Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍՈՒՊՅԱՆ ԹԱՐԱՄՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍՈՒՊՅԱՆ ԹԱՐԱՄՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1381 սեպտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-138)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 սեպտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 138 | «ՍՈՒՊՅԱՆ ԹԱՐԱՄՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՍՈՒՊՅԱՆ ԹԱՐԱՄՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Սուպյան Թարամովի դիմումի հիման վրա «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի հուլիսի 11-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սուպյան Թարամովի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «1. ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասն այնքանով, որքանով չի արգելում այլոց իրավունքներն ու ազատությունները հանրային ամենամեծ վտանգավորության արարքի հանցագործության կատարմամբ վնասող անձին, այդ թվում ազգությամբ հային ՀՀ քաղաքացիություն տրամադրել և դրանով իսկ այդ անձի կողմից կատարված հանցավոր արարքից տուժած անձին զրկում է իր նկատմամբ կատարված հանցավոր արարքի դեպքով հանցագործության կատարման վայրում արդյունավետ ու արդարացի քննության, այդ թվում հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին և 47-րդ հոդվածի 7-րդ մասին հակասող ու անվավեր:

2. ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասն այնքանով, որքանով ուղղակիորեն չի սահմանում, որ անձին, այդ թվում ազգությամբ հային ՀՀ քաղաքացիություն չի տրամադրվում, եթե առկա է այդ անձի կողմից այլ անձանց իրավունքներն ու ազատությունները հանցագործության կատարմամբ վնասելու մասին վկայող տվյալ և դրանով իսկ ինչպես իրավունքի հասցեատիրոջ, այնպես էլ իրավունքի իրացումն ապահովող մարմնի պետության համար բավարար չափով հստակ ու կանխատեսելի չի սահմանում, թե արդյոք հանցանք կատարած լինելու բերումով հետախուզման մեջ գտնվող անձը կարող է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, թե ոչ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող ու անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասում նշված և ՀՀ քաղաքացիություն տրամադրելը մերժելու հիմք հանդիսացող իրավիճակներից է նաև այն դեպքը, երբ քաղաքացիություն հայցողը վնասում է այլոց իրավունքներն ու ազատությունները կատարելով հանցագործություն: Դիմողը, միաժամանակ, գտնում է, որ քրեադատավարական կարգով հետախուզման մեջ գտնվելու հանգամանքն արդեն իսկ վկայում է, որ առկա է ապացույցների բավարար համակցություն այն փաստի վերաբերյալ, որ անձը կատարել է հանցագործություն, կամ ինչպես «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասում է արձանագրված վնասել է այլոց իրավունքներն ու ազատությունները, հետաբար անձի քրեադատավարական հիմքով հետախուզման մեջ գտնվելու փաստը նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելը մերժելու հիմք է նախատեսված «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով: Ըստ դիմողի թեև «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասը, սահմանելով, որ անձին ՀՀ քաղաքացիություն չի տրամադրվում, եթե այդ անձն իր գործունեությամբ վնասում է այլոց իրավունքներն ու ազատությունները, այնուամենայնիվ, որոշակիորեն չի սահմանում, որ անձին ՀՀ քաղաքացիություն չի տրամադրվում, եթե առկա է այդ անձի կողմից այլ անձանց իրավունքներն ու ազատությունները հանցագործության կատարմամբ վնասելու մասին վկայող տվյալ, մասնավորապես պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ նշված անձը գտնվում է հետախուզման մեջ: Արդյունքում, ՀՀ քաղաքացիություն տրամադրելով այլոց իրավունքներն ու ազատությունները հանրային ամենամեծ վտանգավորությամբ արարքի կատարմամբ վնասած անձին պետությունն այդ անձի հանցավոր արարքից տուժած անձին զրկում է կատարված հանցավոր արարքի դեպքով արդյունավետ և արդարացի քննության, այդ թվում պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից: Հետևաբար վիճարկվող դրույթը, ըստ դիմողի, հակասում է Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին և 47-րդ հոդվածի 7-րդ մասին: Բացի դրանից, որոշակիորեն չնախատեսելով, որ անձին, այդ թվում ազգությամբ հային ՀՀ քաղաքացիություն չի տրամադրվում, եթե առկա է այդ անձի կողմից այլ անձանց իրավունքներն ու ազատությունները հանցագործության կատարմամբ վնասելու մասին վկայող տվյալ, մասնավորապես պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ նշված անձը գտնվում է հետախուզման մեջ, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով խախտվում է Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքն այն աստիճանի, որ իրավունքի իրացումն ապահովող մարմնի պետության համար բավարար չափով պարզ չէ, թե արդյո՞ք հանցանք կատարած լինելու բերումով հետախուզման մեջ գտնվող անձը կարող է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, թե՞ ոչ:

3. Քննության առարկա դարձնելով սույն դիմումի ընդունելիության հարցը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Համանման կարգավորում է նախատեսում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ անհատական դիմումով անձը կարող է վիճարկել միայն իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, այսինքն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու պայմաններից մեկը վիճարկվող դրույթի դիմողի նկատմամբ կիրառված լինելն է: Ընդ որում Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, ինչպես սույն գործով, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Թիվ ԵԴ/0316/11/21 դատական գործի շրջանակներում կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրակացնել, որ ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը նշված դրույթի սահմանադրականության հարցով իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը փաստում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, անդրադառնալով դիմողի կողմից, ի թիվս այլնի, վիճարկվող դրույթի կապակցությամբ ներկայացված Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությանը, նշել է, որ «(…) [այն] ենթակա չէ քննման, քանզի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ընթացքում Դատարանի կողմից չի կիրառվում այն նորմը, որի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը բարձրացնում է բողոքաբերը»: Հիշատակված որոշման բողոքարկման արդյունքում վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ «(…) դատարանը (…) ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի (…) իրավակիրառողը չէր, ուստի (…) [դրա] Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությամբ օժտված չէր»: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Սուպյան Թարամովի դիմումի հիման վրա «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

1 սեպտեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-138

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 սեպտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-138
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել