ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-66)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 սեպտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 66 | ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 սեպտեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Արթուր Մուսայելյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արթուր Մուսայելյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 8-ին) խնդրելով. «1. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, համաձայն որի օրինական ուժի մեջ մտած, դատական ակտը պարտադիր է և կատարման ենթակա է ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ բոլորի, այլ անձանց ու մարմինների, գործին առնչվող անձանց ու մարմինների, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար, բոլորը հանդիսանում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հասցեատեր, կամ
2. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, այնքանով, որքանով չեն նախատեսում դատական ակտի պարտադիրությունը և կատարման ենթակա լինելը, բացի գործին մասնակցող անձանցից, բոլորի, այլ անձանց ու մարմինների, գործին առնչվող անձանց ու մարմինների, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար, իսկ «հասցեատեր» հասկացությունը չի համապատասխանում որոշակիության սկզբունքին, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 6-րդ, 75-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողի կարծիքով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածը չի ապահովում դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, չի սահմանում անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր, բավարար չափով որոշակի չէ, որպեսզի իրավունքների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմում օգտագործվող «հասցեատեր» հասկացությունը կարող է հանգեցնել տարաբնույթ մեկնաբանությունների, այն չի ապահովում դատական ակտի պարտադիրության, կայունության սկզբունքները: Ըստ դիմողի վիճարկվող նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր է, քանի որ, ստացվում է, որ դատական ակտը պետք է հաշվի առնի միայն հայցվորը կամ պատասխանողը կամ գործին անմիջականորեն մասնակցող անձինք, իսկ այլ անձինք և մարմինները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են այն հաշվի չառնել: Դիմողը նշում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը և Վճռաբեկ դատարանը Սահմանադրությանը հակասող մեկնաբանություն տալու արդյունքում «դատական ակտի հասցեատեր» հասկացությունը նույնացրել են «պատասխանող» հասկացության հետ, ինչի արդյունքում անհիմն սահմանափակվել է դատական ակտի հասցեատերերի շրջանակը: Դիմողի պնդմամբ հայցի ապահովման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած որոշումը պարտադիր է բոլորի համար, ենթակա չէ գնահատման այլ անձանց ու մարմինների, պետական մարմինների կամ այլ դատարանների կողմից: Դիմողն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերով սահմանված «հասցեատերերի» համար դատական ակտի պարտադիրությանը, իրավակիրառ պրակտիկայում տրվել է նեղ և Սահմանադրությանը հակասող մեկնաբանություն, որի արդյունքում խախտվել են իր սահմանադրական հիմնարար իրավունքները, մասնավորապես դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. վիճարկվող նորմերի վերաբերյալ դիմողի կողմից բերված փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերով սահմանված «հասցեատերերի» համար դատական ակտի պարտադիրությանը իրավակիրառ պրակտիկայում փաստացի տրվել է նեղ և Սահմանադրությանը հակասող մեկնաբանություն: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված կարծիքներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների իրավաչափությանը, մասնավորապես Վերաքննիչ քրեական դատարանին: Դիմողի նկատմամբ անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են Վերաքննիչ քրեական դատարանի 19.07.2021թ. որոշմամբ և խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով, դիմողը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության տեսանկյունից: Այսպես, դիմողը նշել է, որ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կամայականորեն (նիստի ժամանակ նշելով, որ քաղաքացիական իրավունքի մասնագետ չէ) փոփոխել է պահանջի բավարարման հայցի ապահովման տեսակը հայցի ապահովման ընդհանրապես այլ տեսակներով, այն է դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելու հայցի ապահովման տեսակով, ինչն անթույլատրելի է և դուրս է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի լիազորությունների սահմաններից»: Հարկ է նշել, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության կոնկրետ վերահսկողության շրջանակներում պետք է առկա լինի վիճարկվող դրույթի և սահմանադրական իրավունքի խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապ, չվիճարկվի դատարանի գործողությունների իրավաչափության հարց: Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի սահմանադրականության գնահատումը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց, դիմողն առաջ է քաշում Վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արթուր Մուսայելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Է. Շաթիրյան
Ա. Խաչատրյան
27 սեպտեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-66
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 սեպտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-66
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
