«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 փետրվարի 2020թ. ՍԴԴԿՈ - 6 | «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 10 փետրվարի 2020թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Գյուլումյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Հ. Նազարյանի
Քննության առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունվարի 22-ին` խնդրելով. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումների պատճառաբանված լինելու պահանջից բացառություն նախատեսելու և/կամ նման հստակ պահանջ չնախատեսելու մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների պատճառաբանված լինելու պահանջից բացառություն նախատեսելու և/կամ նման հստակ պահանջ չնախատեսելու մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասը «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ» բառակապակցության մասով, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, պատճառաբանվածության պահանջից բացառություն նախատեսելու և/կամ պատճառաբանվածության հստակ պահանջ չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:
2. Դիմողը պնդում է, որ օրենսդիրը հիմնավորումներ նշելու պարտականություն նախատեսում է թե՛ վճռաբեկ բողոք բերող անձի համար ներկայացվող բողոքի առնչությամբ, թե՛ Վճռաբեկ դատարանի համար կայացվող որոշման առնչությամբ: Դիմողի համոզմամբ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու հարցում պարտավորված չհամարելով իրեն պատշաճ պատճառաբանություններ ներկայացնելու միջոցով որևէ կերպ հաշվետու լինել դատավարության մասնակիցների և հանրության առջև իր կողմից կայացվող որոշումների, դրանում պարունակվող եզրահանգումների համար Վճռաբեկ դատարանն իրեն վերապահում է բացարձակ հայեցողական լիազորություն: Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանված չլինելու հետևանքով ինքն անհիմն զրկվել է Վճռաբեկ դատարանում իր գործի վճռաբեկության կարգով վերանայման հնարավորությունից: Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ հանդիսացող «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասից տեսանելի չէ, թե վճռաբեկ բողոքում ներկայացված այն վարույթ ընդունելու անհրաժեշտությունը հիմնավորող հիմքերից յուրաքանչյուրի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն ի՞նչ եզրահանգման է եկել և ի՞նչ պատճառաբանությամբ, ի՞նչ չափանիշով է յուրաքանչյուր հիմքը համարել ոչ բավարար դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայության ու այդ խախտմամբ իրավունքի բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար: Այդպիսի իրավիճակում վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք ունեցողը չի կարող բավարար որոշակիությամբ պատկերացում կազմել, թե ինչպիսի՞ վարքագիծ է պետք դրսևորել վճռաբեկ բողոք ներկայացնելիս արդարադատության իրականացման կանխատեսելի ակնկալիք ունենալու համար, քանի որ ցանկացած վճռաբեկ բողոքի ընդունումը առանց պատշաճ հիմնավորման և պատճառաբանության կարող է մերժվել այնպիսի պնդմամբ, թե Վճռաբեկ դատարանը բավարար չի գտել բողոքում շարադրված հիմնավորումները:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածներում բացահայտվում են դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության բովանդակությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերի ուսումնասիրությունից բխում է, որ դրանք չեն նախատեսում որևէ բացառություն նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները, ինչը լիովին տեղավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների» բառակապակցության բովանդակային ծավալում: Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի բացակայության վերաբերյալ եզրահանգումը հիմնավորելու, թ՞ե վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար հիմքերի բացակայությունը առանց հիմնավորումների պարզապես փաստելու կապակցությամբ դիմողի հարցադրմանը, Սահմանադրական դատարանի դատական կազմը արձանագրում է, որ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը համապատասխան իրավական դիրքորոշում է արտահայտել իր 2008թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշմամբ մասնավորապես նշելով, որ «Իր ՍԴՈ-690 որոշման մեջ սահմանադրական դատարանը պատճառաբանվածության պարտադիր պահանջը կապում է ոչ թե վճռաբեկ բողոքի ընդունելիության այս կամ այն կոնկրետ հիմքի հետ, այլ` բացառապես բոլոր հիմքերի հետ: Նման պահանջն ինքնանպատակ չէ, և դրա նպատակն է ապահովել վճռաբեկ բողոքը վերադարձնելիս դատարանի հայեցողական լիազորության իրավաչափ և օրինական իրականացումը, ինչպես նաև դատական ակտի նկատմամբ անձի վստահության ապահովումը»: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումների և Սահմանադրական դատարանի դիրքորոշման առկայությունը հերքում են իրավական անորոշության վերաբերյալ դիմողի փաստարկները, ինչի հիման վրա կարելի է արձանագրել, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ վիճարկվող նորմերի բովանդակությամբ, և առկա չէ պատճառահետևանքային կապ վիճարկվող նորմերի և դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման միջև, հետևաբար սույն անհատական դիմումով իրականում բարձրացվում է դատական ակտի իրավաչափության հարց: Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն դատական ակտի իրավաչափության գնահատումը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
10 փետրվարի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 փետրվարի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
