Թադևոսյան — ԵԴ/0618/01/19
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 18. Անմեղության կանխավարկածը · Հոդված 25. Ապացույցների ազատ գնահատումը · Հոդված 126. Ապացույցների ստուգումըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2018 թվականի հունիսի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62219518 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ Սամվել Երվանդի Թադևոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմ
Ամբողջ Տեքստ
ԵԴ/0618/01/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան
Դատավորներ՝ Ն.Հովակիմյան
Ա.Նիկողոսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
7 սեպտեմբերի 2023 թվական քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալներ Սամվել Երվանդի Թադևոսյանի և Վիտալի Էդիկի Աֆյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի փետրվարի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը[1],
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի հունիսի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62219518 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ Սամվել Երվանդի Թադևոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ս.Թադևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ Վիտալի Էդիկի Աֆյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Վ.Աֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ կալանք է դրվել Ս.Թադևոսյանի և Վ.Աֆյանի գույքի վրա: Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 1-ի որոշումներով ժամանակավորապես դադարեցվել է Ս.Թադևոսյանի և Վ.Աֆյանի պաշտոնավարումը: 2019 թվականի օգոստոսի 9-ին Սամվել Թադևոսյանի և Վիտալի Աֆյանի վերաբերյալ քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռով ամբաստանյալ Սամվել Թադևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Ս.Թադևոսյանի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և վերջինս ազատվել է նշանակված պատժից։ Ամբաստանյալ Ս.Թադևոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Ամբաստանյալ Ս.Թադևոսյանի նկատմամբ կիրառված պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Նույն դատավճռով ամբաստանյալ Վիտալի Աֆյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Վ.Աֆյանի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և վերջինս ազատվել է նշանակված պատժից։ Ամբաստանյալ Վ.Աֆյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Ամբաստանյալ Վ.Աֆյանի նկատմամբ կիրառված պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
3. Մեղադրող Վ.Դոլմազյանի, ամբաստանյալ Ս.Թադևոսյանի պաշտպան Ն.Չիքիլիզյանի, ամբաստանյալ Վ.Աֆյանի պաշտպաններ Ա.Առաքելյանի և Վ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը 2021 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ մեղադրող Վ.Դոլմազյանի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ ամբաստանյալ Ս.Թադևոսյանի պաշտպան Ն.Չիքիլիզյանի, ամբաստանյալ Վ.Աֆյանի պաշտպաններ Ա.Առաքելյանի և Վ.Թադևոսյանի վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճիռը, Սամվել Թադևոսյանին և Վիտալի Աֆյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացրել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանը հայտնել է հատուկ կարծիք՝ գտնելով, որ ամբաստանյալների պաշտպանների բողոքները ևս պետք է մերժվեին, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճիռը պետք է թողնվեր անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի փետրվարի 18-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, ուստի այն ենթակա է բեկանման: Բողոքաբերը, մասնավորապես նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 18-րդ, 25-րդ, 35-րդ, 105-րդ, 107-րդ, 126-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, արդյունքում սխալ է գնահատել ապացույցները և «հիմնավոր կասկածից վեր» ապացույցների պայմաններում անհիմն կերպով արդարացրել է ամբաստանյալներին` կամայական մոտեցում ցուցաբերելով ապացույցների գնահատմանը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ապացույցները վերլուծելիս և դրա արդյունքում ամբաստանյալներին արդարացնելիս հակասել է ապացույցների բավարարությանը և ապացուցման գործընթացի իրավաչափությանը վերաբերող` Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին: Բողոքաբերը, մեջբերելով գործում առկա փաստական տվյալները, ձեռք բերված ապացույցները, վերլուծելով ամբողջ ձայնագրության բովանդակությունը և դրա տրամաբանությունը, հանգել է հետևության, որ դրանք բավարար հիմք են տալիս Կ.Խաչատրյանի ցուցմունքներն արժանահավատ, իսկ ամբաստանյալների ցուցմունքներն անարժանահավատ գնահատելու համար: Բողոքաբերի կարծիքով, ամբաստանյալների կողմից իրենց մեղսագրված հանցանքները կատարելու հանգամանքն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրական դատավճռի հիմքում դրված՝ քրեական գործին վերաբերող, փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Հետևաբար, դատաքննությամբ հետազոտված ապացույցների բավարար ամբողջությամբ «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան հիմնավորված են ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներում նրանց մեղավոր ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 18-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռին: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Նախաքննության մարմնի կողմից Սամվել Թադևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…)[Նա], զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 3-րդ սպայական դասակի տեսուչի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018թ․ հունիսի 3-ին նույն դասակի տեսուչ Վիտալի Աֆյանի հետ նախնական համաձայնությամբ, ակնհայտ ապօրինի անգործության դիմաց, ստացել է կաշառք: Այսպես.
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 3-րդ սպայական դասակի տեսուչ Սամվել Թադևոսյանը նույն դասակի տեսուչ Վիտալի Աֆյանի հետ 2018թ․ հունիսի 3-ին նույն դասակի ավագ տեսուչի կողմից կազմված տեղաբաշխման սխեմայի համաձայն՝ իրենց ամրակցված 772 II 01 հաշվառման համարանիշի, «1154» կողային համարի ծառայողական ավտոմեքենայով Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում իրականացրել են ծառայություն և ժամը 17:00-ի սահմաններում, նկատել և ազդանշանով կանգնեցրել են վարչական իրավախախտում թույլ տված Կարեն Խաչատրյանի կողմից վարվող «Ռենո» մակնիշի, անընթեռնելի հաշվառման համարանիշով ավտոմեքենան: Այնուհետև Վիտալի Աֆյանը Կարեն Խաչատրյանին պարզաբանել է վերջինիս կատարած իրավախախտման բնույթը և պահանջել ներկայացնել ավտոմեքենայի հաշվառման վկայագիրն ու վարորդական վկայականը: Հիշյալ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մյուս տեսուչ Սամվել Թադևոսյանը նրան պարզաբանել է, որ թույլ տված վարչական իրավախախտման համար ենթակա է վարչական պատասխանատվության, որի համար նախատեսված է տուգանք 10.000 ՀՀ դրամի չափով: Նույն ժամանակ Սամվել Թադևոսյանը և Վիտալի Աֆյանը նախնական համաձայնությամբ, ակնհայտ ապօրինի անգործության` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց Կարեն Խաչատրյանից պահանջել և ստացել են 3.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն քողարկել են իրենց հանցավոր գործողությունները` Սամվել Թադևոսյանը Կարեն Խաչատրյանին առաջարկել է 10.000 ՀՀ դրամի փոխարեն տեղում վճարել 3.000 ՀՀ դրամ, իբրև տուգանքի գումար: Չգիտակցելով ոստիկանության ծառայողներին կաշառք տալու հանգամանքը, Կարեն Խաչատրյանը պահանջված 3.000 ՀՀ դրամ գումարը ցանկացել է տալ Վիտալի Աֆյանին, սակայն վերջինս հրաժարվել է բացահայտ վերցնելուց` հասկացնելով, որ գումարը փոխանցի քողարկված կերպով, ինչից հետո Սամվել Թադևոսյանի պահանջով Կարեն Խաչատրյանը կաշառքի առարկա հանդիսացող 3.000 ՀՀ դրամը դրել է 772 II 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին: Ստացած կաշառքի դիմաց Վիտալի Աֆյանը և Սամվել Թադևոսյանը չեն արձանագրել Կարեն Խաչատրյանի կողմից թույլ տրված վարչական իրավախախտումը, վերջինիս չեն ենթարկել վարչական պատասխանատվության և թույլատրել են շարունակել երթևեկությունը»: Նախաքննության մարմնի կողմից Վիտալի Աֆյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…)[Նա], զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 3-րդ սպայական դասակի տեսուչի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018թ․ հունիսի 3-ին նույն դասակի տեսուչ Սամվել Թադևոսյանի հետ նախնական համաձայնությամբ, ակնհայտ ապօրինի անգործության դիմաց, ստացել է կաշառք: Այսպես.
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 3-րդ սպայական դասակի տեսուչ Վիտալի Աֆյանը նույն դասակի տեսուչ Սամվել Թադևոսյանի հետ 2018թ․ հունիսի 3-ին նույն դասակի ավագ տեսուչի կողմից կազմված տեղաբաշխման սխեմայի համաձայն՝ իրենց ամրակցված 772 II 01 հաշվառման համարանիշի, «1154» կողային համարի ծառայողական ավտոմեքենայով Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում իրականացրել են ծառայություն և ժամը 17:00-ի սահմաններում, նկատել և ազդանշանով կանգնեցրել են վարչական իրավախախտում թույլ տված Կարեն Խաչատրյանի կողմից վարվող «Ռենո» մակնիշի, անընթեռնելի հաշվառման համարանիշով ավտոմեքենան: Այնուհետև Վիտալի Աֆյանը Կարեն Խաչատրյանին պարզաբանել է վերջինիս կատարած իրավախախտման բնույթը և պահանջել ներկայացնել ավտոմեքենայի հաշվառման վկայագիրն ու վարորդական վկայականը: Հիշյալ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մյուս տեսուչ Սամվել Թադևոսյանը նրան պարզաբանել է, որ թույլ տված վարչական իրավախախտման համար ենթակա է վարչական պատասխանատվության, որի համար նախատեսված է տուգանք 10.000 ՀՀ դրամի չափով: Նույն ժամանակ Վիտալի Աֆյանը և Սամվել Թադևոսյանը նախնական համաձայնությամբ, ակնհայտ ապօրինի անգործության` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց Կարեն Խաչատրյանից պահանջել և ստացել են 3.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն քողարկել են իրենց հանցավոր գործողությունները` Սամվել Թադևոսյանը Կարեն Խաչատրյանին առաջարկել է 10.000 ՀՀ դրամի փոխարեն տեղում վճարել 3.000 ՀՀ դրամ, իբրև տուգանքի գումար: Չգիտակցելով ոստիկանության ծառայողներին կաշառք տալու հանգամանքը, Կարեն Խաչատրյանը պահանջված 3.000 ՀՀ դրամ գումարը ցանկացել է տալ Վիտալի Աֆյանին, սակայն վերջինս հրաժարվել է բացահայտ վերցնելուց` հասկացնելով, որ գումարը փոխանցի քողարկված կերպով, ինչից հետո Սամվել Թադևոսյանի պահանջով Կարեն Խաչատրյանը կաշառքի առարկա հանդիսացող 3.000 ՀՀ դրամը դրել է 772 II 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին: Ստացած կաշառքի դիմաց Վիտալի Աֆյանը և Սամվել Թադևոսյանը չեն արձանագրել Կարեն Խաչատրյանի կողմից թույլ տրված վարչական իրավախախտումը, վերջինիս չեն ենթարկել վարչական պատասխանատվության և թույլատրել են շարունակել երթևեկությունը»[2]: 7.1. Վկա Կարեն Խաչատրյանն իր ցուցմունքներում հայտնել է հետևյալը. «(...) 2018 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իրեն պատկանող՝ «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով երթևեկել է Տիգրան Մեծի պողոտայով՝ «Ռոսիա» կինոթատրոնի ուղղությամբ: «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ իր ավտոմեքենան կանգնեցրել են ճանապարհային ոստիկանները, ովքեր ծառայություն են կատարել «1154» կողային համարով ավտոմեքենայով: Ավտոմեքենան կանգնեցնելուց հետո մոտեցել է ոստիկաններին: Վարորդի կողքի նստատեղին նստած ոստիկանին՝ Վիտալի Աֆյանին, հարցրել է, թե ինչու են կանգնեցրել իր ավտոմեքենան: Վիտալի Աֆյանը ցույց է տվել ավտոմեքենայի հաշվառման համարանիշը, որը փակված է եղել, պատճառաբանել է, որ կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Վիտալի Աֆյանին հայտնել է, որ ինքը չի փակել ավտոմեքենայի հաշվառման համարանիշը: Վիտալի Աֆյանն իր խոսքերը փոխանցել է մյուս ոստիկանին՝ Սամվել Թադևոսյանին, որից հետո կրկին մոտեցել է իրեն ու պահանջել է վարորդական վկայականն ու ավտոմեքենայի փաստաթղթերը: Մոտեցել է իր ավտոմեքենային ու վերցրել նշված փաստաթղթերը, միաժամանակ ավտոմեքենայում առկա ձայնագրող սարքը միացրել ու դրել է իր վերնաշապիկի գրպանում, որից հետո մոտեցել է ճանապարհային ոստիկաններին: Սամվել Թադևոսյանն իրեն տեղեկացրել է, որ ավտոմեքենայի համարանիշը փակելու համար նախատեսված է 10.000 ՀՀ դրամ վարչական տույժ: Սամվել Թադևոսյանին պատասխանել է, որ 10.000 դրամ երեք օրում է վաստակում, կրկին հերքել է ավտոմեքենայի համարանիշն իր կողմից փակված լինելու հանգամանքը: Այնուհետև Սամվել Թադևոսյանն ասել է, որ լավություն կանի և 10.000 դրամի փոխարեն 5.000 դրամ վարչական տույժի կենթարկի, ինչին ինքը չի առարկել: Այնուհետև Սամվել Թադևոսյանն ասել է, որ ևս մեկ լավություն կանի, հարցրել է՝ կարող է 3.000 ՀՀ դրամ չեկով տեղում վճարել, թե ոչ: Պատասխանել է, որ կարող է վճարել, հայտնել է, որ իր մոտ առկա է 10.000 և 1.000 դրամ անվանական արժեքով թղթադրամներ, ձեռքը տարել է գրպանը՝ գումարը հանելու և վճարելու համար: Սամվել Թադևոսյանը պահանջել է գումարն այդ կերպ չտալ, այլ իր ավտոմեքենայի մեջ առանձնացնել ու փոխանցել: Դրանից հետո մոտեցել է իր ավտոմեքենային, գրպանից հանել է 3.000 ՀՀ դրամ ու մոտեցել ոստիկաններին՝ գումարը նրանց տալու համար: Վիտալի Աֆյանը պահանջել է այդ կերպ գումարը չտալ, ինչից ինքը կրկին զարմացել է՝ կարծելով, թե ոստիկանները ծաղրում են իրեն: Սամվել Թադևոսյանը պահանջել է գումարը դնել վարորդի կողքի նստատեղին, ինչն էլ ինքն արել է: Այնուհետև Սամվել Թադևոսյանի պահանջով բացել է ավտոմեքենայի փակված համարանիշը, որից հետո ոստիկանները հեռացել են՝ չկազմելով վարչական տույժի ենթարկելու մասին արձանագրություն: Հաջորդ օրը կատարվածի մասին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին՝ պարզելու համար ճանապարհային ոստիկանները իրեն վարչական տույժի ենթարկելու մասին արձանագրություն կազմել են, թե ոչ: 2018 թվականի հունիսի 13-ին և 14-ին իրեն զանգահարել է մի տղամարդ, ներկայացել որպես Վիտալի Աֆյանի հայր, խնդրել է հանդիպել և միասին գնալ քննիչի մոտ, խոստացել է իր բոլոր ծախսերը հոգալ: Ինքը մերժել է Վիտալի Աֆյանի հոր առաջարկը և չի հանդիպել նրա հետ (...)[3]»: 7.2. Իր ցուցմունքները Կ.Խաչատրյանը պնդել է նաև Ս.Թադևոսյանի և Վ.Աֆյանի հետ առերես հարցաքննության ժամանակ[4]: 7.3. Դեպքի վայրի զննություն կատարելու մասին 2018 թվականի հուլիսի 12-ի արձանագրության համաձայն՝ զննման մասնակից Կարեն Խաչատրյանը մատնացույց է արել Երևան քաղաքի Տիգրան Մեծ և Զավարյան փողոցների խաչմերուկի մոտակա հատվածը և հայտարարարել, որ 2018 թվականի հունիսի 3-ին նշված վայրում իր վարած ավտոմեքենան կանգնեցրել են ճանապարհային ոստիկանները, որոնց տվել է 3.000 ՀՀ դրամ[5]: 7.4. Կարեն Խաչատրյանի կողմից ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում ներկայացված լազերային սկավառակը վերջինիս մասնակցությամբ զննելու մասին 2018 թվականի հուլիսի 20-ին կազմված արձանագրության համաձայն՝ ձայնագրության զննմամբ պարզվել է, որ Կարեն Խաչատրյանի, Վիտալի Աֆյանի և Սամվել Թադևոսյանի միջև տեղի է ունեցել հետևյալ բովանդակությամբ խոսակցությունը. «ՃՈ ավտոմեքենայի վարորդ [Սամվել Թադևոսյան]– Ինչը
Կարեն Խաչատրյան–Հա, հա.../չի հասկացվում/, դրիք ճապոնական շպիոնի տեղ
ՃՈ ավտոմեքենայի վարորդ- խի ես փակել է
Կարեն Խաչատրյան- Արա ես չեմ փակե այ կյանքիդ մեռնեմ
ՃՈ ավտոմեքենայի վարորդ- Ով ա փակե
Կարեն Խաչատրյան- էդ թշնամի շոֆեռները
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– /...չի հասկացվում.../
Կարեն Խաչատրյան- Օռաշ անբարոյականի ծնունդները, խնդրեմ մեռնեմ կյանքիդ: Հը՞:
Խոսակցության ընթացքում լսվում է նաև ռադիոկապով տարվող խոսակցություն՝ Արեգ, 203-ն եմ և այլ բովանդակությամբ։ ճՈ ավտոմեքենայի վարորդ- Ես ինչ ա, համարներդ ինչ ա։
Կարեն Խաչատրյան- Տո ես շատ գիդեմ ինչ ա է, էս ինչ ա, էս էլ պռավեն ընգեր
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– /...չի հասկացվում../ 10 հազար դրամ։
Կրկին լսվում է ռադիոկապի ձայնը:
Կարեն Խաչատրյան-Մի հատ իջցրա էլի սրա ձենը։ Մեռնեմ կյանքիդ, ես 10.000 դրամ 3 օրում եմ աշխատում ՃՈ ավտոմեքենայի վարորդ– /... չի հասկացվում.../ 5.000 /...չի հասկացվում.../
Կարեն Խաչատրյան- Լավ էլի, դե լավություն ես անում, մինչև վերջ արա
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– /...չի հասկացվում.../
Կարեն Խաչատրյան-մեռնեմ կյանքիդ, բան արա էթամ էլի, անպայման պտի գրես
ՃՈ ավտոմեքենայի վարորդ–/...չի հասկացվում../ անպայման, գործի հնչի ես եկե
Կարեն Խաչատրյան- Գործի ինչի եմ հելե, որ հացի փող առնեմ, խի եմ հելե
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– էդի քո աշխատանքն ա, ես էլ մեր աշխատանքն ա
Կարեն Խաչատրյան- Լավ, դու գիդես, գրի
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– /...չի հասկացվում.../
Կարեն Խաչատրյան – Բա ես բոմժ եմ, հասցե չունեմ, բոմժ եմ, բոմժ, հասցե չունեմ
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– /...չի հասկացվում../ գիշերը որտե ես քնում
Կարեն Խաչատրյան– Մաշնի մեջ մեռնեմ կյանքիդ
ՃՈ ավտոմեքենայի վարորդ- Գրեմ Տիգրան Մեծ
Կարեն Խաչատրյ ան - Ոնց կուզես գրի
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– Լսի Կարեն
Կարեն Խաչատրյան- Լսում եմ
ՃՈ ավտոմեքենայի վարորդ- Մի հատ էլ եմ լավություն անում, չեկով բան եմ անում, 3.000 արագություն եմ գրում, չեկով տեղում վճարում կատարում ես Կարեն Խաչատրյան- Արա մեռնեմ կյանքիդ, ըհն, տեղում ինչքան վճարեմ
ՃՈ ավտոմեքենայի վարորդ- Չէ, չէ, ցածր պահի, չեղավ էդի
Կարեն Խաչատրյան- Ցածր ինչ, մեզ հետևում են
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– Կարող ա հետևում են
Կարեն Խաչատրյան–Կ...դ կերել են հետևողները
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– Դե հիմի
Կարեն Խաչատրյան- 10.000 ա, մեկ էլ կայնի, հիմի ձեռս կոխեմ ջեբս, թե չէ
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– Չէ, գնա էնյան, հետ գնա ասեմ, գնա ավտոյիդ մեջ դզի արի
Կարեն Խաչատրյան- Ավտոյի մեջ
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– Հա։
Վայրկյաններ անց լսվում է տղամարդու ձայն։ Կարեն Խաչատրյանը հայտարարեց, որ դա երիտասարդ ոստիկանի ձայնն է, ով նստած է եղել ՃՈ ծառայողական ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին։ Նշված հրիտասարդ ոստիկանն ասում է՝ «Չէ, չէ, տենց չեղավ»: Այնուհետև ծավալվում է հետևյալ խոսակցությունը. Կարեն Խաչատրյան- /ծիծաղում է/ Ոնց անեմ, ասեք, ոնց անեմ
ՃՈ ավտոմեքենայի վարորդ- Վիտո, /...չի հասկացվում.../
Կարեն Խաչատրյան-Ոնց անեմ
ՃՈ ավտոմեքենայի վարորդ - /...չի հասկացվում.../ Ինչ անեմ
Կարեն Խաչատրյան- Հը՞
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– /...չի հասկացվում.../ ձեռդ, /...չի հասկացվում.../, Վիտո, Վիտո
Կարեն Խաչատրյան-Ինչ անեմ
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– /...չի հասկացվում.../ դիր ըտե,
Կարեն Խաչատրյան- Դնեմ ստե
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– Հա
Կարեն Խաչատրյան- 3.000: Մերսի, ձեր գործերին հա... /չի ավարտում/
ՃՈ ավտոմեքենայի վարորդ– էդի բացի, էդի բացի
Կարեն Խաչատրյան- հա, հեսա ես բացեմ, սենց բան անողի [հայհոյանք], էս փագողի
ՃՈ ավտոմեքենայի վարորդ- Բացի, հենց հիմի բացի ես տենամ
Կարեն Խաչատրյան- Հենց հիմի բացեմ։
Մի քանի վայրկյան հետո լսվում է Կարեն Խաչատրյանի ձայնը, ով ասում է «1154»։ Այնուհետև ձայնագրությունն ավարտվում է»[6]:
8. Առաջին ատյանի դատարանը՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռով արձանագրել է. «(…) [Գ]նահատելով ամբաստանյալ Կարեն Խաչատրյանի կողմից գաղտնի իրականացված ձայնագրության՝ որպես ապացույց թույլատրելիության հարցը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.
- ըստ գործի նյութերի այդ ձայնագրությունն իրականացվել է հասարակական վայրում՝ փողոցում,
- Վ.Աֆյանը և Ս.Թադևոսյանը հանդիսացել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ և ձայնագրման պահին գտնվել են ծառայության մեջ,
- ՀՀ կառավարության «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» 2006թ. նոյեմբերի 23-ի թիվ 1769-Ն որոշման 12-րդ կետի համաձայն. «Պարեկային ավտոմոբիլները (մոտոցիկլետները) պետք է կահավորված լինեն (...) իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն), կապի միջոցներով, (...): Ծառայություն իրականացնող պարեկային ավտոմոբիլում (մոտոցիկլետի վրա) տեղադրված տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը և երթևեկության ուղղությունը ցույց տվող սարքավորումը և (կամ) ճանապարհապարեկային ծառայության իրականացման հսկողական տեսախցիկը պետք է միացվեն ծառայության դուրս գալու պահից և չանջատվեն (հսկողական տեսախցիկը` բացառությամբ ընդմիջման ժամանակի) մինչև ծառայության ավարտից հետո շարային ստորաբաժանում վերադառնալը: Եթե ծառայության ընթացքում այդ սարքերը շարքից դուրս են գալիս, ապա կարգախմբի ավագը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղեկացնել շարային ստորաբաժանման հերթապահին կամ հրամանատարին և հրամանատարի ցուցումով վերադառնալ շարային ստորաբաժանում` տեխնիկական թերությունները վերացնելու համար»,
- ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի 2016թ. դեկտեմբերի 5-ի թիվ 301-Ա հրամանի համաձայն՝ հրամայվել է ծառայողի համազգեստի վրա տեղադրել տեսախցիկներ, որոնք պետք է միացված մնան ծառայողի ծառայության ամբողջ ժամանակահատվածում,
- դեպքի պահին ամբաստանյալներ Վ.Աֆյանին և Ս.Թադևոսյանին հատկացված անհատական տեսանկարահանող սարքերը, ինչպես նաև «1154» կողային համարով ծառայողական ավտոմեքենայում տեղադրված տեսանկարահանող սարքն անջատված են եղել /դատական նիստի արձանագրություն, գ.թ. 261, 264-265/: Վերը մեջբերված իրավական դիրքորոշումները կիրառելով վերոնշյալ փաստերի նկատմամբ՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Ս.Թադևոսյանը և Վ.Աֆյանը Կ.Խաչատրյանի կողմից իրենց գաղտնի ձայնագրելու պահին ողջամտորեն չեն ունեցել իրենց մասնավոր կյանքի գաղտնիության լեգիտիմ ակնկալիք: Հետևաբար նրանք չէին կարող «պահանջել մեկուսացում» և ողջամտորեն ակնկալել, որ գտնվում են անձնական կյանքի տիրույթում։ Նշված երաշխիքի լեգիտիմ ակնկալիքի բացակայության պայմաններում միայն կարող է քննարկման առարկա դարձվել դրա սահմանափակման իրավաչափության հարցը, ինչը սույն դեպքում առկա չէ, ուստի Դատարանը գտնում է, որ հիշյալ ձայնագրության թույլատրելիության մնացած չափանիշների գնահատումն իմաստազուրկ է։ Վերոհիշյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ քննարկվող ապացույցը համապատասխանում է թույլատրելիության չափանիշին: Ինչ վերաբերում է դրա արժանահավատության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկներին՝ Դատարանն արձանագրում է, որ նշված ձայնագրությունը բաղկացած է երկու մասից, որոնք առանձին-առանձին, ամբողջական են, դրանցում մոնտաժման բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել: Դրանում հնչած բանավոր խոսքերը (ձայները) պիտանի չեն նույնացմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու համար՝ բանավոր խոսքի սակավության (ձայնի կարճ տևողության) հետևանքով անձն անհատականացնող հատկանիշների անբավարարության պատճառով: Սակայն Դատարանն արձանագրում է, որ ձայների նույնացման անհնարինությունն ինքնին բավարար չէ եզրահանգելու համար, որ քննարկվող ապացույցն անարժանահավատ է, քանի որ յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ (…) Դատարանն արձանագրում է, որ ձայնագրության բովանդակությունից հետևում է, որ հաղորդակցվողների խոսակցությունը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված վարորդի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցների կիրառմանը, վարչական իրավախախտումը վերաբերում է ավտոմեքենայի հաշվառման համարանիշի անընթեռնելի /փակված/ լինելուն, հաղորդակցվողները երեք տղամարդ են, նրանցից երկուսը՝ ոստիկան, ձայնագրության մեջ լսվում է ռադիոհաղորդիչի ձայնը /«Արեգ, 203», դրա ձայնը իջեցնելու խնդրանքով ոստիկաններին դիմում է իրավախախտում կատարած անձը/, հաղորդակցվող ոստիկաններից մեկը մյուսին դիմում է «Վիտո» անվամբ: Վերոնշյալի հետ մեկտեղ թե վկա Կարեն Խաչատրյանը, թե ամբաստանյալներ Սամվել Թադևոսյանը և Վիտալի Աֆյանը իրենց ցուցմունքներում նշել են Կարեն Խաչատրյանի կողմից վարվող ավտոմեքենայի հաշվառման համարանիշները փակ լինելու հիմքով ամբաստանյալների կողմից նրան կանգնեցնելու, հիշյալ իրավախախտման համար 10.000 ՀՀ դրամ տուգանք սահմանված լինելու, Կ.Խաչատրյանի կողմից այդ գումարը վճարելու դժվարությունների և համարներն իր կողմից փակված չլինելու վերաբերյալ: Հիշյալ փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում Դատարանը գտնում է, որ քննարկվող ապացույցն արժանահավատ է, իսկ պաշտպանության կողմի փաստարկները՝ հիմնազուրկ: Անդրադառնալով ամբաստանյալներ Ս.Թադևոսյանի և Վ.Աֆյանի ցուցմունքների արժանահավատությունը գնահատելուն՝ Դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումը չարձանագրելու համար վկա Կարեն Խաչատրյանից 3.000 ՀՀ դրամ գումար պահանջելը և ստանալը հերքելու մասով դրանք արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են վերը շարադրված ապացույցների համակցությամբ /մասնավորապես՝ վկա Կ.Խաչատրյանի ցուցմունքով և նրա կողմից ներկայացված գաղտնի ձայնագրություններով/: (…)
Վերոհիշյալ իրավական նորմերի և դիրքորոշումների համատեքստում գնահատելով սույն գործի փաստերը՝ Դատարանը գտնում է, որ «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված է, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրը՝ պաշտոնատար անձ հանիդսացող (իշխանության ներկայացուցիչ գործառույթներ մշտապես իրականացնող) Սամվել Թադևոսյանը և Վիտալի Աֆյանը, լիազորված լինելով ճանապարհային երթևեկության կանոններ խախտող վարորդների նկատմամբ կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, նախնական համաձայնությամբ, ուղղակի դիտավորությամբ /գիտակցել են իրենց արարքի հակաիրավական բնույթը և ցանակացել կատարել այն/ և շահադիտական դրդումներով /գումար պահանջելով/՝ 3.000 ՀՀ դրամի չափով գումար են պահանջել և ստացել իրավախախտում կատարած Կարեն Խաչատրյանից՝ նրա օգտին ակնհայտ ապօրինի անգործության՝ կատարած իրավախախտման համար համապատասխան վարչական պատասխանատվության չենթարկելու համար: Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սամվել Թադևոսյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին: Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վիտալի Աֆյանին առաջադրված մեղադրանքը նույնպես հիմնավորված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին: (…)»[7]: 8.1. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռի հիմքում, ի թիվս այլնի, դրել է նաև դեպքի վայրի զննություն կատարելու մասին 2018 թվականի հուլիսի 12-ի արձանագրությունը, դատատեսաձայնագրային փորձաքննության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 80011806 և դատատեսաձայնագրային փորձաքննության 2019 թվականի հուլիսի 24-ի թիվ 19991906 եզրակացությունները, փորձաքննությանը տրամադրված «E-TEC» ապրանքանիշի լազերային սկավառակի վրա գրառված ֆայլերը, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ Կարեն Խաչատրյանի կողմից ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում 2018 թվականի հունիսի 12-ին ներկայացված լազերային սկավառակը, դատատեսաձայնագրային փորձաքննության 2019 թվականի հուլիսի 24-ի թիվ 19991906 եզրակացությանը կից տրամադրված լազերային սկավառակը, ՀՀ ոստիկանության պետի 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 1791-Ա հրամանը, ՀՀ ոստիկանության պետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 3599-Ա հրամանը, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից տրամադրված ծառայողական քննության նյութերում առկա ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչի կողմից կազմված տեղաբաշխման սխեմայի պատճենը, «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ ՏՍ/151/280718 ուղեկցական գրությամբ տրամադրված լազերային սկավառակը:
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճռի ուսումնասիրությամբ գալիս է այն հետևության, որ Վիտալի Աֆյանին և Սամվել Թադևոսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում որպես արարքը հիմնավորող ապացույցներ ըստ էության վկայակոչվել են Կարեն Խաչատրյանի կողմից ներկայացված ձայնագրությունը, փորձագետի եզրակացությունն այն մասով, որ ձայնագրություններն առանձին-առանձին, ամբողջական են, դրանցում մոնտաժման հետքեր չեն հայտնաբերվել և վկա Կարեն Խաչատրյանի ցուցմունքները։ (…)
Անդրադառնալով ձայնագրության, որպես ապացույցի տեսակի թույլատրելիության հարցին, Վերաքննիչ դատարանն ընդունելի է համարում այդ կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը, (…) Դրա հետ մեկտեղ, Առաջին ատյանի դատարանը (…) պետք է պարզեր հետևյալ էական հանգամանքները՝
ա) արդյո՞ք խնդրո առարկա հանդիսացող ձայնագրությունը կատարվել է Կարեն Խաչատրյանի կողմից,
բ) արդյո՞ք խնդրո առարկա հանդիսացող ձայնագրությունը կատարվել է ենթադրյալ դեպքի վայրում,
գ) արդյո՞ք խնդրո առարկա հանդիսացող ձայնագրությունը կատարվել է ենթադրյալ դեպքի ժամանակ,
դ) արդյո՞ք խնդրո առարկա հանդիսացող ձայնագրության մեջ առկա խոսակցությունները պատկանում են Վիտալի Աֆյանին, Սամվել Թադևոսյանին և Կարեն Խաչատրյանին։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ միայն վերոգրյալ հանգամանքները պարզելուց հետո Առաջին ատյանի դատարանը կարող էր գալ հետևության, որ խնդրո առարկա հանդիսացող ձայնագրությունը, որպես ապացույց, թույլատրելի է։ Ըստ էության, բացի Կարեն Խաչատրյանի ցուցմունքից՝ գործում չկա որևէ այլ ապացույց, որով կհիմնավորվի, որ․
ա) ձայնագրությունը կատարվել է Կարեն Խաչատրյանի կողմից /նրա ձայնի պատկանելիությունը գործում առկա թվով 2 փորձագիտական եզրակացություններով չի նույնացվել/,
բ) ձայնագրությունը կատարվել է ենթադրյալ դեպքի վայրում /ենթադրյալ դեպքի վայրը մատնացույց է արել Կարեն Խաչատրյանը և այլ անձինք չեն տեսել, որ մատնանշված հասցեում տեղի է ունեցել ենթադրյալ դեպքը, ենթադրյալ դեպքի վայրում Կարեն Խաչատրյանից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ այլ ձայնագրություններ կամ տեսաձայնագրություններ չկան/,
գ) ձայնագրությունը կատարվել է ենթադրյալ դեպքի ժամանակ /ձայնագրությունը ժամանակային առումով չունի իդենտիֆիկացնող հատկանիշներ, մասնավորապես՝ ձայնագրման տարին, ամիսը, օրը, ժամը, վայրը/,
դ) ձայնագրության մեջ առկա խոսակցությունները պատկանում են Վիտալի Աֆյանին, Սամվել Թադևոսյանին և Կարեն Խաչատրյանին /նրանց ձայնի պատկանելիությունը գործում առկա թվով 2 փորձագիտական եզրակացություններով չեն նույնացվել, Վիտալի Աֆյանն ու Սամվել Թադևոսյանն իրենց բազմաթիվ ցուցմունքներով հերքել են, որ իրենց ու Կարեն Խաչատրյանի միջև տեղի է ունեցել ձայնագրության բովանդակությամբ խոսակցություն/։ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թե ձայնագրությունը, և թե Կարեն Խաչատրյանի ցուցմունքը բխում են նույն աղբյուրից՝ գործով անցնող վկա Կարեն Խաչատրյանից։ Մեղադրանքի կողմից վկայակոչված փորձագետի եզրակացությունը դատարանի կողմից պատշաճ և բազմակողմանի գնահատականի չի արժանացել, այնքանով, որքանով անտեսվել է այն հանգամանքը, որ այդ նույն եզրակացությամբ փորձագետը չի կարողացել նույնացնել ձայնագրության մեջ առկա ձայները։ Այսինքն, եզրակացությունից պարզ չէ, թե ովքեր են խոսում ձայնագրության մեջ, անգամ չի հիմնավորվում, որ ձայնագրության մեջ առկա է նաև Կարեն Խաչատրյանի խոսքը։ Դատավճռով փորձագետի կողմից պարզման համար առաջադրված հարցի պատասխան չտրվելը փարատվել է վկա Կարեն Խաչատրյանի ցուցմունքներով, որը հայտնել է, որ ձայնագրության մեջ առկա խոսակցությունները պատկանում են իրեն, Վիտալի Աֆյանին և Սամվել Թադևոսյանին, ձայնագրությունը կատարվել է իր կողմից, իր կողմից մատնանշված դեպքի վայրում, իր մատնանշած օրը և ժամին։ Այս պարագայում կարևոր է նաև նշել որ թե Սամվել Թադևոսյանը, և թե Վիտալի Աֆյանը մշտապես հերքել են Կարեն Խաչատրյանի կողմից հայտնած փաստական տվյալները և բովանդակային առումով տվել են հակառակի վերաբերյալ ցուցմունքներ նախաքննության ընթացքում ինչպես առանձին-առանձին, այնպես էլ առերես հարցաքննության միջոցով։ Կարեն Խաչատրյանի ցուցմունքներից բովանդակային առումով տարբերվող ցուցմունքներ են վերջիններս տվել նաև դատաքննության ընթացքում։ (…)
(…) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ձայնագրությունը թույլատրելի ապացույց չի կարող համարվել և դրվել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի հիմքում։ Անդրադառնալով վկա Կարեն Խաչատրյանի ցուցմունքների արժանահավատությանը, Վերաքննիչ դատարանը կարևոր է համարում ստանալ հետևյալ հարցի պատասխանը՝ կարո՞ղ է արդյոք անձը մեղադրվել հանցագործություն կատարելու մեջ, երբ այդ անձը չի ընդունում մեղադրանքը և նրա դեմ օգտագործվում է միայն մեկ վկայի ցուցմունքը կամ հաղորդումը, և հատկապես այն դեպքում, երբ այդ վկան հանդիսանում է գործի ելքով շահագրգիռ անձ։ ՀՀ Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ակնհայտ է, որ Կարեն Խաչատրյանի ցուցմունքը կամ հաղորդումը չի կարող բավարար ապացույց համարվել անձին մեղադրելու համար։ (…)
Ակնհայտ է, որ Կարեն Խաչատրյանը հատկապես վատ կամ թշնամական վերաբերմունք ունի ճանապարհային ոստիկանության, հետևապես նաև՝ ճանապարհային ոստիկանների նկատմամբ։ Ելնելով ճանապարհային ոստիկանության նկատմամբ Կարեն Խաչատրյանի ունեցած հարաբերությունների բնույթից, հաշվի առնելով գործի ելքով նրա անձնապես շահագրգռված լինելու հանգամանքը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերջինիս տված ցուցմունքների արժանահավատությունը խիստ կասկածելի է։ Վկայի ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ է դրվում նաև այն պատճառով, որ Կարեն Խաչատրյանը նախկինում 2 անգամ դատապարտված է եղել, որից մեկը վերաբերում է իր հարևանին տեխնիկական միջոցների օգտագործմամբ գաղտնալսելուն /գործում այս կապակցությամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ/։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում դատարանը խախտել է ՀՀ քրեադատավարության օրենսգրքի 17-րդ և 25-րդ հոդվածների պահանջները, Վիտալի Աֆյանի և Սամվել Թադևոսյանի անմեղության կանխավարկածը, և չեզոք աղբյուրից որևէ ապացույց չունենալու պայմաններում՝ նախապատվություն է տվել վկա Կ․Խաչատրյանի ցուցմունքին և այն համարել արժանահավատ, դրա շնորհիվ թույլատրելով ու արժանահավատ ապացույց համարելով ձայնագրությունը, հաշվի չառնելով վկայի անձը բնութագրող հանգամանքները, նրա փոխհարաբերությունները ամբաստանյալների հետ, գործի կոնկրետ ելքով նրա անձնական շահագրգռվածությունը և այլ անհրաժեշտ չափորոշիչներ։ (...)
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հաղթահարված չէ <<հիմնավոր կասկածից վեր>> ապացուցողական չափանիշը որպես ապացույցների բավարարման շեմ։ Այսինքն, սույն գործով ձեռք չի բերվել փաստական տվյալների /ապացույցների/ այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ուղղամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, թե սույն գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներին առնչվող ապացույցներ ընդհանրապես ձեռք չեն բերվել, դրանք առկա են, սակայն ոչ այն ծավալով, որպեսզի հիմնավորվի մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք՝ բացառելով դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ուղղամիտ կասկած։ Այսպիսի պայմաններում Ս․Թադևոսյանին և Վ․Աֆյանին առաջադրված մեղադրանքներում պետք է ճանաչել անմեղ և արդարացնել, քանզի նրանց արարքներում տվյալ հանցակազմի բոլոր տարրերի /մասնավորապես՝ օբյեկտիվ կողմի/ առկայությունն ապացուցված չէ, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորություններն սպառված են (...) [8]»: 9.1 Վերաքննիչ դատարանի դատավոր Ա․Նիկողոսյանն իր հատուկ կարծիքում արձանագրել է հետևյալը․ «(…) Առաջին ատյանի դատարանն իրավաչափ եզրահանգում է կատարել այն մասին, որ խոսքի սակավության (ձայնի կարճ տևողության) հետևանքով անձն անհատականացնող հատկանիշների անբավարարության պատճառով հնչած բանավոր խոսքերը (ձայները) պիտանի չեն եղել նույնացմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու համար, ապա դա ինքնին բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ այդ ձայները չեն պատկանել ամբաստանյալներին, իսկ ձայների՝ ամբաստանյալներին պատկանելիության հանգամանքի հաստատումն ուղղակիորեն բխում է քրեական գործի ապացույցներից, այդ թվում՝ խոսակցության բովանդակությունից, ձայնագրության նկատմամբ դրա բովանդակությունը խեղաթյուրող միջամտության բացակայությունը հաստատող հետևություններից (…): Արդյունքում փաստում եմ, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցների բավարար ամբողջությամբ հիմնավորված են ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները, և նման պարագայում պաշտպանների վերաքննիչ բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու այդ իրավաչափ հետևությունները, քանի որ նշված ապացույցներն իրենց վերաբերելիությամբ, թույլատրելիությամբ և իրենց համակցությամբ բավարար են հաստատված համարելու, որ ամբաստանյալները կատարել են իրենց առաջադրված մեղադրանքներում նկարագրված արարքները, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին(…)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք ամբաստանյալներ Ս.Թադևոսյանի և Վ.Աֆյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով նախատեսված հանցակազմերի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»: 11.1. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով[9]: 11.2. Մասնավոր անձի կողմից կատարված խոսակցությունների գաղտնի ձայնագրառումը որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցին և դրա չափանիշներին անդրադառնալով՝ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(...) [Ձ]այնագրությունը մասնավոր անձի կողմից կատարած լինելու հանգամանքը չի կարող գնահատվել որպես դատավարական այնպիսի խախտում, որի նկատմամբ կիրառելի կլինեն քրեական հետապնդման մարմիններին վերագրվող պահանջները և որն անվերապահորեն կվկայի այն որպես ապացույց ճանաչելու անթույլատրելիության մասին։ (...)
Հեռախոսային խոսակցության ձայնագրառումը քրեական դատավարությունում որպես ապացույց օգտագործելիս Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքը կրողի արդար դատաքննության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը։ Մասնավորապես, հեռախոսային խոսակցության ձայնագրությունը որպես անձի մեղադրանքը հիմնավորող ապացույց օգտագործելու դեպքում, վերջինիս համար պետք է երաշխավորված լինի այդ ձայնագրության բովանդակությունը, դրա իսկությունը մրցակցային դատավարության պայմաններում վիճարկելու, ձայնագրառողին հակընդդեմ հարցման ենթարկելու հնարավորությունը։ Ավելին, (...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե արդյո՞ք հեռախոսային խոսակցության ձայնագրությունն անձի մեղադրանքը հիմնավորող միակ կամ վճռորոշ ապացույցն է, թե ոչ (...)։ Այլ կերպ, քրեական վարույթի ընդհանուր առմամբ արդարացիությունը գնահատելու համար առանցքային նշանակություն ունի այն, թե գործով ձևավորված ապացուցողական զամբյուղում առկա այլ ապացույցներով արդյո՞ք հնարավոր է ստուգել հեռախոսային խոսակցության բովանդակությունը։ Միաժամանակ, քրեական վարույթի ընդհանուր առմամբ արդարացիությունը գնահատելու առումով պետք է հաշվի առնվի այն, թե`
- արդյո՞ք ամբաստանյալը հնարավորություն է ունեցել մրցակցային դատավարության պայմաններում վիճարկելու հեռախոսային խոսակցության ձայնագրության բովանդակությունը, դրա իսկությունը և հարցման ենթարկելու ձայնագրառողին,
- արդյո՞ք ձայնագրությունն անձի մեղավորությունը ենթադրյալ հանցանքի կատարման մեջ հիմնավորող միակ կամ վճռորոշ ապացույցն է, թե դրա բովանդակությունը կարելի է նաև հաստատել ապացուցողական զամբյուղում ներառված այլ ապացույցներով։ Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մասնավոր անձի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացված հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կարող է ճանաչվել որպես ապացույց` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված այլ փաստաթուղթ, և ենթարկվել իրավական գնահատման` ըստ անհրաժեշտության նաև հիմք հանդիսանալով քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման համար»[10]:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն՝ «Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է (…):
3. Նույն արարքը, որը կատարվել է՝
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ.
պատժվում է (…)»։
13. Կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Է.Զաքարյանի ու այլոց գործով որոշմամբ և իրավական դիրքորոշում արտահայտել այն մասին, որ. «(…) [Օ]բյեկտիվ կողմից քննարկվող հանցագործությունը դրսևորվում է հետևյալ արարքներից որևէ մեկի կատարմամբ` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն
ա) ստանալով կամ,
բ) պահանջելով կամ,
գ) ստանալու խոստմամբ կամ,
դ) առաջարկն ընդունելով:
(…) [Հ]անցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից պահանջ ներկայացնելով, որը հանդիսանում է կաշառք տվողի օգտին որոշակի գործողություն կատարելու կամ չկատարելու անվերապահ պայման: (…): Քննարկվող հանցագործությունը ձևական է և ավարտված է համարվում պահանջ ներկայացնելու պահից` անկախ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության ձեռքբերման, կաշառքի առարկան հետագայում ստանալու կամ չստանալու, պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի օգտին պայմանավորված գործողությունները կատարելու կամ չկատարելու հանգամանքից: (…): (…) [Հ]անցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների առկայությունը հավաստելու համար անհրաժեշտ է, որպեսզի ներկայացվող պահանջը լինի կոնկրետ, առկա և իրական, իսկ այս չափանիշներին չհամապատասխանող, զուտ անձի դիտավորությունը բացահայտող պահանջ ներկայացնելը չի կարող հանցագործություն համարվել: Կաշառք տալու միայն կոնկրետ և իրական պահանջի դեպքում է խոսք գնում հանրորեն վտանգավոր, հակաիրավական, գիտակցված և կամային այնպիսի արարքի (գործողության) կատարման մասին, որն ուղղված է կոնկրետ օբյեկտի` պետական ապարատի բնականոն գործունեության դեմ, այդ հարաբերություններում առաջացնում է բացասական փոփոխություններ, հեղինակազրկում է պետական իշխանությունը, վտանգում դրա նորմալ գործունեությունը (…)»[11]:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Թադևոսյանին և Վ.Աֆյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ նրանք զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 3-րդ սպայական դասակի տեսուչի պաշտոնները, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, 2018 թվականի հունիսի 3-ին միմյանց հետ նախնական համաձայնությամբ, ակնհայտ ապօրինի անգործության դիմաց, ստացել են կաշառք[12]:
- Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված է, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրը՝ պաշտոնատար անձ հանդիսացող (իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող) Սամվել Թադևոսյանը և Վիտալի Աֆյանը, լիազորված լինելով ճանապարհային երթևեկության կանոններ խախտող վարորդների նկատմամբ կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, նախնական համաձայնությամբ, ուղղակի դիտավորությամբ (գիտակցել են իրենց արարքի հակաիրավական բնույթը և ցանկացել կատարել այն) և շահադիտական դրդումներով (գումար պահանջելով)՝ 3.000 ՀՀ դրամ չափով գումար են պահանջել և ստացել իրավախախտում կատարած Կ.Խաչատրյանից՝ նրա օգտին ակնհայտ ապօրինի անգործության՝ կատարած իրավախախտման համար համապատասխան վարչական պատասխանատվության չենթարկելու համար: Հետևաբար, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալ Ս.Թադևոսյանին և Վ.Աֆյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են, նրանց արարքները ճիշտ են որակված և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին[13]:
- Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում Ս.Թադևոսյանին և Վ.Աֆյանին արդարացրել է՝ գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը չեզոք աղբյուրից որևէ ապացույց չունենալու պայմաններում՝ նախապատվություն է տվել վկա Կ․Խաչատրյանի ցուցմունքին և այն համարել արժանահավատ, դրա շնորհիվ թույլատրելով ու արժանահավատ ապացույց համարելով ձայնագրությունը, հաշվի չառնելով վկայի անձը բնութագրող հանգամանքները, նրա փոխհարաբերություններն ամբաստանյալների հետ, գործի կոնկրետ ելքով նրա անձնական շահագրգռվածությունը և այլ անհրաժեշտ հանգամանքներ։ Իսկ Վ․Աֆյանին և Ս․Թադևոսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված մյուս ապացույցների հիման վրա հնարավոր չէ գալ հետևության, որ ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ առաջադրված մեղադրանքներում Ս.Թադևոսյանին և Վ.Աֆյանին պետք է ճանաչել անմեղ և արդարացնել, քանի որ նրանց արարքներում տվյալ հանցակազմի բոլոր տարրերի առկայությունն ապացուցված չէ, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները սպառված են[14]:
17. Սույն որոշման 14-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել քրեական գործում առկա ապացույցների համակցությունը՝ ամբաստանյալներ Ս.Թադևոսյանին և Վ.Աֆյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ: Այսպես՝ Վերաքննիչ դատարանը Կարեն Խաչատրյանի կողմից ամբաստանյալների հետ ունեցած խոսակցության մասնավոր ձայնագրությունը որպես անթույլատրելի ապացույց ճանաչելով, հիմքում դրել է այն, որ բացի Կ․Խաչատրյանի ցուցմունքից՝ գործում չկա որևէ այլ ապացույց, որով կհիմնավորվի, որ․
- ձայնագրությունը կատարվել է Կարեն Խաչատրյանի կողմից,
- ձայնագրությունը կատարվել է ենթադրյալ դեպքի վայրում,
- ձայնագրությունը կատարվել է ենթադրյալ դեպքի ժամանակ,
-ձայնագրությամբ արձանագրված խոսակցությունները պատկանում են Վիտալի Աֆյանին, Սամվել Թադևոսյանին և Կարեն Խաչատրյանին: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով մասնավոր ձայնագրության բովանդակությունը կազմող տեղեկությունները հաստատվում են ապացուցողական զամբյուղում ներառված այլ ապացույցներով: Մասնավորապես, նշված ձայնագրությունն իրականացվել է հասարակական վայր հանդիսացող Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցում, որը հաստատվում է ոչ միայն Կ.Խաչատրյանի ցուցմունքով և նրա մատնանշմամբ, այլ նաև ամբաստանյալ Ս.Թադևոսյանի ցուցմունքով այն մասին, որ 2018 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 18-ի կամ 19-ի սահմաններում, ծառայակցի՝ Վիտալի Աֆյանի հետ միասին թիվ 1154 կողային համարով, 772 II 01 հաշվառման համարանիշի ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են կատարել Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցում։ Այդ ժամանակ նկատել են «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենա, որի հետևի հաշվառման համարանիշը թղթով փակված է եղել[15], ամբաստանյալ Վիտալի Աֆյանի նույնաբովանդակ ցուցմունքով[16]: Ինչ վերաբերում է Վիտալի Աֆյանի, Սամվել Թադևոսյանի և Կարեն Խաչատրյանի ձայնի պատկանելությունը ձայնագրության մեջ առկա խոսակցություններին թվով երկու փորձագիտական եզրակացություններով չնույնացվելու, նման բնույթի խոսակցության լինելու հանգամանքը միայն վկա Կարեն Խաչատրյանի ցուցմունքներով փարատվելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձայնագրության բովանդակությունից հետևում է, որ հաղորդակցվողների խոսակցությունը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված վարորդի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցների կիրառմանը, վարչական իրավախախտումը վերաբերում է ավտոմեքենայի հաշվառման համարանիշի անընթեռնելի (փակված) լինելուն, հաղորդակցվողները երեք տղամարդ են, նրանցից երկուսը ոստիկան, ձայնագրության մեջ լսվում է ռադիոհաղորդիչի ձայնը, («Արեգ, 203» դրա ձայնն իջեցնելու խնդրանքով ոստիկաններին դիմում է իրավախախտում կատարած անձը), հաղորդակցվող ոստիկաններից մեկը մյուսին դիմում է «Վիտո» անվամբ։ Վերոնշյալի հետ մեկտեղ վկա Կարեն Խաչատրյանը, ամբաստանյալներ Սամվել Թադևոսյանը և Վիտալի Աֆյանը իրենց ցուցմունքներում նշել են վկա Կ․Խաչատրյանի կողմից վարվող ավտոմեքենայի հաշվառման համարանիշները փակ լինելու հիմքով ամբաստանյալների կողմից նրան կանգնեցնելու, հիշյալ իրավախախտման համար 10․000 ՀՀ դրամ տուգանք սահմանված լինելու, Կ․Խաչատրյանի կողմից այդ գումարը վճարելու դժվարությունների և համարները նրա կողմից փակված չլինելու վերաբերյալ։ Հետևաբար, թեև ձայնագրության մեջ առկա բանավոր խոսքերը (ձայները) պիտանի չեն եղել նույնականացմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու համար՝ բանավոր խոսքի սակավության (ձայնի կարճ տևողության) հետևանքով անձն անհատականացնող հատկանիշների անբավարարության պատճառով, սակայն վերը հիշատակված փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում հնարավոր է եզրահանգում կատարել նման բովանդակությամբ խոսակցության մասին, հետևաբար Վերաքննիչ դատարանի փաստարկներն այս մասով նույնպես անհիմն են։ Սույն գործով իրականացված մասնավոր ձայնագրության թույլատրելիության մասին են վկայում նաև այն հանգամանքները, որ ամբաստանյալները քրեական գործով վարույթի ընթացքում հնարավորություն են ունեցել մրցակցային դատավարության պայմաններում վիճարկելու հեռախոսային խոսակցության ձայնագրության բովանդակությունը, դրա իսկությունը և հարցման ենթարկելու ձայնագրառողին: Բացի այդ, ձայնագրությունն անձի մեղավորությունը ենթադրյալ հանցանքի կատարման մեջ հիմնավորող ապացույցների շարքում թեև ունեցել է վճռորոշ կշիռ, սակայն ոչ միայն միակը չէ, այլև դրա բովանդակությունը հաստատվում է ապացուցողական զամբյուղում ներառված այլ ապացույցներով, այդ թվում՝ Կարեն Խաչատրյանի ցուցմունքներով և փորձագետի եզրակացությամբ: Նշվածով պայմանավորված, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով իրականացված գաղտնի ձայնագրությունը թույլատրելի ապացույց է և համապատասխանում է Վճռաբեկ դատարանի՝ Վահիկ Մխիթարյանի գործով ձևավորված՝ մասնավոր անձի կողմից կատարված խոսակցությունների գաղտնի ձայնագրառումը որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության չափանիշներին: Վերոգրյալի հաշվառմամբ, անդրադառնալով Կ․Խաչատրյանի ցուցմունքի ոչ արժանահավատ լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Ամբաստանյալներ Վ․Աֆյանը և Ս․Թադևոսյանն իրենց ցուցմունքներում նշել են Կարեն Խաչատրյանի կողմից վարվող ավտոմեքենայի հաշվառման համարանիշները փակ լինելու հիմքով իրենց կողմից նրա ավտոմեքենան կանգնեցնելու, հիշյալ իրավախախտման համար 10․000 ՀՀ դրամ տուգանք սահմանված լինելու, Կ․Խաչատրյանի կողմից այդ գումարը վճարելու դժվարությունների և ավտոմեքենայի համարները վերջինիս կողմից փակված չլինելու մասին: Հետևաբար հիշյալ փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկա Կ․Խաչատրյանի ցուցմունքն արժահավատ է, իսկ Վերաքննիչ դատարանի հետևությունները հակառակի մասին՝ հիմնազուրկ։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չեն առնվել այն փաստական հանգամանքները, որ ՀՀ կառավարության «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1769-Ն որոշման 12-րդ կետի ուժով Ս.Թադևոսյանը և Վ.Աֆյանը պարտավոր են եղել տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը և երթևեկության ուղղությունը ցույց տվող սարքավորումը և (կամ) ճանապարհապարեկային ծառայության իրականացման հսկողական տեսախցիկը միացված պահել ծառայության ողջ ընթացքում (հսկողական տեսախցիկը` բացառությամբ ընդմիջման ժամանակի): Եթե ծառայության ընթացքում այդ սարքերը շարքից դուրս են գալիս, ապա կարգախմբի ավագը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղեկացնել շարային ստորաբաժանման հերթապահին կամ հրամանատարին և հրամանատարի ցուցումով վերադառնալ շարային ստորաբաժանում` տեխնիկական թերությունները վերացնելու համար», ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի 2016 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 301-Ա հրամանի համաձայն՝ հրամայվել է ծառայողի համազգեստի վրա տեղադրել տեսախցիկներ, որոնք պետք է միացված մնան ծառայողի ծառայության ամբողջ ժամանակահատվածում, իսկ դեպքի պահին ամբաստանյալներ Վ.Աֆյանին և Ս.Թադևոսյանին հատկացված անհատական տեսանկարահանող սարքերը, ինչպես նաև «1154» կողային համարով ծառայողական ավտոմեքենայում տեղադրված տեսանկարահանող սարքն անջատված են եղել[17], որոնց անջատված լինելու պատճառների մասին ամբաստանյալների կողմից ողջամիտ հիմնավորումներ չեն ներկայացվել։ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատական ակտում տեղ գտած այն դատողություններին, որ Կ․Խաչատրյանը հատկապես վատ և թշնամական վերաբերմունք ունի ճանապարհային ոստիկանության, հետևապես նաև՝ ճանապարհային ոստիկանների նկատմամբ, գործի ելքով անձնապես շահագրգռված է և նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, որոնցից մեկն առնչվում է հարևանին տեխնիկական միջոցների օգտագործմամբ գաղտնալսելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց մի մասը կրում է սուբյեկտիվ և վերացական բնույթ, իսկ դատվածություն ունենալը և անձը բնութագրող այլ տվյալներն ինքնին չեն կարող կասկածի տակ դնել Կ․Խաչատրյանի ցուցմունքի արժանահավատությունը։ Այսպիսով, ամփոփելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալներ Ս.Թադևոսյանի և Վ.Աֆյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով նախատեսված հանցակազմերի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն ըստ էության լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաստանյալները կատարել են իրենց մեղսագրված արարքները: Ամբաստանյալների կողմից իրենց մեղսագրված հանցանքները կատարելու հանգամանքն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրական դատավճռի հիմքում դրված՝ քրեական գործին վերաբերող, փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, և Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրական դատավճռի հիմքում դրված ապացույցների համակցությունը փաստում է ամբաստանյալների կողմից իրենց մեղսագրված հանցանքները կատարելը՝ հաշվի առնելով, որ Կարեն Խաչատրյանի հայտնած տեղեկությունները հաստատվել են նաև հարաբերականորեն չեզոք ապացույցներով՝ իր կողմից կատարված և ներկայացված ձայնագրությամբ ու փորձագետի եզրակացությամբ: Հետևաբար, դատաքննությամբ հետազոտված ապացույցների բավարար ամբողջությամբ «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան հիմնավորված են ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները, և նման պարագայում Վերաքննիչ դատարանի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու այդ իրավաչափ հետևությունները, քանի որ նշված ապացույցներն իրենց վերաբերելիությամբ, թույլատրելիությամբ և իրենց համակցությամբ բավարար են հաստատված համարելու, որ ամբաստանյալները կատարել են իրենց առաջադրված մեղադրանքներում նկարագրված հանրորեն վտանգավոր արարքները, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված իրավանորմերի պահանջները՝ թույլ տալով դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Ուստի, հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Ս.Թադևոսյանին և Վ.Աֆյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող արարքներում արդարացնելու հարցում եկել է սխալ եզրահանգման, պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների պահանջների խախտումներ։ Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Ս.Թադևոսյանին և Վ.Աֆյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղավոր ճանաչելու հարցում եկել է ճիշտ եզրահանգման, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի փետրվարի 18-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռին։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալներ Սամվել Երվանդի Թադևոսյանի և Վիտալի Էդիկի Աֆյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի փետրվարի 18-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։ Նախագահող՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: [2] Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 279-281, 293-295:
[3] Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 42-50, 67-68, 159-160:
[4] Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 161-164, 165-168:
[5] Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 53-58:
[6] Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 63-66:
[7] Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 121-133:
[8] Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 1-65:
[9] Տե´ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները: [10] Տե´ս, Վճռաբեկ դատարանի` Վահիկ Մխիթարյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԼԴ/0002/01/18 որոշման 19-20-րդ կետերը: [11] Տե´ս Էդուարդ Զաքարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0002/01/13 որոշման 20-22-րդ կետերը: [12] Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
[13] Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
[14] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
[15] Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 143-149, 165-168, 291-292:
[16] Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 150-158, 161-164,305-306։
[17] Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 261, 264-265:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/0618/01/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
