«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3 ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-123)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 հուլիսի 2022թ. ՍԴԱՈ - 123 | «ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3 ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3 ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 4 և 6-րդ մասերի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի հունիսի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վճռաբեկ դատարանի (այսուհետ` նաև դիմող) դիմումը, որով թիվ ՎԴ/4680/05/19 վարչական գործով ներկայացված «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2022 թվականի հունիսի 8-ի որոշմամբ դիմողը խնդրել է (որոշել է). ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան»:
2. Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.05.2021թ. որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ՎԴ/4680/05/19 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանի 15.02.2021թ. որոշման դեմ Կառավարության բերած վճռաբեկ բողոքը։ Դիմողի պնդմամբ նշված գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ կայացնելու հարցի լուծումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` նաև Դատական օրենսգիրք) 15-րդ հոդվածի 4 և 6-րդ մասերում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերում ամրագրված իրավակարգավորումների կիրառմամբ, որոնց սահմանադրականության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած, որը հիմնավորվում է այն պատճառաբանությամբ, որ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով, 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավակարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից որոշումներն ընդունվում են առնվազն 6 դատավորի կողմ ձայների առկայության դեպքում։ Դիմողը նշում է, որ թիվ ՎԴ/4680/05/19 վարչական գործով օրենքով սահմանված ողջամիտ ժամկետում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որևէ որոշում հնարավոր չի եղել կայացնել, քանի որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11 դատավորներից մեկը հայտնել է ինքնաբացարկ, ինչի հետևանքով որոշում ընդունելուն մասնակցելու իրավունք ունեցող դատավորների թվակազմը մնացել է 10-ը։ Զեկուցող դատավորի կողմից կազմված որոշման նախագծին կողմ և դեմ քվեարկած դատավորների ձայները բաշխվել են հավասարապես, այսինքն չի ապահովվել Դատական օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերով սահմանված Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (6 ձայն) որոշում ընդունելու պարտադիր կանոնը։ Դիմողի գնահատմամբ ստեղծված իրավիճակը ոչ միայն խաթարում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը, այլ նաև վճռաբեկ բողոք ներկայացրած անձանց դատարանի մատչելիության և ողջամիտ ժամկետում իրենց գործի քննության իրավունքը։ Վերոնշյալի արդյունքում դիմողը եզրահանգում է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կազմը ինքնաբացարկի կամ բացակա դատավորի պատճառով ոչ ամբողջական լինելու դեպքերում հնարավոր չէ ապահովել պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում ընդունելու Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4 և 6-րդ մասերով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերով սահմանված օրենսդրական պահանջի կատարումը, քանի որ որոշումը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունից, այսինքն 6 ձայնից պակաս ձայներով ընդունվելու պարագայում կխախտվի իրավասու (օրինական) դատարանի կողմից որոշում կայացնելու հիմնարար սկզբունքը: Հակառակ դեպքում, մասնավորապես երբ Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում շեղվել վիճարկվող հոդվածներով սահմանված օրենսդրական պահանջից գտնելով, որ որոշումը պետք է ընդունվի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա կամ անհնար է դառնում որոշում ընդունելը, կամ որոշումը կարող է ընդունվել միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր հաստիքը համալրելուց հետո, ինչի հետևանքով կխախտվեն ողջամիտ ժամկետները, քանի որ գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը կարող է տևել ամիսներ։
3. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով ներկայացված դիմումը, գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով ներքոնշյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է դատարանների իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն օրենսդիրն ամրագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում նախանշելով խնդրո առարկա սահմանադրաիրավական իրավասության իրացման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը: Դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Այս առումով առանցքային է արդարադատություն իրականացնող հիշյալ սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացնել վիճարկվող նորմի Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բովանդակ պատճառաբանությունը, որը կբացահայտի դատարանի Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը: Սահմանադրական դատարանն իր 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»: 3.2. Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը բարձրացնում է Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4 և 6-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին համապատասխանության հարց: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիմողի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2022 թվականի հունիսի 9-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին սահմանադրական օրենքի (ՀՕ-151-Ն) 3-րդ հոդվածով Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի դիմողի կողմից վիճարկվող 6-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «6. Կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վճռաբեկ դատարանում որոշումներն ընդունվում են Վճռաբեկ դատարանի պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում համապատասխան դատական կազմի բողոքը քննող դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում որոշումը կայացվում է համապատասխան դատավարական օրենսգրքով սահմանված կարգով»: Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողի կողմից բարձրացված ենթադրյալ սահմանադրաիրավական խնդիրն առավելապես առնչվում է վերոնշյալ իրավադրույթին, որն օրենսդրի կողմից ենթարկվել է հիշատակված փոփոխության` Վճռաբեկ դատարանի սույն դիմումի (որոշման) կայացումից հետո: Անդրադառնալով դիմողի կողմից վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի ենթադրյալ հակասահմանադրականության հարցին Սահմանադրական դատարանը փաստում է, որ նշված օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը կարգավորում է Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննության շրջանակներում վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ձայների անհրաժեշտ մեծամասնության հարցերը ամրագրելով, որ` «Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների մեծամասնությունը», իսկ նույն հոդվածի 4-րդ մասով ամրագրված է վարույթ ընդունված վճռաբեկ բողոքների քննությունը կոլեգիալ` վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների մեծամասնությամբ իրականացնելու օրենսդրական պահանջը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 166.1-ին և 166.2-րդ հոդվածներով օրենսդիրն ամրագրել է վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում, ինչպես նաև գրավոր ընթացակարգով իրականացնելու իրավակարգավորումները: Մասնավորապես, սահմանված է, որ բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է Վճռաբեկ դատարանի դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է վճռաբեկ բողոքը և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները: Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած, գործին մասնակցող անձանց, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված (161.1-ին հոդվածի 2 և 3-րդ մասեր): Հիշյալ օրենսգրքի «Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով» վերտառությամբ 162.2-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից և նրանց կողմից որոշված դատավորը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի ներկայացրել համապատասխան հիմնավորումներ թիվ ՎԴ/4680/05/19 վարչական գործի քննության փուլի, վճռաբեկ բողոքը քննության փուլում գտնվելու առնչությամբ բողոքի քննության իրականացման դատավարական ձևի, հետևաբար համապատասխան դատական ակտ կայացնելու համար կոնկրետ նորմերի վերաբերյալ, որոնք կփաստեն, որ վիճարկվող նորմերը վարչական դատավարության տվյալ փուլում Վճռաբեկ դատարանի կողմից ենթակա են կիրառման: Դիմողի կողմից վիճարկվող դրույթները մի դեպքում վերաբերում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ընթացակարգերին, մյուս դեպքում բողոքի քննությանը: Եթե խնդիրը վերաբերում է վճռաբեկ բողոքի գրավոր ընթացակարգով քննությանը, ապա դիմողի կողմից չեն ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162.2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ընթացակարգերը կիրառելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ հաղթահարել բարձրացված խնդիրը: Վերոնշյալ հանգամանքների վերաբերյալ դիմողի կողմից պատշաճ հիմնավորումների բացակայության պայմաններում Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործով դիմողը չի հիմնավորել սահմանադրաիրավական վեճի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն դիմումում նշվում են Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով: Վկայակոչված հոդվածի ուղղակի պահանջն է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի շրջանակներում հստակ մատնանշել Սահմանադրության համապատասխան նորմերը, ինչպես նաև դատարանների պարագայում իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործերով նորմատիվ իրավական ակտերի համապատասխան դրույթները, առանց որոնց կիրառման անհնարին է իրականացնել արդարադատություն: Դիմումը պետք է հստակ բովանդակի վերոթվարկյալ պահանջները ուրվագծելով Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող սահմանադրաիրավական վեճի շրջանակները: 3.3. Սահմանադրական դատարանը դատարանների կողմից ներկայացվող դիմումների ընդունելիության չափանիշները մեկնաբանելու վերաբերյալ իր դիրքորոշումներում զարգացրել և հստակեցրել է Սահմանադրության 169-րդ հոդվածով նախատեսված դատարանի իրավասության իրականացման անհրաժեշտ պայմանները, մասնավորապես դատարանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի հիմնավորումների մասով նշելով. «(...) դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Այլ կերպ, եթե վիճարկվող դրույթը դատարանի կողմից չի կիրառվելու կամ այլևս ենթակա չէ կիրառման, կամ այդպիսի կիրառումը կրելու է ձևական բնույթ, ապա Սահմանադրական դատարանի գործն ըստ էության լուծող որոշմամբ վիճարկվող դրույթի վերաբերյալ արտահայտած ցանկացած գնահատական որևէ նշանակություն չի ունենալու կոնկրետ գործի լուծման համար (...): Այդ պարագայում դատարանի դիմումը ենթադրելու է ոչ թե կոնկրետ, այլ վերացական սահմանադրական վերահսկողություն: Այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով» (05.08.2021թ. ՍԴԱՈ-176)։ Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրակացնելու, որ դիմումի շրջանակներում դիմողի կողմից առավելապես բարձրացվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի կիրառման հարցեր: Հաշվի առնելով նաև Վճռաբեկ դատարանի երկու առանձին քաղաքացիական և վարչական պալատների համապատասխան դատավորների թվակազմով գործելու հանգամանքը Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումի շրջանակներում բարձրացված հարցադրումներն, ըստ էության, հավակնում են առավելապես վերացական սահմանադրական վերահսկողության առարկա դառնալուն: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության առանձնահատկությունն այն է, որ որևէ կոնկրետ գործով դիմում ներկայացնելիս դատարանը պետք է հիմնավորի, որ համապատասխան բացասական հետևանքները ոչ թե կարող են վրա հասնել, այլ կոնկրետ գործի շրջանակներում անխուսափելիորեն վրա են հասնելու (14.04.2020թ. ՍԴԱՈ-83): Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված հիմնավորումներով իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, որպիսի պայմաններում գործի քննությունը ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 4 և 6-րդ մասերի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
12 հուլիսի 2022 թվականի
ՍԴԱՈ-123
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հուլիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-123
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
