Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-186 հուլիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 հուլիսի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 18 | «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

6 հուլիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Վ.Պողոսյանի

Քննության առնելով «Հանրապետություն» կուսակցության և Արտակ Զեյնալյանի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1.Արտակ Զեյնալյանը և «Հանրապետություն» կուսակցությունը 22.06.2010թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան։

2. Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են.

«1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ և 43- րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 7-ի «Վարչական դատավարության» ՀՕ-269-Ն օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19-րդ կամ 1-ին, 3, 6 և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 7-ի «Վարչական դատավարության» ՀՕ-269-Ն օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները։

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19-րդ կամ 1-ին, 3, 6 և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 7-ի «Վարչական դատավարության» ՀՕ-269-Ն օրենսգրքի 65-րդ հոդվածի դրույթները։

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19-րդ կամ 1-ին, 3, 6 և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 7-ի «Վարչական դատավարության» ՀՕ-269-Ն օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները։

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19-րդ կամ 1-ին, 3, 6 և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 7-ի «Վարչական դատավարության» ՀՕ-269-Ն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ ենթակետի դրույթները»։

Դիմողների կողմից առաջ քաշված փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին

Վարչական ակտի բողոքարկման օրենսդրական ընթացակարգերով պետք է լիարժեք պաշտպանելի լինեն անձանց հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերը, այդ թվում քաղաքական իրավունքներն ու ազատությունները, խտրականությունից զերծ լինելու իրավունքը, պետական մարմինների առջև իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը։

Դիմողների կարծիքով վերը թվարկվածները բավարար չափով

երաշխավորված չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրենց կողմից վիճարկվող դրույթներում, ինչը հանգեցրել է իրենց Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտմանը։

3. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել

սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը։ Այդ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Դիմումը կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը.

• որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

• որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է վիճարկվող օրենքի դրույթը,

• որի նկատմամբ վիճարկվող օրենքի դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

• որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Տվյալ գործի փաստական հանգամանքների վերլուծությունը վկայում է, որ Ա. Զեյնալյանն ընդհանուր իրավասության դատարաններում հանդես է եկել «Հանրապետություն» կուսակցության շահերի պաշտպանությամբ։ Այս համատեքստում սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ դրանք խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական նորմի կիրառման արդյունքում։ Այս պարագայում սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտումը վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, իսկ Ա. Զեյնալյանն ընդամենը վերջինիս կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավարն է։ Հետևաբար տվյալ գործով Ա. Զեյնալյանը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության մասով գործի քննությանը, ապա, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներում նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող միասնական ընդհանուր ձևական պահանջներ, իսկ որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ, այսինքն վիճարկվող օրենքի դրույթի

հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։

Այսինքն սահմանադրական դատարան դիմելու իրավունքի իրացման հարցում օրենսդիրն անձին, ի թիվս ձևական պահանջների, առաջադրել է նաև իրավավերլուծական բնույթի բովանդակային հիմնավորումներ ներկայացնելու պարտականություն։ Դիմումի հիմքում պետք է դրվեն սահմանադրականության վերաբերյալ անձի փաստարկները հիմնավորող իրավական բնույթի հանգամանքներ, իրավագիտական (տեսական կամ իրավակիրառական նշանակության) եզրահանգումներ։ Դիմողին ներկայացվող այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով հիմնավորել, թե իր որ սահմանադրական իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Ինչպես վկայում է դիմումի ուսումնասիրությունը, դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր որ սահմանադրական իրավունքներն են խախտվել խնդրո առարկա դրույթով, ինչպես նաև ներկայացված չէ անմիջական պատճառահետևանքային կապը վիճարկվող դրույթի և դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև։ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դեպքում դիմումն ակնհայտ անհիմն է։

Անհրաժեշտ է նաև նշել, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Վերոշարադրյալ վերլուծությունից պարզ դարձավ, որ

• Դիմողներից Ա. Զեյնալյանը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ,

• դիմումն ակնհայտ անհիմն է,

• դիմողները բարձրացրել են վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարց։

Բացի դրանից, «Հանրապետություն» կուսակցության կողմից

վերոնշյալ դրույթների վիճարկումը բխում է վերացական վերահսկողության էությունից և հետապնդած նպատակներից։

Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Հանրապետություն» կուսակցության և Արտակ Զեյնալյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

6 հուլիսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-18

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 հուլիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-18
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել