Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳՈՌ ՇԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳՈՌ ՇԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1623 մայիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 մայիսի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 16 | ԳՈՌ ՇԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 մայիսի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ` Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Գոռ Շաքարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Գոռ Շաքարյանը (ներկայացուցիչ` Տիգրան Եգորյան) դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի մայիսի 2-ին)` խնդրելով. «Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասը, 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասը, 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դատական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, չեն երաշխավորում ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումն այն պատճառաբանությամբ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կանոնի հայեցողական կիրառումը հանգեցնում է իրավական անորոշության: Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթները, դատական պրակտիկայում դրանց տրված վերոգրյալ մեկնաբանությամբ, ուղղակիորեն հակասում են ինչպես ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, այնպես էլ Սահմանադրական դատարանի` 16.10.2012թ. ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին առ այն, որ բողոքարկման ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտերին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից: Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված իրավական նորմերն ակնհայտորեն չեն բավարարել իրավական որոշակիության պահանջները, ինչի արդյունքում «խախտվել են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածների պահանջները»:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրման արդյունքներից Գոռ Շաքարյանի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի փետրվարի 9-ի ՍԴՈ-1254 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի «Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը...» դրույթն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 և ՍԴՈ-1062 որոշումներում նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների պարագայում իրավունքի ուժով /ex jure/ ճանաչվում է հարգելի, նույն որոշմամբ ՀՀ Սահմանադրության /2015 թվականի փոփոխություններով/ 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասը այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով /ex jure/ չի ճանաչվում հարգելի, նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249 որոշման մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների պարագայում իրավունքի ուժով /ex jure/ հարգելի ճանաչելը: 3.2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ

Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել իր կողմից վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկներ: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Գոռ Շաքարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

23 մայիսի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/1-16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մայիսի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել