ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 մայիսի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 13 | ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
19 մայիսի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Պողոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Արտակ Զեյնալյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Արտակ Զեյնալյանը 2011թ. մայիսի 6-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության (այնքանով, որքանով դատախազի համար ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքով դատարան դիմելու պարտականություն չի սահմանում) և 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և 101-րդ հոդվածների պահանջներին։
Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզվեց, որ գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության հակասահմանադրականությունը դիմողը փորձել է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացի առկայությամբ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-864 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիքորոշումը. «Իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքի առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»։
ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է նաև, որ «…օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը»։ Այսինքն օրենսդրական բացի սահմանադրականության հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, երբ կոնկրետ գործով միաժամանակ առկա են սահմանադրական դատարանի սահմանած չափանիշները կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտում կամ այդ խախտման պոտենցիալ հնարավորություն և օրենսդրության մեջ այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքների բացակայություն, կամ էլ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված հակասական իրավակիրառական պրակտիկա։
ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատախազի համար նոր հանգամանքով դատարան դիմելու պարտականություն չնախատեսելով հանդերձ օրենսդիրը նման հնարավորություն է նախատեսում կոնկրետ անհատի համար, այսինքն անձը զրկված չէ նոր հանգամանքով դատարան դիմելու և իր սուբյեկտիվ իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։ Տվյալ դեպքում դիմողը չի օգտվել օրենքով իրեն ընձեռնված հնարավորությունից, ինչպես նաև չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ նրա այդ հնարավորությունը որևէ կերպ սահմանափակվել կամ դրա իրացման համար խոչընդոտներ են եղել, կամ էլ առկա է այդ հարցի շուրջ հակասական իրավակիրառական պրակտիկա։
Հետևաբար, դատական կազմը գտնում է, որ վիճարկվող դրույթը դիմողի դիրքորոշման շրջանակներում իր բովանդակությամբ սահմանադրաիրավական վեճ չի առաջացնում և եթե նույնիսկ առկա է օրենսդրական բաց, ապա այն լրացնելու իրավասությունն օրենսդիր մարմնին է պատկանում։
Դատական կազմը գտնում է նաև, որ վիճարկվող դրույթն ընդհանուր իրավասության դատարանների կողմից դիմողի նկատմամբ չի կիրառվել։ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ որպես իրավունքների պաշտպանության ելակետային դրույթ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը արձանագրել է այն փաստը, որ ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք չներկայացնելու արդյունքում չի սահմանափակվում անձի ՀՀ վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու իրավունքը ու նրա իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվում։ Նույն տրամաբանությամբ է կառուցված նաև վերաքննիչ դատարանի որոշումը։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ, ըստ դիմողի, խնդրահարույց է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման համար դիմում ներկայացնելու ժամկետի առկայությունը։ Դատական կազմը գտնում է, որ վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել։ Այսպես դատական ակտերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ վիճարկվող դրույթի վկայակոչմամբ դատարանը, տվյալ դեպքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, առանց որևէ հետևության արձանագրել է, որ դիմողը ՀՀ գլխավոր դատախազին է դիմել ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք ամիս անց։ Այսինքն դատարանի կողմից փաստվել է դատախազին դիմելու ժամկետը, այլ ոչ թե դատարանին։ Դատարանը կարող էր այդ դրույթը դիմողի նկատմամբ կիրառել և դրանով նրա նկատմամբ իրավական հետևանքներ առաջացնել այն դեպքում միայն, երբ դիմողն ուղղակիորեն դատարան դիմեր նշված եռամսյա ժամկետը բաց թողնելուց հետո։ Հետևաբար, տվյալ պարագայում անհնար էր դիմողի նկատմամբ այդ դրույթի կիրառումը։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի. «…Դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի վկայակոչումը կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականացման վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Արտակ Զեյնալյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
19 մայիսի 2011թ.
ՍԴԴԿՈ/1-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մայիսի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
