Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԴԱՎԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԴԱՎԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-9116 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-91)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 հոկտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 91 | ԴԱՎԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երևան 16 հոկտեմբերի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի

Անդամակցությամբ՝ Վ. Վարդանյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Դավիթ Արզումանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Դավիթ Արզումանյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի սեպտեմբերի 28-ին , որով Դիմողը խնդրել է.

«(...)

«(...) Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ նույն օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի և 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հետ համակարգային փոխկապակցվածությամբ, հաշվի առնելով դրանց Դիմողի նկատմամբ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանությունը։

(...) Վերոհիշյալ դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այն սահմանադրաիրավական մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ՔԴՕ 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով կոնկրետ առաջադրված իրավունքի զարգացման խնդրի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու դեպքում Վճռաբեկ դատարանը պարտավոր է ոչ միայն արձանագրել իրավունքի զարգացման անհրաժեշտության բացակայության մասին վերջնական եզրահանգումը, այլ նաև ներկայացնել այդ եզրահանգմանը հանգեցրած իրավական դատողությունների բավարար և ըմբռնելի ընթացքը, որից հնարավոր է պարզել՝ ինչ իրավական պատճառներով բարձրացված հարցը չի բավարարում «իրավունքի զարգացման խնդիր» ընդունելիության չափանիշին։

(...) Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի՝ նույն օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 4-րդ կետի հետ համակարգային փոխկապակցվածությամբ, հաշվի առնելով դրանց Դիմողի նկատմամբ կիրառված իրավակիրառական բովանդակությունը, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանությունը՝ այնքանով, որքանով արդեն ընթացող գործով՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ներկայացված հայցի ապահովման միջնորդության մերժման կամ մասնակի բավարարման դեմ վերաքննիչ բողոքի ըստ էության քննությունը պայմանավորվում է բողոքն ու դրան կից փաստաթղթերը հակառակ կողմին նախապես ուղարկելով՝ առանց ժամանակավոր դատական պաշտպանության հնարավոր գործնական արդյունավետությունը պահպանող համարժեք այլ ընթացակարգային կառուցակարգի։

(...) Երկրորդ հարցի սահմանադրականությունը գնահատել ՔԴՕ 122-րդ հոդվածի 2-րդ մասի, 125-րդ հոդվածի 3-5-րդ մասերի, 130-րդ հոդվածի 1-ին մասի և 131-րդ հոդվածի 1-ին, 5.1-րդ և 6-րդ մասերի հետ համակարգային կապում՝ հաշվի առնելով, որ օրենսդիրն այդ կարգավորումներով նույն հայցի ապահովման ինստիտուտի այլ փուլերում հակառակ կողմի պաշտոնական տեղեկացման ժամանակը կապել է ժամանակավոր պաշտպանության գործնական արդյունավետության պահպանման հետ։

(...) Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ երկրորդ հարցով արձանագրված սահմանադրական խնդիրը հնարավոր է հաղթահարել վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական մեկնաբանությամբ, բացահայտել այդ մեկնաբանությունը, իսկ եթե նման մեկնաբանությամբ խնդիրը հաղթահարել հնարավոր չէ՝ վիճարկվող դրույթը համապատասխան մասով ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված իրավական հետևանքներով։

(...) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում կիրառել օրենքով նախատեսված՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի նոր հանգամանքի հիմքով վերանայման իրավական հետևանքը»։

2. Ներկայացնելով թիվ ՍԴ/0033/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև մասնավորապես բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումները. արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով կոնկրետ առաջադրված «իրավունքի զարգացման խնդրի» բացակայության մասին եզրահանգումն ինքնին կարող է համարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասով և 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով պահանջվող պատճառաբանություն, եթե տվյալ գործով կայացված դատական ակտից տեսանելի չէ այդ եզրահանգմանը հանգեցրած իրավական դատողությունների ընթացքը, ինչպես նաև արդյո՞ք այն կառուցակարգը, ըստ որի` արդեն իսկ ընթացող գործով ներկայացված հայցի ապահովման միջնորդության մերժման դեմ վերաքննիչ բողոքի ըստ էության քննությունը պայմանավորվում է բողոքն ու դրա նյութերը հակառակ կողմին նախապես ուղարկելով՝ առանց ժամանակավոր պաշտպանության հնարավոր արդյունավետությունը պահպանող համարժեք այլ ընթացակարգային մեխանիզմի՝ հաշվի առնելով, որ նույն Օրենսգիրքը նույն ինստիտուտի այլ փուլերում հակառակ կողմի պաշտոնական տեղեկացումը հետաձգում է հատուկ, համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78-րդ հոդվածներին:

Դիմողի պնդմամբ՝ իր կողմից սույն անհատական դիմումով բարձրացված առաջին հարցն ավելի նեղ է և կապված է հենց Օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ամրագրված «իրավունքի զարգացման խնդիր» հատուկ ընդունելիության չափանիշի հետ՝ 397-րդ հոդվածի 2-րդ մասի և 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համակարգային կապում: Քննարկվող համատեքստում «(...) Դիմողը խնդրում է որոշել, թե Սահմանադրության 63-րդ հոդվածից և ՍԴՈ-1628/ՍԴՈ-1707 չափանիշներից ինչ նվազագույն պատճառաբանական բովանդակություն է բխում հատկապես այն իրավիճակում, երբ Վճռաբեկ դատարանը կոնկրետ առաջադրված իրավունքի զարգացման խնդիրը մերժում է «զարգացման անհրաժեշտության բացակայության» ինքնահղումային ձևակերպմամբ»:

Միաժամանակ Դիմողը, անդրադառնալով Օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի, 125-րդ հոդվածի 3, 4 և 5-րդ մասերի կարգավորումներին, նշում է՝ «Այս կառուցակարգի տրամաբանական շարունակությունն է ՔԴՕ 367-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որի համաձայն բողոքաբերը բողոքն ու դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց չի ուղարկում հայցի ապահովման միջնորդությունը մերժելու կամ մասնակի բավարարելու մասին որոշման դեմ բողոքարկելիս, եթե ապահովման միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումին կից կամ մինչև հայցադիմումը՝ հայցի նախնական ապահովման կարգով»:

Ըստ Դիմողի՝ սկզբնական ապահովման դեպքում օրենսդիրը նախատեսել է ոչ թե մեկ տեխնիկական բացառություն, այլ փոխկապակցված ընթացակարգային շղթա՝ սկսած ապահովման միջնորդության ներկայացումից մինչև դրա մերժման վերաքննիչ վերահսկողությունը, որի ընդհանուր նպատակը հնարավոր ապահովման միջոցի գործնական օգտակարության պահպանումն է:

Դիմողը նշում է նաև, որ Օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ 397-րդ հոդվածի 2-րդ մասով և 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հետ համակցված այն բովանդակությունը, ըստ որի՝ «իրավունքի զարգացման խնդրի» բացակայության մասին եզրահանգումն ինքնին բավարար է համարվում, հանգեցրել է նրան, որ վերջինս չի ստացել իր կոնկրետ իրավական փաստարկին պատճառաբանված վերջնական դատական պատասխան, որի արդյունքում էլ խախտվել է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը:

Դիմողի դիտարկմամբ՝ հայցի ապահովման դատավարությունը բացարձակ գաղտնի ընթացակարգ չէ, այլ արդյունավետ դատական պաշտպանության համար նախատեսված ժամանակավոր պաշտպանության միջոցի գործնական արդյունավետության պահպանման իրավական երաշխիք: Հետևապես՝ եթե տեղեկացումը կատարվում է այն պահին, երբ դրա հասցեատերը դեռ կարող է արագորեն փոխել փաստական կամ իրավական վիճակը և դրանով չեզոքացնել ապագա ապահովման միջոցը, ապա ձևականորեն գոյություն ունեցող պաշտպանության միջոցը կարող է կորցնել իր գործնական արժեքը:

Անդրադառնալով վիճարկվող դրույթներից Օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին և 367-րդ հոդվածին՝ Դիմողը պնդում է, որ տվյալ հոդվածների համապատասխան դրույթների համակցված կարգավորման արդյունքում իր՝ հայցի ապահովման մերժման դեմ վերաքննիչ բողոքի ըստ էության քննությունը պայմանավորվել է բողոքը հակառակ կողմին նախապես ուղարկելու պարտականությամբ, և տվյալ պարտականությունը չկատարելու արդյունքում բողոքը վերադարձվել է և ըստ էության չի քննվել, և հավելում, որ տվյալ ընթացակարգը անմիջականորեն ազդում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման եղանակի վրա, «(...) իսկ արդյունավետությունը պահպանող համարժեք այլ կառուցակարգի բացակայությունը բարձրացնում է Սահմանադրության 75-րդ, 78-րդ հոդվածների պահանջներին համապատասխանության հարց»:

3. Ուսումնասիրելով դիմումը, կից ներկայացված դատական ակտերը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը՝ նկատի ունենալով, որ՝

ա) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

բ) Դիմողն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝

- Դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

- Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել են օրենքի դրույթները,

- Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները կիրառվել են դատարանի վերջնական ակտով,

- Դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում (որոշումներ),

դ) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

ե) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

զ) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Դավիթ Արզումանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ նույն օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի և 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հետ համակարգային փոխկապակցվածությամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի՝ նույն օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 4-րդ կետի հետ համակարգային փոխկապակցվածությամբ, ինչպես նաև 122-րդ հոդվածի 2-րդ մասի, 125-րդ հոդվածի 3-5-րդ մասերի, 130-րդ հոդվածի 1-ին մասի և 131-րդ հոդվածի 1-ին, 5.1-ին և 6-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Վ. Վարդանյան

Ա. Վաղարշյան

16 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-91

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-91
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել