««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԲՈԼՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-86)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 մայիսի 2026թ. ՍԴԱՈ - 86 | ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԲՈԼՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԲՈԼՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ «Էներգետիկայի մասին» օրենքի52.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի մարտի 26-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ (այսուհետ նաև՝ Դիմող ) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
««Էներգետիկայի մասին» օրենքի 52.1 հոդվածի 3-րդ մասը ՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով` բացառելով նշված իրավունքների գործող գործադիր մարմնի ղեկավարի կողմից իրականացնելը, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/19878/05/25 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունն առ այն, որ կազմակերպության անունից հանդես գալու, ներառյալ՝ լիազորված անձին դատավարությունների շրջանակներում ներկայացնելու և լիազորագիր տրամադրելու իրավունք ունի բացառապես ժամանակավոր կառավարիչը՝ ամբողջությամբ բացառելով ընկերության գործող տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) կողմից նման լիազորության իրականացումը՝ առավել ևս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (նշանակող մարմնի) հետ հարաբերություններում ընկերության իրավունքների պաշտպանության հարցով, հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 78-րդ հոդվածներին:
Դիմողի պնդմամբ՝ ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո տնօրենի պաշտոնավարումը չի դադարեցվել (և օրենքը չի նախատեսում տնօրենի լիազորությունների դադարեցում՝ պայմանավորված ժամանակավոր կառավարչի նշանակմամբ), սակայն ինքը փաստացի զրկվել է իր իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերից և սեփական ազատ կամահայտնությամբ դատարան դիմելու սահմանադրական երաշխիքից, քանի որ, համաձայն Վարչական, Վերաքննիչ վարչական և Վճռաբեկ դատարանների կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանության, ընկերության տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը) իրավասու չէ լիազորելու անձանց՝ հանդես գալ ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով, քանի որ այդ լիազորությունը պատկանում է ժամանակավոր կառավարչին: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ստացվում է, որ քննարկվող համատեքստում դատարան կարելի է դիմել բացառապես արտաքին միջամտության արդյունքում նշանակված արտաքին կառավարչի կողմից տրված լիազորագրով, ներառյալ՝ հենց տվյալ միջամտության իրավաչափությունը վիճարկելու հարցերով:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթի հետևանքով ընկերությունն այլևս չի կարող ինքնուրույն, իր տնօրենի միջոցով դիմել դատարան ընդդեմ որևէ վարչական մարմնի կամ այլ անձի և արդյունավետորեն պաշտպանել իր իրավունքները և օրինական շահերը, իսկ նման հայց ներկայացնելու «անհրաժեշտության» որոշումը թողնվել է բացառապես ժամանակավոր կառավարչին, որը նշանակվում է ոչ թե մասնավոր իրավական կարգավորումների (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, ընկերության կանոնադրություն և այլն) հիման վրա, այլ պետական մարմնի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հանրային իրավական լիազորությունների իրականացման արդյունքում, որի հետևանքով ժամանակավոր կառավարիչը «շահագրգռված չէ» հայց ներկայացնել իրեն նշանակած պետական մարմնի դեմ՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել իր՝ որպես ժամանակավոր կառավարիչ նշանակումը: Այսինքն՝ ըստ Դիմողի՝ նման մեկնաբանության իրավաչափ դիտարկվելու պարագայում ստացվում է, որ պետությունը, միջամտելով տնտեսվարողի գործունեությանը, կարող է բացառել (իսկ սույն դեպքում՝ ուղղակիորեն բացառել է) վերջինիս՝ պետության, պետական մարմինների, ինչպես նաև երրորդ անձանց դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը:
Դիմողն ընդգծում է, որ ստեղծված պայմաններում, համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված իրավակարգավորման՝ վարչական վարույթի հարուցման դեպքում ժամանակավոր կառավարչի նշանակման պահից սկսած իրավահարաբերության կողմերը չունեն հավասար հնարավորություններ, քանի որ մի կողմում հանդես է գալիս պետությունը՝ ի դեմս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ժամանակավոր կառավարչի, իսկ մյուս կողմում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի իրավունքներն արդեն իսկ սահմանափակված են հենց ժամանակավոր կառավարչի նշանակմամբ: Դիմողի պնդմամբ՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված այնպիսի իրավակարգավորման և (կամ) վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այնպիսի մեկնաբանության պարագայում, համաձայն որի՝ իրավաբանական անձին արգելվում է լիազորել հանդես գալու իր անունից և իր փոխարեն ՀՀ դատարանում՝ առանց ժամանակավոր կառավարչի «համաձայնության», իսկ ժամանակավոր կառավարչին տրվում է անսահմանափակ դատավարական ազատություն` ընկերության անունից հայցեր ներկայացնելու կամ ներկայացված պահանջներից, հայցերից, բողոքներից և այլնից հրաժարվելու հարցում, ստացվում է, որ իրավաբանական անձն առհասարակ զրկվում է իր իրավունքների պաշտպանության սահմանադրական բոլոր մեխանիզմներից, ընդ որում՝ միաժամանակ:
Դիմողը նաև նշում է, որ որևէ հիմքով չի բացահայտվում, թե ինչու՞ է վիճարկվող դրույթի արդյունքում փաստացի ամբողջությամբ բացառվում իր սեփականատերերի ազատ կամահայտնության միջոցով իր իրավունքների դատական պաշտպանությունը՝ պաշտոնավարող տնօրենի կողմից որոշված (լիազորված) անձանց կողմից, ո՞րն է այն իրավաչափ նպատակը, որն օրենսդիրը հետապնդել է՝ նման կարգավորում սահմանելով, որքանո՞վ է դա անհրաժեշտ և պիտանի Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, մինչդեռ ակնհայտ է, որ ընտրված միջոցը համարժեք չէ` առավելագույնս խիստ է և զրկում է անձին օրինական միջոցներով իր իրավունքների պաշտպանության հնարավորությունից, քանի որ վիճարկվող դրույթի նման մեկնաբանման պայմաններում բացակայում են դատարան դիմելու և արդար դատաքննության իրավունքից օգտվելու այլ կառուցակարգեր և ընթացակարգեր:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) Անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր՝ համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում՝ նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության), Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75 և 78-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
«Էներգետիկայի մասին» օրենքի՝ «Սպառողների շահերի պաշտպանության նպատակով կանխարգելիչ միջոցառումների կիրառումը» վերտառությամբ 52.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակմամբ և նրա գործունեության ամբողջ ընթացքում նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները՝ բացառելով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշմամբ սահմանված ժամանակահատվածում լիցենզավորված անձի գործադիր մարմնի լիցենզավորած անձի գործադիր կառավարումն իրականացնելը: Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածում լիցենզավորված անձի կառավարման այլ մարմիններն իրենց իրավասությունները (լիազորությունները) իրականացնում են ժամանակավոր կառավարչի համաձայնությամբ։
Ստացվում է, որ նշյալ կարգավորման ուժով՝ լիցենզավորված անձի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և որպես կանխարգելիչ միջոցառում՝ լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելու պայմաններում գործադիր մարմնի ղեկավարը, ըստ էության, մեկուսացվում է լիցենզավորված անձի գործադիր կառավարումից. լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորություններն անցնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ նշանակված ժամանակավոր կառավարչին:
Օրենսդրի կողմից նման մոտեցման ցուցաբերումն ինքնանպատակ չէ. համապատասխան կառուցակարգերի ներդրումը նպատակ է հետապնդել կանխելու գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումը՝ ապահովելով գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից «Էներգետիկայի մասին» օրենքի դրույթները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հարուցված վարչական վարույթի անխոչընդոտ ընթացքը, ինչը վերջնարդյունքում միտված է էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն և անխափան գործունեության շարունակականության երաշխավորմանը:
Այլ խոսքով՝ լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակմամբ՝ լիցենզավորված անձի (սույն պարագայում՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ի) գործադիր մարմնի բոլոր լիազորությունների իրականացումն օրենսդիրը վերապահել է ժամանակավոր կառավարչին՝ չբացառելով նաև լիցենզավորված անձի շահերի հավասարակշռված պաշտպանությունը՝ ներառյալ դատական:
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը վերահաստատում է 2026 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-70 աշխատակարգային որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչին՝ լիցենզավորված անձի (սույն պարագայում՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ի) իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք վերապահելուն զուգահեռ՝ այդ լիցենզավորված անձի գործադիր մարմնի ղեկավարին (սույն պարագայում՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին, որը լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակման պահից այլևս չի հանդիսանում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ն ներկայացնելու լիազորությամբ օժտված անձ) համապատասխան իրավունք չվերապահելու արդյունքում լիցենզավորված անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների խախտման փաստն այն պարագայում, երբ գործադիր մարմնի բոլոր լիազորությունների իրականացումն օրենսդիրը վերապահել է ժամանակավոր կառավարչին, որը պարտավոր է ապահովել նաև լիցենզավորված անձի շահերի հավասարակշռված պաշտպանությունը, ըստ այդմ՝ անհրաժեշտության դեպքում հետամուտ լինի լիցենզավորված անձի իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությանը: Այլ կերպ՝ չի հիմնավորվում, թե ընկերության գործունեությանը վերաբերող գործադիր կառավարման տիրույթում գտնվող բովանդակային բնույթի միևնույն հարցերով միաժամանակ երկու սուբյեկտներին դատարան դիմելու իրավունք չտրամադրելը (տվյալ դեպքում այդպիսի իրավունքով միայն ժամանակավոր կառավարչին օժտելը) ընկերության ո՞ր հիմնական իրավունքն է խաթարում՝ նկատի ունենալով նաև այդպիսի զուգահեռ կամ միաժամանակյա իրավունքի տրամադրման պայմաններում ժամանակավոր կառավարմամբ հետապնդվող (ներառյալ՝ 2026 թվականի մարտի 12-ի ՍԴՈ-1819 որոշմամբ արձանագրված) իրավաչափ նպատակների իրողությունը և դրանց իրացնելիության երաշխիքներն ու անհրաժեշտությունը: Ի լրումն՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ ըստ գործի նյութերի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ բաժնետեր «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ դիմումի հիման վրա դատարաններում (վարչական դատարան) քննվում է նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով գործ:
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, վիճարկելով «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության), Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասությունը, բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության), հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար՝ Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին:
Այսինքն` սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
20 մայիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-86
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-86
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
