Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՂԱՐԻԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ ԼԵՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի «ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՂԱՐԻԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ ԼԵՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի «ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1804 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-180)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 օգոստոսի 2026թ. ՍԴԱՈ - 180 | «ՂԱՐԻԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ ԼԵՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի «ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 574-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ (ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ը ԳՈՐԾԱԾ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ

Ամբողջ Տեքստ

«ՂԱՐԻԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ ԼԵՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի «ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 574-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ (ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ը ԳՈՐԾԱԾ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ղարիբ Հարությունյանի իրավահաջորդ Լեռնիկ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի «Գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 574-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի (մինչև 2023 թվականի հոկտեմբերի 13-ը գործած խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի հունիսի 25-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ղարիբ Հարությունյանի իրավահաջորդ Լեռնիկ Հարությունյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Մամիկոն Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) սույն դիմումը ընդունել վարույթ և որոշել.

(...) «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի և իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ ՀՀ Սահմանադրության 75-րդ և 79-րդ հոդվածներով ամրագրված դրույթներին ու սկզբունքներին համապատասխանության հարցը,

(...) ՀՀ կառավարության 04.06.2014 թվականի «Գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» թիվ 574-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի ՀՀ Սահմանադրության 6-րդ և 78-րդ հոդվածներով ամրագրված դրույթներին և սկզբունքներին համապատասխանության հարցը»:

2. Ներկայացնելով թիվ ԳԴ/2771/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկում է իր նկատմամբ դատարանների կողմից կիրառված՝ «Էներգետիկայի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 47-րդ հոդվածի 4-րդ մասի և դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ինչի կապակցությամբ անկյունաքարային վեճն այն է, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի պատասխանում և նույն դատարան ներկայացված՝ վնաս պատճառած չլինելու հիմնավորումներում ինքը՝ որպես տվյալ գործով պատասխանող, պնդել է, որ իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքի համար Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասը կիրառելի չէ, քանի որ առկա է մատակարարի և սպառողի միջև կնքված գազի մատակարարման պայմանագիր, որի առկայությունը բացառում է գազի սպառումն ապօրինի դիտարկելու իրավական հնարավորությունը: Ըստ Դիմողի՝ վիճարկվող տվյալ դրույթից հստակ երևում է, որ այն սահմանափակված է սոսկ նորմատիվ բովանդակության բառացի իմաստով, և Օրենքով սահմանված չեն այդ դրույթի կիրառման կառուցակարգեր և ընթացակարգեր:

Դիմողը գտնում է, որ, Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու առումով Օրենքի վիճարկվող 47-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությամբ սահմանված է իրավունքների և ազատությունների սահմանափակման՝ «առանց մատակարարման պայմանագրի» միակ հիմքը, սակայն ո΄չ տվյալ օրենքով, ո΄չ էլ համապատասխան իրավանորմով սահմանված չէ իրավունքների և ազատությունների ծավալը, մասնավորապես` սահմանված չեն խնդրո առարկա օրենքի կամ իրավանորմի կիրառման իմաստով «ապօրինի սպառում» դիտարկելու դեպքերը և բացառությունները, ինչն էլ, Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված սահմանադրաիրավական պահանջին չհամապատասխանելու համակցությամբ, տարընթերցումների և տարաբնույթ ընկալումների բերումով հանգեցրել է փաստակազմերի բովանդակային նմանությամբ՝ վիճարկվող իրավանորմին տարբեր դատարանների կողմից տրամագծորեն իրարից տարբերվող մեկնաբանությունների: Օրինակ՝ Դիմողի պնդմամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքի՝ «Ապօրինի գործունեությամբ զբաղվելը» վերտառությամբ 407-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել են նույն հոդվածի կիրառման իմաստով ապօրինի գործունեության դեպքերը և բացառությունները, կիրառման ընթացակարգերը և կառուցակարգերը, ինչը, սակայն, սահմանված չէ Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի պարագայում:

Դիմողը նշում է, որ Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն համապատասխանում Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներով ամրագրված սկզբունքներին այնքանով, որքանով սահմանված չեն այդ իրավանորմի կիրառման կառուցակարգերը և ընթացակարգերը, ինչպես նաև սահմանափակվող իրավունքների և ազատությունների ծավալը։ Անդրադառնալով վիճարկվող տվյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը՝ Դիմողը նշում է, որ իր նկատմամբ թիվ ԳԴ/2771/02/23 քաղաքացիական գործով նշված դրույթների կիրառումը հիմնավորելու համար Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ընդհանրապես անդրադարձ չի կատարել, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իր լիազորությունից, վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է գազի սպառման ապօրինի համարվելը և նույն գործով Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառելի համարվելը հիմնավորող համապատասխան մեկնաբանությունը:

Ըստ Դիմողի՝ «(...) հարց է առաջանում թե փորձագիտական եզրակացության բացակայության պայմաններում ինչն է Դատարանին հանգեցրել այն համոզմանը, որ բացառել է կնիքների վնասումը կամ բացակայությունը, դրանց կեղծված լինելը կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ այլ ներգործությունը, այն պայմաններում, երբ խախտման արձանագրության մեջ կնիքների մասին նշումներ կատարված չէ, ավելին` արձանագրությունում հստակ նշված է և լուսանկարներում նույնպես պատկերված է հաշվիչի արկղի բացված լինելու հանգամանքը, ինչը անժխտելիորեն հանգեցնում է կնիքի վնասմանը, կամ բացակայությանը։ (...) գործնականում գազ մատակարարող Ընկերության կողմից հաշվիչի արկղի վրա կնիքները ամրացված են այնպես, որ արկղը` առանց կնիքը վնասելու, բացելը իրապես բացառվում է։ Հետևաբար Դատարանի կողմից սույն գործով տվյալ իրավանորմին տրված մեկնաբանությամբ նույնիսկ այդ իրավանորմը Դիմողի նկատմամբ կիրառելի չէր»։

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթի «առանց մատակարարման պայմանագրի» եզրույթի մեկնաբանման հիմքում չէր կարող դրվել «ինչը, սույն դեպքում, տեղի է ունեցել» պնդումը, քանի որ տվյալ իրավանորմի նույնիսկ չափազանցված ձևական մեկնաբանման դեպքում չէր կարող անտեսվել պայմանագրի առկայությունը։

Դիմողը նշում է, որ Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի շարադրանքում հիմնական արտահայտությունը և հետևաբար՝ պայմանը, «առանց մատակարարման պայմանագրի» արտահայտությունն է, իսկ «ապօրինի սպառում» արտահայտությունը համարվում է «առանց մատակարարման պայմանագրի» արտահայտության կրճատ տարբերակը, հետևաբար՝ դրանք նույնական են և չեն կարող տարանջատվել: Ըստ Դիմողի՝ տվյալ իրավանորմի ցանկացած մեկնաբանությամբ անթույլատրելի է նշված երկու արտահայտությունների տարանջատումը, այսինքն՝ ցանկացած դեպքում պայմանագրի առկայությունը բացառում է խնդրո առարկա իրավանորմի կիրառումը:

Ամփոփելով Դիմողը պնդում է՝ Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75 և 79-րդ հոդվածներին:

Դիմողը նաև նշում է, որ «(...) թիվ ԳԴ/2771/02/23 քաղաքացիական գործով հայցվորի կողմից պատճառված վնասի հաշվարկման համար, իսկ Դատարանների կողմից նույն գործի լուծման նպատակով կիրառված՝ Որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետը չի համապատասխանում (...) ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին, այնքանով, որքանով այն հանդիսանում է այն Հավելվածի մասը (որպես առանձին կետ), որը հաստատված է Որոշմամբ, որն էլ 01.07.2018թ-ից մինչև 13.10.2023թ-ը գործել է առանց լիազորող նորմի, իսկ 13.10.2023թ-ից սկսած՝ Օրենքի իրավական որոշակիության սկզբունքներին չհամապատասխանող լիազորող նորմով»:

Այս առումով Դիմողը գտնում է, որ «(...) թիվ ԳԴ/2771/02/23 քաղաքացիական գործով դատարանների կողմից գործի լուծման համար կիրառված Որոշման Հավելվածի 3-րդ կետը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 6-րդ և 78-րդ հոդվածներին, այնքանով, որքանով իրավահարաբերությունների ծագման պահին հանդիսացել է առանց լիազորող նորմի ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով հաստատված նորմ և միաժամանակ այդ նորմով անձանց վրա դրվում է կատարված արարքին ոչ համարժեք պարտավորություն»:

Արդյունքում՝ Դիմողը նշում է, որ «(...) նշված քաղաքացիական գործով դատարանների կողմից դրսևորած (...) մոտեցումներով և մեկնաբանություններով Օրենքի դրույթի և Որոշման դրույթի կիրառման, ինչպես նաև Որոշման դրույթներին վերաբերող հանգամանքներին չանդրադառնալու հետևանքով (...)» խախտվել են իր՝ Սահմանադրության 39-րդ հոդվածով երաշխավորված՝ օրենքով չսահմանված պարտականություններ չկրելու իրավունքը, 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքը, 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև 28-րդ հոդվածով երաշխավորված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության սկզբունքը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև մինչև 2023 թվականի հոկտեմբերի 13-ը գործած խմբագրությամբ ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի «Գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 574-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «Անդրադառնալով Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանություններին, նշենք որ Դիմողի նկատմամբ թիվ ԳԴ/2771/02/23 քաղաքացիական գործով նշված դրույթների կիրառումը հիմնավորելու համար առաջին ատյանի դատարանը ընդհանրապես անդրադարձ չի կատարել, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը օգտվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իր լիազորություններից վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է գազի սպառումը ապօրինի համարվելը և նույն գործով Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները կիրառելի համարելը հիմնավորելու հետևյալ մեկնաբանությունը (...)»:

Դիմողը նաև նշել է հետևյալը. «(...) հարց է առաջանում թե փորձագիտական եզրակացության բացակայության պայմաններում ինչն է Դատարանին հանգեցրել այն համոզմանը, որ բացառել է կնիքների վնասումը կամ բացակայությունը, դրանց կեղծված լինելը կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ այլ ներգործությունը, այն պայմաններում, երբ խախտման արձանագրության մեջ կնիքների մասին նշումներ կատարված չէ, ավելին` արձանագրությունում հստակ նշված է և լուսանկարներում նույնպես պատկերված է հաշվիչի արկղի բացված լինելու հանգամանքը, ինչը անժխտելիորեն հանգեցնում է կնիքի վնասմանը, կամ բացակայությանը։ (...) գործնականում գազ մատակարարող Ընկերության կողմից հաշվիչի արկղի վրա կնիքները ամրացված են այնպես, որ արկղը` առանց կնիքը վնասելու, բացելը իրապես բացառվում է։ Հետևաբար Դատարանի կողմից սույն գործով տվյալ իրավանորմին տրված մեկնաբանությամբ նույնիսկ այդ իրավանորմը Դիմողի նկատմամբ կիրառելի չէր:

Հետևաբար գտնում ենք, որ իրավական ակտի վիճարկվող դրույթի «առանց մատակարարման պայմանագրի» եզրույթի մեկնաբանման հիմքում չէր կարող դրվել «ինչը, սույն դեպքում, տեղի է ունեցել» պնդումը, քանի որ տվյալ իրավանորմի նույնիսկ չափազանցված ձևական մեկնաբանման դեպքում չէր կարող անտեսվել պայմանագրի առկայությունը»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի ներկայացրած մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԳԴ/2771/02/23 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև մինչև 2023 թվականի հոկտեմբերի 13-ը գործած խմբագրությամբ ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի «Գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 574-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԳԴ/2771/02/23 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ղարիբ Հարությունյանի իրավահաջորդ Լեռնիկ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի «Գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 574-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի (մինչև 2023 թվականի հոկտեմբերի 13-ը գործած խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

4 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԱՈ-180

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-180
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել