ԱՐԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-58)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 31 հոկտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 58 | ԱՐԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 31 հոկտեմբերի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ա. Զեյնալյանի
Անդամակցությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով Արա Բարսեղյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արա Բարսեղյանը (այսուհետ՝ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին), խնդրել է հետևյալը.
«ՀՀ կառավարության 10.07.2018 թվականի թիվ 792-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 12-րդ կետն (մինչև 12.06.2025թ. խմբագրությամբ) ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին և Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/1925/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ինքն աշխատանքի է ընդունվել Տեսչական մարմնում՝ որպես ընդերքի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը, և կողմերի միջև 25.06.2020 թվականին կնքվել է թիվ 10 ժամկետային աշխատանքային պայմանագիրը, նշված պայմանագրի 6-րդ կետով նախատեսվել է, որ պայմանագիրը լուծվում է` ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» № 792-Ն որոշման համաձայն։ Տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2022 թվականի փետրվարին կազմակերպվել է մրցույթ, որին մասնակցել է նաև ինքը և թեստավորման փուլը հաղթահարելուց հետո նույն ամսվա 22-ին մասնակցել է նաև կազմակերպված մրցույթի հարցազրույցի փուլին, և հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Արա Բարսեղյանը հարցազրույցի փուլը չի հաղթահարել։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 23.02.2022 թվականի թիվ Կ 94-Ա հրամանով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար Արա Բարսեղյանի հետ 2020 թվականի հունիսի 25-ին կնքված թիվ 10 ժամկետային աշխատանքային պայմանագիրը 2022 թվականի փետրվարի 24-ից լուծվել է: Հրամանի համար հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի № 792-Ն որոշման հավելվածի 12-րդ կետի 4-րդ ենթակետը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2022 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 10:30-ին կազմակերպված մրցույթի հարցազրույցն անցկացրած հանձնաժողովի եզրակացությունը:
Դիմողը նշում է նաև, որ տվյալ դեպքում ՀՀ կառավարության 10.07.2018 թվականի № 792-Ն որոշման 12-րդ կետով սահմանված է ոչ թե պայմանագիրը լուծելու կարգ, այլ այն պայմանագիրը լուծելու հիմքեր է նախատեսում, իսկ պայմանագիրը լուծելու հիմքերը բնականաբար տարբերվում են պայմանագիրը լուծելու կարգից, այսինքն՝ եթե լուծելու հիմքերը պարունակում են անհրաժեշտ պայմաններ, որոնց առկայության կամ բացակայության դեպքում կարող է լուծվել աշխատանքային պայմանագիրը, ապա լուծելու կարգը պետք է պարունակի կոնկրետ գործողությունների հաջորդականության կամ ընթացակարգի մասին տեղեկություններ, թե ինչպես, ինչ եղանակով կամ ինչ ժամկետներում պետք է լուծվի պայմանագիրը։ Վերոշարադրյալների հիման վրա Դիմողը գտնում է, որ ՀՀ կառավարության 10.07.2018 թվականի № 792-Ն որոշումը, ընդունված լինելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, ուղղակիորեն հակասում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին, քանի որ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի լիազորությունների դադարման հիմքերը նախատեսված են նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, որտեղ որևէ նշում չկա ժամկետային աշխատանքային պայմանագրի լուծման այնպիսի հիմքերի մասին, ինչպիսիք նախատեսված են ՀՀ կառավարության որոշման 12-րդ կետով։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Միաժամանակ 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ կառավարության 10.07.2018 թվականի թիվ 792-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 12-րդ կետի (մինչև 12.06.2025թ. գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին և 79-րդ հոդվածին համապատասխանությունը, ինչի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 57-րդ հոդվածով երաշխավորված՝ աշխատանքի ազատ ընտրության հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթի և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ հարկ է արձանագրել, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 57-րդ հոդվածով երաշխավորված՝ աշխատանքի ազատ ընտրության հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթի և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Իսկ ինչ վերաբերում է դիմումում ներկայացված այն փաստարկին, որ «(...) ՀՀ կառավարության 10.07.2018 թվականի թիվ 792-Ն որոշումն, ընդունված լինելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան ուղղակիորեն հակասում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին, (...)», ապա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ բարձրացված հարցի գնահատականը Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթում չէ:
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է: Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ .
Արա Բարսեղյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Զեյնալյան
Անդամներ՝ Դ. Խաչատուրյան
Ե. Խունդկարյան
31 հոկտեմբերի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-58
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-58
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
