«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՄԻՆՉԵՎ 06.04.2023 Թ. ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հունվարի 2025թ. ՍԴԱՈ - 7 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՄԻՆՉԵՎ 06.04.2023 Թ. ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՄԻՆՉԵՎ 06.04.2023 Թ. ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` մինչև 06.04.2023 թ. գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ՀԿԴ/0169/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ներկայացված «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).
«1. Թիվ ՀԿԴ/0169/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի, մասնակցությամբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Իրինա Վալտերի Բաբոյանի, Հրաչ Թէրեզեանի, Արա Ժանի Առաքելեանի, Կադաստրի կոմիտեի՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, դիմել Սահմանադրական դատարան՝ մինչև 06.04.2023 թվականը գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի (այնքանով, որքանով չի նախատեսել դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության հայցի հարուցման լիազորություն)` ՀՀ Սահմանադրության 4-րդ, 6-րդ հոդվածներին, 176-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
(...)»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0169/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, վիճարկվող նորմերի բովանդակությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու համար նշանակություն ունեցող հանգամանքների շրջանակը՝ Դիմողը նշում է. «(...) օրենսդիր իշխանության կողմից օրենքների ընդունման սահմանադրական գործառույթի շրջանակներում չեն կարող ընդունվել այնպիսի օրենքներ կամ այնպիսի բովանդակությամբ, որը կարող է սահմանափակել իշխանության մյուս ճյուղի սահմանադրական լիազորությունը, եթե սահմանափակման նման լիազորություն Սահմանադրությունն օրենսդրին չի տվել:
Սահմանադրությամբ նախատեսված են բազմաթիվ դեպքեր, երբ սահմանադրական որևէ մարմնի կարգավիճակի բնութագրման ժամանակ Սահմանադրությունն ամրագրում է կամ չի ամրագրում վերջինիս լիազորությունները՝ մի դեպքում այն թողնելով օրենսդրին, այլ դեպքերում դրա մանրամասն կարգավորումը թողնելով օրենսդրին»:
Մեջբերելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, 159-րդ հոդվածով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 175-րդ հոդվածի 4-րդ մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված սահմանադրաիրավական կարգավորումները՝ Դիմողը գտնում է, որ «(...) մի դեպքում Սահմանադրությունն ուղղակիորեն սահմանում է պետական մարմնի լիազորությունները, այլ դեպքերում սահմանում է պետական մարմնի հիմնական լիազորությունները՝ այլ լիազորություններն օրենքով սահմանելու հնարավորությամբ, երրորդ դեպքում պետական մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակը բնութագրելով՝ վերջինիս լիազորությունների սահմանումը թողնում է օրենսդրին:
Վերոնշյալ երեք դրսևորումների և ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համադրման արդյունքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ սահմանադրական մարմնի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, սակայն օրենսդիրը իշխանությունը օրենքով սահմանում է այլ բովանդակությամբ կամ առավել լայն կամ առավել նեղ լիազորություն, խախտվում է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը»:
Հիշատակելով Սահմանադրության 176-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի բովանդակությունը՝ Դիմողը նշում է. «(...) ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համակարգային մեկնաբանությունը հիմք է տալիս նշելու, որ
1. դատախազությունն ունի պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու սահմանադրական լիազորություն,
2. դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը ոչ թե ընդհանուր սահմանադրական լիազորություն է, այլ բացառիկ: (...) ,
3. դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորությունը ծագում է միայն այն դեպքում, երբ օրենքում սահմանված են որոշակի բացառիկ դեպքեր, ինչպես նաև սահմանված են որոշակի բացառիկ կարգեր նշված լիազորության իրականացման համար: Այսինքն, եթե օրենքներում բացառիկ դեպքեր և բացառիկ կարգեր սահմանված չեն, Սահմանադրության իմաստով դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորությունը չի ծագում,
4. «Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա» սահմանադրական ձևակերպումը նշանակում է ոչ միայն դատախազության՝ Սահմանադրությամբ սահմանված լիազորություններից դուրս չգալու կանոն, այլև սահմանադրական լիազորություններն օրենքի հիման վրա, պետական շահերի պաշտպանության դեպքում՝ օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում և բացառիկ կարգով պաշտպանելու կանոն,
5. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերը և բացառիկ կարգը վերաբերում են ոչ թե պետական շահերի շրջանակներին, այլ կերպ ասած՝ «պետական շահեր» եզրույթին օրենքով լայն կամ նեղ բովանդակություն հաղորդելուն, այլ պետական շահերի պաշտպանության դեպքերին և կարգին: Այսինքն՝ Սահմանադրությունը թույլ չի տվել օրենսդրին «պետական շահեր» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը փոփոխության ենթարկել օրենքով, այլ թույլատրել է օրենքով սահմանել Սահմանադրության իմաստով պետական շահերի պաշտպանության բացառիկ դեպքերը և բացառիկ կարգը:
Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմի սահմանադրականության և դրա վերաբերյալ հիմնավոր կասկածի համար առաջին հերթին էական նշանակություն ունի ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված «պետական շահեր» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը»:
Ներկայացնելով «պետական շահեր» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ իր դիրքորոշումները և հիմք ընդունելով նաև դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակի էությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործվել է «պետական շահեր» եզրույթը, առանց այն տեղական կամ համայնքային շահեր եզրույթից առանձնացնելու շեշտադրման, Դիմողը գտնում է, որ Սահմանադրության նշված հոդվածի սահմանադրաիրավական իմաստով պետական շահերի մեջ ներառվում են նաև համայնքային շահերը:
Այս կապակցությամբ Դիմողը նշում է. «01.03.2023 թվականին ընդունված և 06.04.2023 թվականին ուժի մեջ մտած ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում «պետական շահ» հասկացությունը «Դատախազության մասին» ՀՀ օրենքի ամբողջ տեքստում փոխարինվել է «պետական (համայնքային) շահ» բառակապակցությամբ: Այլ կերպ ասած` օրենքում կատարված փոփոխություններով հստակեցվել է բացառիկ դեպքերում դատախազի կողմից համայնքի գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասությունը:
Միաժամանակ, ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումներում նշվել է այն հանգամանքը, որ «համայնքային շահ» հասկացությունը ներառվում է «պետական շահ» հասկացության մեջ (տե՛ս թիվ ՎԴ/4571/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2024 թվականի որոշումը):
Վերոնշյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ինչպես ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից, այնպես էլ օրենսդրի կողմից օրենսդրական փոփոխություններից հետևում է, որ պետական շահ հասկացության մեջ ներառվում է նաև համայնքային շահը:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված դատողությունները ցույց են տալիս, որ Սահմանադրությամբ դատախազությանը տրված՝ պետական շահերի պաշտպանության լիազորությունն ի սկզբանե իր մեջ ներառել է նաև համայնքային շահերի պաշտպանության լիազորությունը:
Հետևաբար, հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ վերևում կատարված վերլուծությունն այն մասին, որ Սահմանադրությունը թույլ չի տվել օրենսդրին օրենքով «պետական շահեր» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը ենթարկել փոփոխության, այլ թույլատրել է օրենքով սահմանել Սահմանադրության իմաստով պետական շահերի պաշտպանության բացառիկ դեպքերը և բացառիկ կարգը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմի սահմանադրականության տեսանկյունից էական նշանակություն ունի այդ նորմով դատախազությանն օրենսդրի կողմից համայնքային շահերի պաշտպանության լիազորություն տրված լինելու հարցը»:
Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը գտնում է, որ «(...) մինչև 06.04.2023 թվականը գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածն այնքանով, որքանով չէր նախատեսում դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության բացառիկ դեպքեր և կարգ, հակասում է.
1. Սահմանադրության 4-րդ հոդվածին, քանի որ նշված սահմանադրական մարմնի՝ դատախազության լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, սակայն ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումներից հետևում է, որ օրենսդիր իշխանությունը մինչև 06.04.2023 թվականը գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանել է այլ՝ առավել նեղ լիազորություն: Այսինքն՝ մինչև 06.04.2023 թվականը գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով օրենսդիրը սահմանափակել է դատախազության սահմանադրական լիազորությունները:
2. Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ նշված հոդվածով նախատեսված օրինականության ընդհանուր սկզբունքը նշանակում է, որ սահմանադրական մարմնի սահմանադրական լիազորությունները պետք է առնվազն նույն կերպ ամրագրված լինեին նաև օրենքով: Այսինքն՝ մինչև 06.04.2023 թվականը գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում դատախազության սահմանադրական լիազորության ոչ լիարժեք ամրագրումը հակասում է օրինականության ընդհանուր սկզբունքին:
3. Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին, քանի որ հոդվածի նշված մասերով նախատեսված «պետական շահեր» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունն իր մեջ ներառել է նաև «համայնքային շահերը», Սահմանադրությունը թույլ չի տվել օրենսդրին օրենքով «պետական շահեր» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը ենթարկել փոփոխության, այլ թույլատրել է օրենքով սահմանել միայն Սահմանադրության իմաստով պետական շահերի պաշտպանության բացառիկ դեպքերը և բացառիկ կարգը, մինչդեռ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումներից հետևում է, որ մինչև 06.04.2023 թվականը գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը «պետական շահեր» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը փոփոխել է՝ սահմանափակելով դատախազության լիազորությունները»:
3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Դատարանների՝ սահմանադրական արդարադատություն հայցելու սահմանադրաիրավական հնարավորությունն ամրագրված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում.
«4. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:
Վկայակոչված կարգավորումն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում, որի շրջանակներում օրենսդիրն ուրվագծել է դատարանների սույն սահմանադրաիրավական իրավասության կենսագործման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:
Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Սահմանադրի կողմից դատարաններին՝ սույն սահմանադրաիրավական իրավասությամբ օժտելու հիմնարար նպատակը հանգում է դատարանների կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պարագայում կոնկրետ սահմանադրական վերահսկողությունը կարող է իր նպատակին ծառայել, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ դատարանները Բարձր դատարան ներկայացվող դիմումներում հիմնավորեն.
1) տվյալ գործի՝ իրենց վարույթում գտնվելու հանգամանքը,
2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալը: Այլ խոսքով՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի՝ Սահմանադրությանը ենթադրյալ հակասության պատճառաբանված դիրքորոշումը՝ հիմնված ներքին համոզման վրա,
3) տվյալ գործի՝ միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորությունը:
Վերոհիշյալ սահմանադրաիրավական պահանջների պահպանումը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի ընդունելիության և գործի քննության գրավականն է, ուստի՝ արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական առաքելություն կրող հիշյալ սուբյեկտների կողմից ենթակա է առանձնահատուկ ուշադրության՝ հաշվի առնելով հակասահմանադրական նորմերի կիրառման անթույլատրելիության Սահմանադրի կամքը: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, պետք է ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բազմաբովանդակ պատճառաբանությունը, որը կհիմնավորի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի առկայությունը:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելիս դատարանները՝ Սահմանադրական դատարան դիմելու մասին համապատասխան որոշման շրջանակներում, ի շարս այլնի, պետք է ներկայացնեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողություններն ու դիրքորոշումները: Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:
Դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին փաստել, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանը նշում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումով Դիմողի ներկայացրած հիմնավորումների շրջանակը առավելապես հիմնված է սուբյեկտիվ ընկալումների և վերացական դատողությունների վրա, որոնք չեն կարող դիտարկվել իբրև վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող փաստարկներ:
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դատարանների՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ կատարված ցանկացած դատողություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, որոնք հանգեցրել են նման դատողության. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, սույն պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթի կիրառման արգելակման գրավականն է: Հակառակ պարագայում ստացվում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պատվիրանի կատարումը:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` մինչև 06.04.2023 թ. գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
21 հունվարի 2025 թվականի
ՍԴԱՈ-7
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-7
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
