Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԹԱԴԵՎՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԹԱԴԵՎՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2613 հուլիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 հուլիսի 2023թ. ՍԴԴԿՈ - 26 | ԹԱԴԵՎՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 հուլիսի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ Հ. Թովմասյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Թադևոս Հովհաննիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Թադևոս Հովհաննիսյանի (այսուհետ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հունիսի 27-ին։ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է.

«ՀՀ Սահմանադրության 1-ին և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 60-րդ, 62-րդ, 66-րդ, 76-րդ հոդվածները, 365-րդ հոդվածի 1-ին մասը կամ հաստատել թիվ ԵԴ/13352/02/20 քաղաքացիական գործով դատարանների կայացրած ակտերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասը, 76-րդ հոդվածը, 365-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրության 1-ին և 63-րդ հոդվածներին հակասող այլ մեկնաբանությամբ կիրառելը»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/13352/02/20 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ տվյալ գործով «(…) դատարանների կողմից խախտվել է արդար դատաքննության իրավունքը, չի իրականացվել մրցակցային դատավարություն, բանկի կողմից գործի քննության ընթացքում Դիմողի փաստարկները հիմնավորող միակ ապացույցները վերացվել են, իսկ դատարանները չնայած, որ այդ փաստերը հիմնավորող ապացույցները վերացվել են, ինչպես նաև ապացուցման պարտականությունը դրված է եղել Բանկի վրա, բացասական հետևանքները կիրառել են Դիմողի նկատմամբ սահմանափակելով Դիմողի սեփականության իրավունքը, զրկելով արդար դատաքննության իրավունքից»։ Դիմողը գտնում է, որ «(…) դատարանը խախտելով սույն դիմումում նշված նորմերը, այդ թվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածը, չի կատարել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն։ Ապացույցի վիճարկման պայմաններում չի ստուգել դրա իրավական ակտերով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի թիվ 168-Ն 14 հոկտեմբեր 2016թ. որոշմամբ սահմանված վավերապայմաններին համապատասխան լինելը, երբ հստակ ապացույցը վիճարկվել է, վիճարկվել է դրա իսկությունը և դրա վավերապայմանները բացակայել են։ Մասնավորապես ՀՀ ԿԲ-ի կողմից հստակ հաշվի քաղվածքի ձև սահմանված լինելու և 24.01.2013թ. վարկային գործառնությունների իրականացման թիվ 0028/2013 գլխավոր պայմանագրի 17-րդ կետով սահմանված պայմանի վարկի տրամադրումը հաստատելու միակ ապացույցի հաշվի քաղվածքին հղում կատարելու պայմաններում, Բանկի ներքին փաստաթուղթ հանդիսացող և հաշվի քաղվածք չհանդիսացող փաստաթուղթը դիտարկվել է որպես հաշվի քաղվածք, այն դեպքում, երբ հստակ է դրա վավերապայմաններին անհամապատասխան անթույլատրելի կամ առնվազն անարժանահավատ լինելը»։ Դիմողն ընդգծում է, որ դատավարության ընթացքում ոչնչացվել են այն ապացույցները, որոնցով նա հնարավորություն կունենար ապացուցել կամ հերքել ենթադրյալ վարկերի կոնկրետ վարկային պայմանագրի շրջանակներում տրամադրված չլինելու փաստերը, ինչի հիմքով էլ տվյալ անհատական դիմումի փաստերում նշված 09.08.2021թ. բողոքաբերի ապացույց պահանջելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացվել «չնայած, որ պետք է կայացվեր, որից հետո ակնհայտ տեղեկություն ստանալով, որ միակ ապացույցները այդ թվում հաշվի քաղվածքը վերացվել բացասական հետևանքներ կիրառեր բանկի նկատմամբ, այլ ոչ թե Դիմողի և նրան զրկեր սեփականությունից»։ Դիմողի գնահատմամբ նման իրավիճակն անհամատեղելի է իրավական պետության սահմանադրաիրավական սկզբունքների հետ, մասնավորապես համահունչ չէ «իրավական անվտանգության և արդար դատաքննության (օրինական ակնկալիքների) իրավունքի պաշտպանության սկզբունքներին», որոնք իրավական պետության հիմնարար սկզբունքներն են, ավելին այն չի համապատասխանում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրագործման իրավական գաղափարին։ Դիմողը գտնում է, որ թիվ ԵԴ/13352/02/20 քաղաքացիական գործի շրջանակում «կիրառման ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 60-րդ, 62-րդ, 66-րդ հոդվածները, մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի, 76-րդ հոդվածի, 365-րդ հոդվածի 1-ին մասին փաստական կազմը սահմանող դրույթի սահմանադրականության վերաբերյալ ձևավորվել են հիմնավոր կասկածներ, քանի որ առկա է անհստակություններ», հավելելով որ սույն դիմումով հատկապես էական է, որ դատարանների վերոնշյալ մեկնաբանությունները հակասում են Սահմանադրության 1-ին և 63-րդ հոդվածներին։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման պարագայում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, որը ոչ միայն չի բխի Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում գործող դատարանների գործառույթների տարանջատումը։ Այսինքն Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ. գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57, 60, 62 և 66-րդ հոդվածների, ինչպես նաև 62-րդ հոդվածի 5-րդ մասի, 76-րդ հոդվածի, 365-րդ հոդվածի 1-ին մասի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության կիրառման իրավաչափության հարց: Այսպես, Դիմողը պնդում է․ Սույն մասնավոր դեպքով Դատարանը նախ պարտավոր էր պատշաճ գնահատել հայցում և բողոքներում հիշատակված և Բանկի կողմից ներկայացված գործում առկա միակ վիճելի փաստաթղթի վարկի գրաֆիկի մեջ առկա վարկի տրամադրում» նշումների ապացուցված չլինելու հանգամանքները, որոնցից պարզ չէ թե ի՞նչ հիմքով, ի՞նչ վարկեր են տրամադրվել, եթե տրամադրվել են,

արդյոք դրանք վարկառուի հաշվին մուտք եղել են,

դատարանը խախտելով սույն դիմումում նշված նորմերը, այդ թվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածը, չի կատարել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն»: Դիմողը նաև նշում է. Տվյալ դեպքում գործին մասնակցող անձի Բանկի կողմից դատարանին տրամադրած տեղեկատվության համաձայն, գործի քննության ընթացքում 2021թ. մարտին նաև թիվ 0028/2013 գլխավոր պայմանագրի արխիվը ժամկետը լրանալով պայմանավորված վերացվել է: Այսինքն դատավարության ընթացքում ոչնչացրել է այն ապացույցները ինչպես դատարանում պատասխանողի ներկայացուցիչը նշել էր վարկը տրամադրվել է առձեռն և ըստ ընթացակարգի վարկի տրամադրման համար պետք է լինի կանխիկ ելքի օրդեր, հաճախորդի դիմում և այլ փաստաթղթեր, որոնցով Դիմողը հնարավորություն կունենար ապացուցել կամ հերքել ենթադրյալ վարկերի սույն վարկային պայմանագրի շրջանակներում տրամադրված չլինելու փաստերը, ինչի հիմքով էլ սույն դիմումի փաստերում նշված 09.08.2021 թվականի Բողոքաբերի ապացույց պահանջելու մասին» միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացվել, չնայած, որ պետք է կայացվեր, որից հետո ակնհայտ տեղեկություն ստանալով, որ միակ ապացույցները այդ թվում հաշվի քաղվածքը վերացվել բացասական հետևանքներ կիրառեր բանկի նկատմամբ, այլ ոչ թե Դիմողի և նրան զրկեր սեփականությունից»: Բացի դրանից, Դիմողն իր անհատական դիմումում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. Ինչ վերաբերում է դատարանների մյուս փաստարկներին թե իբր գործում առկա է եղել հաշվի քաղվածք, ապա հարկ է նշել, որ դա ընդամենը եղել է վարկի գրաֆիկը և դրանում առհասարակ պարզ չէ թե ում է վարկ տրամադրվել, կամ արդյոք տրամադրվել է, քանի որ հաշվի քաղվածքի և վարկի քաղվածքի էական տարբերությունն այն է, որ հաշվի քաղվածքով երևում է մուտքերը, իսկ սույն գործով նման ապացույց չկա»: Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինս վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57, 60, 62 և 66-րդ հոդվածների, ինչպես նաև 62-րդ հոդվածի 5-րդ մասի, 76-րդ հոդվածի, 365-րդ հոդվածի 1-ին մասի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի իրավաչափությանը: Ելնելով ողջ վերոգրյալից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: 3.2. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված որոշմամբ նաև արձանագրել է․ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «(…) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և համապատասխան հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, վկայակոչելով վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության և իր Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը Դիմողը սահմանափակվել է դատարանների կողմից թիվ ԵԴ/13352/02/20 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելով, որոնք առավելապես վերաբերում են դրանց իրավաչափությանը: Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետությանը հարկ է արձանագրել, որ այն ամրագրված է Սահմանադրության Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման: Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրակացրել է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57, 60, 62 և 66-րդ հոդվածների, ինչպես նաև նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի, 76-րդ հոդվածի, 365-րդ հոդվածի 1-ին մասի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին: Այսինքն սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Թադևոս Հովհաննիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա․ Վաղարշյան

Անդամներ Հ․ Թովմասյան

Հ․ Հովակիմյան

13 հուլիսի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-26

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հուլիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-26
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել