«ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-171)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 նոյեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 171 | «ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
1. 2023 թվականի օգոստոսի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի (այսուհետ՝ Դիմողներ) դիմումը, որով Դիմողները խնդրել են.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 6, 61 և 63, 75, 79, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածն, այնքանով, որքանով՝ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու շուրջ վեճերի դեպքում, պետական տուրքի գծով արտոնություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու հնարավորություն չի նախատեսում»:
2. Գործի դատավարական նախապատմությունը
2.1. 2019 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուբեն Գրիգորյանը և Գոհար Գալստյանը հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս՝ Ֆինանսների նախարարության՝ «Պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին» (թիվ ԵԴ/34667/02/19 քաղաքացիական գործ): Հայցադիմումի հետ միաժամանակ ներկայացվել է միջնորդություն՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ ազատելու մասին:
Դատարանը 28.10.2019 թ. «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին» որոշմամբ, ի թիվս այլնի, որոշել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին հայցվորի միջնորդությունը բավարարել և այդ հարցին անդրադառնալ վերջնական դատական ակտով:
Դատարանը 2022 թվականի մարտի 3-ին վճռել է. «Ռուբեն Գրիգորյանի, Գոհար Գալստյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ ֆինանսների նախարարության՝ պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելու պահանջի մասին քաղաքացիական գործով պատասխանող ՀՀ Կառավարության միջնորդությունը հայցային վաղեմություն կիրառելու մասին բավարարել:
Ռուբեն Գրիգորյանի, Գոհար Գալստյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ ֆինանսների նախարարության՝ պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու պահանջի մասին հայցը մերժել։
Հայցվորներ Ռուբեն Գրիգորյանից և Գոհար Գալստյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել 1,440,000 ՀՀ դրամ նախապես չվճարված պետական տուրքի գումար»:
2.2. Դատարանի 2022 թվականի մարտի 3-ի վճռի դեմ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի ներկայացուցիչը ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 05.09.2022 թ. որոշել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարել և պետական տուրքի վճարումը հետաձգել, ինչպես նաև պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 05.12.2022 թ. որոշել է.
«1. Վերաքննիչ բողոքը մերժել: Թիվ ԵԴ/34667/02/19 քաղաքացիական գործով Դատարանի 03.03.2022 թվականի վճիռը թողնել անփոփոխ:
2. Ռուբեն Գրիգորյանից և Գոհար Գալստյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 2.160.000 (երկու միլիոն մեկ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և Վերաքննիչ դատարանի 05.09.2022 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար»:
2.3. Վճռաբեկ դատարանը, քննելով Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու ՀՀ ֆինանսների նախարարության` պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2022 թվականի որոշման դեմ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, որոշել է թիվ ԵԴ/34667/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2022 թ. որոշման դեմ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
2.4. Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի կողմից 2023 թվականի օգոստոսի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումը՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածի՝ Սահմանադրության 1, 3, 6, 61, 63, 75, 79 և 80-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ խնդրանքով: Սահմանադրական դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի ՍԴԱՈ-110 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունվել «Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
2.5. 2023 թվականի նոյեմբերի 7-ին «Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1699 որոշմամբ արձանագրել է. «1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի հանդիսանում հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի (սեփականության օտարման պահին գործող՝ 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա՝ սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները չեն տարածվում:
(...)»։
2.6. Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունվարի 16-ի ՍԴԱՈ-10 աշխատակարգային որոշմամբ «Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցրել է։
2.7. 2024 թվականի հունվարի 12-ին Դիմողները ՍԴՈ-1699 որոշման հիմքով Վճռաբեկ դատարան են ներկայացրել վճռաբեկ բողոք` «ՀՀ Վճռաբեկ դատարանի ԵԴ/34667/02/19 գործով 22․03․2023 թ․ որոշումը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին»։ ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշել է․
«1․ Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 22․03․2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը։
2․ Թիվ ԵԴ/34667/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05․12․2022 թվականի որոշման դեմ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ։
(․․․)»։
2.8. Գործով զեկուցող դատավորի պահանջով ստացված փաստաթղթերի ու Դատալեքս տեղեկատվական համակարգի միջոցով պարզվել է հետևյալը.
2025 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը կայացրել է որոշում․ «1․ Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05․12․2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
2․ Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
(…)»:
2025 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը ընդունել է որոշում` թիվ ԵԴ/34667/02/19 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին։
2024 թվականի հունիսի 19-ին Դիմողները հայց են ներկայացրել վարչական դատարան «ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող իրավադրույթ ընդունելու հետևանքով Ռուբեն Սերյոժայի Գրիգորյանին և Գոհար Աշոտի Գալստյանին պատճառված վնասը հատուցելու մասին բարենպաստ վարչական ակտ ՀՀ ֆինանսների նախարարությանը ընդունելը պարտավորեցնելու պահանջի մասին», և ներկայումս այդ հիմքով քննվում է ՎԴ/7193/05/24 վարչական գործը։
3. Դիմողների դիրքորոշումները
Դիմողների գնահատմամբ՝ Օրենքի 22-րդ հոդվածի դրույթը (իրավական բացը) չի նախատեսում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու վեճերի վերաբերյալ հայցերի դեպքում՝ պետական տուրքի վճարումից արտոնություն՝ ազատում:
Ըստ Դիմողների՝ անձի սեփականության իրավունքին միջամտությունը՝ օտարման ձևով, հասարակության և պետության կարիքների համար չափազանց խիստ և լուրջ միջամտություն է, որպեսզի այդ միջամտությունից դատական պաշտպանության դիմելու համար սահմանվի այնպիսի սահմանափակում, ինչպիսին վեճի առարկա փոխհատուցման գումարի 3%-ն է, վերաքննիչ բողոքարկման դեպքում՝ 4%, իսկ վճռաբեկ բողոքարկման դեպքում՝ 5%:
Դիմողները նշում են. «Սույն դիմումի հիմքում ընկած գործով Դիմողների վրա, ի կատարումն սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթների, դրվել է 1.144.000,00 և 2.160.000,00 ՀՀ դրամ գումար վճարելու պարտականություն՝ հայցով և վերաքննիչ բողոքով դատարանի մուտք (հասանելիություն) ստանալու համար: Այս ֆինանսական բեռը Դիմողների համար անհամաչափ մեծ է, չի ապահովում դատարանի մատչելիության սահմանափակման համաչափության սահմանադրաիրավական պահանջներին»:
Դիմողները գտնում են, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցում ստանալու վեճերի համար պետական տուրքի նախատեսման նպատակը չի ծառայում պետական տուրք սահմանելու ընդհանուր նպատակին, քանի որ պետության ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում պատճառված վնասի փոխհատուցման դեպքում անձը չպետք է փոխհատուցի արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը:
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու հայցապահանջ ներկայացնելու համար պետական տուրք նախատեսելու պիտանելիության առնչությամբ Դիմողները նշում են, որ պետական տուրքի սահմանումը չի ապահովում վերոնշյալ իրավաչափ նպատակներին հասնելը, քանի որ տվյալ դեպքում խոսքը պետության կողմից օրենքով սահմանված փոխհատուցում տրամադրելու մասին է, ինչը հանրային իշխանության անմիջական պարտականությունն է: Բացի դրանից, գույքի հարկադիր օտարման գործընթացում գործում է պետության և դրա իշխանազորության ներքո գտնվող քաղաքացու ենթակայության սկզբունքը, որով, առանց քաղաքացու կամքի արտահայտության, պետությունը միակողմանիորեն որոշել է ձեռնարկել գույքի հարկադիր օտարման գործընթացը:
Դիմողները գտնում են, որ իրենց նկատմամբ պետական տուրքից ազատելու միջոցով արտոնության չկիրառումը հանգեցրել է սահմանադրական իրավունքների՝ սեփականության պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների անդառնալի խախտմանը, քանի որ հիշատակված իրավունքների պաշտպանության ուղղությամբ դատական պաշտպանություն հայցելու գործընթացն առաջացրել է անհաղթահարելի ֆինանսական պարտավորություններ Դիմողների համար:
Դիմողները հատկանշական են համարում այն, որ պետական տուրքի վճարման անհրաժեշտությունը ծագել է պետության այնպիսի հնարավոր գործողություններից պաշտպանվելու նպատակով, որոնք կարող էին հանգեցրել իրենց սահմանադրական իրավունքների խախտմանը: Պետական տուրքի վճարման հետաձգումը չի ապահովել Դիմողների կողմից իրենց իրավունքների վերականգնման նպատակով դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը, քանի որ հետաձգումն ինքնին շարունակում է պահպանել Դիմողների կողմից դատարան դիմելու համար պետական տուրք և անհամաչափ բարձր պետական տուրք վճարելու պարտավորությունը:
Դիմողների գնահատմամբ՝ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցում ստանալու վեճերի վերաբերյալ հայցերի դեպքում պետական տուրք գանձելու անհրաժեշտությունը չի բխում արդարադատության իրականացման համար կատարված ծախսերի որոշակի փոխհատուցում ապահովելու նպատակից, քանի որ դատարանում հայց հարուցելու անհրաժեշտությունը ծագել է պետության այնպիսի հնարավոր գործողություններից պաշտպանվելու նպատակով, որոնք, հավանական է հանգեցրել են անձանց սահմանադրական բարձր կարևորություն ունեցող իրավունքների խախտմանը:
4. Պատասխանողի դիրքորոշումը
Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), վկայակոչելով Օրենքի 2, 7 և 22-րդ հոդվածները և համադրելով դրանք պետական տուրքի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող՝ Սահմանադրական դատարանի 2010 թվականի մայիսի 25-ի ՍԴՈ-890, ինչպես նաև 2022 թվականի հուլիսի 1-ի ՍԴՈ-1655 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ, գտնում է, որ Օրենքի 22-րդ հոդվածից բխում է, որ հայցվորին պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն տրամադրելու հիմքում ընկած է այն ընդհանուր օրինաչափությունը, համաձայն որի` հատկապես հաշվի են առնվում նման արտոնություն տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վնաս կրելու հետևանքով արդարացի փոխհատուցում պահա նջող անձանց սոցիալապես առավել անապահով վիճակում գտնվելը, կրած վնասի հնարավոր չափերը, հետևաբար՝ նաև գույքային բնույթի հայցապահանջներով պայմանավորված՝ պետական տուրքի չափը, անձանց առավել «խոցելի» կարգավիճակում լինելը:
Պատասխանողը, վկայակոչելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, հայտնում է, որ սեփականատիրոջ մոտ փոխհատուցման իրավունքը ծագում է գույքի օտարման պահին, և անձի իրավունքները ենթադրաբար կարող են խախտվել օտարման պահին փոխհատուցում չստանալուց հետո: Ուստի՝ վնասի հատուցումն անձի քաղաքացիական իրավունքների պաշտպանության ձև է, այլ ոչ թե ենթադրյալ խախտված սեփականության իրավունքի վերականգնում:
Պատասխանողի համոզմամբ՝ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի կիրառմամբ վեճերով դատարան դիմելիս սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու պահանջների նկատմամբ պետական տուրքի վճարումից ազատելու բացառություն սահմանված չէ, քանի որ նման բացառության սահմանումը չի բխի պետական տուրք վճարելու ինստիտուտի բովանդակությունից և նպատակից: Նման պայմաններում Պատասխանողը գտնում է նաև, որ Դիմողների կողմից իրավակարգավորման թերության և օրենսդրական բացի առկայության մասին մատնանշելն անհիմն է:
Պատասխանողի գնահատմամբ. «(…) հայցվող նորմատիվ կանոնի «բացը» հակասահմանադրականության ճանաչման ռեժիմով լրացվելու դեպքում լուրջ վտանգի տակ կարող է դնել պետության իրավական համակարգի և նաև դրանից ածանցյալ՝ ֆինանսական համակարգի կայունությունը, քանի որ նշված կանոնի՝ հնարավոր հետադարձության կարգով կիրառումն առաջ կբերի «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքով դատական ատյաններում դրական ելքով չավարտված գործերով վճարված պետական տուրքերի հետաձգման պահանջներ, ինչով կապակայունացվի թե՛ իրավական համակարգի այդ հատվածը և թե՛ պետական բյուջե մուտքագրված, արդեն իսկ ըստ ոլորտների բաշխված միջոցների, դրանք հավելյալ կերպ ստեղծելու համար պետական բյուջետային համակարգը»:
Պատասխանողը գտնում է, որ թեև սույն դիմումի ներկայացմանը նախորդած դատական վեճը վերաբերում է անձի՝ սահմանադրորեն նախատեսված կարևորագույն իրավունքներից մեկին՝ սեփականության իրավունքին, սակայն փաստացի «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի շրջանակներում դատարան դիմելիս յուրաքանչյուր ոք կրում է ռիսկեր՝ իր հայցի բացասական ելքի դեպքում կրելու «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված վճարման պարտականությունը, եթե իհարկե պետական տուրքի վճարման պարտականությունը հետաձգված է եղել կամ վճարված չէ նախապես:
Անդրադառնալով Դիմողների կողմից վկայակոչվող օրենսդրական բացի կամ թերի կարգավորումների վերաբերյալ պնդումներին՝ Պատասխանողը նշում է, որ «(...) ըստ էության Դիմողների պնդումները միտված են պետական տուրքի գծով արտոնության կիրառման նոր կարգավորումների սահմանելուն, այլ ոչ թե արդեն իսկ առկա կարգավորումների շրջանակներում օրենսդրական բացին կամ թերի լինելուն»:
Ողջ վերոգրյալի հիման վրա՝ Պատասխանողը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Ուսումնասիրելով դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը, գործին առնչվող այլ նյութեր, Պատասխանողի բացատրությունը, հետազոտության առարկա դարձնելով ոլորտը կարգավորող օրենսդրությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴԱՈ-199 աշխատակարգային որոշմամբ անհատական դիմումների ընդունելիության պայմանների վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն՝ իրավունքի պաշտպանության միջոցներն սպառելու և վերջնական դատական ակտով վիճարկվող նորմի կիրառված լինելու, ինչպես նաև վիճարկվող նորմի սահմանադրականության ստուգման արդյունքում այն հակասահմանադրական ճանաչելու իրավական հետևանքների համալիր նպատակը` անհատական դիմումների հիման վրա, իրավական ակտերի սահմանադրականության կոնկրետ վերահսկողության միջոցով Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված՝ մարդու և քաղաքացու հիմնական սահմանադրական իրավունքների պաշտպանությամբ Սահմանադրության գերակայության ապահովումն է։
Սահմանադրական դատարանի՝ 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման մեջ նշված է. «(...) կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով»։
Սահմանադրական կոնկրետ վերահսկողության դեպքում համապատասխան իրավական ակտերի սահմանադրականության ստուգումը Սահմանադրական դատարանի այն լիազորությունն է, որն իրացվում է դատական պաշտպանության միջոցների սպառմամբ, այլ կերպ ասած` երբ սահմանադրական հիմնական իրավունքի ենթադրյալ խախտումից հետո դատական պաշտպանության այլ միջոցների գործադրմամբ այդ իրավունքի վերականգնումն անհնարին է։
Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն գործի նյութերը, արձանագրում է, որ ներկա պահի դրությամբ Դիմողների բարձրացրած խնդրի վերաբերյալ առկա է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի որոշումը, որում նշված է. «(․․․) Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում»։ Միաժամանակ հաշվի առնելով, որ 2025 թ․ մայիսի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է որոշում` թիվ ԵԴ/34667/02/19 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողները, ըստ էության, չեն սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ հիշատակված քաղաքացիական գործի լուծումը` նոր քննության շրջանակներում, ըստ էության, պայմանավորելու է տվյալ գործով դատական ծախսերի, այդ թվում` պետական տուրքի բաշխման հարցը, հետևաբար` նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողները, ըստ էության, չեն սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելուն։ Այս համատեքստում սահմանադրական արդարադատություն հայցող անձինք մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավոր են պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և Սահմանադրական օրենքով։
Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողներն իրավասու չեն դիմելու Սահմանադրական դատարան, քանի որ չեն պահպանել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու և վերջնական դատական ակտով իրենց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պահանջները:
Վերահաստատելով Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
21 նոյեմբերի 2025 թվականի
ՍԴԱՈ-171
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-171
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
