Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ԱՎԱԳԻ ԱԲԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ԱՎԱԳԻ ԱԲԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5025 սեպտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-50)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 սեպտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 50 | ԱՐՄԵՆ ԱՎԱԳԻ ԱԲԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 25 սեպտեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա. Դիլանյանի

Քննության առնելով Արմեն Ավագի Աբի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Ավագի Աբը (ներկայացուցիչներ Սլավիկ Պողոսյան և Արտակ Նավասարդյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 9-ին), խնդրելով. «ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը, դրանում նշված «կրոնական թշնամանք» և «ազգային «արժանապատվություն» եզրույթների բավարար չափով որոշակի չլինելու պատճառով, հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին: Դիմողը նշում է, որ «Վիճարկվող դրույթում նշված «կրոնական թշնամանք» հասկացությունը բավարար չափով որոշակի, հստակ և կանխատեսելի չէ: Առհասարակ պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «կրոնական թշնամանք»-ը: .... Հստակ չէ արդյոք «կրոնական թշնամանք հարուցել» կարող է դիտարկվել այլ կրոնի ժխտումը, դրա վերաբերյալ հրապարակայնորեն բացասական արտահայտվելը, իր կրոնի գերազանցությունը կամ միակ ճշմարիտ հավատք լինելը քարոզելը»: Իսկ «ազգային արժանապատվություն» եզրույթի մասով իր դիրքորոշումը դիմողը փաստարկում է նրանով, որ հասկանալի չէ, թե խնդրո առարկա եզրույթն արդյոք ներառում է կոնկրետ ազգի արժանապատվությունը, թե կոնկրետ անձի արժանապատվությունը կապված իր ազգային պատկանելության հետ:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «5. Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաեւ այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը»: Սույն դիմումի շրջանակներում դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառված լինելը պարզելու համար անհրաժեշտ է հիմք ընդունել Սահմանադրական դատարանի 2019 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1453 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները: Մասնավորապես, ըստ նշված որոշման 5.11. կետի «Սահմանադրական դատարանը շեշտում է, որ կոնկրետ քրեական գործով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու ժամանակ մեղադրյալի կողմից մեղադրանքի օրինականությունը վիճարկելը պետք է դիտարկել որպես նրա անձնական ազատության պաշտպանության անհրաժեշտ և հասանելի միջոց: Ուստի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ձևաչափում մեղադրյալին ներկայացված մեղադրանքի օրինականությունը վիճարկելու արդյունավետ հնարավորություն չտալը կամ դրա օգտին բերված փաստարկները հաշվի չառնելն անհիմն սահմանափակում են նրա իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրականացումը, իսկ վերադաս ատյանների կողմից այս փաստն անտեսելը դատական պաշտպանությունը դարձնում է ոչ արդյունավետ նաև այդ ատյաններում»: Նույն որոշման 4-րդ կետում Սահմանադրական դատարանը նշել է. «Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթները քրեական գործով դիմողի մեղքի ապացուցված լինելու առումով դեռևս չեն կիրառվել, և դիմողը դրանց սահմանադրականությունը վիճարկում է միայն իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որով հնարավոր է դարձել մեղադրանքի առաջադրումը և կալանքի որպես խափանման միջոցի ընտրությունը, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ իրավասու չէ ամբողջ ծավալով քննության առնել այդ դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը և, հատկապես, գնահատել դրանց առկայության իրավաչափությունը: Նկատի ունենալով, որ անձի անձնական ազատության իրավունքը սահմանափակող միջոցի կալանքի կիրառումը ենթադրում է Սահմանադրությանը համապատասխանող քրեական օրենքի վրա հիմնված մեղադրանքի առկայություն, Սահմանադրական դատարանը փաստում է, որ այդ սահմաններում առկա է վերջնական դատական ակտ, և վիճարկվող դրույթների սահմանադրականությանը դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրական դատարանը կանդրադառնա միայն կալանքի հիմքում դրված մեղադրանքի իրավաչափությանն առնչվող հարցի շրջանակներում»: Արմեն Ավագի Աբի անհատական դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ դիմողի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել է: Այսինքն դիմողի անձնական ազատության իրավունքը սահմանափակող միջոցի կալանքի կիրառում առկա չէ, հետևաբար Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ օրենքով սահմանված կարգով վճռաբեկ բողոք բերելու արդյունքում դրա վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չի կարող դիտարկվել որպես վերջնական դատական ակտ, քանի որ վիճարկվող դրույթները քրեական գործով դիմողի մեղքի ապացուցված լինելու առումով դեռևս չեն կիրառվել: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արմեն Ավագի Աբի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

25 սեպտեմբերի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-50

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 սեպտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-50
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել