«ԿՐԻՈՍԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-36)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 սեպտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 36 | «ԿՐԻՈՍԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 4 սեպտեմբերի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով «Կրիոսան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ.
1. «Կրիոսան» սահմանափակ պատասխանատվության ընկերության (այսուհետ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի օգոստոսի 9-ին, որով Դիմողը խնդրել է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ և 69-րդ հոդվածները, և հաշվի առնելով Սահմանադրության 1-ին, 74-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածների պահանջները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասին դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր այնքանով, որքանով անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների ծագումը պայմանավորել են ոչ թե անշարժ գույքի հետ կապված գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման փաստով, այլ նոտարական կարգով կնքված պայմանագրի առկայության փաստով»:
2. Ներկայացնելով թիվ ՍնԴ/0026/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ տվյալ գործով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 176-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանությունն այն իմաստով, որ «(…) առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նոտարական կարգով կնքված պայմանագրի հիման վրա կարող է ծագել պայմանագիր կնքած անձի սեփականության իրավունքը և այդ գույքը կարող է դուրս գալ սնանկ ճանաչված անձի գույքի կազմից, հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հաշվի առնելով Սահմանադրության 1-ին, 74-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածների պահանջները»: Դիմողի պնդմամբ «(…) ստացվում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, հաշվի չառնելով անշարժ գույքի վրա դրված արգելանքները և/կամ սահմանափակումները, կարող են նոտարական կարգով կնքել գործարք ու առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, այդ գույքի նկատմամբ ձեռք բերել սեփականություն, իսկ սեփականության իրավունքի ձեռք բերումն էլ ավելի կհեշտանա, եթե գույքը վաճառողը լինի պետությունը»: Դիմողը գտնում է, որ « (…) վիճարկվող նորմին տրված մեկնաբանության լույսի ներքո ստացվում է, որ սնանկության գործի շրջանակում կիրառված արգելանքների և սահմանափակումների պայմաններում պարտապանի գույքի նկատմամբ ընդամենը նոտարական կարգով կնքված պայմանագրի հիման վրա կարող է ծագել այլ անձի սեփականությունը ու այդ գույքը շատ հանգիստ կարող է դուրս գալ սնանկ ճանաչված անձի գույքի կազմից»: Ըստ Դիմողի «(…) վիճարկվող նորմին Դատարանների կողմից տրված մեկնաբանությունն այնքանով, որքանով, որ առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նոտարական կարգով կնքված պայմանագրի հիման վրա կարող է ծագել պայմանագիր կնքած անձի սեփականության իրավունքը, հանգեցնում է դիմողի արդար դատական քննության իրավունքի խախտմանը, այն իմաստով, որ սնանկության գործի շրջանակում օրենքով սահմանված կարգով իր պահանջը գրանցած պարտատերը զրկվում է իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունից, քանի որ վիճարկվող նորմին տրված մեկնաբանության արդյունքում գույքը դուրս է գալիս սնանկ ճանաչված անձի գույքի կազմից, ու փաստացի ստացվում է, որ պարտատիրոջ համար ընդամենն առկա է լինում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին կնիքված որոշում, որը սակայն, սնանկ ճանաչված անձի գույքի անբավարարության հիմքով մնալու է անկատար»: Դիմողը գտնում է, որ «(…) Օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանությունը այն իմաստով, որ առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նոտարական կարգով կնքված պայմանագրի հիման վրա կարող է ծագել պայմանագիր կնքած անձի սեփականության իրավունքը և այդ գույքը կարող է դուրս գալ սնանկ ճանաչված անձի գույքի կազմից, հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին այնքանով, որքանով չի ապահովում սնանկության գործի շրջանակում պահանջատերերի իրենց պահանջի դիմաց բավարարում ստանալու իրավունքը»:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմին պարզ է դառնում, որ թիվ ՍնԴ/0026/02/19 քաղաքացիական գործով «Գուդռենտ» ՍՊ ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Տորգտրանս» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Տորգտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության երրորդ անձինք` Կրիոսան» ՍՊ ընկերություն, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Էլիտ Շանթ» ՍՊ ընկերություն, ՌՌՌ» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերություն, Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերություն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, Անուշ Լինի» ՍՊ ընկերություն, Յունիբանկ» ԲԲ ընկերություն, ԽԱՄՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերություն` սեփականության իրավունքը ճանաչելու և գույքն արգելանքից հանելու պահանջների մասին: Այսպիսով նշված քաղաքացիական գործի շրջանակներում Դիմողը հանդիսացել է երրորդ անձ: Սնանկության դատարանի 2021 թվականի ապրիլի 22-ի վճռով «Գուդռենտ» ՍՊ ընկերության հայցը սեփականության իրավունքը ճանաչելու և գույքն արգելանքից հանելու պահանջների մասին, մերժվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի մարտի 11-ի որոշմամբ «Յունիբանկ» ԲԲ ընկերության և «Գուդռենտ» ՍՊ ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքները բավարարվել են։ Թիվ ՍնԴ/0026/02/19 քաղաքացիական գործով Սնանկության դատարանի կողմից 2021 թվականի ապրիլի 22-ին կայացված վճիռը բեկանվել է և փոփոխվել: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի փետրվարի 7-ին կայացրած որոշմամբ մերժել է թիվ ՍնԴ/0026/02/19 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի մարտի 11-ի որոշման դեմ «Կրիոսան» ՍՊԸ-ի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2022 թվականի մարտի 11-ի որոշմամբ նշել է. «(…) հայցվորը գտնում է, որ իր սեփականության իրավունքն առկա է, սակայն անհրաժեշտ է դրա իրավաբանական ճանաչումը, ձևակերպումը իր իրավազորությունների իրականացումը հնարավոր դարձնելու կամ այլ անձանց պահանջները բացառելու համար։ Այսպիսով, այդպիսի հայցադիմումով ներկայացված պահանջի շրջանակներում դատարանները կարող են հաստատել սեփականության իրավունքը, ըստ էության, հաստատել և այլոց համար ճանաչելի դարձնել գոյություն ունեցող իրավունքները։ (…)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դեռևս 27.11.2015 թվականին հայցվորը պետության ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ, կնքել է առուվաճառքի պայմանագիր, ընդ որում պայմանագրում նշվել է, որ գույքի արժեքը վճարվել է։ Այնուամենայնիվ, պայմանագրի կնքումից հետո հայցվորը պետության կողմից ի դեմս պետական տարբեր մարմինների, սահմանված սահմանափակումների արդյունքում չի կարողացել իրականացնել իր սեփականության իրավունքի պետական գրանցում։ Նախ գրանցման մերժման համար հիմք է հանդիսացել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված արգելանքները, որոնք թիվ ՎԴ/2178/05/16 վարչական գործով հանվել են։ Այնուհետև, գրանցման մերժման համար հիմք է հանդիսացել այն, որ թիվ ԵԱՔԴ/0058/04/16 սնանկության գործով «Տորգտրանս» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, իսկ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կիրառված արգելանքները Ե120004042034, Ե12000417881 օրենքով սահմանված կարգով հանված չեն։ Սույն քաղաքացիական գործի ամենանշանակալի առանձնահատկությունն այն է, որ հայցվորը պայմանագրային հարաբերությունների մեջ է մտել պետության հետ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ, ինչը նշանակում է, որ պետությունը ստանձնել է պարտավորություն ի սեփականություն հանձնել խնդրո առարկա գույքը։ (…)
Սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ կարևոր է այն, որ վեճի առարկա գույքի առուվաճառքն իրականացվել է նախքան սնանկության վարույթի հարուցումը, իսկ հայցվորը պետության հետ կնքված պայմանագրի առկայության պահից «օրինական ակնկալիք» է ունեցել, որ իր իրավունքը ենթակա է գրանցման (այնուամենայնիվ, իրավունքը հնարավոր չի եղել գրանցել տարբեր արգելանքների պատճառով), մինչդեռ հայցվորը պայմանագրով ստանձնած իր պարտավորություններն ամբողջությամբ կատարել է։ Ընդ որում, էական է այն, որ գույքի վաճառքն իրականացվել է նախքան սնանկությունը, այսինքն եթե մինչ այդ մնացած արգելանքները հանված լինեին, ապա այդ գույքը չէր էլ ներառվի սնանկության վարույթում պարտապանի գույքային զանգվածի մեջ։ (…)
Հակառակ պարագայում կստացվի, որ նույն գույքի վաճառքի միջոցով պարտապանը կատարում է քաղաքացիական գործով կնքված հաշտության համաձայնության պահանջները, իսկ հետագայում նույն գույքը ներառվում է սնանկության վարույթում պարտապանի գույքային զանգվածի մեջ, նույն գույքը կարող է կրկին իրացվել և ուղղվել այլ պարտատիրոջ պահանջի բավարարմանը։ (…)
Վերաքննիչ դատարանը հատկապես կարևորում է, որ նմանատիպ պահանջներով բնականաբար անձի սեփականության իրավունքը գրանցված լինել չի կարող, հակառակ դեպքում իմաստազուրկ կլինի սեփականության իրավունքի ճանաչման հայց ներկայացնելը, միաժամանակ այն մեկնաբանությունը, որ եթե իրավունքը գրանցված չէ, ապա չի ծագել, առարկայազուրկ և անկիրառելի է դարձնում առհասարակ սեփականության իրավունքի ճանաչման դատավարական ինստիտուտը. նման պահանջով հայցերը անշարժ գույքի կապակցությամբ կբացառվեն»: Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը կարևոր է համարում ընդգծել, որ թիվ ՍնԴ/0026/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում հայցվոր «Գուդռենտ» ՍՊ ընկերությունը դատարան է դիմել անշարժ գույքը որպես իր սեփականություն ճանաչելու և այն արգելանքից հանելու պահանջով: Ստացվում է, որ սույն գործով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով համապատասխան անշարժ գույքը նախ ճանաչվել է որպես «Գուդռենտ» ՍՊ ընկերության սեփականություն և, այնուհետև, հենց նշված հանգամանքով պայմանավորված հանվել արգելանքից: Ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ «Գուդռենտ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը խնդրո առարկա անշարժ գույքի նկատմամբ ճանաչվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Ինչ վերաբերում է գույքն արգելանքից հանելուն, ապա նշվածն էլ, նույն քաղաքացիական գործի շրջանակներում, եղել է անշարժ գույքի նկատմամբ «Գուդռենտ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքի ճանաչման իրավական հետևանքը, որը ևս հստակ կերպով արձանագրվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՍնԴ/0026/02/19 քաղաքացիական գործով ինչպես վերաքննիչ քաղաքացիական դատարանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերին, վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանների գործողությունների իրավաչափությանը, որի ստուգումը Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարց չէ: Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Կրիոսան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Հ. Հովակիմյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Թունյան
4 սեպտեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-36
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-36
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
