Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5714 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-57)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հոկտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 57 | ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 14 հոկտեմբերի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի

Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Արմեն Ավագյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Ավագյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին (խմբագրված տարբերակը ներկայացվել է հոկտեմբերի 2-ին), որով Դիմողը խնդրել է.

«(...) ՀՀ Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի, 168-րդ 1-ին մասի ու 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 64-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերի ու 66-րդ հոդվածի 2-րդ մասի կանոններով գնահատել է ինչպես Սննկացման դատարանի ու Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի վճռի և Վերաքննիչ դատարանի որոշումը 3.04.2024թ. դատարանի իրավական դիրքորոշումները և մեկնաբանությունները ու ձևավորված իրավակիրառական պրակտիկան, Սնանկության մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 20-րդ հոդվածի 2-րդ մասի ու ՀՀ ՔԴՕ 1-ին հոդվածի 2-րդ մասի կանոնները համապատասխանության հարցը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի հոդված 6-րդ մաս 1-ին և նրա Արձանագրություն թիվ 1 հոդված 1-ին, Սահմանադրության հոդվածներ 3-րդ մասեր 1-3, 5-րդ մասեր 1-3, 61-րդ մաս 1, 63-րդ մասեր 1 և 3, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ մասեր 1 և 2, Սահմանադրական դատարանի որոշումների գործերով թիվ ՍԴՈ-1574, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդվածներ 1-ին մաս 2, 10-րդ մաս 2, 13-րդ մաս 1, 16-րդ, 163-րդ մաս 1, 289–րդ և 305–րդ, ՀՀ ՔԴՕ հոդված 381-րդ մաս 5 կետ 1 ենթակետեր բ և գ, ու Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հոդվածներ 1-ին, 9-րդ մաս 1, 27-րդ մաս 2, 28-րդ մաս 2 և 40-րդ մաս 1 կետ 3 կանոնների և Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշումի գործով թիվ ՎԴ/3683/05/19 21.04.2023թ. համապատասխանաթվությանը, որոնց գործում կիրառությունը հանգեցրել ՀՀ Սահմանադրության 1-գլխի հոդվածներ 3-րդ մասեր 1-3, 5-րդ մասեր 1-3 և հիմնարար մարդու իրավունքների խախտմանը համաձայն 2-րդ գլխի 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 78-րդ հոդվածի, 79-րդ հոդվածի, 80-րդ հոդվածի և 81-րդ 1-ին և 3-րդ մասերի կանոնների:

(...) Սնանկության մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 20-րդ հոդվածի 2-րդ մասի ու ՀՀ ՔԴՕ 1-ին հոդվածի 2-րդ մասի կանոններում առերևույթ սահմանափակում են սնանկության գործերով այն շահագրգիռ անձանց հիմնարար մարդու իրավունքները որոնց գույքի վերաբերյալ ընդունվում են դատական ակտեր, որը հանգեցնում խարդախություններին ու այդ օրենսդրական նորմատիվ իրավական ակտերը անհրաժեշտ է վերացնել»։

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/20259/02/21 քաղաքացիական գործի և թիվ ՍնԴ/0499/04/20 սնանկության գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է հետևյալը.

թիվ ԵԴ/20259/02/21 քաղաքացիական գործով ՀՀ դատարանները «(....) իրենց գրություններում գիտակցելով դիտավորմամբ էական խախտել են ՀՀ ՔՕ 8-րդ հոդվածի կանոնը (....) և ՀՀ ՔԴՕ հոդված 35-րդ մաս 1 կանոնը անվանելով Արմեն, Արմինե և Գայանե Ավագյաններին որպես պատասխանողներ»:

Դիմողը գտնում է, որ www.datalex.am կայքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան) տեղադրել է միայն պաշտոնական ծանուցումներ դատական նիստերի մասին և վճիռը, սակայն չի հրապարակել միջանկյալ դատական ակտերը՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի կանոնը, որն էլ առերևույթ պատշաճ կասկած է հարուցում, որ Դատարանը գործել է չարամիտ նպատակով՝ պատասխանողների՝ գործի ընթացքին ծանոթանալը խոչընդոտելու և վերաքննության կարգով բողոքարկման իրավունքն ապօրինի սահմանափակելու նպատակով:

Դիմողի պնդմամբ՝ «Դատարանի եզրահանգումը չունի ապացույցներ ՀՀ ՔՕ հոդված 447-րդ կանոններով, առերևույթ անհիմն է և պաշտոնական կեղծիք է, քանի որ իր կողմից ինքնիրավչությամբ կոչված «Պատասխանողները», Դատարանի կողմից պատշաճ չծանուցվելով և այդ պատճառով չմասնակցելով դատավարությանը ու չստանալով Դատարանի ակցեպտը, չէին կարող գալ համաձայնություն/անհամաձայնության ընդհանուր սեփականության գույքի վերաբերյալ Դատարանի մատչելիության սահմանափակումների մեղքով՝ էական խախտումով ՀՀ ՔԴՕ հոդվածներ 11-րդ մաս 2 և 13-րդ մաս 1 կանոնների: Հետևաբար, առերևույթ հնարավոր չէր պարզել Պատասխանողների իրական ընդհանուր կամքը՝ Բորիս Արմենի Ավագյանի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին»:

Ըստ Դիմողի՝ «Վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերի առկայության դեպքում դատարանը պարտավոր է դատական ակտում նշել պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները: Վճռաբեկ դատարանի որոշումներում էական խախտվել է Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 38-րդ Վճռաբեկ դատարանի որոշումներում 28.08.2024թ. գործերով թիվ ԵԴ/20259/02/21 և ՍՆԴ/0499/04/20 էական խախտվել է Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի մաս գ և ՀՀ ՔԴՕ 103-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները»:

Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի կանոնն առերևույթ հակասում և չի համապատասխանում մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքին և դրա էության անխախտելիությանը:

Դիմողի պնդմամբ՝ «(....) Վերաքննիչ դատարանը կիրառել է Սնանկության մասին ՀՀ օրենքի հոդված 20-րդ մաս 1՝ (....) Վերաքննիչ դատարանը այն կատարել է անտրամաբանական, քանի որ գիտակցում էր, որ Արմեն Ավագյանին իր գույքի մասով ՍՆԴատարանը վարույթի քննարկման ժամանակ չի ուղարկել ծանուցում և ինքը չէր ստացել գործով թիվ ՍՆԴ/0499/04/20 վճիռը, Վերաքննիչ բողոքը ներկայացված 20.03.2024թ. ու առկա էր իր միջնորդությունը (...)»:

Ըստ Դիմողի՝ «Վերաքննիչ դատարանը առերևույթ սխալ է կիրառել ՀՀ ՔԴՕ 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի և Վերաքննիչ դատարանի պնդումը պարտադիր դատաքննության մասնակցության հակասում է Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման սնանկության գործով թիվ ՍնԴ/0434/04/21 24.11.2023թ., որում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն չմասնակցելով գործով դատական նիստերին ներկայացրել է Վճռաբեկ բողոքներ, որոնք քննության առնվել են ՀՀ ՔԴՕ 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայություն»:

Դիմողը նշում է, որ «Դատարանները առերևույթ օժանդակել են հայցվոր, սնանկության գործով կառավարիչ Միհրան Խաչատրյանի ապօրինի ուրիշի գույքի յուրացնելու հանցավոր նպատակին, որը իրագործում էր օրինազանց գործողություններով, կեղծ տեղեկատվություններ տրամադրելով և այլ: Ընդհանուր իրավասության դատարանը գործով թիվ ԵԴ/20259/02/21 և Սնանկության դատարանը գործով թիվ ՍՆԴ/0499/04/20 օժանդակելով հայցվոր, սնանկության գործով կառավարիչ Միհրան Խաչատրյանին այդ նպատակով պատշաճ չէին ծանուցում շահագրգիռ անձանց սահմանափակել են դատարանների մատչելիությունը, անցկացնելով վարույթները ու ընդունելով վճիռներ իրենց բացակայության հանգամանքներում: Վերաքննիչ դատարանը օժանդակելով այդ օրինազանց գործունեությանը տարբեր ոչ իրավաչափ հնարքներով մերժում էր բողոքարկման իրավունքը և օբյեկտիվ քննությունը»:

Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն՝ այն հանգամանքների հաշվառմամբ, որ կենսաթոշակառու և երրորդ խմբի հաշմանդամ է, հետևաբար՝ չունի պետական տուրքը վճարելու հնարավորություն:

3. Քննության առնելով Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով Դիմողի գույքային դրությունը, դրանով պայմանավորված՝ սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի սահմանափակման անթույլատրելիությունը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման։

4. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:

Թիվ ԵԴ/20259/02/21 քաղաքացիական գործով

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(….) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես՝ թիվ ԵԴ/20259/02/21 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 17-ի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ արձանագրվել է, որ «(....) բողոքաբերի կողմից ներկայացված միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ենթակա է մերժման, քանի որ միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները բավարար չեն վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար (....)»:

Վերոնշյալ որոշման դեմ Դիմողը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի կողմից 2024 թվականի հուլիսի 17-ին կայացվել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում: Տվյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը. «(....) վճռաբեկ բողոքում չեն նշվել վճռաբեկ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործի ելքի վրա, վճռաբեկ բողոքի հիմնավորումները, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

(....)

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասով, սույն որոշմամբ սահմանում է հնգօրյա ժամկետ` վերը նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար»:

Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ թիվ ԵԴ/20259/02/21 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2024 թվականի հուլիսի 17-ին կայացված՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դիմողին իրական հնարավորություն է տրվել հնգօրյա ժամկետում շտկելու Վճռաբեկ դատարանի կողմից նշված թերությունները և կրկին ներկայացնելու վճռաբեկ բողոք՝ ապահովելով դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքի իրացումը:

Միաժամանակ, Դիմողի կողմից Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումից հետո կրկին ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի հիման վրա 2024 թվականի օգոստոսի 28-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում: Տվյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը. «(....) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 24.07.2024 թվականի որոշմամբ Արմեն Ավագյանի կողմից նախկինում բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի գրասենյակը, պարզելով, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի նշել գործին մասնակցող անձանց անունները և հասցեները, այդ մասին արձանագրության միջոցով տեղեկացրել է բողոք բերող անձին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում վերացնել այդ թերությունները, մինչդեռ վճռաբեկ բողոք բերած անձը նշված թերությունները չի վերացրել:

Միաժամանակ սահմանվել է ժամկետ նաև այդ թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Այժմ Արմեն Ավագյանը, վերացնելով վերը նշված որոշմամբ արձանագրված թերությունների միայն մի մասը, վճռաբեկ բողոքում դարձյալ չի նշել պատասխանողներ Արմինե և Գայանե Ավագյանների անուններն ու հասցեները և կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք:

(....)

Տվյալ դեպքում բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 17.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ, որը դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am) հրապարակվել է նույն օրը, սույն գործով վճռաբեկ բողոքն առաջին անգամ առձեռն ներկայացրել է 13.05.2024 թվականին, այսինքն՝ վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո: Նշված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 24.07.2024 թվականի որոշմամբ վերադարձվել է և սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքում առկա թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Միաժամանակ բողոք բերած անձը տեղեկացվել է, որ վճռաբեկ բողոքում պահանջը հստակ նշված չլինելու պատճառաբանությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետում ներկայացված լինելու հարցին: Տվյալ դեպքում Արմեն Ավագյանը Վերաքննիչ դատարանի 17.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք և չի ներկայացրել միջնորդություն վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին»:

Համապատասխանաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 17-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վկայակոչված թերությունները կրկին ներկայացված վճռաբեկ բողոքով ամբողջությամբ չի շտկել և չի ներկայացրել վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի օգոստոսի 28-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում:

Սույն համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը նկատում է, որ 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու՝ անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։

Մինչդեռ սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ թիվ ԵԴ/20259/02/21 քաղաքացիական գործով Դիմողը, ունենալով Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետում վկայակոչված թերությունները շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորություն, այնուամենայնիվ, պատշաճ կերպով չի իրացրել և չի սպառել իր ենթադրյալ խախտված իրավունքների և (կամ) ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները: Նշվածն էլ հանգեցրել է Դիմողի կողմից ներպետական կառուցակարգերի ոչ պատշաճ սպառման:

Թիվ ՍնԴ/0499/04/20 սնանկության գործով

Թիվ ՍնԴ/0499/04/20 սնանկության գործի դատավարական նախապատմությունից հետևում է, որ սույն գործով ևս նախքան Սահմանադրական դատարան դիմելը Դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր հասանելի կառուցակարգերը: Մասնավորապես՝ սույն գործի նյութերից պարզ է դառնում, որ թիվ ՍնԴ/0499/04/20 սնանկության գործով դիմող «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը (իրավահաջորդ՝ «ԱՄԻՕ Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն) դիմել է Սնանկության դատարան Բորիս Ավագյանին սնանկ ճանաչելու մասին։ Սնանկության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 16-ի վճռով դիմումը բավարարվել է։ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 4-ի որոշմամբ Դիմողի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն հիմնավորմամբ, որ Դիմողը տվյալ սնանկության գործով կողմ չէ և չի ներկայացրել հիմնավորումներ առ այն, որ բողոքարկվող դատական ակտը վերաբերում է իր իրավունքներին և պարտականություններին:

Վերաքննիչ դատարանի նշյալ որոշման դեմ Դիմողի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ թողնվել է առանց քննության այն հիմնավորմամբ, որ Դիմողի կողմից բաց է թողնվել վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ՔԴՕ-ով սահմանված ժամկետը:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ թիվ ՍնԴ/0499/04/20 սնանկության գործի մասով ևս Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ո՛չ թիվ ԵԴ/20259/02/21 քաղաքացիական գործով և ոչ էլ թիվ ՍնԴ/0499/04/20 սնանկության գործով Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, ուստի՝ տվյալ պարագայում բացակայում է Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Այսինքն՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Դիմողի կողմից դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու և, ըստ այդմ՝ Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել Արմեն Ավագյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:

2. Արմեն Ավագյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Հ. Թովմասյան

Ա. Վաղարշյան

14 հոկտեմբերի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-57

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-57
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել