Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-22830 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-228)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 228 | «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ

ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը ՊԱՐԶԵՑ.

1. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է ուղարկվել փոստային եղանակով 2020 թվականի սեպտեմբերի 4-ին և Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի սեպտեմբերի 8-ին) խնդրելով. «…որոշել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրության 7-րդ, 28-րդ, 48-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 8-րդ մասին, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

Հաշվի առնելով այն, որ անհատական դիմումի ընդունելիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատական կազմում առկա չի եղել միաձայնություն, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 6-րդ մասի և Սահմանադրական դատարանի աշխատակարգի 112-րդ կետի հիման վրա հրավիրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ հիշյալ անհատական դիմումով գործը քննության ընդունելու կամ քննությունը մերժելու հարցը վերստին լուծելու համար:

2. Դիմողը կարծում է, որ խնդրո առարկա գործով Վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշման շրջանակում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը փաստացի կիրառվել է այն մեկնաբանությամբ, որ ընտրությունների հետ անմիջականորեն կապված զանցանքների կատարման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործերով իր նկատմամբ չի կարող կիրառվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից ազատման արտոնությունը: Դիմողը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը և/կամ դատական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը խախտում է դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպության համար սահմանված հանրային վերահսկողության գործառույթի վերապահման նպատակը, քանի որ օրենսդիրը դիտորդական կազմակերպությանը ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության հստակ գործառույթ սահմանելու հետ մեկտեղ չի նախատեսել այս գործառույթի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ և երաշխիքներ: Նման իրավակարգավորման պայմաններում գործնականում կարող է արգելափակվել դիտորդական կազմակերպության վրա դրված ընտրությունների հետ անմիջականորեն կապված զանցանք կատարած անձին վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորության իրականացման հնարավորությունը, ինչպես նաև դրանով հետապնդվող հանրային շահի ապահովումը, հետևաբար նաև Սահմանադրության 7-րդ և 48-րդ հոդվածներից բխող պետության պոզիտիվ պարտավորությունների կատարումը:

Դիմողի կարծիքով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 7-րդ, 28-րդ, 48-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 8-րդ մասին, 61-րդ, 63-րդ հոդվածներին այնքանով, որքանով դիտորդական կազմակերպությունների համար չի նախատեսում պետական տուրքի վճարումից ազատման արտոնություն ընտրությունների հետ անմիջականորեն կապված զանցանքների կատարման համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործերով, որի արդյունքում մի շարք դեպքերում արգելափակվում է դիտորդական հասարակական կազմակերպության իրավունքը դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնելու և այսպիսով իրեն օրենսդրի կողմից վերապահված հանրային գործառույթի իրականացումը ապահովելու նպատակով, իսկ դատական պրակտիկայում վիճարկվող դրույթը չի կիրառվում վերոնշյալ մեկնաբանությամբ (արտոնության տրամադրման համատեքստում): Մինչդեռ, դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունը ոչ առևտրային կազմակերպություն է, կարող է առհասարակ չունենալ ինքնուրույն գույքային միջոցներ, միևնույն ժամանակ տվյալ իրավունքի իրականացման շրջանակներում հետապնդում է բացառապես հանրային շահի իրացման նպատակ, այդ թվում հանրային ռեսուրսները խնայելու, դրանք առավել արդյունավետ ծախսելու, ընտրությունների ժամանակաշրջանում ընթացակարգերը նվազ ժամանակատար դարձնելու միջոցով ակնհայտորեն հայտնվելով անհավասար պայմաններում ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող մարմինների հետ (որոնք, ի տարբերություն դիտորդական կազմակերպության ունեն նշված հանրային գործառույթի ապահովման համար բյուջետային միջոցներ դատարան ներկայացվող հայցադիմումներով պետական տուրքերի վճարման համար):

Ըստ դիմողի տվյալ պայմաններում խախտվում է հավասարակշռությունը. մի կողմից դատարաններում պետական տուրք գանձելու հանրային շահի և, մյուս կողմից դիտորդական կազմակերպության միջոցով ընտրությունների հետ անմիջականորեն կապված զանցանքներ կատարած սուբյեկտներին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու և քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովման հանրային շահի միջև: Դիմողը մատնանշում է, որ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով:

3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1- ին մասի 6-րդ կետի ուժով Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Վերը նշված նորմից բխում է, որ դիմողը միաժամանակ պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով փաստարկի իր կողմից վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր կոնկրետ սահմանադրական իրավունք(ներ)ի ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթ(ներ)ի կամ դրա(նց) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

Տվյալ դեպքում դիմողը հայտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22- րդ հոդվածը չի նախատեսում պետական տուրքի վճարումից ազատման արտոնություն դիտորդական կազմակերպությունների համար ընտրությունների հետ անմիջականորեն կապված զանցանքներով վարչական պատասխանատվության ենթարկելու գործերով, ինչով էլ խախտվում է հավասարակշռությունը մի կողմից դատարաններում պետական տուրք գանձելու հանրային շահի և, մյուս կողմից դիտորդական կազմակերպության միջոցով ընտրությունների հետ անմիջականորեն կապված զանցանքներ կատարած սուբյեկտներին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հանրային շահի միջև: Դիմողի փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ վերջինս չի ներկայացրել բավարար հիմնավորումներ իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթի կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Հաշվի առնելով հիշյալ իրավակարգավորումների պահանջները, ինչպես նաև այն հանգամանքը, որ դիմումում չի հիմնավորվում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դիմողի հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման վերաբերյալ սահմանադրաիրավական վեճի առկայությունը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակում ներկայացված անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, իսկ գործի քննությունը ենթակա է մերժման:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5- րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

30 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-228

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-228
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել