Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2228 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 ապրիլի 2025թ. ՍԴԴԿՈ - 22 | ՎԱԶԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 28 ապրիլի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի

Ս. Սաֆարյանի

Քննության առնելով Վազգեն Աբրահամյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վազգեն Աբրահամյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Աշոտ Աբրահամյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի ապրիլի 17-ին), խնդրել է հետևյալը.

«(…) ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի նորմի կիրառումն այն մեկնաբանությամբ, որ ապրանքը տաբատի գրպանում և գոտկատեղից կախված լինելը համարվում է գաղտնարանների օգտագործում, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոց, որը մաքսային մարմնի աշխատակիցների համար ոչ տեսանելի վայր է դիտարկվում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

2. Դիմողը նշում է, որ սույն դիմումի հիմք հանդիսացող վարչական գործով Վճռաբեկ դատարանը վիճարկվող դրույթին տվել է հակառակ մեկնաբանություն՝ ի տարբերություն թիվ ՎԴ/3579/05/14, ՎԴ/6362/05/16 և ՎԴ/13564/05/17 վարչական գործերով կայացված՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումների՝ դրանով իսկ չնպաստելով և չվերացնելով մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները։ Միաժամանակ, Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի հարցադրման, որն ամբողջովին վերաբերում է ՀՀ մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 201-րդ հոդվածի դիսպոզիցիայի բովանդակությանը, որը Վերաքննիչ դատարանի կողմից խախտված լինելու և ըստ այդմ՝ դրան անդրադառնալու անհրաժեշտության մասին բողոքաբերը չի խոսել։ Բացի այդ, Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանն իր դիրքորոշմամբ փաստացի լրացրել է Օրենսգրքի 201-րդ հոդվածի դիսպոզիցիան՝ դրանում ավելացնելով արարքն իրավախախտում որակելու այնպիսի պայմաններ, որպիսիք օրենսդրի կողմից չեն սահմանվել, այսինքն՝ ըստ Դիմողի՝ Վճռաբեկ դատարանը վիճարկվող դրույթին նոր բովանդակություն է տվել։

Դիմողի կարծիքով՝ տաբատի գրպանը որևէ կերպ հնարավոր չէ համարել գաղտնարան, եթե դրանում երկտակ կտորով կամ այլ հատուկ միջոցներով առանձին հատված չի ձևավորվել, կամ այնպիսի վայր, որտեղ գտնվող իրը դժվար է հայտնաբերել։ Ընդ որում՝ Դիմողն ընդգծում է, որ տաբատում դրված ապրանքի հայտնաբերումը որևէ դժվարություն չի ներկայացնում։ Մինչդեռ Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը, անտեսելով վերոգրյալը, դատական ակտով լրացրել է վարչական ակտի հիմնավորումները՝ որպես հայցվորի կողմից Օրենսգրքի 201-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված մաքսային կանոնների խախտման դրսևորում վարչական մարմնի փոխարեն արձանագրելով ապրանքի տեղափոխումը՝ դրա հայտնաբերումը դժվարացնող եղանակով՝ ապրանքները գրպանում և գոտկատեղում կախված կամ կապված վիճակում լինելու հանգամանքով, որպիսի հիմնավորում նշված չէ «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի պահանջով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012 թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014 թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015 թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016 թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016 թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016 թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016 թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:

Ընդ որում՝ Սահմանադրական դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման դեպքում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, ինչը ոչ միայն չի բխում Սահմանադրության և Սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում ներառված դատարանների գործառույթների տարանջատումը։

Դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողն ըստ էության վիճարկում է Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ/6701/05/22 վարչական գործի շրջանակում կայացված դատական ակտի և վերջինիս գործողությունների իրավաչափությունը, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից: Մասնավորապես՝ Օրենսգրքի 201-րդ հոդվածի առնչությամբ Դիմողը, ի թիվս այլնի, նշում է հետևյալը.

- Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի հարցադրման, որն ամբողջովին վերաբերում է Օրենսգրքի 201-րդ հոդվածի դիսպոզիցիայի բովանդակությանը, որը Վերաքննիչ դատարանի կողմից խախտված լինելու և ըստ այդմ՝ դրան անդրադառնալու անհրաժեշտության մասին բողոքաբերը չի խոսել,

- Վճռաբեկ դատարանն իր դիրքորոշմամբ փաստացի լրացրել է Օրենսգրքի 201-րդ հոդվածի դիսպոզիցիան՝ դրանում ավելացնելով արարքն իրավախախտում որակելու այնպիսի պայմաններ, որպիսիք օրենսդրի կողմից չեն սահմանվել, այսինքն՝ ըստ Դիմողի՝ Վճռաբեկ դատարանը վիճարկվող դրույթին նոր բովանդակություն է տվել։

Այսպիսով՝ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված խնդրո առարկա հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՎԴ/6701/05/22 վարչական գործի շրջանակում Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ուստի գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վազգեն Աբրահամյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Է. Շաթիրյան

Ս. Սաֆարյան

28 ապրիլի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-22

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-22
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել