«ԱՐԱՄԱՅԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-211)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 211 | «ԱՐԱՄԱՅԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐԱՄԱՅԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արամայիս Ավետիսյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Արամայիս Ավետիսյանի դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2020 թ. հունիսի 1-ին:
2. Դիմողը նշում է, որ 2011 թ. մինչև 2016 թ. (ներառյալ) յուրաքանչյուր տարի դիմել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով և, հանձնաժողովի կողմից ճանաչվելով 3-րդ կարգի հաշմանդամ, ստացել է ամենամսյա կենսաթոշակ: Այնուհետև, 2017 թ. դիմողը փորձաքննական հանձնաժողովի որոշմամբ հաշմանդամ չի ճանաչվել և այդ որոշումը բողոքարկել է վերադասության կարգով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան գործակալություն, սակայն որոշումը թողնվել է անփոփոխ: Ա. Ավետիսյանը վերոնշյալ որոշումները բողոքարկել է դատական կարգով: Վարչական դատարանի 09.09.2019 թ. վճռով Ա. Ավետիսյանի հայցը բավարարվել է. նշված որոշումներն անվավեր են ճանաչվել, դատարանը պարտավորեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին ընդունել որոշում Արամայիս Արսենի Ավետիսյանին հաշմանդամության երրորդ խումբ սահմանելու մասին: Նշյալ դատական ակտով անդրադարձ չի կատարվել 2017-2019 թթ. համապատասխան ժամանակահատվածում Ա. Ավետիսյանին չվճարված կենսաթոշակի բռնագանձման հարցին, ինչը հիմք է հանդիսացել, որ դիմողը այդ ժամանակահատվածում վճարման ենթակա կենսաթոշակի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հայցադիմում ներկայացնի Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (դատարանի 14.02.2020 թ. որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2020 թ. որոշմամբ մերժվել է նշված որոշման դեմ Ա. Ավետիսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի համապատասխան որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ): Դիմողը, արձանագրելով, որ իր հայցադիմումում չի ներկայացվել հանրային իրավահարաբերություններից ծագող պահանջ, այլ ներկայացվել է սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ պահանջ, սակայն Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայցադիմումի ընդունումը հայցվորին ուղղորդելով դիմել վարչական դատարան, գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածն այնքանով, որքանով չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին և չի սահմանում «իրավունքի մասին վեճի» սուբյեկտային կազմը, հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածին, խախտում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Ի հիմնավորումն իր դիրքորոշման դիմողը փաստարկում է, որ ըստ դատարանների միայն այն հանգամանքի ուժով, որ պատասխանող կողմը վարչական մարմին է, հայցը պետք է քննի վարչական դատարանը:
3. Պատասխանողը, անդրադառնալով հանրային իրավահարաբերություններում իրավունքների դատական պաշտպանության ձևի հարցին, արձանագրել է, որ դա իրականացվում է վարչական դատավարության կարգով (հանրային իրավահարաբերություններում իրավունքների դատական պաշտպանության ձև) իրավահարաբերությունների հանրային լինելու հարցի առնչությամբ վկայակոչելով Վճռաբեկ դատարանի 03.12.2010 թ. և 22.04.2016 թ. որոշումներում արտացոլված դրույթները: Պատասխանողն արձանագրում է, որ օրենսդիրը հստակ սահմանել է վարչադատավարական ենթակայությունը, այդ թվում սուբյեկտային կազմը, այն պատճառով, որ վարչական դատարանը մասնագիտացված դատարան է, հետևաբար` այդ դատարանի կողմից քննության ենթակա վեճի իրավահարաբերության կողմերից մեկը պետք է լինի հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ, այդ իրավահարաբերության բովանդակությունը պետք է կազմի հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, և այդ իրավահարաբերությունը պետք է ծագի հանրային շահի իրացման կապակցությամբ: Միայն նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճի ենթակայության հարցը: Պատասխանողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված կանոնները իրենց իրավակարգավորման շրջանակներում, ինքնին իրավաչափ են չեն հակասում Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին, համապատասխանում են իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին, բավարար չափով կանխատեսելի են և համահունչ քաղաքացիական գործերով արդարադատության ինստիտուտի բովանդակությանը:
4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության ու վերլուծության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման ներքոնշյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված է, որ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված է, որ անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը գործում առկա «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.02.2020 թ., Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2020 թ. որոշումների ուսումնասիրության արդյունքներով գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ դիմողը ներկայացրել է ակնհայտ անհիմն փաստարկներ և, ըստ էության, բարձրացրել վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0451/02/20 քաղաքացիական գործով 14.02.2020 թ. որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ դատարանը, վկայակոչելով թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 22.04.2016 թ. որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները, որոնք վերաբերում են հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերի բնույթին և, ըստ այդմ էլ գործերի ընդդատությանը, գտել է, որ հայցադիմումն իր սուբյեկտային կազմով, բովանդակությամբ և օբյեկտով ենթակա է քննության վարչական դատարանում: Վերոգրյալի առնչությամբ թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 22.04.2016 թ. որոշման մեջ արտահայտված է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` իրավահարաբերության կողմ լինելը դեռևս չի նշանակում, որ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ հանրային բնույթը` որպես իրավահարաբերության բնութագրիչ, ծավալային առումով ներառում է իրավահարաբերության թե՛ սուբյեկտային կազմը, թե՛ օբյեկտը, թե՛ բովանդակությունը և ի հայտ է գալիս միայն վերոնշյալ երեք տարրերի համակցությամբ: Իրավահարաբերության բովանդակությունը տվյալ հարաբերության սուբյեկտների փոխադարձ իրավունքների և պարտականությունների ամբողջությունն է, որը հանրային բնույթի իրավահարաբերության պարագայում հանգում է հետևյալին. այդ հարաբերության կողմ հանդիսացող հանրային իշխանության սուբյեկտն ունի օրենքով սահմանված իր իշխանական լիազորություններն իրականացնելու պարտականություն, ինչն էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների իրացման անհրաժեշտ և բավարար պայմանն է»: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված է իրավահարաբերության սուբյեկտային կազմը, 10-րդ հոդվածով բովանդակությունը, իսկ 66-69-րդ և 71-րդ հոդվածներով օբյեկտը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ մի կողմից դիմումն ակնհայտ անհիմն է, մյուս կողմից դիմողն, ըստ էության, վիճարկում է դատական ակտի կիրառման իրավաչափության հարց վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության լույսի ներքո: Սահմանադրական դատարանի 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «բոլոր այն դեպքում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանը վերահաստատում է նշված դիրքորոշումը նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Արամայիս Ավետիսյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
23 նոյեմբերի 2020 թվականի
ՍԴԱՈ-211
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 նոյեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-211
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
