ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 սեպտեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 29 | ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
10 սեպտեմբերի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Հ. Դանիելյանի
Մ. Թոփուզյանի
Քննության առնելով քաղաքացի Կարապետ Հաջիյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Կարապետ Հաջիյանը 2010թ. օգոստոսի 26-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 143-րդ հոդվածը վերաբերում է վճռի պարզաբանմանը, վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղմանը։
Դիմողի կարծիքով, նշված նորմը սահմանափակում է վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից կայացված որոշումներին պարզաբանումներ տալու և դրանցում տեղ գտած վրիպակներն ուղղելու հնարավորությունը, որի արդյունքում, ըստ դիմողի, խախտվում են քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները։
2. Դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների համալիր վերլուծությունը վկայում է, որ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են։ Այսինքն վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարցը։
Տվյալ եզրահանգումը հիմնավորվում է այն փաստով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի թույլ տված վրիպակներն ուղղելու մասին 23.07.2010թ. թիվ ՎԴ/3986/05/09 որոշման մեջ վճռաբեկ դատարանը ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածով, ինչը վկայում է այն մասին, որ դատական պրակտիկայում վերոհիշյալ հոդվածում նշված «վճիռ» բառը չի ենթադրում միայն վճիռը, այլ նաև ենթադրում է դատական ակտն ընդհանրապես։ Այս հանգամանքը վկայում է, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը վերաբերում է ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականությանը, այլ ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումը վերադարձնելու մասին 23.07.2010թ. թիվ ՎԴ/3986/05/09 որոշման իրավաչափությանը։
3. ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Կարապետ Հաջիյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող
Անդամներ
10 սեպտեմբերի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/2-29
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 սեպտեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-29
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
