 15 դիմում,

16. Ազգային ժողովի խորհուրդ 0 դիմում:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց 155 դիմումներից 95-ը չեն համապատասխանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24 և 25-րդ հոդվածներով սահմանված` դիմումին ներկայացվող պահանջներին և աշխատակազմի կողմից վերադարձվել են դիմողներին:

2018 թվականին դատական կազմերը քննության են առել 62 անհատական դիմումները քննության ընդունելու հարցեր /62 դիմումներից 2-ը գրանցվել են դեռևս 2017 թվականին/: Դրանցից քննության են ընդունվել 12-ը, մերժվել 39-ը, 11-ը փոխադրվել է Սահմանադրական դատարանի լիագումար նիստ: Սահմանադրական դատարանի լիագումար նիստում նշված 11 դիմումներից 9-ով գործի քննության ընդունումը մերժվել է, երկուսով գործն ընդունվել է քննության: Քննության ընդունված 14 դիմումներից 5 դիմումների հիման վրա գործերի վարույթները Սահմանադրական դատարանի 10.04.2018թ. ՍԴԱՈ-30, 04.05.2018թ. ՍԴԱՈ-35, 03.09.2018թ. ՍԴԱՈ-66, 09.11.2018թ. ՍԴԱՈ-76 և 23.11.2018թ. ՍԴԱՈ-87 աշխատակարգային որոշումներով կարճվել են:

Սահմանադրական դատարանի նիստերում անհատական դիմումների հիման վրա քննվել և վերջնական որոշում է կայացվել 9 գործով (6 դիմում 2018 թվականին գրանցված դիմումներից և 3 դիմում 2017 թվականին գրանցված դիմումներից, իսկ 2018 թվականին գրանցված մնացած չորս դիմումների հիման վրա գործերի դատաքննությունները նշանակված են 2019թ. փետրվար-ապրիլ ամիսներին), պատգամավորների դիմումների հիման վրա 1 գործ, Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա 1 գործ (միջազգային պայմանագրերի վերաբերյալ դիմումները չեն ներառվում), Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա 3 գործ, դատարանների դիմումների հիման վրա 6 գործ (այս բոլորը Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով):

ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Պատգամավորների դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները և դրանց կատարումը

2018 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա քննության է առել մեկ գործ, որը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 18.10.2018թ.: Այսպես. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի հունիսի 26-ի ՀՕ-338-Ն օրենքի 44-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 14.12.2018 թվականի ՍԴՈ-1437 որոշմամբ որոշել է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի հունիսի 26-ի ՀՕ-338-Ն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը «այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից» բառակապակցության Օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ ծագած

իրավահարաբերությունների վրա տարածելու մասով:

Վիճարկվող դրույթները սահմանում են իրավակարգավորման պայմանների խստացում, ինչը դրսևորվում է նրանում, որ եթե հարկ վճարողի կարգավիճակը փոփոխվում է, և նա դադարում է շրջանառության հարկ վճարող լինելուց, ապա ստիպված է լինում 2018 թվականի հունվարի 1-ից վճարել նաև ավելացված արժեքի հարկ իր կատարած գործարքներից գոյացած ամբողջ շրջանառության նկատմամբ զրկված լինելով ձեռքբերումների ընթացքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցելու հնարավորությունից: Ընդ որում, խնդիրը ոչ թե պայմանների խստացումն է, այլ այն, որ օրենսդիրը նման խստացումը տարածում է նաև խնդրո առարկա իրավակարգավորման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, ինչը հնարավորություն է ընձեռում հարկային համապատասխան պարտականություններ ունեցող անձանց ձևավորել օրենսդրական փոփոխություններին համարժեք լեգիտիմ ակնկալիքներ և դրսևորել համապատասխան վարքագիծ:

Սահմանադրական դատարանի` 14.12.2018 թվականի ՍԴՈ-1437 որոշումն ընդունելուց հետո հիշյալ հարցի առնչությամբ օրենսդրական նախաձեռնություն դեռևս չի ներկայացվել, և Ազգային ժողովը նշյալ օրենքում փոփոխություն չի կատարել:

Հանրապետության նախագահի դիմումների հիման վրա ընդունված

Սահմանադրական դատարանի որոշումները և դրանց կատարումը

2018 թվականին Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված 16 դիմումներից 2-ը վերաբերում են օրենքների, իսկ 14-ը միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների

սահմանադրականությանը:

2018թ. Սահմանադրական դատարանի կողմից քննության են ընդունվել 23 միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործեր (14-ը Հանրապետության նախագահի և 9-ը Կառավարության դիմումների հիման վրա): Նշված 23 գործերից 2-ով դատաքննությունները նշանակվել են 2019 թվականի հունվարին: Քննության առնված 23 միջազգային պայմանագրերից 7-ը բազմակողմ են, 16-ը` երկկողմ: Սահմանադրական դատարանի կողմից քննության առնված 23 միջազգային պայմանագրերից 17-ն արդեն վավերացվել են Ազգային ժողովի կողմից: Քննության առնված միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների սահմանադրականության հարցը լուծելիս Սահմանադրական դատարանն արտահայտել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ, մասնավորապես. ա/ «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2017 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 06.02.2018թ. ՍԴՈ-1401 որոշմամբ շեշտել է հետևյալը.

«…4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իր` 11.06.2013թ. ՍԴՈ-1101 («2013 թվականի մայիսի 29-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով) որոշման մեջ ընդգծել է, որ «...իրավական առումով անըմբռնելի և խնդրահարույց է Փոխառության համաձայնագրով ամրագրված այն պարտավորությունը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը «Ջրտնտպետկոմի միջոցով. ... (ե) պահպանում է Ջրտնտպետկոմը և ապահովում է, որ այն նշանակի արհեստավարժ աշխատակազմ բավականաչափ թվով և Բանկի համար ընդունելի այնպիսի պարտականություններով և գործառույթներով, որոնք հնարավորություն կտան Ջրտնտպետկոմին կառավարել, համակարգել և մշտադիտարկել ՇՄԿՊ-ների իրականացումը» (Առդիր 2, Բաժին I., կետ «Գ», ենթակետ 2)։ Հիշյալ դրույթը ենթակա է ճշգրտման և հստակեցման ստանձնվող պարտավորության լիարժեք իրականացումն ապահովելու և իրավակիրառական պրակտիկայում խնդիրների առաջացումը բացառելու համար»:

Վերոհիշյալ գործի նիստի արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործի դատաքննության ընթացքում ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչն ընդունել է նշված դիտողությունը, այն որակել որպես խմբագրական թերություն և հավաստիացրել, որ այն կշտկվի: Սակայն վերոհիշյալ պարտավորությունը նույն բովանդակությամբ առկա է նաև քննության առարկա Համաձայնագրի 2-րդ Առդիրի I Բաժնի «Բ» կետի 2-րդ ենթակետի «ե» մասում, ինչին պետք է ուշադրություն դարձվի համաձայնագրի վավերացման գործընթացի շրջանակներում»,

բ/ «2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 16.03.2018թ. ՍԴՈ-1407 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

• «…10. Համաձայնագրի 385-րդ հոդվածի համաձայն Համաձայնագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման Կողմերի ընթացակարգերին համապատասխան, և այն ուժի մեջ է մտնում վավերացման կամ հաստատման մասին վերջին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

Չնայած վերոգրյալին, սահմանվում է, որ Եվրոպական միությունը և Հայաստանի Հանրապետությունը կարող են ժամանակավորապես կիրառել Համաձայնագիրն ամբողջությամբ կամ մասամբ իրենց համապատասխան ներքին ընթացակարգերի համաձայն ըստ կիրառելիության: Ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից հետևյալն ստանալու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը (a) Եվրոպական միության ծանուցումը այդ նպատակի համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտի մասին Համաձայնագրի այն մասերի մատնանշմամբ, որոնք պետք է կիրառվեն ժամանակավորապես, և (b) Հայաստանի Հանրապետության իր ներպետական ընթացակարգերի համաձայն ի պահ հանձնված վավերացման մասին փաստաթուղթը: Հիշյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության 2018 թվականի փետրվարի 6-ի տեղեկանքի համաձայն Եվրոպական միությունը 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Համաձայնագրի 385-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ծանուցել է հայկական կողմին, որ ավարտել է Համաձայնագրի ժամանակավոր կիրառման համար նախատեսված ընթացակարգերը: Ծանուցման մեջ նշված են Համաձայնագրի այն դրույթները, որոնք Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագիրը վավերացվելուց հետո մինչև դրա ուժի մեջ մտնելը Եվրոպական միության և Հայաստանի միջև կգործեն ժամանակավորապես, այնքանով, որքանով դրանք վերաբերում են Եվրոպական միության իրավասությանը, այդ թվում Եվրոպական միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության մշակման և իրականացման իրավասությանը: Ժամանակավոր կի-րառվելիք դրույթներն են. ա) I մասը, բ) II մասի 3, 4, 7 և 8-րդ հոդվածները, գ) III մասի 12 և 15-րդ հոդվածները, 14-րդ հոդվածի 1-ին կետը, դ) V մասի (i) 1-ին գլուխը բացառությամբ 38-րդ հոդվածի 3-րդ կետի (a) ենթակետի, (ii) 2-րդ գլուխը բացառությամբ 42-րդ հոդվածի 2-րդ կետի (f) ենթակետի և 42-րդ հոդվածի 2-րդ կետի (g) ենթակետի միջուկային անվտանգությանն առնչվող հղումներ, (iii) 3-րդ գլուխը բացառությամբ 46-րդ հոդվածի 1-ին կետի (a), (c) և (e) ենթակետերի, և (iv) 7, 10, 14 և 21-րդ գլուխները, ե) VI մասը բացառությամբ 205-րդ հոդվածի 2- րդ կետի (b) և (c) ենթակետերի, 203-րդ հոդվածը ժամանակավորապես կկիրառվի միայն ուղղակի ներդրումների դեպքում, զ) VII մասը, է) VIII մասը բացառությամբ 380- րդ հոդվածի 1-ին կետի, քանի դեռ այդ մասի դրույթները սահմանափակված են Համաձայնագրի ժամանակավոր կիրառումն ապահովելու նպատակով, ը) I հավելվածը և II հավելվածը բացառությամբ Եվրատոմին արվող հղումների, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների, կանոնակարգերի կիրառման և միջուկային քաղաքականություններին, III, VI, VIII, IX, X, XI և XII հավելվածները, ինչպես նաև «Ֆինանսական աջակցություն և խարդախության դեմ պայքարի ու վերահսկողության վերաբերյալ դրույթներ», VII մասի «Խարդախության դեմ պայքարի ու վերահսկողության վերաբերյալ դրույթներ» 2-րդ գլխի վերաբերյալ I արձանագրությունը և «Մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցության վերաբերյալ» II արձանագրությունը:

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ. «Եթե միջազգային պայմանագրով նախատեսվում է, որ դա ուժի (գործողության) մեջ է մտնում ստորագրման պահից, կամ մինչև ուժի մեջ մտնելը պայմանագիրը ամբողջությամբ կամ որոշակի մասով կարող է ժամանակավորապես կիրառվել, ապա հայկական կողմից այդ պայմանագիրն ստորագրելու իրավասություն կամ հատուկ լիազորություն ունեցող անձը պարտավոր է բանակցությունների ընթացքում` նախքան ստորագրելը, մյուս կողմի հետ հասնել այն բանին, որ տեքստի նման դրույթները փոխարինվեն այնպիսի դրույթներով, որոնք բացառեն հայկական կողմի համար պայմանագրի կիրառումը նախքան սույն օրենքով սահմանված կարգով դրա վավերացումը կամ հաստատումը»: Վերոշարադրյալի առնչությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության և Համաձայնագրի դրույթների համակարգված վերլուծության հիման վրա Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ Համաձայնագրի 385-րդ հոդվածի դրույթները բացառում են դրա ժամանակավոր կիրառումը մինչև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացման համար սահմանված ներպետական ընթացակարգերի իրականացումը»,

• «11. …Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համաձայնագրին կից հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը, ինչպես նաև այն, որ հիշատակված հավելվածները Հայաստանի Հանրապետության համար առաջացնում են ուղղակի պարտավորություններ, հիմք ընդունելով ՀՀ միջազգային պայմանագրերի վերաբերյալ օրենսդրության պահանջները և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-287, ՍԴՈ-525, ՍԴՈ-576 և այլն) արտահայտած այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային (միջպետական) պայմանագրերի փոփոխությունները և լրացումները ենթակա են վավերացման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, դրանցում կատարվող յուրաքանչյուր հավելում կամ փոփոխություն Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ է ստանում միայն դրանց վավերացման ընթացակարգն անցնելուց հետո, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրի 371-րդ հոդվածի` «հաշվի առնելով Կողմերի համապատասխան ներքին ընթացակարգերի կատարումը» դրույթը համապատասխանում է միջազգային պայմանագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին ու ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին, և այն պետք է մեկնաբանվի բացառապես դրանց համատեքստում: Դա ենթադրում է, որ Գործընկերության խորհրդի կողմից Համաձայնագրի հավելվածների թարմացումները կամ փոփոխությունները Հայաստանի Հանրապետության համար իրավական հետևանքներ կարող են առաջացնել միայն Համաձայնագրի վավերացման համար նախատեսված ընթացակարգերն անցնելուց հետո»:

Հանրապետության նախագահի օրենքների սահմանադրականությանն առնչվող երկու դիմումներից մեկը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության մասով, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն:

Տվյալ գործով իր 06.11.2018թ. ՍԴՈ-1434 որոշմամբ Սահմանադրական դատարանը որոշել է.

«1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1- ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորմանը ճանաչել Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին և 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերը ճանաչել Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին և 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:

3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության մասով, համապատասխանում է Սահմանադրությանը»: Միաժամանակ, նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի ապրիլի 1-ը հնարավորություն տալով Ազգային ժողովին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու դիտարկվող որոշման պահանջներին:

Խնդիրը ոչ միայն այն է, որ օրենսդիրը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորմանը, այլ նաև այն, որ նման կանոնակարգումը կարող է խոչընդոտներ առաջացնել Սահմանադրական դատարանի կազմի համալրման, ըստ այդմ, նրա բնականոն գործունեության և սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար: Վերջիններիս երաշխավորումը, համաձայն դիտարկվող որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման, բխում է իրավական պետության հիմնարար սկզբունքներից, մասնավորապես, իրավունքի գերակայության, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքներից և կոչված է պաշտպանելու ողջ սահմանադրական կարգը:

Սահմանադրական դատարանի` 06.11.2018 թվականի ՍԴՈ-1434 որոշումն ընդունելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների նախագծեր, որոնք նպատակ են հետապնդում համապատասխան իրավակարգավորումները համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի նշված որոշման պահանջներին:

Հանրապետության նախագահի օրենքների սահմանադրականությանն առնչվող երկու դիմումներից մյուսը վերաբերում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն: Նշված դիմումի հիման վրա գործի քննությունը նշանակված է 2019 թվականի ապրիլի 19-ին:

Անհատական (ֆիզիկական և իրավաբանական անձանց) դիմումների

հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումներն ու դրանց կատարումը

Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումների մոտ 61 տոկոսը Սահմանադրական դատարանի կողմից չի ընդունվել, քանի որ դրանք կա΄մ չեն համապատասխանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24 և 25- րդ հոդվածներով սահմանված` դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջներին, կա΄մ ճանաչվել են որպես ակնհայտ անհիմն, կա΄մ վիճարկվող նորմը դատարանի կողմից դիմողի նկատմամբ չի կիրառվել: Հիմնականում նման անհատական դիմումները վերաբերում են օրենքների կիրառմանն առնչվող հարցերին կամ ընդհանուր իրավասության ու մասնագիտացված դատարանների իրավազորությանը վերաբերող այլ հարցերի:

Սահմանադրական դատարանի կողմից 2018թ. քննության ընդունված 4 գործերով որոշումները կայացվելու են 2019թ. փետրվար-ապրիլ ամիսներին: 2018 թվականի ընթացքում անհատական դիմումների հիման վրա քննության առնված 9 գործերից մեկով օրենքի վիճարկվող դրույթները ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր: Մասնավորապես.

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի «մասնակցել» և 7-րդ մասի «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 30.01.2018 թվականի ՍԴՈ-1399 որոշմամբ որոշել է. «1. ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը» դրույթն այն մասով, որով իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ արգելափակում է պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդներին սահմանված կարգով ներկա գտնվելու և աճուրդի ընթացքը դիտարկելու նման ցանկություն հայտնած անձանց, այդ թվում` իրենց կանոնադրական պարտականությունը կատարող կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ճանաչել ՀՀ Սահմանադրության 42-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

Խնդիրն այն է, որ վիճարկվող իրավակարգավորումներն արգելում էին պետությանը և համայնքներին պատկանող հողամասերի աճուրդին անձանց, այդ թվում կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկա գտնվելը: Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանը տվյալ գործով կայացրած որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները փակ եղանակով կազմակերպելը սահմանադրականության տեսանկյունից չի կարող գնահատվել որպես համարժեք սահմանափակվող այնպիսի հիմնական իրավունքների նշանակությանը, ինչպիսիք են տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքները: Այն չի կարող գնահատվել որպես պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակի հասնելու համար: Սահմանադրական դատարանի` 30.01.2018 թվականի ՍԴՈ-1399 որոշումն ընդունելուց հետո հիշյալ հարցի առնչությամբ օրենսդրական նախաձեռնություն դեռևս չի ներկայացվել, և Ազգային ժողովը նշյալ օրենսգրքում փոփոխություն չի կատարել: Անհատական դիմումների հիման վրա քննության ընդունված մնացած 8 գործերով Սահմանադրական դատարանը վեճի առարկա իրավական նորմերը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող` տվյալ որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասերում ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում: Միաժամանակ, տվյալ որոշումներով արձանագրվել են իրավասու մարմինների այնպիսի գործողություններ ու դրանց նպաստող օրենսդրական բացեր, որոնք խոչընդոտում են մարդու սահմանադրական իրավունքների լիարժեք երաշխավորումն ու ապահովումը: Նշված գործերից ներկայացվում են հետևյալները.

ա/ «Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 10.07.2018 թվականի ՍԴՈ-1423 որոշմամբ որոշել է.

«1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը:

2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով դատական բողոքարկման բոլոր փուլերում»: Խնդիրն այն էր, որ երբ պետական տուրքի վճարումից ազատված հայցվորի վարչական իրավախախտումների վերաբերյալ ընդունված որոշման դեմ ներկայացված պահանջը ՀՀ վարչական դատարանը բավարարում էր, սակայն հետագայում այդ վճռի դեմ պատասխանողի կողմից բերված բողոքի արդյունքում այն բեկանվում էր վերադաս դատական ատյանի կողմից, ապա իրավակիրառ պրակտիկայում պատասխանողի վճարած կամ նրա կողմից վճարման ենթակա պետական տուրքի գումարը գանձվում էր հայցվորից: Այսինքն իրավակիրառ պրակտիկայում համապատասխան նորմերը մեկնաբանվում էին այնպես, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ընդունված որոշման դեմ ներկայացված հայցերով պետական տուրքի գծով արտոնությունը գործում է դատավարության ոչ բոլոր փուլերում, մինչդեռ Սահմանադրական դատարանը, բացահայտելով վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ խնդրո առարկա արտոնությունը գործում է դատական բողոքարկման բոլոր փուլերում:

բ/ «Արմինե Աթոյանի, Հայկ Նազինյանի և Արկադի Վարդանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 12.06.2018թ. ՍԴՈ-1418 որոշմամբ թեև որոշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն, նույն որոշման պատճառաբանական մասում, մեկնաբանելով վիճարկվող իրավադրույթը, եզրակացրել է, որ նախ վարկային պայմանագրերը չեն կարող հակասել ՀՀ օրենսդրության իմպերատիվ նորմերի պահանջներին, և երկրորդ ժամկետանց վարկերի համար վարկառուների նկատմամբ պայմանագրով սահմանվող տուժանքները չեն կարող գերազանցել նշված նորմերով որոշված սահմանները և պետք է արդյունավետ ու զսպող լինեն չխախտելով համաչափության սահմանադրական սկզբունքը:

Սահմանադրական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման

անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ, ինչպես արձանագրված է տվյալ որոշման մեջ, վարկային պայմանագրի համապատասխան կետի` օրենքի իմպերատիվ դրույթին հակասելու հարցը դիմողը բարձրացրել է գործի դատական քննության ընթացքում` առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում: Սակայն դատարաններն իրենց դատական ակտերում որևիցե կերպ չեն անդրադարձել այդ հարցին: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը դիտարկվող հակասության մասով եզրակացրել է, որ հարցը լուծելի է Քաղաքացիական օրենսգրքով և «Սնանկության մասին» օրենքով նախատեսված իրավանորմերի շրջանակում,

գ/ «Հայկ Մաշուրյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 02.10.2018թ. ՍԴՈ-1427 որոշմամբ թեև որոշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն, նույն որոշման պատճառաբանական մասում արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ տեղ կգտնեն պատաս-խանողի անմեղությունը կասկածի տակ դնող կամ նրա իրավաչափ շահերն այլ կերպ խախտող դրույթներ, պատասխանողն արդյունավետ հնարավորություն ունի դատական կարգով ներկայացվող բողոքի միջոցով հայցել իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանությունը: Ընդ որում, Սահմանադրական դատարանի նման դիրքորոշման համար հիմք է հանդիսացել իր 2015 թվականի փետրվարի 10-ի ՍԴՈ-1190 որոշման մեջ ամրագված իրավական դիրքորոշումն առ այն, որ. «....գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով....»:

Խնդիրն այն էր, որ վարչական դատավարությունում հայցից հրաժարվելու հիմքով գործի կարճման դեպքում նախատեսված չէ դատական ակտով արդարացման հնարավորություն, ինչը տվյալ գործով դիմողի մոտ համոզմունք էր առաջացրել, որ դրա պատճառով անձը չի կարող իրեն արդարացնել կամ ապացուցել իր անմեղությունը: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները և դրանց կատարումը

Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականին ներկայացրած երկու դիմումներից մեկի հիման վրա գործով որոշումը կայացվելու է 2019թ. փետրվարին: Սահմանադրական դատարանը 2018 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա քննության է առել երեք գործ, որոնցից երկուսը 2017 թվականի ընթացքում Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների հիման վրա: Նշված երեք գործերից մեկով իրավական ակտի վիճարկվող դրույթները ճանաչվել են Սահմանադրությանը հակասող: Այսպես.

«Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետի «ա» և 123-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետերի, ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված կարգի 3-րդ կետի 2-րդ և 15-րդ կետի 2-րդ ենթակետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով իր 27.11.2018թ. ՍԴՈ- 1436 որոշմամբ որոշել է.

«....3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5- ի N 1373-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերին հակասող:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի հետ համակարգային առումով փոխկապակցված 1-ին ենթակետը ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերին հակասող:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերին հակասող....»:

Միաժամանակ, նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի մայիսի 1-ը հնարավորություն տալով Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու դիտարկվող որոշման պահանջներին:

Խնդիրն այն է, որ Հարկային օրենսգրքի վիճարկվող դրույթով սահմանվում է, որ շահութահարկ վճարողների համար եկամուտ են նաև կրեդիտորական պարտքերի գումարները, մինչդեռ օրենսգիրքը չի բացահայտում «կրեդիտորական պարտք» եզրույթի բովանդակությունը: Ստացվում է, որ կրեդիտորական պարտքը դիտարկվում է որպես եկամուտ, իսկ հարկը սահմանված համարվելու համար անհրաժեշտ է, որ օրենքով սահմանվի նաև հարկման օբյեկտը, մասնավորապես եկամուտը: Մինչդեռ, տվյալ դեպքում «կրեդիտորական պարտք» եզրույթի բովանդակությունը տրված է ոչ թե Հարկային օրենսգրքով, այլ Կառավարության որոշմամբ:

Տվյալ գործով Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «օրենքին համապատասխան սահմանված հարկեր» արտահայտությունը ենթադրում է ինչպես հարկի, այնպես էլ դրա բովանդակությունը կազմող տարրերի սահմանում բացառապես օրենքով: Մինչդեռ տվյալ դեպքում եկամուտ համարվող տարրի բովանդակությունը բացահայտվել է ոչ թե Հարկային օրենսգրքով, այլ Կառավարության որոշմամբ, ինչը հանգեցրել է անձի սեփականության իրավունքին օրենքով չնախատեսված միջամտության: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա քննության առնված երեք գործերից մյուսով Սահմանադրական դատարանը վեճի առարկա իրավական նորմերը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող` տվյալ որոշման պատճառաբանական մասում ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում: Այսպես. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, 70-րդ հոդվածի 1-ին մասի 2- րդ կետի և 72-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասության Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 13.02.2018թ. ՍԴՈ-1403 որոշմամբ ամրագրել է հետևյալը. «....9. Ինչ վերաբերում է պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքում մեղադրյալի ընտրությամբ փաստաբանին ներգրավելու անհնարինությանը, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ այդպիսի իրավիճակներում չի բացառվում մեղադրյալի իր ընտրությամբ փաստաբան ունենալու հնարավորությունը, տվյալ պարագայում օրենսդրությունն ամրագրել է պաշտպանի պարտադիր մասնակցությունը, ինչից հետևում է, որ անձը կարող է ինքն ընտրել փաստաբանին, սակայն նրա բացակայության պայմաններում պետությունը պաշտպանին կներգրավի պետական միջոցների հաշվին: Օրենսգրքի 69-րդ հոդվածը վերաբերում է պաշտպանի պարտադիր մասնակցությանը և ոչ թե պարտադիր հանրային պաշտպանի մասնակցությանը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ փաստաբանի պարտադիր մասնակցությունը չի սահմանափակում անձի` պետության կողմից տրամադրված փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքով, և քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից հանրային պաշտպան նշանակվելու դեպքում էլ անձը շարունակում է պահպանել իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը: Այլ է իրավիճակը, երբ անձը չունի կամ չի ցանկանում ներկայանալ փաստաբանի միջոցով: Այս դեպքում պետությունն է ներգրավում փաստաբանին, որոշ դեպքերում էլ նույնիսկ բացառում է նրանից հրաժարվելը»:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ. «… նախ առանց ամբաստանյալի համաձայնության հանրային պաշտպան կարող է նշանակվել ելնելով միայն արդարադատության շահերից, որպիսին է, մասնավորապես, արդյունավետ դատական պաշտպանության, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքների և քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքի ապահովումը:

Երկրորդ, ամբաստանյալը պետք է նախապես տեղեկացված լինի դատական նիստերի դահլիճից հեռացվելու դեպքում պաշտպանի հեռանալու հետևանքների մասին: Քանի որ իրավաբանական օգնությունն էական ազդեցություն կարող է ունենալ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը երաշխավորելու գործընթացում, Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ պաշտպանից հրաժարվելը պետք է լինի կամավոր և գիտակցված, իսկ անձը պետք է նախապես տեղեկացվի հրաժարման հետևանքների մասին:

Երրորդ եթե նշանակվում է հանրային պաշտպան, սակայն հետագայում ամբաստանյալը ցանկություն է հայտնում ունենալ իր կողմից ընտրված պաշտպան, ապա հանրային պաշտպանի լիազորությունները, արդարադատության շահերից ելնելով, կարող է դատարանի կողմից պահպանվել, ինչը չի կարող արգելք հանդիսանալ ամբաստանյալի կողմից ընտրված պաշտպանի մասնակցության համար»:

Դատարանների դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները և դրանց կատարումը

Սահմանադրական դատարանը 2018 թվականի ընթացքում դատարանների դիմումների հիման վրա քննության է առել վեց գործ, որոնցից մեկը 2017 թվականի ընթացքում Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի, իսկ մյուս հինգը 2018 թվականի ընթացքում ներկայացված յոթ դիմումների հիման վրա (չորս դիմումների հիման վրա գործերը միավորվել են որպես երկու գործեր), մեկ դիմումի հիման վրա գործի քննության ընդունումն ամբողջությամբ մերժել է (03.09.2018թ. ՍԴԱՈ-61): Եվս յոթ գործով (ութ դիմումների հիման վրա, որոնցից երկու դիմումների հիման վրա գործերը միավորվել են որպես մեկ գործ) դատաքննությունները նշանակված են 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին:

Քննության առնված վեց գործերից հինգով Սահմանադրական դատարանը վիճարկվող նորմերը ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Մասնավորապես.

1. «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, …, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 19.06.2018թ. ՍԴՈ-1420 որոշմամբ որոշել է. «1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, …, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող պահանջներին անհամապասխանության դեպքում բողոք ներկայացրած անձի կողմից այն շտկելու և կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու իրավական հնարավորությունը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69, 75 և 78-րդ հոդվածներին հակասող»:

Միաժամանակ, նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2018 թվականի դեկտեմբերի 1-ը հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին վիճարկվող իրավակարգավորումը համապատասխանեցնելու դիտարկվող որոշման պահանջներին հաշվի առնելով նաև դիտարկվող որոշման հրապարակման դրությամբ և մինչև համապատասխան օրենսդրական կարգավորումն ընկած ժամանակահատվածում անձանց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկման իրենց իրավունքի իրացման երաշխավորման անհրաժեշտությունը:

Խնդիրն այն է, որ օրենսդիրը մի կողմից ամրագրել է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական պահանջները, մյուս կողմից այդ պահանջների չպահպանելու դեպքում, որպես իրավական հետևանք, նախատեսել է բողոքն առանց քննության թողնելը: Մինչդեռ, վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական պահանջների խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից: Սահմանադրական դատարանի` 19.06.2018թ. ՍԴՈ-1420 որոշումն ընդունելուց հետո հիշյալ հարցի առնչությամբ օրենսդրական նախաձեռնություն դեռևս չի ներկայացվել, և Ազգային ժողովը նշյալ օրենսգրքում փոփոխություն չի կատարել:

2. «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով իր 26.06.2018թ. ՍԴՈ-1421 որոշմամբ որոշել է. «1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

Խնդիրն այն էր, որ օրենսդիրը գործը դատական քննության նախապատրաստելու փուլում չէր նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով իրականացնելու կարգ: Արդյունքում առարկություն կամ միջնորդություն ներկայացնելու անհնարինության և այդ հանգամանքներով պայմանավորված դատարանների կողմից հօգուտ կալանքի կիրառման բերվող հիմնավորումների պայմաններում չէր բացառվում անձի ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումների հնարավորությունը: Նման պայմաններում անձը զրկվում էր գործը դատական քննության նշանակելու պահից մինչև առաջին դատական նիստի միջև ընկած ժամանակահատվածում ազատությունից զրկած լինելու հանգամանքը վիճարկելու հնարավորությունից:

Սահմանադրական դատարանի` 26.06.2018թ. ՍԴՈ-1421 որոշումն ընդունելուց հետո հիշյալ հարցի առնչությամբ օրենսդրական նախաձեռնություն դեռևս չի ներկայացվել, և Ազգային ժողովը նշյալ օրենսգրքում փոփոխություն չի կատարել:

3. «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 10.07.2018թ. ՍԴՈ-1424 որոշմամբ որոշել է.

«1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը զինծառայողի չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել Սահմանադրության 29, 60, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր»: Խնդիրն այն էր, որ օրենսդիրը տարբերակված մոտեցում էր ցուցաբերում մի կողմից զինծառայողների, մյուս կողմից այլ կատեգորիայի վարձու աշխատողների նկատմամբ: Մասնավորապես, Աշխատանքային օրենսգրքով օրենսդիրը թույլատրում է աշխատանքից ազատվելիս հատուցում ստանալ չօգտագործված արձակուրդների համար առանց ժամկետային սահմանափակման, իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցում ստանալու հնարավորությունը սահմանափակում է զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով: Մինչդեռ, արձակուրդի իրավունքը համապարփակ իրավունք է և տարածվում է ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների, այնպես էլ մասնավոր անձանց վրա, որոնք գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ: Զինծառայողները թե՛ հանրային ծառայողներ են, թե՛ նաև լայն իմաստով աշխատանք կատարող անձինք, որոնց արձակուրդի և հանգստի իրավունքը չի կարող չերաշխավորվել օրենքով:

Սահմանադրական դատարանի` 10.07.2018թ. ՍԴՈ-1424 որոշումն ընդունելուց հետո հիշյալ հարցի առնչությամբ օրենսդրական նախաձեռնություն դեռևս չի ներկայացվել, և Ազգային ժողովը նշյալ օրենքում փոփոխություն չի կատարել:

4. «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 23.10.2018թ. ՍԴՈ-1431 որոշմամբ որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով ժամկետային սահմանափակում է նախատեսում անձի իրավական վիճակի բարելավմանն ուղղված առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման համար, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, ճանաչել Սահմանադրության 61- րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 69-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

Խնդիրն այն է, որ օրենսդիրն անձի վիճակի բարելավման հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար որևէ ժամկետային սահմանափակում չի նախատեսել, մինչդեռ նույն հիմքով վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսել է վեցամսյա ժամկետ: Արդյունքում, եթե անձն իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտը մինչև վերջինիս օրինական ուժի մեջ մտնելը նախկինում բողոքարկել է վերադասության կարգով, ապա կարող է առանց ժամկետային սահմանափակման հիմնարար խախտման հիմքով ներկայացնել վճռաբեկ բողոք, իսկ եթե չի բողոքարկել, և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, ապա վեցամսյա ժամկետի ավարտից հետո զրկվում է հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք բերելու հնարավորությունից: Մինչդեռ, արդարադատության բուն էությունը խաթարող և նյութական կամ դատավարական հիմնարար խախտումների արդյունքում անձանց համար անբարենպաստ հետևանքներ առաջացնող առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկելու հնարավորության սահմանափակումը դրանց ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետով, համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին, այն է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի որոշակիության և անփոփոխելիության սկզբունքի ապահովմանը, ինչի արդյունքում անհամաչափորեն սահմանափակվում են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, ինչպես նաև դատապարտվածի իր նկատմամբ կայացված դատավճռի օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքը:

Սահմանադրական դատարանի` 23.10.2018թ. ՍԴՈ-1431 որոշումն ընդունելուց հետո հիշյալ հարցի առնչությամբ օրենսդրական նախաձեռնություն դեռևս չի ներկայացվել, և Ազգային ժողովը նշյալ օրենսգրքում փոփոխություն չի կատարել:

5. «Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 30.10.2018թ. ՍԴՈ-1432 որոշմամբ որոշել է.

«1. ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետը ճանաչել Սահմանադրության 60-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր»: Խնդիրն այն էր, որ հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու դեպքում հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում էին դատական կարգով: Մինչդեռ, սեփականության իրավունքի դադարման այդպիսի հիմքն անմիջականորեն չի բխում պետության և հասարակության անձի սեփականության իրավունքի հանդեպ գերակայող շահերի ապահովման անհրաժեշտությունից և անհրաժեշտ միջոց չէ սահմանադրական նպատակին հասնելու համար, համարժեք չէ սահմանափակվող իրավունքի նշանակությանը, արդարացի միջոց չէ հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռությունն ապահովելու տեսանկյունից:

Սահմանադրական դատարանի` 30.10.2018թ. ՍԴՈ-1432 որոշումն ընդունելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը նպատակ է հետապնդում համապատասխան իրավակարգավորումները համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի` 30.10.2018թ. ՍԴՈ-1432 որոշման պահանջներին:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանը, քննության առնելով վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցերը, հիմնականում հաշվի է առել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը և որոշակիությունը, ինչպես նաև գնահատել է ոչ միայն հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորվածությունը, այլ նաև շեշտել է դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու անհրաժեշտությունը:

Հիշյալ ժամանակահատվածում Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներով, Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետով և 19-րդ մասով սահմանված դեպքերում, իրավական անվտանգության ապահովման նպատակով սահմանվել են Սահմանադրական դատարանի որոշումներով Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու ողջամիտ վերջնաժամկետներ` հնարավորություն տալով Ազգային ժողովին, Կառավարությանը վիճարկվող դրույթների իրավակարգավորումները համապատասխանեցնելու Սահմանադրական դատարանի կոնկրետ որոշումների պահանջներին: Հիշյալ ժամանակահատվածում, ոչ եզակի դեպքերում, մինչև անհրաժեշտ օրենսդրական կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելը, Սահմանադրական դատարանը Սահմանադրության դրույթների վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը գնահատելիս արտահայտել է իրավական դիրքորոշումներ, որոնք կոչված են իրավակիրառ պրակտիկան նպատակաուղղելու նորմատիվ իրավական ակտն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան ընկալելու և դրանց համապատասխան կիրառումն ապահովելու ուղղությամբ հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերել է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովմանը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 փետրվարի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-9
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել