ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-35)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 սեպտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 35 | ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 4 սեպտեմբերի 2023թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Գարիկ Մհերյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ.
1. Գարիկ Մհերյանը (այսուհետ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի օգոստոսի 7-ին) խնդրելով. «Սահմանադրության 64-րդ հոդվածով հռչակված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքին և 67-րդ հոդվածով հռչակված մեղադրանքից պաշտպանվելու իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասը, 20-րդ հոդվածի 3-րդ մասը, 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ ու 4-րդ մասերը և 46-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ այն դեպքում, երբ կալանքի տակ գտնվող մեղադրյալի պաշտպանը չի ներկայանում դատական նիստին մեկ այլ, առավել վաղ նշանակված քրեական գործով դատական նիստին մասնակցելու և կալանքի տակ չգտնվող ու մեկից ավելի պաշտպան ունեցող մեղադրյալի պաշտպանությունն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ապա արդարադատության շահը այդպիսի իրավիճակում չի պահանջում հետաձգելու դատական նիստը և այդ կերպ ապահովելու կալանքի տակ գտնվող մեղադրյալի պաշտպանի պարտադիր ու իրական մասնակցությունը մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությանը, և, չնայած դատական նիստը վերոհիշյալ նպատակով հետաձգելու հնարավորության առկայությանը, մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը հիշյալ իրավիճակում պետք է սկսվի, շարունակվի ու ավարտվի առանց մեղադրյալի պաշտպանության իրավունքն ապահովելու, և այդ իրավիճակում մեղադրյալն է կրում դատական նիստին իր պաշտպանի չմասնակցելու բացասական հետևանքը առանց պաշտպանի մեղադրանքի կողմի հետ մրցակցելու ձևով դրսևորված»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0095/01/23 գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ Հակակոռուպցիոն դատարանը, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը և Վճռաբեկ դատարանը սույն դիմումով վիճարկվող նորմերը մեկնաբանել են այն բովանդակությամբ, որ «(...) այն դեպքում, երբ կալանքի տակ գտնվող մեղադրյալի պաշտպանը չի ներկայանում դատական նիստին մեկ այլ, առավել վաղ նշանակված քրեական գործով դատական նիստին մասնակցելու և կալանքի տակ չգտնվող ու մեկից ավելի պաշտպան ունեցող մեղադրյալի պաշտպանությունն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ապա արդարադատության շահը այդպիսի իրավիճակում չի պահանջում հետաձգելու դատական նիստը և այդ կերպ ապահովելու կալանքի տակ գտնվող մեղադրյալի պաշտպանի պարտադիր ու իրական մասնակցությունը մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությանը, և, չնայած դատական նիստը վերոհիշյալ նպատակով հետաձգելու հնարավորության առկայությանը, մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը հիշյալ իրավիճակում պետք է սկսվի, շարունակվի ու ավարտվի առանց մեղադրյալի պաշտպանության իրավունքն ապահովելու, և այդ իրավիճակում մեղադրյալն է կրում դատական նիստին իր պաշտպանի չմասնակցելու բացասական հետևանքը առանց պաշտպանի մեղադրանքի կողմի հետ մրցակցելու ձևով դրսևորված»: Դիմողը փաստում է, որ «(...) պաշտպանության իրավունքի պատշաճ ապահովումը մեղադրյալի հիմնարար իրավունքներից մեկն է, արդար դատաքննության իրավունքի ելակետային բովանդակության անքակտելի մաս, որը քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերը հավասարակշռելու համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է և այն դեպքում, երբ մեղադրյալի իրավաբանական օգնության, այդ թվում պաշտպանության իրավունքը վարույթն իրականացնող մարմնի կողմից չի ապահովվում, ապա այն ուղղակիորեն հանգեցնում է քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության խախտման, այլ խոսքով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի հիշյալ իրավունքի չապահովումը, և նշված իրավունքից մեղադրյալին զրկելը կամ այդ իրավունքը սահմանափակելը հանդես է գալիս որպես ակնհայտ անհամաչափ միջոց հանրային շահերի պաշտպանության նպատակին հասնելու համար»: Ըստ Դիմողի «(...) քրեական դատավարությունում իրավաբանական օգնությունից, այդ թվում պաշտպանության իրավունքից մեղադրյալին զրկելը կամ մեղադրյալի հիշյալ իրավունքը սահմանափակելը ոչ միայն խախտում է հանրային ու մասնավոր շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը, այլ նաև, որպես այդպիսի հավասարակշռության խախտման հետևանք, հանգեցնում է կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքի խախտմանը, ինչը դրսևորվում է նրանում, որ մեղադրյալը զրկվում է իր դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանելու այն հնարավորությունից, որը ունենում է մեղադրանքի կողմը, այլ խոսքով առանց պաշտպանի «մնացած» մեղադրյալը, զրկված լինելով պաշտպանի միջոցով իր դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանելու հնարավորությունից, մեղադրանքի կողմի հետ մրցակցում է խիստ անհավասար «զենքերով» կամ խիստ անհավասար պայմաններում չկարողանալով մեղադրանքի կողմի փաստարկներին հակափաստարկել սեփական դիրքորոշումները»:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի` տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի, 20-րդ հոդվածի 3-րդ մասի, 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերի և 46-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես Դիմողը, սույն դիմումում, ի թիվս այլնի, ներկայացնում է հետևյալ դիրքորոշումները. «(...) մեղադրյալ Գարիկ Մհերյանը հայտարարել է, որ չի ցանկանում ու դեմ է, որպեսզի թիվ ՀԴԿ/0095/01/23 քրեական գործով դատական նիստը շարունակվի առանց իր պաշտպան Ա. Մանուկյանի մասնակցության, սակայն դատարանը, շարունակելով թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով դատական վարույթը, քննության է առել մեղադրյալ Գարիկ Մհերյանի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը և կայացրել է որոշում թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով մեղադրյալ Գարիկ Մհերյանի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգելու մասին»: Դիմողը նաև նշում է. «(...) ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, ունենալով հնարավորություն թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով դատական նիստը 2023թ. հունիսի 1-ին և/կամ 2023թ. հունիսի 2-ին նշանակելու և այդ կերպ մեղադրյալ Գարիկ Մհերյանի պաշտպանության իրավունքը, այն է մեղադրյալ Գարիկ Մհերյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությանը պաշտպան Ա. Մանուկյանի մասնակցությունը դատական նիստին ապահովելու վերաբերյալ, այնուամենայնիվ, թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով դատական նիստը 2023թ. հունիսի 1-ին և/կամ 2023 թ. հունիսի 2-ին չի հետաձգել և հենց 2023թ. մայիսի 31-ին սկսել ու ավարտել է մեղադրյալ Գարիկ Մհերյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը»: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի ներկայացրած դիրքորոշումները, ըստ էության, վերաբերում են դատարանների գործողությունների իրավաչափությանը քրեական դատավարության կանոններով նախատեսված նորմերին համապատասխանության առումով, որի ստուգումը Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չէ: Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ .
Գարիկ Մհերյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Հ. Հովակիմյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Թունյան
4 սեպտեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-35
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-35
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
