ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-46)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հոկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 46 | ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 հոկտեմբերի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ա. Թունյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով Ղազար Ղազարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Ղազար Ղազարյանը (այսուհետ Դիմող, ներկայացուցիչ փաստաբան Գնել Նազարյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի սեպտեմբերի 29-ին) խնդրելով. «(…) որոշել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։ Դիմողը հայտնել է, որ իր և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր։ Հետագայում համայնքն առաջարկել է Դիմողին լուծել պայմանագիրը, վերադարձնել հողամասը հանրային զբոսայգի հիմնելու համար և դրանից զատ առաջարկում պայմանագրի լուծման որևէ այլ հիմք չի նշել։ Դիմողի պնդմամբ առաջին ատյանի դատարան իր դեմ ներկայացված հայցադիմումում նշված պայմանագիրը լուծելու հիմքը պետք է նույնական լիներ մինչև դատարան դիմելը հայցվորի կողմից ուղարկված առաջարկում նշված հիմքին։ Դիմողը գտնում է, որ հայցադիմումում և մինչև դատարան դիմելն ուղարկված առաջարկում պայմանագիրը լուծելու տարբեր հիմքեր են նշված, ինչի արդյունքում հայցվորը, Դիմողի պնդմամբ, խաթարել է Քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի իմաստը, որը, ըստ Դիմողի, այն է, որ նախքան դատարան դիմելը պայմանագիրը լուծելը նախաձեռնած կողմն իր առաջարկում մատնանշի պայմանագիրը լուծելու որոշակի հիմք, պահանջի պայմանագիրը լուծել հենց այդ հիմքով, և եթե մյուս կողմը չի ընդունում առաջարկը, ապա առաջինը կարող է դիմել դատարան միայն նույն հիմքով պայմանագիրը լուծելու պահանջով։ Ըստ Դիմողի վերաքննիչ քաղաքացիական դատարանն անտեսել է նշվածը և սխալ մեկնաբանելով Քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածը եկել է այն հետևության, որ կարևոր չէ, որ հայցվորը արտադատական կարգով պայմանագիրը լուծելու վերաբերյալ գրության մեջ չի նշել Դիմողի կողմից պայմանագրի էական խախտում թույլ տրված լինելու մասին, և թե ո՞րն է խախտումը, որի համար նա ցանկանում է պայմանագիրը լուծել։ Դիմողը նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակմանը հանգեցնող միջամտությանը վերաբերող իրավադրույթ, որի համաձայն պայմանագրային հարաբերությունները կարող են դադարել ծանուցվելուց հետո երեսնօրյա ժամկետում պայմանագիրը լուծելու պահանջով դատարան դիմելու եղանակով։ Ըստ Դիմողի Քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասը (որը սահմանափակում է տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը) պետք է համապատասխաներ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին և լիներ բավարար չափով որոշակի, այն է այդ մասում պետք է սահմանվեին նաև դրույթներ այն մասին, թե արդյոք պայմանագիրը լուծելու առաջարկում նշված հիմքը և ապա այդ առաջարկի հիման վրա դատական կարգով պայմանագիրը լուծելիս հայցվորի կողմից մատնանշվող հիմքը պետք է լինեն նույնական, թե՞ դա նշանակություն չունի։ Դիմողը գտնում է, որ այդ տեսանկյունից Քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասը չի համապատասխանում Սահմանադրության 79-րդ հոդվածին։ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը բավարար չափով որոշակի չէ, հնարավորություն չի տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին, քանի որ հստակ չէ, թե արդյոք պայմանագրի կողմն իրավունք ունի պայմանագիրը լուծելու մասին դատարան ներկայացված պահանջի հիմքում դնել այնպիսի հիմքեր, որոնք նախապես չեն ներկայացվել պայմանագիրը լուծելու առաջարկի մեջ։ Ըստ Դիմողի Քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասը չի բավարարում իրավական որոշակիության, հստակության և կանխատեսելիության չափանիշները, իսկ դրան իրավակիրառ պրակտիկայի կողմից հաղորդած բովանդակությունը հանգեցրել է Դիմողի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի խախտմանը, քանի որ այդ նորմի մեկնաբանության արդյունքում Դիմողը զրկվել է հիշյալ իրավունքից։ Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նշել է, որ «(…) դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց կամ այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում: Տվյալ դեպքում Դիմողը նշում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, գտնելով, որ պայմանագիրը լուծելու առաջարկում և հետագայում հայցադիմումում նշված պայմանագիրը լուծելու հիմքերի նույնական լինելն էական չէ, սխալ է մեկնաբանել սույն դիմումով վիճարկվող դրույթը։ Ըստ Դիմողի վիճարկվող դրույթից հստակ չէ, թե արդյոք հայցվորն իրավունք ունի պայմանագիրը լուծելու պահանջով դատարան դիմելիս նշել այնպիսի հիմքեր, որոնք մինչև դատարան դիմելն արված պայմանագիրը լուծելու մասին առաջարկում չի նշել։ Միաժամանակ, Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթում (որպեսզի այն լիներ բավարար չափով որոշակի) պետք է հստակեցված լիներ, թե արդյոք պայմանագիրը լուծելու մինչև դատարան դիմելն արված առաջարկում և հայցադիմումի մեջ նշված հիմքերը պետք է նույնական լինեն, թե ոչ։ Ըստ Դիմողի իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին հաղորդած բովանդակությունը հանգեցրել է իր սահմանադրական իրավունքի խախտմանը, քանի որ այդ նորմի մեկնաբանության արդյունքում վերջինս զրկվել է իր իրավունքից։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով Քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը, իրականում Սահմանադրական դատարանին է առաջադրում այն հարցը, թե որքանո՞վ է վիճարկվող դրույթից հետևում (որքան ընկալելի է), որ պայմանագիրը լուծելու առաջարկում բացահայտված լուծման հիմքը և հետագայում դատարան ներկայացված հայցադիմումում նշված հիմքը կարող են նույնը չլինել։ Մինչդեռ, ըստ Դիմողի ներկայացրած հիմնավորումների` իր գործով վիճարկվող դրույթը դատարանների կողմից ենթակա էր այնպիսի մեկնաբանության, ըստ որի պայմանագիրը լուծելու առաջարկում նշված պայմանագրի լուծման հիմքը պետք է չտարբերվեր դատարան ներկայացված հայցադիմումում նշված հիմքից։ Այսինքն Դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթի մեկնաբանության և կիրառման իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 69-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ղազար Ղազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ա. Թունյան
Ե. Խունդկարյան
18 հոկտեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-46
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-46
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
