Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-412 փետրվարի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 փետրվարի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 4 | ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

12 փետրվարի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղ. Նարինե Մկրտչյանի դիմումով գործը

քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղ. Նարինե Մկրտչյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. ՀՀ ընտրական օրենսգրքի 24-րդ, 80-րդ հոդվածները, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունների «կամ օգտագործելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները» բառերը, 38-րդ հոդվածի 7-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Միաժամանակ, դիմողը միջնորդել է մինչև իր դիմումով գործի քննության ավարտը կասեցնել վերոհիշյալ նորմերի գործողությունը։

1. Ըստ դիմումի շարադրանքի դիմողն իր լիազոր ներկայացուցչի միջոցով 2012 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու փաստաթղթեր դիմում առաջադրման մասին (վավերացված նոտարական կարգով), լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը), տեղեկանք թեկնածուի վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին, թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Չի ներկայացվել ՀՀ ընտրական օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված ընտրական գրավի վճարման անդորրագիրը։

Ըստ դիմումին կից ներկայացված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 14 հունվարի 2013 թվականի թիվ 22-Ա որոշման պատճենի, հանձնաժողովը ՀՀ Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններին Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված Նարինե Հովհաննեսի Մկրտչյանի գրանցումը մերժել է ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 79-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության և նույն օրենսգրքի 82-րդ հոդվածի պահանջներով, մասնավորապես նշելով, որ քաղ. Նարինե Մկրտչյանի գրանցումը ենթակա է մերժման, քանի որ «ներկայացված փաստաթղթերը թերի են քաղաքացու կողմից ներկայացված չէ նվազագույն աշխատավարձի 8.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը»։

Ըստ դիմումին կից ներկայացված ՀՀ վարչական դատարանի 21 հունվարի 2013 թվականի թիվ ՎԴ/0359/05/13 գործով կայացված որոշման պատճենի, դատարանը մերժել է «որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված Նարինե Հովհաննեսի Մկրտչյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 14.01.2013թ. թիվ 22-Ա որոշումն անվավեր ճանաչելու և իր թեկնածության գրանցման մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու» պահանջի մասին, մասնավորապես նշելով, որ «բացակայում է վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու որևէ հիմք», քանի որ «ընտրական գրավի վճարման անդորրագիրը ներկայացված չլինելու պարագայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենքով որևէ հայեցողություն չունի։ Օրենսդիրն այս դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար սահմանել է նախ նշված փաստաթուղթը լրացնելու համար քառասունութ ժամ տրամադրելու, այնուհետև նշված ժամանակահատվածում փաստաթուղթը չներկայացվելու դեպքում գրանցումը մերժելու պարտադիր լիազորություն։ Նման պայմաններում (ինչպես նշել է վարչական դատարանը), երբ որպես Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար հայցվորի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են եղել, որպիսի փաստն, ըստ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, անվերապահորեն հանգեցնում է գրանցման մերժմանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մերժելով հայցվորի գրանցումը, գործել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի հիման վրա»։

2. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից դատական կազմը գտնում է, որ դիմողը պահպանել է սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանները, այն է դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ ՀՀ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

դիմումին կից ներկայացված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիր։

3. Անդրադառնալով դիմողի միջնորդությանը սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի ապահովման

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված հիմքերը, քանի որ, նախ դիմողը չի ներկայացրել բավարար հիմնավորումներ (փաստարկներ) այն մասին, որ իր կողմից վիճարկվող նորմերի կասեցման մասին սահմանադրական դատարանի որոշման չընդունումը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների իր կամ հանրության համար։ Բացի դրանից, դատական կազմը նաև արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկված են ընտրական գործընթացներ, որոնցում ներգրավված են ՀՀ Նախագահի թեկնածուներ։ Այդ գործընթացներն ունեն համապետական նշանակություն և ՀՀ Սահմանադրության, ՀՀ ընտրական օրենսգրքի նորմերին համապատասխան ենթակա են ժամկետային սահմանափակման, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի առաջին մասի համաձայն «Հանրապետության Նախագահի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ»։ Նույն հոդվածի հետագա մասերում, ինչպես նաև Սահմանադրության 52-րդ, 53-րդ, ինչպես նաև 53.1-րդ հոդվածներում նախատեսված հիմքերով սահմանված են ՀՀ Նախագահի ընտրությունների անցկացման այլ ժամկետներ։ Նկատի ունենալով, որ ՀՀ ընտրական օրենսգրքի վիճարկվող նորմերը նույնպես գործում են ժամանակի մեջ և դրանց գործողության կասեցումը սահմանադրաիրավական որևէ հետևանք առաջացնել չի կարող, սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի վերոհիշյալ միջնորդությունը պետք է մերժել։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Նարինե Մկրտչյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության։

2. Առաջարկել սահմանադրական դատարանին աշխատակարգային որոշմամբ մերժել դիմումի ապահովման նկատառումներով վեճի առարկա նորմերի գործողության կասեցման վերաբերյալ դիմողի միջնորդությունը։

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

12 փետրվարի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/1-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 փետրվարի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել